ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արևմուտք-ՌԴ հակասությունն ու մենք

Արևմուտք-ՌԴ  հակասությունն ու մենք
06.06.2014 | 00:42

Չարժե թվարկել այն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում: Գլխավոր հարցն այս պահին մեկն է` ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղի «շուրջ», անդամակցելո՞ւ է Ադրբեջանը այն միությանը, որի հիմնադիր անդամ չդարձավ Հայաստանը. այո, Եվրասիական միությանը:
Հրադադարից այս կողմ ընկած քսան համեմատաբար խաղաղ տարիների ընթացքում բազմիցս է ղարաբաղյան հարցը «բաց» պատուհաններ-դռներ` քիվեստներ, ռամբույեներ, բելգրադներ ունեցել, սակայն մշտապես պարզվել է, որ այդ ամենն ընդամենը պրոֆիլակտիկ միջոցառում է` խնդիրը վերահսկողության տակ պահելու համար:
Այսօր վիճակն այլ է: Չմիավորված երկրների անդամ Ադրբեջանը, թվում է, ոչ մի գնով չի դառնա պուտինյան եվրասիական «ակումբի» անդամ` հազար ու մի պատճառով, չթվենք դրանք: Սակայն օրերս ղարաբաղյան խնդրով զբաղվող մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեր հարցին` Ղարաբաղն այն գի՞նն է, որի համար Ադրբեջանը կանդամակցի այդ ակումբին, պատասխանեց՝ անշո՛ւշտ: «Կտա՞» Ռուսաստանը Ղարաբաղը Ադրբեջանին: «Երբե՛ք։ Կփորձի անվերջ բանակցել, բայց կոնկրետություն երբեք չի հաղորդի այդ բանակցություններին»,- ասվեց։
Փորձենք հասկանալ: Նախ` Ղարաբաղը Ռուսաստանինը չէ, որ «փաթաթի այն թղթի մեջ ու տա» որևէ մեկին, անգամ հարբեցող «Քյորփին», որն այս պահին ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար գերզգայուն, ցանկալի «օբյեկտ» է դարձել: Եվ հետո՝ Ղարաբաղը «Ռուսաստանինը չէ», այն միջազգային վերահսկողության` ԵԱՀԿ մանդատի սուբյեկտ է, և Արևմուտքի ու ԱՄՆ-ի վերջին ակտիվացումները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասը, Վրաստանն ու Ադրբեջանը, նաև` Հայաստանը և, վերջապես, Ղարաբաղը վերջիններիս անչափ շատ են հետաքրքրում, և որքան էլ Ռուսաստանը փորձի խոստումներ տալ Ադրբեջանին, մեխանիզմներ չկան, որ կարողանա իր խոստումները որևէ կերպ կյանքի կոչել:
Եվ որ ամենակարևորն է՝ եթե անգամ, ինչ-ինչ առաջնահերթություններից ելնելով, Ադրբեջանը «որոշի» անդամակցել Եվրասիական միությանը, ապա իր ցանկացածը չստանալու դեպքում մի քանի վայրկյան անց անպայման դուրս կգա այդ կառույցից, ինչն էլ վտանգի տակ կդնի ոչ միայն Եվրասիական միության լրջությունը, այլև «ընդհանուր» ապագան:
Ի՞նչ ունի Հայաստանն այս փուլում, որպես հակափաստարկ: Շատ քիչ բան: Աշխարհը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ իր «պատժամիջոցները». այսօր Բրյուսելում հավաքված G7-ը, առանց Ռուսաստանի, կորոշարկի նոր սանկցիաների փուլը Մոսկվայի նկատմամբ՝ «քշելով» վերջինիս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական «մեծ» անկյուն: Ի դեպ, մեծ ինտրիգ է, գոնե միջանցքներում կհանդիպե՞ն միմյանց Ֆրանսիա մեկնող Օբաման ու Պուտինը, բայց որ միջազգային հանրությունն առիթը բաց չի թողնի ևս մեկ անգամ Պուտինին իր տեղը ցույց տալու, կասկածել պետք չէ, անկախ նրանից, որ նախատեսված են հանդիպումներ Օլանդի, Մերկելի հետ:
ՈՒ թե շատ անկեղծ` երբեմն այնպիսի տպավորություն է, թե պարոն Պուտինը համաշխարհային արենայում յուր մեկուսացումները փոխլրացնում է մեր նկատմամբ ունեցած յուր «հատուկ վերաբերմունքով»՝ թանկացնում է գազը, փորձում գնել ԲԷՑ-երը, մեզ հրավիրում է Եվրասիական տնտեսական միություն, դուռը ծածկում, կանգնեցնում է դռանը, նամակ գրել տալիս Ալիևին, կարդալ տալիս Նազարբաևին, իր էմիսարների միջոցով անվերջ խոսում Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ դնելու մասին։ Եվ այսպե՜ս շարունակ:
Իսկ մե՞նք: Մենք` ի՞նչ: Աստծու պահած, Աստծո հույսին, որ մինչև հիմա «լոտեր» ենք շահել Արևմուտք-Ռուսաստան հակասության վրա, պահպանել Ղարաբաղի ստատուս քվոն, իսկ առջևո՞ւմ...
Տերը գիտի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ