Փաշինյա՛ն, կրակի հետ մի՛ խաղա
07.04.2020 | 00:51
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում երեկ առավոտյան հանդես գալով լայվով, նշելով, որ ապրիլի 5-ին Հայաստանում ունեցել ենք նոր կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը, ինչը վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է, ասաց. «Եթե մեր կանխավարկածն արդարանա, կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին»:
Ըստ Փաշինյանի, եթե մենք առաջիկա օրերին ունենանք դեպքերի դինամիկայի նվազում, կնշանակի, որ կիրառվող ու մեզ բազմաթիվ անհարմարություններ պատճառող միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ, և եթե առաջիկա 1 շաբաթվա ընթացքում ինքներս ավելի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք ապրիլի 13-ից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և սկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին:
Այո, հայտնի և իրականում նույնիսկ սոսկ մասամբ իրականացվող սահմանափակումները չէին կարող արդյունք չտալ և տվել են, համենայն դեպս, առանց դրանց, մենք այսօր SARS-CoV-2-ով վարակման, COVID-19-ով հիվանդության ու դրա պատճառով մահվան դեպքերի ավելի մեծ ցուցանիշներ կունենայինք: Սակայն առաջիկա երկուշաբթի օրվանից սահմանափակումների թուլացումը հանգեցնելու է օր օրի համեմատ դեպքերի մեծաթիվ աճի, դրանց դինամիկայի էական աճի: Փաշինյանը, իր գլխավորած կառավարության հետ, արդեն իսկ լուրջ սխալներ է թույլ տվել ՀՀ նոր կորոնավիրուսի ներթափանցումը չկանխարգելելու, ներթափանցումից հետո տարածումը բավականաչափ չզսպելու առումներով, խորհուրդ ենք տալիս սխալների շարքը չշարունակել ու կրակի հետ չխաղալ:
Ստորև ներկայացնում ենք օրախնդիր առաջարկների մի մասը` ուղղված ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին և կառավարությանը.
1. ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ում լրացում կատարել` դրանում ներառելով նշված հավելվածի ձև N 1-ի («Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք»)` գործատուի կողմից կնքված լինելու պահանջ:
Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից կնքված տեղեկանք պահանջել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության ազգային կենտրոնի աշխատողներից, եթե չունեն տեղեկանքին փոխարինող ծառայողական վկայական:
Հիմնավորում. ցանկացած մեկը, եթե ուզենա կամ կարիքն ունենա որևէ մարզ մտնել կամ այնտեղից դուրս գալ, կարող է մի թղթի կտորի վրա գրել, թե ինքն իբր ցանկում որպես թույլատրելի նշված տնտեսական գործունեությամբ զբաղվող, մարզի տարածքից դուրս (եթե տվյալ մարզի բնակիչ է) կամ տվյալ մարզում, Երևանում (եթե Երևանի կամ այլ մարզի բնակիչ է) գտնվող այս կամ այն ընկերության կամ թույլատրված գործունեությամբ զբաղվող կազմակերպության աշխատակից է: Քանի որ ընկերության, կազմակերպության տնօրենի կամ գործատուի կողմից պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի ձև N 1 տեղեկանքի կնքում չի պահանջվում, գործատուի անունից որևէ մեկը կարող է ստորագրել թղթի այդ նույն կտորի վրա (ընդամենը մի չնչին ռիսկի հարց է), անձնագրի հետ դնել գրպանն ու մարզից դուրս գալ կամ մարզ մտնել: Նույնը` Երևանում, իհարկե, եթե իր այս կամ այն հանդիպումը կամ գործն առաջ տանելն ավելի կարևոր համարի, քան ինքնամեկուսացումը պահպանելու անհրաժեշտությունը:
Պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերից սահմանված «Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը…» բացառությունը չի կարող հիմք հանդիսանալ պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ում վերոնշյալ լրացումը չկատարելու համար, որովհետև հավելված N 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված են նաև այլ բացառություններ, որոնց հաստատման համար նույնպես տեղեկանք չի կարող տրվել, հնարավոր չէ պահանջել ու չի պահանջվում` ի տարբերություն տնտեսական գործունեության թույլատրված տեսակներով զբաղվող ընկերություն մեկնելու և վերադառնալու համար հավելված N 1-ի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանքի:
2. Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակից զերծ մնացած միակ մարզում` Գեղարքունիքում, ապրողների առողջությունն ու կյանքը SARS-CoV-2-ով վարակվելու վտանգից պաշտպանելու համար, ինչպես նաև հաշվի առնելով Երևանում առաջիկայում համաճարակային իրավիճակի այն աստիճան վատթարացման հնարավորությունը, երբ ուղղակի անհրաժեշտություն կարող է առաջանալ գոնե ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, ԱԱԾ և մյուս ուժային կառույցների ղեկավարությանը տեղափոխել նշված մարզ, էապես կրճատել նշված մարզում թույլատրված տնտեսական գործունեության տեսակները, սահմանել Գեղարքունիքի մարզ մարդկանց ելքի և մուտքի առավել խիստ սահմանափակումներ, քան ներկայումս ՀՀ մնացած մարզերի և Երևանի համար գործողներն են: Հնարավորության դեպքում նույն կերպ վարվել ՀՀ այն խոշոր կամ համեմատաբար խոշոր քաղաքների պարագայում, որտեղ SARS-CoV-2-ով վարակման հաստատված դեպք չի գրանցվել կամ այդպիսի դեպքերը հատուկենտ են և վերջին շրջանում չկա դրանց աճ:
3. Մյուս մարզերից և բնակավայրերից տարբերակված և առավել խիստ սահմանափակումներ կիրառել նաև այն մարզեր ու բնակավայրեր մարդկանց մուտքի և ելքի համար, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը մի քանի տասնյակ կամ ավելի անգամ շատ են ՀՀ այլ մարզերի համեմատ:
4. ՀՀ արտակարգ դրության պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ ու դրա հավելված N 2-ով սահմանված տնտեսական գործունեության թույլատրելի տեսակների բավական լայն ցանկից հանել մեծ կարևորություն, կենսական անհրաժեշտություն չունեցող տնտեսական գործունեության տեսակները, ինչպիսիք են, օրինակ, փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուրը, խմիչքների արտադրությունը (բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող ոմանց կողմից օգտագործվող հանքային ջրերի) և այլն:
5. Վարչական տուգանք սահմանել խանութներում, դեղատներում սոցիալական հեռավորությունը (առնվազն 2 մ) չպահպանող գնորդների նկատմամբ և հետևողականորեն կիրառել այդ տուգանքը նշված (հնարավորության դեպքում նաև այլ) վայրերում սոցիալական հեռավորությունը խախտած անձանց նկատմամբ, ինչպես նաև նրանց, ովքեր կմտնեն մինչև 10 քմ մակերես ունեցող որևէ խանութ կամ դեղատուն, եթե այնտեղ մինչ այդ մտած գնորդ կա, առանց սպասելու այնտեղից վերջինիս դուրս գալուն:
Խանութներ, դեղատներ շահագործողներից պահանջել, որ դրանց դռների վրա փակցնեն խանութի, դեղատան մակերեսի վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար նախատեսված վարչական տուգանքի ու դրա չափի վերաբերյալ զգուշացում: Վերոնշյալ սահմանափակման ու նախատեսված պատասխանատվության մասին հանրությանը նախապես լայնորեն իրազեկել հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով:
6. Վարչական տուգանք սահմանել խանութների, դեղատների այն աշխատողների նկատմամբ, ովքեր սոցիալական հեռավորությունը խախտած գնորդի սպասարկում կիրականացնեն և խանութի դռան ապակուն նախապես չեն փակցնի այդ պարագայում սպասարկելուց հրաժարվելու նախազգուշացում:
7. Ելքի-մուտքի 2 դուռ ունեցող սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ շահագործող տնտեսվարողներից պահանջել այդ դռներից մեկից թույլատրեն օգտվել բացառապես սուպերմարկետ, հիպերմարկետ, գյուղատնտեսական մթերքների շուկա մուտք գործողներին, մյուսից` բացառապես սուպերմարկետից, հիպերմարկետից, գյուղատնտեսական մթերքների շուկայից դուրս եկողներին, այդ նպատակով աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում առևտրի նշված վայրերի անվտանգության աշխատակիցների միջոցով ապահովել սույն կարգի պահպանումը, քանի որ այդ դռներով և մինչ այդ առկա ճանապարհներով մարդկանց հանդիպակաց հոսքերի պարագայում սոցիալական հեռավորությունը հաճախ խախտվում է (անհրաժեշտության դեպքում նշված կարգի պահպանման գործում ընդգրկել ոստիկանության կամ համապատասխան այլ ուժերի աշխատակիցների):
Սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ շահագործողներից պահանջել «Բացառապես մուտք» և «Բացառապես ելք» խոշորատառ գրություններ և սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար նախատեսված վարչական տուգանքի ու դրա չափի մասին առևտրի նշված օբյեկտներից օգտվող բոլորին տեսանելի զգուշացումներ փակցնել դրանց մուտքի և ելքի դռներին, իսկ այն շուկաների պարագայում, որոնց դռներն աշխատանքի ընթացքում բաց են (օրինակ, Երևանի Մալաթիայի շուկայի), համապատասխան գրություններով ցուցավահանակներ դնել դրանց դռների մոտ: Առևտրի նշված վայրերում բարձրախոսով վերոնշյալ կարգի վերաբերյալ պարբերաբար իրականացնել սպառողների իրազեկոմ:
Վարչական պատասխանատվություն (տուգանք) սահմանել վերոնշյալ կարգի խախտմամբ սուպերմարկետներ, հիպերմարկետներ, գյուղատնտեսական մթերքների շուկաներ ելումուտ անող անձանց, ինչպես նաև տվյալ կարգի պահպանմանը չհետևող կամ վերոնշյալ պահանջները չկատարող առևտրի տվյալ վայրերի տնտեսվարողների նկատմամբ: Վերոնշյալ կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին հանրությանը նախապես լայնորեն իրազեկել հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով:
8. Նկատի ունենալով, որ «Մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» պարետի իրար հաջորդող որոշումները, դրանցով կարգազանց տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը 6 ժամով արգելելն արդյունավետ չէ, նույն և այլ տնտեսվարողների համար դաս չի լինում հետագայում սահմանված կարգի խախտումները չշարունակելու և թույլ չտալու համար, առաջիկայում սահմանված կարգի խախտումներ թույլ տվող տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) նկատմամբ գործունեության ծավալումը 6 ժամով արգելելուն զուգահեռ կամ դրա փոխարեն (եթե զուգահեռ կիրառումը հնարավոր չէ), կիրառել վարչական խոշոր (նշանակալի) տուգանք:
9. Պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի սկզբի մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում հավելված N 2-ով թույլատրված և անձի բնակության կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1000 մետր հեռու գտնվող առևտրի իրականացման վայրեր, դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ, առավելագույնը 2000 մ հեռավորության վրա գտնվող դեղատներ հաճախելը», այնուհետև ինչպես առկա շարադրանքում:
Oրինակ, ՈՒզբեկստանում թույլատրված է միայն այն մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներ այցելելը, որոնք գտնվում են բնակության վայրի մերձակայքում:
10. ՀՀ այն բոլոր բնակավայրերում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մեծ է, արգելել շնչադիմակ կամ ռեսպիրատոր չկրող մարդկանց գտնվելը հանրային տարածքներում, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում, ուրիշ պետական հաստատություններում, ձեռնարկություններում, հաստատություններում, կազմակերպություններում, առևտրի, սպասարկման կետերում, հյուրանոցներում, հանրակացարաններում, կայարաններում, օդանավակայաններում, գնացքներում, կանգառներում, տաքսիներում, ինչպես ս. թ. ապրիլի 6-ից արգելվել է Կիևում և ՈՒկրաինայի այլ քաղաքներում: Համեմատության համար նշենք, որ ապրիլի 6-ի ժամը 17:22-ի դրությամբ ՈՒկրաինայում SARS-CoV-2-ով վարակման հաստատված դեպքերն ընդամենը 1319-ն էին, Հայաստանում` 833 , ՈՒկրաինայի բնակչությունը 2020 թ.հունվարի 1-ի դրությամբ շուրջ 42 միլիոն է, ՀՀ բնակչությունը 3 մլն չկա:
11. Նկատի ունենալով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նոր կորոնավիրուսով վարակված Մարալիկի բնակչի զննումից հետո էպիդեմիոլոգիական անամնեզի բացակայության վրա (արտերկրում չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել) հույս դնելով, «Գյումրի» բժշկական կենտրոնում նույն պացիենտին օրերս ընդունելու, նշված հետևանքով նրա հետ շփում ունեցած առնվազն 29 բուժաշխատողի դրանից հետո մեկուսացնելու դեպքը, այսուհետ բացառել սոսկ էպիդեմիոլոգիական անամնեզի բացակայությամբ առաջնորդվելը, և նոր կորոնավիրուսով վարակվածության այս կամ այն ախտնանշանի առկայության դեպքում պարտադիր իրականացնել համապատասխան թեստավորում:
12. Արտերկրից ՀՀ եկած բոլոր անձանց (անկախ քաղաքացիությունից, կարգավիճակից, այցելության նպատակից ու տևողությունից) մուտքը Հայաստանի Հանրապետություն թույլատրել միայն նրանց բջջային հեռախոսներում դրանց օգտագործողների շարժին, կատարած ու ստացած զանգերին հետևող ծրագրի պարտադիր ներբեռնումից հետո (եթե չունեն հայաստանյան կապի այս կամ այն օպերատորի SIM քարտ, ապա նրանց տեղում այն ձեռք բերելու շուրջօրյա հնարավորություն ընձեռել), մաքսատանը կամ սահմանային հսկողության անցակետում հետևել եկողի հեռախոսում համապատասխան ծրագրի ներբեռնմանը կամ դա կատարել հենց սահմանային հսկողության ծառայողի միջոցով:
13. Հայաստանի Հանրապետությունում SARS-CoV-2-ով վարակվածության հաստատված դեպքերի նվազումը չհամարել վտանգի վերացման կամ նվազման հիմք և հաջորդ շաբաթվանից կամ առաջիկայում չվերացնել կամ չմեղմացնել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների և անձանց ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, ինչը կհանգեցնի վարակվածության ու մահվան դեպքերի նոր աճի: Ներքին սահմանափակումները (բացառությամբ` սահմանայինների) կարելի է վերացնել ՀՀ-ում SARS-CoV-2-ով վարակվածության վերջին հաստատված դեպքի գրանցումից առնվազն 14 օր (հնարավորության դեպքում` 1 ամիս) հետո, եթե այդ ընթացքում վարակվածության նոր դեպքեր չլինեն:
14. Կտրականապես արգելել նոր կորոնավիրուսով հիվանդ և, հատկապես, վարակված, վարակվելու առումով կասկածվող անձանց (բուժվողներին, մեկուսացվածներին) նույն սենյակում կամ սրահում պահելը կամ սպասարկելը, նշված արգելքը խախտելու համար սահմանել խիստ պատասխանատվություն:
15. Արգելել և այսուհետ բացառել ՀՀ-ում ռապիդ թեստերի (էքսպրես թեստերի) կիրառումը նոր կորոնավիրուսով վարակվածության հայտնաբերման նպատակով, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բազմաթիվ են դեպքերը, երբ դրանցով թեստավորման արդյունքում առողջ մարդկանց պարագայում ստացվել է դրական արդյունք, SARS-CoV-2-ով վարակված անձանց պարագայում` բացասական արդյունք։ Կիրառել միայն PCR թեստեր, քանի որ ռապիդ թեստերի մեծաքանակ սխալ արդյունքների հետևանքով նոր կորոնավիրուսային վարակով վարակվածության դեպքերը, COVID-19-ով հիվանդների և հիվանդացության հետևանքով մահվան դեպքերի քանակը ՀՀ-ում առաջիկայում ավելի է մեծանալու:
16. Ապահովել համապատասխան ուժերի ծառայողների, աշխատակիցների կողմից պարետի 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման ոչ թե ձևական (հերթապահ ցուցանիշների ապահովման համար օրական մի քանի հարյուր խախտում արձանագրելու, վարչական տուգանքի արձանագրություն կազմելու), այլ հավուր պատշաճի կատարումը, այդ ուժերին կցել նաև խաղաղապահ գումարտակի ծառայողներին, անհրաժեշտության դեպքում նաև` այլ զինծառայողների:
17. Արգելել ՀՀ-ից կարտոֆիլի արտահանումը` նկատի ունենալով պարենային և գնային այն բացասական և կանխատեսելի իրավիճակը, որն առաջիկայում սպասվում է Հայաստանի Հանրապետությունում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
Մեկնաբանություններ