ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՈՒյղուրների արյունալի դիվերսիաները Չինաստանում սովորական են դարձել

ՈՒյղուրների արյունալի դիվերսիաները  Չինաստանում սովորական են դարձել
04.03.2014 | 00:14

Թեև երկրի հարավ-արևմուտքում վերջերս կատարված ահաբեկչական գործողությունիցից հետո Շանհայում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է թվում, սակայն երկաթուղային ու ավտոբուսային կայարաններում, օդանավակայաններում ու մարդկանց հոծ կուտակումների վայրերում նկատելիորեն շատացել են ոստիկանները, հատկապես՝ շներով, իսկ պահպանության համակարգերը, կարծես, սկսել են աշխատել ընդգծված ուշադրությամբ։ Ասենք, տրանսպորտային, քաղաքացիական և կրթական օբյեկտների պահպանությունը Չինաստանում միշտ է անհրաժեշտ բարձունքի վրա եղել։ Ընդ որում, զանգվածային կոտորածի մասին տեղեկությունները, լուսատեսակադրերը՝ «համեմված» տարբեր, նույնիսկ անհավանական լուրերով, վայրկենապես տարածվեցին համացանցում ու Չինաստանի սոցցանցերում։ Այս օրերին չինական Weibo սոցիալական ցանցը՝ Twitter-ի նմանակը, բառացիորեն պայթում է տարատեսակ հաղորդագրությունների առատությունից՝ սկսած ցավակցության, Կունմինի համար աղոթքի, հուսադրող խոսքերից, թե «Գուցե գոնե այն աշխարհում հանգուցյալներին անդորր է սպասում», և վերջացրած թմրամաֆիայի ու միջազգային ահաբեկչության հետ «ույղուր ավազակների» կապի մասին ենթադրություններով (այստեղ հարկ է նկատել, որ անգամ «իսլամիստական ինտերնացիոնալում» ույղուրներն ամենաանտեսվածներն ու չսիրվածներն են ու ՉԺՀ-ի սահմաններից դուրս գրեթե լիովին զրկված են լուրջ դաշնակիցներից ու հովանավորներից)։ Եվ իհարկե, համացանցը լեփ-լեցուն է ույղուրական անջատականությանը վերջ դնելու և գրոհայիններին ոչնչացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով։ Եվ դա լիովին հասկանալի է. չէ՞ որ ույղուրների արյունալի դիվերսիաները Չինաստանում, որքան էլ ցավալի է, արդեն սովորական են դարձել։ Այսպես, օրինակ, միայն այս տարվա անցած երկու ամսում Սինցզյան-ՈՒյղուրյան օկրուգում պայթուցիկներով ու դանակներով զինված ահաբեկիչները մոտոցիկլետներով ու ավտոմեքենաներով հարձակվել են ոստիկանական պարեկախմբի վրա, մեկ ուրիշ անգամ փորձել են պայթեցնել ոստիկանական վարչության շենքը։ Այդ երկու հարձակումների ընթացքում իրավապահները շարքից հանել են տասնյոթ ահաբեկչի, երեքը զոհ է գնացել իրենց սարքած պայթուցիկներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է ևս չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, մեկ գրոհայինի հաջողվել է գերի վերցնել։
Սակայն այն, ինչ տեղի է ունեցել այս անգամ, գերազանցում է բոլոր նախորդ ողբերգությունները։ Սա առաջին և իր դաժանությամբ աննախադեպ զանգվածային ահաբեկչությունն է, որ կազմակերպվել է Սինցզյանի սահմաններից շատ հեռու։ Մարտի մեկին՝ ժամը 21-ի մոտ, Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգի վարչական կենտրոն Կունմին քաղաքում՝ տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջության իր բնույթով և պատմական տեսարժան վայրերով հարուստ խոշոր ու ինքնատիպ կենտրոնում, մի խումբ սևազգեստ (որոշ գնահատումների համաձայն, մի քանի տասնյակ) անձանց հարձակման հետևանքով քաղաքի երկաթուղային կայարանում սպանվել է 29 ուղևոր, ավելի քան 130-ը վիրավորվել է։ Տեղական իշխանությունների տվյալներով, ահաբեկիչները զինված են եղել դանակներով։ Նրանք ներխուժել են սպասասրահ ու տոմսերի վաճառքի սրահ և սկսել են բոլորին անխտիր խողխողել դանակներով։ Ականատեսների վկայությամբ, ամեն ինչ կատարվել է հանկարծակի, բանդիտները դանակահարում էին՝ ում բռնում էին։ «Սկզբում կարծեցի, թե մի քանի հոգի ուղղակի կռիվ են անում, բայց հետո արյուն տեսա և լսեցի մարդկանց ճիչեր, ու փախա»,- պատմել է 19-ամյա ուսանող Լյու Չենը, որը կայարան էր եկել ընկերուհու հետ։ «Տեսա, որ մի մարդ վրաս է գալիս մի երկար դանակ ձեռքին, ու փախա»,- պատմել է մեկ այլ ականատես՝ Յան Ցզեչին, նշելով, որ ով չի հասցրել փախչել, ծանր վիրավորվել է։ Չինական հեռուստաալիքների հաղորդումների համաձայն, ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել առնվազն չորս ահաբեկչի, որոնցից մեկը կին է եղել։ Մի ահաբեկչուհու և մի քանի ահաբեկիչների ոստիկանությունը կալանել է։ Հարձակման համար իշխանությունները մեղադրել են հյուսիսարևմտյան Սինցզյան-ՈՒյղուրյան ինքնավար շրջանի անջատականներին։ Ինչպես մարտի 2-ին հաղորդեց «Սինխուա» գործակալությունը, վկայակոչելով քաղաքի ղեկավարությանը, այդ են վկայում հանցագործության վայրում ոստիկանության հայտնաբերած հանցանշանները։ Թե հատկապես ինչ վկայությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները։ Ներկայումս հիվանդանոցներում ավելի քան 60 մարդ կա։
Ինչպես քանիցս գրել ենք, Չինաստանի Սինցզյան-ՈՒյղուրյան ինքնավար շրջանը վաղուց անջատականության օջախ է դարձել, որտեղ գործում է 1993 թ. ստեղծված «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը»։ Կազմակերպության նպատակն է ամբողջ չինական բնակչությանը դավանափոխել իսլամի և Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում ստեղծել անկախ շարիաթական պետություն։ Աշխարհի շատ երկրներ այդ շարժումը ճանաչել են ահաբեկչական և, համապատասխանաբար, արգելել։ Իր գոյության ընթացքում այն ստանձնել է ավելի քան 200 ահաբեկչական գործողության պատասխանատվություն, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 162 մարդ, ավելի քան 440-ը՝ վիրավորվել։
Այս վերջին ահաբեկչությունից անմիջապես հետո ՉԺՀ-ի նախագահ, ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ցզինպինը երկրի իրավապահ մարմիններից պահանջեց անհապաղ ուժերը կենտրոնացնել ահաբեկչական ակտի հետաքննության վրա և օրենքին համապատասխան խստորեն պատժել մեղավորներին։ Նա համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց նաև պատշաճ կարգով կազմակերպել տուժածների բուժօգնությունը, ըստ ամենայնի ապահովել բնակչության անվտանգությունն ու սոցիալական կայունությունը։ Անշուշտ, ույղուրական անջատականության հարցերն ու ահաբեկչության նոր դրսևորումները կդառնան նաև առաջիկայում Պեկինում բացվելիք Չինաստանի 12-րդ գումարման ժողովրդական քաղաքական խորհրդի համաչինական կոմիտեի 2-րդ նստաշրջանի քննարկման առարկա։
Մինչդեռ, առևտրի գործերի վարչության այս տարվա փետրվարի 27-ին հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, Սինցզյանում սպառողական ապրանքների մանրածախ առևտրի ծավալը 2013 թ. առաջին անգամ անցել է 200 մլրդ յուանից (մոտ 23 մլրդ դոլար), 2012 թ. համեմատ ավելանալով 13,4 %-ով։ Իսկ գյուղացիների մեկ շնչին ընկնող եկամուտները հասել են 7400 յուանի (ավելի քան 1200 դոլար)։ Հետաքրքիր տվյալներ է բերում նաև չինական «Սինցզյան դուշիբաո» թերթը. ՈՒրումչիի քաղաքային շինարարության կառավարման հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցությունում որոշվել է 2014 թ. 30 մլրդ յուան տրամադրել քաղաքային ենթակառուցվածքների շինարարության համար։ Այդ գումարը կօգտագործվի 160 նախագծի իրականացման համար, այդ թվում՝ ավտոճանապարհներ, այլ կոմունիկացիաներ, ներառյալ մետրոյի առաջին գիծը։ Բացի այդ, 2014 թ. ծրագրվում է կառուցել 12000 բնակարան, ինչպես նաև վերակառուցել հետնախորշային համարվող շրջանների 6000 բնակարան, միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի, գետերի, լճերի պաշտպանության ուղղությամբ։ Հայտնի է, որ 2013 թ. ՈՒրումչի քաղաքում ներդրվել էր 37,3 մլրդ յուան՝ քաղաքային ենթակառուցվածքի շինարարության 265 նախագծերի իրականացման համար։ Սակայն, այդուհանդերձ, չնայած ակնբախ հաջողություններին, կենսամակարդակի ու կենցաղային պայմանների բարելավմանը, հաների և ույղուրների միջև առկա ազգամիջյան լարվածությունը չի հաջողվում թուլացնել։ Եվ չինացիների ժողովրդագրական ճնշումն ու երկու ժողովուրդների փոխադարձ խորթացումը մշտապես ազգային նոր ընդհարումներ են հրահրում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ