Մեր պատմությունն այնպես է տնօրինել, որ հայերին առավել նշանակալի և ուրախ, ամենատխուր և սգո իրադարձությունները գարնանն են զուգադիպել։ Մենք արդեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք հաշվարկում և միաժամանակ մոտենում ենք հերթական մայիսի 28-ին, այն օրվան, երբ հայ ազգի կամքի ու ոգու ուժը ապացուցեց իր առավելությունը թուրք ֆաշիստների նկատմամբ։ Մայիսն առհասարակ հայերի հաղթանակների ամիսն է, եթե նաև հիշենք, որ Շուշին մեր հերոսները օկուպացումից ազատագրեցին 1992 թ. մայիսի 9-ին։ Սարդարապատ, Շուշի, և ինչո՞ւ միայն... Կուզեի խոսել միայն հաղթանակների ու նվաճումների մասին, բայց իրավիճակն այնպիսին է, որ ստիպված ես դարձյալ խոսել պարտությունների ու բացթողումների մասին։
Վերհիշելով վերջերս Հայաստան կատարած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը, ինչպես նաև մեր ժողովրդին քիչ հասկանալի որոշ հայտարարություններ, որ արվեցին թե՛ այդ այցի ժամանակ, թե՛ դրանից հետո, սկսում ես մտովի քննության առնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամբողջ պատկերը։ Հատկապես 1991 թ. մեր անկախության հաստատմանը հաջորդած շրջանի։ Ժակ Շիրակի նախագահության օրոք, թվում էր, ոչինչ պետք չէ ապացուցել. բարեկամությունը բավական ցայտուն աչքի էր զարնում։ Հայաստանում նույնիսկ հասարակական միավորում ստեղծվեց, մեր երկիրը դարձավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ և այսպես շարունակ։ Կարծես Փարիզն էլ էր նույն գինը վճարում։ Բայց ահա վրա հասան այլ ժամանակներ և՛ Եվրամիությունում, և՛ Ֆրանսիայում։ Որը, ինչպես մեզ էր թվում, բարեկամական երկիր էր Հայաստանի համար։ Չնայած հիշողությունդ համառորեն սևեռվում է հայերին ֆրանսիացիների դավաճանության օրինակների վրա։ Բավական է մեկ անգամ ևս հիշեցնել 1918-38 թթ. Կիլիկիայի հայերին Ֆրանսիայի դավաճանության ամոթալի գործարքների մասին։
Թերթելով մեր օրենսդրությունը, այդուամենայնիվ, հենց մեզ ուղղված հարց էլ է արդեն ծագում։ Ես անձամբ բազմիցս, թե՛ զրույցների, թե՛ բանավեճերի, թե՛ հեռուստակամուրջների ընթացքում, օրինակ՝ Ռուսաստանի հետ, ուղղակի մեղադրանք եմ նետել ռուս օրենսդիրների ու գործադիր իշխանության հասցեին։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այն մասին, որ Բորիս Ելցինի օրոք, թեև ՌԴ Պետդուման որոշում ընդունեց Թուրքիայում 1915-23 թթ. հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, այնուամենայնիվ, Մոսկվան գործը տրամաբանական ավարտին չհասցրեց։ Այսինքն, Պետդումայից հետո Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը, այդպես էլ քննության չառավ Պետդումայի որոշումը, չվավերացրեց այն։ Համապատասխանաբար, փաստաթուղթը չհասավ Ռուսաստանի նախագահի ստորագրմանը և հաստատմանը։ Այն ժամանակ ելցինականները Թուրքիայի հետ սիրախաղ էին անում «Երկնագույն հոսք» գազամուղի միջոցով, և հնարավոր է՝ մի ինչ-որ պլան եղել է, բայց... Ռուսների պլանը ձախողվեց. թուրքերը շրջափակեցին Հայաստանով «Երկնագույն հոսքի» տարանցումը, և գազամուղն անցկացվեց Սև ծովի հատակով։ Ի՞նչ եղավ հետո... Ի՞նչ պիտի լիներ. Կրեմլի վարչակազմը փոխվեց, ու հիմա Մոսկվայում ոչ ոք չի շտապում «վշտացնել» Թուրքիային։
Հիմքեր կա՞ն դժգոհելու Ռուսաստանից։ Կան։ Իսկ ի՞նչ եղան մեր փոխադարձ հավաստիացումները բարեկամության ու դաշնակցության մասին, եթե բանը դրան հասավ։ Էլ չեմ խոսում Արցախի մասին։ Բայց Արցախը շատ ավելի նրբախնդիր թեմա է։ Մենք դեռ կվերադառնանք դրան` առանձին։
Բայց չէ՞ որ Ֆրանսիան էլ արդեն ավելի քան երկու տարի ավարտին չի հասցնում այդ գործը։ 2012 թ. Փարիզը, այնուամենայնիվ, օրենք էր ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին, բայց... Թուրքիայի հետ նույն սիրախաղերը հանգեցրին այն բանին, որ Սարկոզիի և Օլանդի վարչակազմերը, փաստորեն, հենց իրենք էլ վիժեցրին այդ օրենքը` վկայակոչելով «մարդու իրավունքների խախտումը»։ Հիմքեր կա՞ն դժգոհելու Ֆրանսիայից։ Կան։ Ստացվում է, մեր երկու բարեկամների համար Թուրքիայի շահերն ավելի կարևոր են եղել, քան ինքը արդարությունը, քան հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության շահերը։ Ֆրանսիայի «պատմությունը», առհասարակ, անբարո է այդ առումով։ Ինչպես Եվրամիության մյուս երկրներում, այստեղ ևս գործում է հոլոքոստի (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների ցեղասպանության) ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենք։ Իսկ ահա Հայոց ցեղասպանությունը, պարզվում է, Ֆրանսիայում կարելի է ժխտել։ Կամ էլ այլակերպել իրադարձությունները, խեղաթյուրել դրանք, որովհետև դա «մարդու իրավունքն» է, ավելի ճիշտ` թուրք ֆաշիստների իրավունքը։
Այսպես թե այնպես, աշխարհում, այնուամենայնիվ, կա մի երկիր, ուր հայերի ցեղասպանության ժխտումը դատարանով պատժելի քրեական հանցագործություն է։ Դա... Հայաստանը չէ։ Զարմանալի՞ է։ Երևի։ Երկիրը, ուր քրեական պատիժ է նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման համար, Շվեյցարիան է։
Այնպես որ, ըստ էության, անհետևողականության համար նույն Ֆրանսիայից ու Ռուսաստանից «նեղանալու» օբյեկտիվ հիմքերի առկայության պարագայում անգամ մենք իրավունք չունենք նրանցից պահանջելու կոշտացնել դիրքորոշումները հայերի ցեղասպանության և Թուրքիայի պատասխանատվության առնչությամբ։ Իսկ բուն Հայաստանում առանձին օրենք չկա Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին։ Այդ դեպքում ինչպե՞ս, ի՞նչ երեսով մենք մեր օտարերկրացի ընդդիմախոսներին (անգամ ոչ թուրքերին) պիտի պատասխան տանք, եթե նրանք հանկարծ որոշեն մեզ` հայերիս, մատնանշել հայկական օրենսդրության «որոշ նրբություններ»։ Ի՞նչ է, մեզանում չե՞ն եղել կամ չկա՞ն մարդիկ, ովքեր ժխտել են ցեղասպանությունը կամ, ասենք, փորձել են նսեմացնել նրա նշանակությունը, մեղմացնել հայ ժողովրդի դահիճների մեղքը։
Կարդում ես Հայաստանի քրեական օրենսգիրքը և զարմանում։ Ահա 13-րդ բաժինը, 33-րդ գլուխը, 393-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ցեղասպանություն կատարելու համար։ Հիանալի է։ Ահա 397-պրիմ հոդվածը, օհո՜... Սա արդեն մոտ է մեր փնտրածին։ Մեզանում քրեորեն պատժելի են ցեղասպանության ժխտման մեղմացման, հավանության կամ արդարացման, ինչպես նաև խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները։ Խորամանկները կասեն. «Խնդրեմ, տեսեք։ Կա, ախր»։ Իսկ ի՞նչ կա։ ՔՕ այդ հոդվածը վերաբերում է բոլոր ցեղասպանություններին։ Ասենք, մեկի խելքին փչել է ժխտել Ռուանդայի հուտու կամ տուցի ցեղերի ցեղասպանությունը, իսկ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից։ Կամ մեկը ժխտում է Կոսովոյի ալբանացիների ցեղասպանությունը, իսկ դա «ճանաչված» է ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների կողմից։ Բնական է, որ հոդվածի տակ կընկնեն նաև հրեական հոլոքոստի ժխտման գործողությունները։ Իսկ ահա հայերի ցեղասպանություն... չկա։ Տարօրինա՞կ է հնչում։ Հոդվածում ակնարկ անգամ չկա, որ այն անպայման տարածվում է նաև հայերի ցեղասպանության ժխտման ¥և այլն¤ վրա։ Դե հա, ԱՄՆ-ը չի ճանաչի հայերի ցեղասպանությունը, ՄԱԿ-ը` առավել ևս, Ռուսաստանն ու Ֆրանսիան ճանաչման ու դատապարտման գործը մինչև վերջ չեն հասցրել։ Չէ՞ որ Հայաստանը «ալբանական Կոսովո» չէ։ Իսկ ո՞վ է հայ օրենսդիրներին այդպիսի լղոզված ձևակերպումներ խորհուրդ տվել։ Միգուցե հենց մեր տնաբույծ խելոքնե՞րն են գլխի ընկել, թե, իբր, սպասենք, մինչև ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ծոծրակներդ կտեսնեք, պարոնա՛յք։
Ասենք 397-պրիմ հոդվածով նախատեսված պատժամիջոցներն էլ «ծիծաղելի» են. տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ մինչև չորս տարի ազատազրկում։ Համարժե՞ք է, արդյոք, այս պատիժը այն բարոյական վնասին, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հասցնում է ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին։ Ես համոզված եմ, որ ոչ։ Ի դեպ, զուգահեռաբար նաև մեկ օրախնդիր հարց։ Մեր ՔՕ 395-րդ հոդվածը հստակորեն քրեական պատասխանատվություն է նախատեսում ռազմական վարձկանության համար։ Իսկը ժամանակն է այն գործադրելու Յարոշի և այլոց տիպի ուկրաինացի նացիստների նկատմամբ, որոնք 90-ականներին իրենց վիժվածքներին մեր Արցախ էին «գործուղում»՝ կռվելու Ադրբեջանի կողմում, ու հիմա էլ դեռ սպառնալիք են ներկայացնում։ Բայց որտեղի՞ց։ Հայկական իշխանության մարմինները և իրավապահները «սովոր» են ամեն ինչ ներելու ուկրաինացի ֆաշիստներին, ու այս անգամ էլ ծպտուն չեն հանի, թեև ՈՒկրաինայում հայերի սպանությունները շարունակվում են։ Դե, իհարկե, պաշտոնական Երևանի շա՜տ պետքն է, որ ինչ-որ տեղ հայերի են սպանում։ Մեր իշխանությունները մի կերպ միայն սիրիահայերով սկսեցին զբաղվել, հիմա էլ էս ՈՒկրաինան, որտեղ մեր իշխանությունների ամերիկացի բարեկամներն աշխատում են Դոնբասում «թերթաքարային հեղափոխություն» կազմակերպել։
Ահա այսպես էլ ստացվում է, որ մենք բարոյական իրավունք չունենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում հետևողականություն պահանջելու Ֆրանսիայից և Ռուսաստանից։ Ահա այստեղ, իրոք, մենք` հայերս, ինքներս ենք մեղավոր։ Մեր օրենքներն այսպիսին են` լղոզված, ինչպես կամենաս՝ կծռես։ Միշտ էլ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցում սողանցք կգտնվի ազգուրացների համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ