ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում, Չինաստանը շախմատ է խաղում, իսկ ԱՄՆ-ը՝ շաշկի»

«Երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում,  Չինաստանը շախմատ է խաղում, իսկ ԱՄՆ-ը՝ շաշկի»
24.12.2013 | 01:07

Առաջին հայացքից Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ նորից սրացման փուլ են մտել, ինչի մասին հերթական անգամ,՝ որը մտահոգությամբ, որն ուրախությամբ, ազդարարեցին լրատվամիջոցները և տարբեր կարգի փորձագետներ։ Խոսվում է թե՛ վիճելի կղզիների երկնքում չինական ՀՕՊ գոտու, թե՛ այն մասին, որ Պեկինն այդ գոտու վրայով թռչող ինքնաթիռներից պահանջել է նախապես ներկայացնել թռիչքների պլաններն ու այլ տեղեկություններ։ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները հրաժարվել են կատարել այդ պահանջը։ Իսկ հետո քիչ էր մնացել բանը հասցնեին «թեժ մակարդակի»՝ Հարավչինական ծովի միջազգային ջրերում գտնվող ամերիկյան հածանավը հարկադրված էր խույս տալ չինական ՌԾՈՒ «Լյանին» նորագույն ավիակրի հետ բախումից (այս մասին մեր թերթը գրել է վերջին համարներից մեկում- խմբ.)։ Լրատվամիջոցների տվյալների համաձայն, ամերիկացիները զբաղված են եղել չինական ավիակրի դիտարկմամբ։ Ավիակրի ուղեկցող նավից կանգ առնելու ազդանշան է արձակվել։ Այն բանից հետո, երբ ամերիկյան հրթիռակիր ռազմանավը չի ենթարկվել պահանջին, չինացիները, ըստ Պենտագոնի աղբյուրի, փորձել են կանգնեցնել այն։ Այնպես որ, ռազմական թեմաներին մոտ կանգնած մարդկանց վեճերի գլխավոր թեման նորից դարձավ այն հարցը, թե ով կհաղթի Չինաստան-ԱՄՆ դիմակայությունում։ Իսկ ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարեց, որ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նյարդերի պատերազմի մեջ են մտել Չինաստանի հետ»։ Ճիշտ է, պետք է անմիջապես խոստովանել, որ այդ վեճերն ու ռազմական բախման մոդելավորումը գրեթե միշտ հուզական երանգ են կրում։
Շատ ավելի իրատեսական է «ֆինանսական ռումբը», ինչի մասին վերջերս ազդարարեցին չինացիները։ Իսկ այն, ամենայն հավանականությամբ, պակաս գլոբալ հետևանքներ չի ունենա ԱՄՆ-ի ու առհասարակ համաշխարհային տնտեսության համար, քան ենթադրական «ռազմական գոտեմարտերը»։ Չինական կենտրոնական բանկը որոշել է, որ «արտարժույթի կուտակումն այլևս չի համապատասխանում Չինաստանի շահերին»։ Դրամակարգավորման իշխանությունները «գլխավորապես» կդադարեցնեն սովորական ինտերվենցիաները արժութաշուկայում և կընդլայնեն յուանի փոխարժեքի ամենօրյա միջանցքը, գրել է ՉԺՀ ԿԲ տնօրեն Չժոուն կոմկուսի նոյեմբերյան համագումարից հետո ծրագրվող բարեփոխումներին նվիրված հոդվածում։ Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա ամերիկյան շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ Չինաստանը շուտով այլևս ամերիկյան պարտքեր չի գնի։ Ավելին, եթե դոլարը նրան այլևս պետք չէ, ապա բանկը կարող է քննության առնել ԱՄՆ-ի գանձատան պարտատոմսերում նոմինացված ակտիվների ձեռքբերումը կրճատելու հարցը (տվյալ պահին Չինաստանն ունի գրեթե 1,3 տրիլիոն դոլարի ամերիկյան պարտատոմսեր)։ Առայժմ նշված չեն փոփոխությունների ժամանակային շրջանակները, և, իհարկե, դա մեկ օրում տեղի չի ունենա։ Սակայն այդ դեպքում դժվար չէ եզրակացնել, որ ամերիկյան դոլարը կկործանվի։ Երկար տարիներ Չինաստանը դոլար է կուտակել և շատ է ջանացել պահպանել դրա բարձր արժեքը և յուանի ցածր արժեքը։ Նպատակներից մեկը, իհարկե, համաշխարհային շուկայում չինական ապրանքների էժանացումն էր։ Նկատենք, 2013 թ. երրորդ եռամսյակում չինական ոսկու-արժույթի պաշարները կազմում էին մոտավորապես 3,66 տրիլիոն դոլար, և մեծ մասը բաղկացած է ամերիկյան դոլարից։ Սակայն հիմա Չինաստանը հայտարարել է, որ ժամանակն է այլևս դոլար չկուտակելու, և հազիվ թե արժե ասել, որ այդ ամենը ծայրաստիճան վատ է ԱՄՆ-ի համար։ Այսպես, ամերիկացի շատ փորձագետներ արդեն հարց են տալիս. «Հապա ո՞վ է գնելու մեր ամբողջ պարտքը»։ «Եթե նրանք մտադիր են կրճատել ձեռքբերումներն ապագայում, ապա փորձեք գտնել նրան, ով կդառնա լուսանցքային գնորդը»,- ասում է «Ռաբոբանկի» արժույթների փոխարժեքների գլխավոր ռազմավար Ռիչարդ Մաքգվայրը։ Իսկ ֆինանսական հայտնի վերլուծաբան Մայքլ Սնայդերն իր հոդվածում գրում է. «Եթե այդ բանը, իրոք, տեղի ունենա, ապա դարակազմիկ իրադարձություն կլինի», և անմխիթար հետևություններ է անում. «Ցավոք, ներկա պահին հազիվ թե հնարավոր լինի որևէ բան ձեռնարկել այդ ուղղությամբ։ Երբ խոսքը տնտեսությանն է վերաբերում, Չինաստանը շախմատ է խաղում, իսկ ԱՄՆ-ը՝ շաշկի»։
Այն, որ Չինաստանը կարող է միայնակ հսկայական վնաս հասցնել ԱՄՆ-ի տնտեսությանը, ասենք՝ ինչպես և ԱՄՆ-ը Չինաստանին, դեռ վաղուց էր պարզ, և այդ բանը մենք, անգամ ունենալով շատ համեստ տնտեսագիտական գիտելիքներ, արդեն բազմիցս մատնանշել ենք։ Սակայն, առանց ավելորդ լավատեսության, կցանկանայի նշել, որ տվյալ իրավիճակում, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները կզարգանան «միջուկային զսպման» մոդելով, երբ կայունությունն ապահովվում է փոխադարձ ոչնչացման սպառնալիքով, և ցանկացած փոխադարձ դժգոհություն անխզելիորեն կապված է «անհանդուրժելի վնաս» հասկացության հետ։ Այսինքն, չեղարկվում է այդ հանգամանքով։ Ճիշտ է, 2012 թ. ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ռազմավարության մեջ Չինաստանն առաջին անգամ ստացավ «պոտենցիալ հակառակորդ» անունը, որն ազդում է ԱՄՆ-ի տնտեսության և անվտանգության վրա։ Ելքը համարվում էր ԱՄՆ-ի «ռազմավարական հենակետի» տեղափոխումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և հարաբերությունների ամրապնդումն ասիական դաշնակիցների ու գործընկերների հետ։ Ինչն առիթ հանդիսացավ ամենամռայլ կանխատեսումների համար։ Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ամերիկացիներն ավելի ու ավելի են հանգում այն հետևությանը, որ Պեկինի հետ հարաբերություններում «մկանախաղը» ոչ միայն արդյունք չի տալիս, այլև կարող է բումերանգ դառնալ իրենց համար։ Ավելի քան 200 տարի առաջ Նապոլեոն Բոնապարտը մարգարեաբար ասել է Չինաստանի մասին. «Այնտեղ մի հսկա է քնած։ Թող քնի։ Բայց երբ արթնանա, ամբողջ աշխարհը կսարսռի»։ Այսօր հսկան արթնացել է... Եվ այդ բանի հետ դժվար է հաշվի չնստելը։
Եվ «փոխըմբռնման» հենց այս պայմաններում անցավ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի վերջերս կայացած այցը Պեկին։ Չինական ղեկավարության հետ նրա բանակցությունների գլխավոր արդյունքը դարձավ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների սահմանումն իբրև համաշխարհային քաղաքականության առանցքային գործոնի։ Հատկանշական է, որ իրեն թույլ տալով զգուշորեն քննադատել չինական մոդելը, պարոն Բայդենը չհամարձակվեց բացահայտ ձեռնոց նետել Պեկինին՝ ՀՕՊ չինական գոտու հարցում։ Եվ դա, նկատենք, այն դեպքում, երբ նա ՉԺՀ էր եկել Տոկիոյից, ուր բանակցություններ էր վարել վարչապետ Սինձո Աբեի հետ։
Գլխավոր հայտարարություններն այն մասին, թե ինչպես են գործակցելու այդ երկու երկրները, հնչեցին Չինաստանի բարձրաստիճան ղեկավարության՝ ՉԺՀ-ի փոխնախագահ Լի Յուանչաոյի, ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Լի Կեցյանի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի փոխնախագահի հանդիպումների ընթացքում։ Կողմերը համաձայնեցին այն հարցում, որ նոր աշխարհակարգի առանցքային գործոն կդառնան ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները։ «Դրանք հարաբերություններ են, որոնք կսահմանեն 21-րդ դարի ամբողջ ընթացքը»,- հավաստիացրել է Ջո Բայդենը, ԱՄՆ-ի և Չինաստանի փոխհարաբերություններն անվանելով «միջազգային բազմամյա հարաբերությունների կենտրոնական, կազմակերպչական սկզբունք»։ Ի պատասխան, Լի Յուանչաոն ԱՄՆ-ի և Չինաստանի կապերն անվանել է «ամենակարևոր երկկողմ հարաբերություններն աշխարհում»։ «Դա ոչ միայն բարեբախտություն է մեր ժողովուրդների համար, այլև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում զարգացման և կայունության կարևորագույն գործոն»,- ավելացրել է նա։ Իսկ հարյուրամյակների համար իրավիճակի այդ կանխատեսումը լրագրողներին առիթ տվեց հնարելու մի տպավորիչ կարգախոս. «21-րդ դարը՝ կիսովի»։ Այնպես որ, կարելի է սպասել, որ ամերիկյան և չինական աշխարհառազմավարության գլխավոր հիմնադրույթը դառնում է նոր աշխարհակարգի ձևավորումը, ավելի ճիշտ, աշխարհի բաժանումը ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև։ Հիշեցնենք, ամերիկացիներն արդեն մեկ անգամ չէ, որ Չինաստանին կոչ են արել «ԱՄՆ-ի հետ կիսել աշխարհը կառավարելու բեռը» և Պեկինին առաջարկել են «մեծ զույգի»՝ G-2-ի հայեցակարգը, որ առաջարկել են Քիսինջերն ու Բժեզինսկին։ Բայց չինացիները, մինչև հիմա, մտածելով, հրաժարվել են, համենայն դեպս՝ խոսքով։ Իսկ հիմա կարելի է հանգել հետևության, որ «G-2» բանաձևը ոչ միայն կվերակենդանացվի, այլև, ինչն սկզբունքորեն կարևոր է, կառավարման գործում կողմերը հանդես կգան որպես իրավահավասար դերակատարներ։ Հարկ է նկատել, որ չինացիները վաղուց ամերիկացիներին հրավիրում են հենց նման հարաբերությունների, և պետք չէ բացառել, որ հենց նրանց առաջարկած «կրտսեր գործընկերոջ» դերն էր մոդելի նկատմամբ սառը վերաբերմունքի պատճառը։ Իսկ հիմա Չինաստանն արդեն իրեն հռչակել է «պատասխանատու գլոբալ տերություն», որից հետևում են մի շարք պարտավորություններ, որոնք երկիրը ձգտում է կատարել։ Իսկ ԱՄՆ-ն անուղղելիորեն և բացահայտորեն կորցնում է «միայնակ կառավարելու» հավեսը։ Ընդ որում, մի խիստ կարևոր հանգամանք. այդ երկբևեռ աշխարհը հավանաբար կտարբերվի նրանից, ինչ կար 20-րդ դարում։ Հենց այն հանգամանքը, որ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի տնտեսություններն իրենցից մեծապես ներկայացնում են մեկ մեդալի երկու երեսները, որ այսօր չի կարող այնպես պատահել, որ Չինաստանի տնտեսությունն անկում ապրի, իսկ ԱՄՆ-ինը մնա, և ընդհակառակը, «երկբևեռ մոդելի» ծնած իրավիճակը բարձրացնում է նոր մակարդակի և արմատապես տարբերվում է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հարաբերություններից։
Եվ էլի մեկ բան. համենայն դեպս առայժմ նոր աշխարհակարգի հաստատման համար կան բոլոր նախադրյալները, և գլխավորը, Չինաստանն ու ԱՄՆ-ը անհաղթահարելի հակասություններ չունեն երկրագնդի և ոչ մի կետում։ Նրանց շահերն առայժմ ճակատագրորեն չեն բախվում, իսկ այնտեղ, որտեղ դա այս կամ այն պատճառով տեղի է ունենում, լիովին կարող են փոխզիջման հանգել։ Նույնիսկ Չինաստանի ու Ճապոնիայի պատմական դիմակայությունը, որն առաջին հայացքից ԱՄՆ-ի առջև կա՛մ Տոկիոյի, կա՛մ Պեկինի հետ աշխատելու երկընտրանք է դնում, և որն այսօրվա դրությամբ անհաղթահարելի է թվում, կարող է շատ հարմար ձևով նվազագույնի հասցվել, ու նորից տնտեսական կարգով։ Չմոռանանք, որ վերջին տարիներին Չինաստանը սկսել է ակտիվորեն գնել ճապոնական պետական պարտատոմսերը և Մեծ Բրիտանիայից հետո դարձել է Ճապոնիայի պետական պարտքի երկրորդ արտասահմանյան «գնորդը»։ ՈՒշադրության առնենք ևս մեկ հանգամանք. Ճապոնիայի պետական պարտքն այս տարի երկրի պատմության մեջ առաջին անգամ անցել է կվադրիլիոն իենից, հասնելով 1008 տրիլիոն (10,46 տրիլիոն դոլարի) նիշին, հաղորդում է «Bloomberg» մասնավոր ընկերությունը։ Այսինքն, Ճապոնիայի պարտքը գերազանցում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն միասին վերցված, իսկ երկրի 127 միլիոն բնակչության հաշվարկով յուրաքանչյուր ճապոնացու պարտքը կազմում է 7,8 մլն իեն՝ մոտ 84000 դոլար։ Այնպես որ, իրավիճակը պերճախոս է։ Իսկ Չինաստանի համար, իր աշխարհաքաղաքական միջավայրի կառուցման առումով, ինչպես կարծում են փորձագետները, շուտով օրախնդիր կդառնա երկու ուղղություն. Ճապոնիայի հետ ունեցած հակասությունների հաղթահարումն ու նրա հետ դաշինքի կնքումը և անցումը տարածաշրջանում մեծ աստիճանի ինտեգրման։ Այսինքն, թվում է, եթե նոր աշխարհակարգ հաստատվի, ու «երկբևեռ մոդելը» վերստին մեջտեղ գա, ապա դա արդեն առաջվա նման առճակատում և նույնիսկ ազդեցության ոլորտների բաժանում չի լինի, այլ կլինի յուրօրինակ համատեղ տիրապետություն և պայմանագրային կառավարում։ Այսինքն այն, ինչ Քիսինջերն անվանում էր «ընդհանուր ճակատագրի նախագիծ»։ Չէ՞ որ այդ քաղաքական գործչի ասույթներից մեկը ազդարարում է. «Ընտրության բացակայության վրա հիանալիորեն լույս է սփռում խելքը», և հիմա այդ խոսքերը, ինչպես երբեք, օրախնդիր են։ Այս առումով Ջո Բայդենի այցը և՛ Պեկինին, և՛ Վաշինգտոնին հնարավորություն ընձեռեց ևս մեկ քայլ անելու սխեմայի իրագործման ճանապարհին։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ