ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ազնիվ ապրելը դժվար է, շա՜տ դժվար

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ազնիվ ապրելը դժվար է, շա՜տ դժվար
05.09.2016 | 13:56

Ես միշտ չեմ հասկացել ցլամարտերը երկրպագողներին, փողոցով կատաղած ցլերի առջևից վազողներին, առավել ևս՝ գլադիատորական և դաժանությամբ հագեցած մարտերը, գլխատման, ինկվիզիցիայի, խարույկին հրկիզման տեսարանները նայողներին, դրանցով հրճվողներին, այդ ամենն արդարացնողներին: Գուցե այդ դաժանությունները նայելը մարդկային էակին բնորո՞շ է: Հազարամյակներ են անցել, բայց մարդկային էությունը, կարծես, գրեթե չի փոխվել, մնացել է իր հեռավոր նախնիների մակարդակին: Իրենց ամբոխային միջոցառումներին, իրենց նպատակին հասնելու ճանապարհին նրանք պատրաստ են բութ մատն իջեցնել: Նրանց սպանություն, զոհ, ջարդեր, արյան հոտ ու ծայրահեղություններ են պետք: Նույնն է նաև նրանց ընչաքաղցության, ագահության, հարստանալու անհագ ճանապարհին տրորելով անցնելն ու այդ նպատակով նույնիսկ իրենց հանցանքներն արդարացնելը: Իսկ լավը շատ հազվադեպ ու շատ քիչ մարդիկ են նկատում:

Գլադիատորական մարտերի, սպանությունների, ահաբեկչությունների սիրահարները երբեք չեն հիանա երփներանգ ծաղիկներով պատված դաշտերով, թիթեռնիկների ճախրանքով կամ ծովի ալիքների ծփանքով: Նմանները չեն հասկանում և չեն ուզում նկատել լավը, բարին, դրականն ու գեղեցիկը: ՈՒ եթե նույնիսկ նկատում են, ապա շատ արագ մոռանում և անտեսում են: Ցեղասպանության 100-րդ տարելիցի ճանաչումները, հայտնի մարդկանց խոսքերը, վերաբերմունքը, Հռոմի պապի գնահատականները, ուխտագնացությունը Հայաստան, Գրիգոր Նարեկացու սրբադասումը, մեր ժողովրդի համախմբվելու մեծ կարողությունը, շատ ու շատ լավ բաներ արագ մոռացվում են, նույնիսկ նսեմացվում և արժեզրկվում: Ցավալի է, բայց միշտ էլ ավիրելը, ջարդելը, ոչնչացնելը, սպանելը, այրելը, գռփելը, թալանելն ավելի հեշտ է եղել, քան կառուցելը, արարելը, ստեղծելը, ազնիվ, անշահախնդիր ու բարի ապրելը: Լավը տեսնելը, բարություն անելը, բարեգործություն կատարելն ու ազնիվ ապրելը դժվար է, շա՜տ դժվար, և քչերն են ունակ ու կարող լինել այդպիսին: Ցավալի է, բայց այդպես է:

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ