ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կորոնավիրուսից մահացել է նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը

Կորոնավիրուսից մահացել է նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը
30.03.2020 | 11:25

Շաբաթ լույս կիրակի գիշերը՝ մարտի 29-ին, Ֆրանսիայում վախճանվեց «Դաշինք հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության նախկին գլխավոր քարտուղար, արդյունաբերության նախկին նախարար պատրիկ Դևեջյանը: Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Սարկոզին իրենց ցավակցություններն են հայտնել նրա ընտանիքին:


BFM-TV հեռուստաալիքը հաղորդում է, որ չորեքշաբթի Պատրիկ Դևեջյանը հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսի ախտանիշներով: Հինգշաբթի նա ինքն էր Twitter-ում գրել. «Համաճարակն ինձ էլ գտավ, ու ես կարող եմ ուղղակի վկայել բժիշկների բացառիկ աշխատանքը: Նրանց շնորհիվ իմ վիճակը կայունացել է, ես հոգնություն եմ զգում, բայց ապաքինվում եմ ու շնորհակալ եմ բժիշկներին բոլոր հիվանդներին օգնելու համար»: Պատրիկ Դևեջյանը 75 տարեկան էր: Մասնագիտությամբ իրավաբան՝ Պատրիկ Դևեջյանը ընտրվել է Փարիզի արվարձան Անտոնիի քաղաքապետ 1983-ին, բազմիցս ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, 2002-ին եղել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004-2005-ին՝ արդյունաբերության նախարար: Նա Նիկոլա Սարկոզիի մերձավոր օգնականն էր՝ ամենասկզբից աջակցելով նրա թեկնածությանը: 2007-ին Սարկոզիի նախագահ ընտրվելուց հետո՝ Պատրիկ Դևեջյանը դարձավ իշխող UMP կուսակցության գլխավոր քարտուղար: Պատրիկ Դևեջյանը ծնվել է Ֆոնտենբլոյում, ցեղասպանությունից փրկված հայ փախստականների ընտանիքում: Նա շատ գործ է արել, որ Ֆրանսիան ընդունի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ժխտողներին պատժելու օրինագիծը:

Պատանության օրերին, ինչպես հիշում է նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը, Պատրիկ Դևեջյանը հակակոմունիստ էր: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Twitter-ում գրել է. «Պատրիկ Դևեջյանը կրքոտ, կրակոտ մարդ էր, նպատակամետ ու անզիջում, անկեղծ ու ոգևորված: Նա մարմնավորում էր այն քաղաքականությունը, որ ես սիրում եմ՝ զգացումներով, համոզմունքներով, փայլով: Ես հպարտ եմ որ նա աշխատել է ինձ հետ: Խորին տխրությունս ու ցավակցություններս եմ հայտնում նրա մերձավորներին»: Ելիսեյան պալատը փոխանցել է նախագահ Էմանուել Մակրոնի ցավակցությունը. «Ֆրանսիան կորցրեց կրքոտ քաղաքական գործչի, որ իր բարձր կրթվածությունն ու ինտելեկտը, իր խոր գիտելիքները իրավունքի ասպարեզում ու ազատության կիրքը ծառայեցնում էր ժողովրդին»:
RFI


Հ.Գ. Տարիներ առաջ հնարավորություն եմ ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մարմարե սանդղահարթակում հարցազրույց վերցնել նախարար Պատրիկ Դևեջյանից: Հարցազրույց, որն ամեն րոպե ընդհատվում էր աստիճաններով վերուվարողների ողջույններով, ձեռքսեղմումներով ու կարճ զրույցներով, իսկ նա ամեն անգամ ժպտում էր ու ասում՝ «Pardonne moi», թեպետ մեղավորն ինքը չէր: Կարճ հարցազրույց, որի մի քանի րոպեում նա տեղավորեց Ֆրանսիայի ամբողջ տնտեսության խնդիրներն ու անելիքները և հայ-ֆրանսիական համագործակցության քաղաքական ու տնտեսական հնարավորությունները: Մաստեր-կլաս քաղաքական գործչի համար: Լույս իջնի հոգուն, հիմա երևի հանդիպեց Շառլ Ազնավուրին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ