«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թուրքական նավերը՝ սիրիացի վարձկաններով, Լիբիայի ափերին

Թուրքական նավերը՝ սիրիացի վարձկաններով, Լիբիայի ափերին
01.02.2020 | 16:39

Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հունվարի 30-ին դատապարտել է լարվածության նվազեցման պարտավորությունները չկատարելը, որ ստանձնել էր միջազգային հանրությունը հունվարի 19-ին Բեռլինի սամիթում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սալամեն ասել է, որ հրադադարը պահպանվում է միայն խոսքով: Բեռլինում բանակցությունների մասնակիցները պայմանավորվել էին չեզոքություն պահպանել և չաջակցել Լիբիայում կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին: Սամիթին մասնակցել են ՄԱԿ-ի փորձագետները, ՌԴ, ԱՄՆ, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ երկրների ներկայացուցիչները, կոնֆլիկտի կողմերի ղեկավարները՝ ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջը և Լիբիայի ազգաին բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը: ՙԿռվող կողմերին մատակարարման ցանկացած մանևր սպառնում է արագացնել նոր ու նշանակալից չափով ավելի վտանգավոր կոնֆլիկտ: Ես համառորեն կոչ եմ անում կոնֆլիկտի բոլոր կողմերին և նրանց աջակցող արտասահմանյան ուժերին հրաժարվել անզգույշ գործողություններից և հիշել միայն հանուն հրադադարի գործելու իրենց պարտավորությունը՚՝ Սալամեի խոսքերն է մեջբերել France-Presse-ը: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ն արձանագրում է թե մարշալ Խալիֆա Խաֆթարի, թե Ֆայեզ Սարաջի կառավարության ուժերի հզորացում: Կռվող կողմերը շարունակում են ստանալ ժամանակակից սպառազինություն, խորհրդակցում են այլ երկրների հետ ռազմական գործողությունների մասին և նույնիսկ օգտագործում են արտասահմանցի զինվորներ: Հասան Սալամեն հայտարարել է, որ արտասահմանից զինվորականները հազարներով են գալիս Տրիպոլի՝ միանալու լիբիական ուժերին: Նա հիշատակել է, որ հունվարի 28-ին արտասահմանյան ռազմանավեր են նկատվել Տրիպոլիի մերձակայքում: ՙԲեռլինի սամիթից հետո հրադադարի 110 խախտում է արձանագրվել, գլխավորապես Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից՚՝ ասել է Սալամեն: Հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ: «Մենք տեսել ենք թուրքական նավեր սիրիացի վարձկաններով, որ Լիբիա են եկել՚՝ հայտարարել է Մակրոնը:
RFI


Հ.Գ. Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ՝ Տրիպոլիի մերձակայքում ռազմակայանի կառուցման վերաբերյալ՝ տեղեկացրել է «Al Arabiya»-ն՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին: Այնտեղ նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններին և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումները, ստեղծել թռիչքուղի և վերազինել շփման կետ: ԱՀԿ-ն Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հարցը: «Al-Arabiya»-ն հաղորդել է, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Սոմալիից և Քենիայից Լիբիա և ԱՀԿ-ի հետ առաջին գործարքը կնքել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ: Բնական է, որ ռուսներն էլ պիտի զինեն Խաֆթարին: Իսկ ընդհանրապես՝ Լիբիայում հրադադարի պահպանմամբ շահագրգիռ կողմերը Բեռլինում կարող էին հստակ պատժամիջոցներ սահմանել հրադադարը խախտողների նկատմամբ՝ թե ներսի, թե դրսի ուժերի: Առանց զսպման մեխանիզմների՝ պայմանավորվածությունը խախտելն Անկարայի համար խնդիր չէ, նրա շահերն ավելին են, քան միջազգային պարսավանքը: Նրան պետք է իշխանության պահել Ֆայեզ Սարաջին, որ գործի նրա հետ կնքած համաձայնագիրը՝ Միջերկրականի ծովային սահմանի փոփոխության վերաբերյալ: Թուրքիան նաև բողոքում է Ռուսաստանից, որ չի դադարեցնում աջակցությունը սիրիական ուժերին՝ Իդլիբում: Հատկանշանական է, որ այս անգամ Էրդողանի մեղադրանքներին պատասխանել է ՌԴ նախագահի խոսնակը՝ այսինքն՝ Ռուսաստանը մտադիր չէ նրան լուրջ վերաբերվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ