ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին

Մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է  ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին
20.03.2014 | 23:42

Եվ այսպես, ավարտվեց վեցամսյա «զինադադարը» Արևմուտքի ու Իրանի միջև՝ կապված «Իրանի միջուկային գործի» հետ։ Մենք վկան ենք դառնում մի ամբողջ շարք հարցերի շուրջ պաշտոնական Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիա) բանակցությունների վերսկսման։ Իհարկե, հիմա պետք չէ առաջ ընկնել ու փորձել կանխագուշակել, թե հանդիպումների ու բանակցությունների քանի ռաունդ կպահանջվի «վեցյակին» և Իրանին՝ պարզելու, վերջապես, «անհանգստանալու» բան ունեցե՞լ են, արդյոք, Արևմուտքը և Արևմուտքի թիկունքում թաքնված Իսրայելը, ինչպես նաև, պատրա՞ստ են, արդյոք, արևմտյան երկրները չեղարկելու իրենց միակողմանի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի։ Ըստ էության, հենց այս երկու հիմնական հարցերն էլ «վեցյակի» ու Թեհրանի բանակցությունների էությունն են։
Սակայն կան դիտորդներին տագնապ պատճառող հանգամանքներ։ Իմ կոչն ուղղված է ոչ միայն իշխանություններին, այլև հայ ամերիկամետ ընդդիմադիրներին. հարգելիներս, ներեցեք, բայց մեր երկիրն անմիջականորեն սահմանակից է ոչ թե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, այլ Իրանին։ Եվ մի կարծեք, թե Իրանում չեն հետևում ձեր, հաճախ անհավասարակշիռ, արտահայտություններին ու հայտարարություններին։ Եվ, ի վերջո, մի եղեք «յացենյուկներ» ու «տուրչինովներ», դուք, այնուամենայնիվ, հայ եք և չպետք է նմանվեք բթամտության ու անհեռատեսության այդ տիպարներին։
Երևանում որևէ մեկը նկատե՞լ է, արդյոք, թե ինչ մթնոլորտում է ընթանում Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների վերսկսումը։ Սկսենք հերթով։ Եվ այսպես, փետրվարի վերջին տասնօրյակում, չնայած աշխարհը «զբաղված էր» ՈՒկրաինայով ու Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերով, Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մի կողմից, ստանալով այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի «օրհնությունը», հարյուրերորդ թե երկուհարյուրերորդ անգամ բարձրագոչ հավաստեց. իսլամական հանրապետությունը մտադիր չի եղել և մտադիր չէ միջուկային զենք արտադրելու, դա մեղք է իսլամի կանոններով, դա դեմ է ճշմարիտ հավատացյալների բարոյախոսությանը։ Մյուս կողմից, ասես արձագանքելով Վաշինգտոնից հնչող որոշ հակաիրանական հրապարակումներին ու հայտարարություններին, Իրանի ռազմանավերը հենց փետրվարի վերջին մոտեցան Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ-ի ծովային սահմաններին։
Մարտի սկիզբը միջազգային հանրության ուշադրությունը նորից շեղեց Մերձավոր Արևելքի ու Առաջավոր Ասիայի իրադրությունից։ Սակայն մենք արդեն նշել ենք. Սիրիայի հարցով «Ժնև-2» բանակցություններն իրենց երկրորդ ռաունդի արդյունքներով ևս հանգեցրին տարածաշրջանում Արևմուտքի ու նրա խամաճիկների ռազմավարական պարտությանը։ Եվ ահա հնչում է Սպիտակ տան հանդուգն հայտարարությունը, թե, իբր, ԱՄՆ-ը «չի բացառում» ռազմական ներխուժումը Սիրիա։ Բնականաբար, դա Իրանի ու տարածաշրջանում նրա դաշնակիցների համար ՈՒկրաինա չէ, խոսքն այն մասին է, որ իրականում Արևմուտքը, օգտվելով ՈՒկրաինայի իրավիճակի մեջ Ռուսաստանի ու Չինաստանի լայն ներգրավվածությունից, կարող է իրեն Սիրիայում արկածախնդրություն ու ստորություն թույլ տալ։ Ինչպես ասում են, դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով, ԱՄՆ-ից արված այդ հայտարարությունը հանգեցրեց և՛ Իրանի, և՛ Իրաքի շիադավանների, և՛ լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության, և՛ սիրիացի քրդերի, ալավիների ու քրիստոնյաների, և՛ այլոց առավելագույն համախմբմանը։
Հետագան պակաս հետաքրքրական չէ։ Մարտի 11-ին Իրան ժամանեց ՈՒկրաինայի «չար հանճարը»՝ արտաքին գործերի եվրահանձնակատար Քեթրին Էշթոնը։ Հասկանալի է, Իրանի ղեկավարների հետ խորհրդակցելու համար։ Չէ՞ որ մարտի 17-ին վերսկսվելու էին միջուկային հարցերի շուրջ «վեցյակի» բանակցությունները Թեհրանի հետ։ ՈՒ այստեղ փետրվարին Արևմուտքն սկսեց կորցնել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին. նախ Քաթարը, հետո՝ Քուվեյթը, ապա Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն, վերցնում և ճանաչում են միջուկային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը։ Ռուս-իրանական գործոնն առայժմ հանգիստ թողնենք, թեև փետրվարին Թեհրանի ու Մոսկվայի միջև արդյունավետ քաղաքական կյանքը եռում էր։ Այդուամենայնիվ, Արևմուտքի նախկին դաշնակիցները ցուցադրեցին կարծիքների և որոշումների ընտրության հարաբերական ազատություն։ Բայց հանկարծ աշխարհը որոշեց ուրախացնել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին։ Նախ նրանով, որ հրապարակավ խոստովանեց, թե «սիրիական ընդդիմության» վիրավոր գրոհայինները և օտարերկրյա վարձկանները բուժվում ու ուժերն են վերականգնում հենց Իսրայելի տարածքում, իսրայելական զինվորական հոսպիտալներում ու հիվանդանոցներում։ Ի դեպ, դա մեծ մտահոգություն պատճառեց ոչ միայն ԱՄՆ-ին ու Թուրքիային, այլև հրեական պետությանը, որն առաջ ամեն կերպ հերքում էր իր կապը օտարերկրյա ինտերվենցիայի հետ ընդդեմ Սիրիայի։ ՈՒրեմն և՝ կապն այն պատերազմական հանցագործությունների, հայերի, ալավիների ու քրիստոնյաների այն ցեղասպանության հետ, որ Սիրիայում ձգտում էին և ձգտում են իրականացնել Արևմուտքի և, սա արդեն կարելի է համարձակորեն պնդել, Իսրայելի (ոչ թե միայն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի) դրածոները։
Երկրորդ, և հենց մարտի 11-ին, Նաթանյահուն կալանում է տարազգ անձնակազմով (տեղեկություններ կան, որ անձնակազմի անդամների մեջ կան նաև ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ), Պանամայի դրոշով նավարկող նավը և հայտարարում, թե նավը, իբր, դուրս է եկել Իրանից, բեռը՝ հրթիռներ, նախատեսված է եղել ՀԱՄԱՍ կուսակցության Գազայի հատվածի ջոկատների համար։ Ցուցադրված ցեմենտի պարկերը, որոնց տակ էին դարսված այդ հրթիռները, իրոք, կրում են իրանյան արտադրողի մակնիշավորումը։ Սակայն պնդել, թե այդ ամենը բեռնվել է հենց Իրանում, դժվար է։ Ի վերջո, դա միայն ըստ Նաթանյահուի «կասկած չի հարուցում», թե բեռի «կեղծ» կարգագրերի ձևակերպումը և բեռնումը կատարվել են Իրանում։ Նավը բավական տարօրինակ երթուղի է ունեցել. Իրանից հետո նա մտել է Հարավային Իրաք ու որոշ ժամանակ մնացել այնտեղ։ Հետո Սուդան է մեկնել։ Միջերկրական ծովում եղել է չեզոք ջրերում, ապա կալանվել Իսրայելի ծովային հատուկջոկատայինների կողմից։ Իսրայելի զինվորականների ծովահենությունը բացահայտ է, անգամ եթե ընդունենք, թե խոսքն Իսրայելի ազգային անվտանգության մասին է։ Բայց սա էլ դեռ ոչինչ։ ՈՒշադրության առնենք այն, թե չեզոք ջրերում օտարերկրյա նավի կալանման առթիվ ինչ է ասել Նաթանյահուն։ ՀԱՄԱՍ կուսակցությանն անօրինական զինամատակարարումներ կատարելու մեջ մեղադրելով հենց իրանական իշխանություններին, նա մի այսպիսի զուգահեռ է անցկացրել. իբր, ճիշտ այս կերպ էլ, «խաբելով համաշխարհային հանրությանը», «մի բան քողարկելով մեկ այլ բանով», Իրանը միջուկային զենք է մշակում...
Ինչ խոսք, Իսրայելը ցանկացել է և ցանկանում է, որ Իրանը «միջուկային ռմբակոծությունների» ենթարկվի։ Եվ Նաթանյահուն երբեք չի թաքցրել դա։ Բայց Իսրայելի վարչապետը հրեայի համար չափազանց պարզունակ ձևով է փորձում «գործ սարքել», և այն էլ` բլանդելով «սպիտակ թելով»։ Նշենք, որ և՛ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը, և՛ Իրանի իշխանություններն արդեն կտրականապես հերքել են Բենիամին Նաթանյահուի մեղադրանքները։ Բայց հասկանալի է, թե ինչու Իրանի հասցեին իր «քողարկված» մեղադրանքների հերթական փունջը Թել Ավիվը հրամցրեց հենց մարտի 11-ին. չէ՞ որ այնտեղ էր տիկին Էշթոնը։ Դե, ինչպես կարելի է իր անկեղծ ու հուսալի բրիտանացի խամաճիկին «նյութ» չմատուցել այն բանի համար, որ նա Թեհրանում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ հիմք ունենա մի բան «քամելու» փորձ անել։
Ինչո՞վ էր զբաղված այդ տիկին հանձնակատարը Իրանում։ Պաշտոնական տեղեկատվությամբ, այցի շրջանակներում Եվրամիության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալալիի հետ։ Իսկ ահա իր այցի մյո՜ւս մասում... Երևի տիկին Էշթոնը, բացի Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բանակցելուց, մի ինչ-որ նրբին առաքելություն էլ է ունեցել։ Ինչո՞ւ ենք այսպես ենթադրում։ Բանն այն է, որ և՛ Սիրիայում, և՛ ՈՒկրաինայում տեղի ունեցող արյունահեղության այս մեղավորը (մեծ հաշվով) հանկարծ այցելել է Սպահանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի։ Այս մասին հայտարարում է Նոր Ջուղայի պատրիարքության պաշտոնական կայքը։ Տեղեկությունների համաձայն, ԵՄ-ի ներկայացուցչին ու նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Սպահանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բաբկեն Չարյանը։ Էշթոնի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են նաև 350 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովսեփ Արեմատացի եկեղեցի։
Հավատալո՞ւ բան է։ Անհավատը (իսկ պատերազմների բռնկմանն ու ձգձգմանը նպաստող մարդիկ անհավատներ են, ըստ էության՝ հանցագործներ) նաև Իրանի հայկական եկեղեցիներ է այցելել։ Եվ ուղեղդ մի դավադիր միտք է կրծում. մի՞թե որոշել է հայկական եկեղեցիներում քավել Հայկական աշխարհի հանդեպ գործած մեղքերը՝ Սիրիայի հայերի սպանություններին իր հանցակցության համար։ Թե՞ Արցախի հարցում եվրոպական տարբեր կառույցների հակահայ դիրքորոշման համար։ Եթե Էշթոնն Իրանում քավում էր սիրիահայերի ողբերգության համար գործած մեղքերը, ապա սխալ տեղ եք ընտրել, տիկին հանձնակատար։ Սիրիահայերի ողբերգության համար Ամենաբարձրյալի ներողամտությունը հայցելու համար Դուք պետք է Հալեպ գնաք, ծնկի գաք Հալեպի հայկական եկեղեցու մոխրացած, Արևմուտքի խամաճիկների ու օտարերկրյա վարձկանների պղծած խորանի առջև։ Ինչո՞ւ եք Իրանում հայ համայնքի «աչքին թոզ փչում», թե իբր Դուք և ձեր Եվրամիությունը հարգանքով եք վերաբերվում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն և հայության սրբավայրերին։ Դուք ձեր հարգանքը ցույց տվեք Սիրիայի, Արցախի, հենց Նախիջևանի Ջուղայի Հայ առաքելական եկեղեցիներում, ուր Դուք և Եվրամիությունը հնարավոր չհամարեցիք միջամտել և թույլ չտալ հայկական խաչքարերի ու տապանաքարերի ծրագրված ու զանգվածային ոչնչացումը, հնարավոր չհամարեցիք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ֆաշիստական վարչախմբի դեմ։
Եթե կարծում եք, թե այցելելով Սպահանի հայկական եկեղեցիներ, Դուք ներողություն եք խնդրում հայերից այն բանի համար, որ մի երկու տարի առաջ, հայտարարելով Եվրամիության և Արցախի Հանրապետության միջև ուղղակի շփումների հասնելու մտադրության մասին, անձամբ Դուք և Ձեր ենթականերն արդյունքում լպիրշ ու անամոթ խաբեբաներ դուրս եկաք, ապա նորից սխալ տեղ եք ընտրել։ Դուք Ձեր մեղքը կարող եք քավել Ամարասի վանքում, Շուշվա Ղազանչեցոց եկեղեցում, Գանձասարում, Դադիվանքում։ Բուն Արցախում որտեղ ուզեք, բայց ոչ երբեք Իրանում։ Իսկ Իրանում ավելի լավ է զբաղվեք այդ երկրի հետ իրավահավասար հարաբերությունների կարգավորմամբ, մի երկիր, որն ինքնին նույնքան հին է, որքան պատմությունը։
Ի՞նչ ասեմ, կհետևենք իրադարձությունների զարգացմանը, որոնք նույնիսկ շատ անմիջականորեն առնչվում են ոչ միայն Իրանի ու Արևմուտքի, այլև Հայաստանի ու Արցախի շահերին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ