«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վարձկանների պատերազմ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև Լիբիայում

Վարձկանների պատերազմ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև Լիբիայում
09.06.2020 | 10:29

Մուամար Կադաֆին զանգվածաբար արտասահմանից վարձկաններ էր հավաքում Լիբիայում, հատկապես տուարեգներին իր «Իսլամական լեգիոնի» շարքերում: 2011-ին նրա սպանությունից հետո վարձկանների մի մասը վերադարձավ Մալի և նպաստեց ջիհադականների «Անսար ադ Դին» խմբի ձևավորմանը, որ մինչև օրս ամենավտանգավորներից մեկն է այդ շրջանում: Կադաֆիի նախկին գեներալ Խալիֆա Խաֆթարը, որ 2014-ին փորձեց իր միանձնյա իշխանությունը հաստատել Լիբիայի վրա, հազարավոր վարձկանների հավաքագրեց Սուդանում ու Չադում: Նրանք ներառվեցին Լիբիայի ազգային բանակի օգնական զորքերում: Բայց Խաֆթարի կողմից ռուս վարձկանների միջամտությունը 2018-ի հոկտեմբերին լիբիական ճգնաժամը հանգեցեց կողմնակի պատերազմի նոր փուլի՝ գրում է պատմաբան ու արաբագետ Ժան Պիեռ Ֆիլյուն Le Monde-ում: Կրեմլը Սիրիայում հաջողությամբ փորձարկել է ուժի կիրառման այս ձևը, երբ մարտական գործողությունները տեղում վարում են ոչ թե կանոնավոր զինված ուժերը, այլ մասնավոր ռազմական ընկերությունների վարձկանները, որ հաճախ ռուսական բանակի վետերաններ են: Այդ դասավորությունը թույլ է տալիս ժխտել կոնֆլիկտին որևէ պաշտոնական մասնակցություն, նաև «մասնավոր սեկտոր» փոխանցել կորուստները: Այդպես Վագների խումբը ռազմական հետախուզության նախկին սպայի գլխավորությամբ, արդեն ակտիվորեն մասնակցել է Սիրիայի կռիվներին, զորահավաքվել է Լիբիայի ազգային բանակի համար, թեպետ համարվում է, որ Ռուսաստանն ընդունել է Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարության իշխանությունը: 2019-ի ապրիլին Խալիֆա Խաֆթարը անտեսեց ՄԱԿ-ի հովանու ներքո ազգային հաշտության ծրագիրը և սկսեց հարձակումը Տրիպոլիի վրա՝ կայծակնային հաջողության հույսով: Նրան աջակցում են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, բայց մայրաքաղաքի մերձակայքում դաժան մարտերում վճռական նշանակություն ունեին հենց ռուս վարձկանները: ՄԱԿ-ը վերջերս Լիբիայում Վագների խմբի 1000 վարձկանների մասին նշեց, 122-ը ներառված են մանրամասն ցանկում: Երբեմն նրանց առաջադրանք է տրվում գործարկել ԱՄԷ-ի տրամադրած ռուսական զենիթահրթիռային Панцирь համակարգերը: Կոնֆլիկտի ինտերնացիոնալացման սրումը հանգեցրեց նրան, որ Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի օգնությունը խնդրեց, որի ուղղակի միջամտությունը 2019-ի հունվարին փոխեց ուժերի հավասարակշռությունը:


Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, Լիբիա բերեց մասնակցության այնպիսի ձև, որ իր կարծիքով՝ հաջողված էր Սիրիայում: Արաբ և թուրքմեն օժանդակ զորքերը, որ ուղեկցում էին 2019-ին թուրքերի հարձակումը քուրդ աշխարհազորայինների վրա (և դարձան մեղավոր լրջագույն ռազմական հանցագործություններում), նորից հազարավորների են հավաքագրում՝ այս անգամ աջակցելու թուրքական գործողություններին Լիբիայում: Այսօր Լիբիայում կան 7000 վարձկաններ, որ ներկայացնում են թուրքամետ սիրիական աշխարհազորը, այդ թվում «Սուլթան Մուրադ» դիվիզիան, որի կազմում թուրքմեններ են, արաբներից կազմված «Լևանտի ճակատ» և «Սուլեյման շահի բրիգադ» խմբերը: Տարբեր վկայություններով՝ նրանց վարձում են ամսական 2-3000 դոլար գնով: Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկողութան սիրիական կենտրոնը (OSDH) հաղորդում է, որ Թուրքիայում սովորում են 3000 սիրիացի նորակոչիկներ: Լիբիայում արդեն զոհվել է 339 վարձկան՝ դա կորուստների բարձր մակարդակ է: Բայց Լիբիա սիրական կոնֆլիկտի ամենամռայլ կողմերի արտահանումն այլևս չի սահմանափակվում Ազգային համաձայնության կառավարության ճամբարով: Խալիֆա Խաֆթարը պաշտոնական ալյանս է հաստատել Ասադի հետ, որ նրան թույլ է տվել մարտից վերաբացել Դամասկոսում Լիբիայի դեսպանատունը, որ փակվել էր 2012-ին: Պայմանագիրը ուղեկցվել է Լիբիայում վարձկանների հավաքագրմամբ աշխարհազորայիններից, որ կռվում էին Ասադի կողմից՝ սիրական հետախուզության և ռուսական զինվորականների կողմից: Պայմանագրերը կնքվում են ամսական 1000 դոլարով՝ համադրելով տարբեր առավելությունների հետ ռուսական զորքերի կողմից Սիրիա վերադառնալուց հետո: Շատ սիրիացիներ վերջերս ռուս վարձկանների հետ Տրիպոլիից տեղափոխվել են Ալ Ջուֆրու: Լիբիայում անհաշտ ճամբարներում սիրիացի հակամարտող ճամբարներից վարձկանների այդօրինակ հավաքագրումը լիբիական ճգնաժանի «սիրականացման» մռայլ արտապատկերումն է: Իր օսմանյան անցյալը երկինք հանող Էրդողանի Թուրքիան և իր միջերկրածովյան հավակնությունները հաստատող Պուտինի Ռուսաստանը ստեղծել են հայելային արտացոլում, որ արդարացնում է իրենց միջամտությունը Սիրիայում ու Լիբիայում: Երկուսն էլ ջանացել են, որ Սիրիայում ավարտվող ու Լիբիայում շարունակվող գործընթացից դուրս մղվեն Ֆրանսիան ու Եվրոպան: Դա ևս մեկ կողմ է, որ բնորոշում է վարձկանների կեղտոտ պատերազմը Լիբիայում:
Ժան Պիեռ Ֆիլյու, Le Monde


Հ.Գ. «Վարձկանների կեղտոտ պատերազմը» Լիբիայում իրոք արտացոլում է Ռուսաստանի ու Թուրքիայի հավակնությունների պատկերը, բայց նաև արտացոլում է ԱՄՆ-ի հեռանալը Մերձավոր Արևելքի թեժ կռիվներից ու ԵՄ-ի դուրս գալը: Փաստացի՝ արաբական աշխարհը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն գերադասեցին Լիբիայինիր խնդիրների հետ մենակ թողնել արաբական գարունից հետո ու նաև այսօր՝ մասնատված երկիրը միավորելը անհնար համարելով: Փաստացի՝ բոլորին էլ հետաքրքրում է ոչ թե խաղաղությունը Լիբիայում, այլ՝ Լիբիայի նավթն ու գազը, և ավելի շատ՝ տարածքը: Թուրքիային Լիբիան պետք է որպես Միջերկրական ծով մտնելու պլացդարմ, Ռուսաստանը հայտնվում է այնտեղ, որտեղից հեռանում է ԱՄՆ-ը: Լիբիայում Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը բախվում են, նրանք փաստացի հենց Լիբիայում են շարունակում սիրիական պատերազմը, որտեղ իրավիճակային դաշնակիցներ էին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ