ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին բրթում է ընդդիմադիր դաշտ` ոչնչանալու

Լևոն Տեր-Պետրոսյանը  ԲՀԿ-ին բրթում է ընդդիմադիր դաշտ` ոչնչանալու
29.06.2012 | 01:56

Մինչ ԲՀԿ-ն ընդդիմացնելու Տեր-Պետրոսյանի իդեա-ֆիքսին կանդրադառնանք, առայժմ առաջին նախագահի համար կենսական մեկ այլ խնդրի` ղարաբաղյան հարցի մասին:
Որ այս և մնացյալի առնչությամբ նա այլևս ու վաղուց ասելիք չունի և սպասարկում է… ո՜չ, սխալվեցիք, ոչ Ռուսաստանի շահերը: Եվ ոչ էլ նույնիսկ` Ռոբերտ Քոչարյանինը: Տեր-Պետրոսյանը նեյրոլինգվիստիկ նրբագեղությամբ ցանկանում է «զանգվածի» ենթագիտակցության մեջ կրկին ու կրկին կենդանի պահել կոդը, որը դրեց 98-ին իր գնալուց առաջ` «պատերազմ»: Եվ եթե այն ժամանակ մենք իսկապես մտածում էինք, թե նրա շտրիխավորումը «լրջանալու պահին» է վերաբերում, ապա 2008-ից հետո տեղի ունեցած թե՛ ներքաղաքական, թե՛ ղարաբաղյան նեյրո-ասացումները անթաքույց բացում էին ենթագիտակցական այն իրական դաշտը, ուր ամեն բան փոքր-ինչ այլ էր, ուր անքողարկ էին թե՛ Մյասնիկյանի հրապարակում իր բացակայության ներքին արմատները` ներքին «պատերազմի» ու բոլորիս լրջանալու «պահի» մասով, և թե՛ իրական սպասումները ղարաբաղյան «ֆրոնտի» հետ կապված (հիշենք, որ նույն մարտի մեկի գիշերը ռուսական կողմը քարտեզներ էր փոխանցել հայկական կողմին, թե որտեղից են պատրաստվում հարձակվելու ադրբեջանական զորքերն այդ օրերին):
Նկատեք, երկար-բարակ, ոչինչ չասող ԵԱՀԿ համանախագահող երկրների հայտարարությունների համեմատությունների կողքին նա` Հալեպում ծնված մեր «մույս» մեծ հայրենակիցը, բացարձակ ոչինչ չի ցանկանում ասել իր ծննդավայրի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, արդեն իսկ սպասվող ռեալ պատերազմի` Թուրքիա-Սիրիա, հետևաբար` Իրան-Իսրայել զարգացումների մասին, իրեն նեղություն չի տալիս նկատելու, որ եթե «պատերազմ», ապա իսկապես «լրջանալու պահ», որովհետև պատերազմն անպայման կանցնի Ղարաբաղով, և դա ոչ թե որ օրվա իշխանությունները Ղարաբաղը ծախել են, այլ որ տարածաշրջանային զարգացումների, ուժային դասավորությունների արդյունքում այդպիսին է: Իսկ պատերազմը Ղարաբաղում, առաջին հերթին, ձեռք է տալու Ռուսաստանին:
ՈՒ քիչ է մնում մտածես (հազար ներողություն, իհարկե), որ նաև` իրեն, Տեր-Պետրոսյանին էլ այնպես` ոչինչ… այդ պատերազմը, որովհետև ոգին, որն առկա է նրա համեմատությունների հռետորաբանությունում, այլ կերպ մտածելու տեղ չի թողնում: Համեմատությունների մեկտեղումը նա անում է, ասես, ներքին «գոհունակությունը» հազիվ զսպելով: Եվ ցավ չապրելով:
ՈՒ թե անգամ այնպես է (չնայած ցանկացած համեմատություն կաղ ու քոռ է ինքնին), որ օղակը Ղարաբաղի շուրջ` վերջին լոսկաբոսյան հայտարարության համատեքստում ավելի է «սեղմվել ու կոշտացել», ապա ի՞նչ կա այդտեղ «ուրախանալու». «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք: Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»:
Նկատո՞ւմ եք, հռետորն անթաքույց համաձայն է նրանց հետ և ուզում է, որ «ուրիշ լեզվով խոսվի» այսուհետ: Մի քիչ օտարոտի չէ՞: Մի՛ քիչ: Որովհետև, որքան էլ օրվա իշխանության հետ թշնամի, օպոնենտ, խնդիրը վերաբերում է անչափ կենսական հարցի:

Նույնքան կիսատ ու սպառնալից է Տեր-Պետրոսյանի խոսքի շարունակությունը: Ճիշտ է, կարելի էր ասել, որ մի փորձագետը, մի ՈՒեյն Մերին, թեկուզ և պետդեպի ու Պենտագոնի երբեմնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ինքնին ոչինչ չի նշանակում: Բայց էստեղ էլ մեղմ ասած` Տեր-Պետրոսյանն առանձնապես անկեղծ չէ, որովհետև, ինչպես միշտ, մի քանի սպասարկումների մեջ է: Նախ` նա չի ասում, թե որն է պարոն Մերիի (դե, հիմա նա պարոն է) մտքի մեխը. գիտենք, որ այն ունի հետևյալ բանաձևումը` «ուժային արբիտրաժ», ինչը չի նշում հռետորը:
Իսկ «ուժային արբիտր» նշանակում է նյու-Դեյթոն, ասել է` «կապույտ սաղավարտներ» հակամարտության գոտում` Իրանի պռնկին, ինչն էլ բացարձակ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում և դրա բարձրաձայնումն ամենևին չէր կարող դուր գալ Ռուսաստանին` ԲՀԿ, Ռոբերտ Քոչարյան, Ռուսաստան շատ սիրող հայաստանյան ուժի կողմից: Դրա համար էլ չի բարձրաձայնվում:
ՈՒ թե դրան էլ ավելացնում ենք այն հանգամանքը, որ միտինգից մեկ օր հետո էլ նախատեսված էր Ավստրիայի նախագահ-Տեր Պետրոսյան հանդիպումը, ապա Տեր-Պետրոսյանը, իր կարծիքով, ինչպես կասեր Մարի Յովանովիչը` «ծեր աղվեսի» հերթական պասաժի մեջ էր միտինգի ընթացքում, որ չհիասթափեցնի նաև իր արևմտյան «հանդիպակցին», զի կարևորը մենք ենք ու Ավստրիան: Հանաք բան չիմանաք. «Լուչեզարնյա դելտան» Պյոտրը Պետերբուրգ էր բերել (որտեղ ուսանել է պարոն Տեր-Պետրոսյանը, ծանոթացել իր տիկնոջ` Լյուդմիլայի հետ. ի դեպ, նրանք, ըստ լավատեղյակների, հանրակացարանում ապրել են նույն հարթակում, որտեղ ապրել է նաև Մեդվեդևի կինը` Սվետլանան) հենց էդ կողմերից:
Բայց է՛լ ավելի հետաքրքիր էր Տեր-Պետրոսյանի պասաժը ներքաղաքական առումով:
Կա այսպիսի մի հին անեկդոտ. տղամարդը տանը «ներվայնանում», իրեն բակ է նետում, բակում էլ «բեսեդկայի» մեջ` սիրահար աղջիկ-տղա. դու ինձ սիրո՞ւմ ես, իսկ դո՞ւ, իսկ ե՞ս, իսկ մի՞թե… էս տղամարդը չի դիմանում, մոտենում ու սպառնալից հարցնում է «տղային». սիրո՞ւմ ես էս աղջկան։ «Հա՜», վախեցած պատասխանում է տղան. «Բա դե որ սիրում ես` ամուսնացիր, ինչի՞ ես ինձ ներվայնացնում»:
Կարելի էր այսքանով ավարտել ԲՀԿ-ՀԱԿ պասաժը, եթե խոսքը Տեր-Պետրոսյանի և նեյրոլինգվիստիկայի մասին չլիներ:
Առաջին հայացքից թվում է, թե ՀԱԿ-Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ կոնգլոմերատը չաղ-ուրախ բախտավոր սպասարկում է Ռուսիո-«մատի» շահերը` հետնաբեմում ու ենթագիտակցությունում 2013-ի համար ապահովելով բախումների ֆոն, նույնակերպ սցենար, որը խաղարկվել է արդեն մեկ անգամ: Մարտի 1-ին` նախագահական ընտրությունների ժամանակ, հազար անգամ ասել ենք` ինչ նպատակներով:
Բայց այս նոր խաղի հմայքն էն է, որ Քոչարյանին, Ռուսաստանին, ԲՀԿ-ին ամենևին ձեռք չի տալիս, որ ԲՀԿ-ն ամբողջովին պոկվի ՀՀԿ-ից, կուլտուրական ու քաղաքագիտական ձևակերպած` կերակրատաշտից, վարչական ռեսուրսից, նախարարական պորտֆելներից ու դառնա ընդդիմություն, որովհետև էդպես ավելի լայն դաշտ է ծածկում` հա՛մ ընդդիմադիրը, հա՛մ իշխանականը:
Այս խաղն առայժմ ձեռք է տալիս նաև Սերժ Սարգսյանին:
Բայց Տեր-Պետրոսյանը «տեր» չէր լինի, եթե մի քիչ չշշկռացներ ու «չներվայնացներ» թե՛ վերը նշվածներին, թե՛ Սերժ Սարգսյանին:
Նախ` Տեր-Պետրոսյանը, որքան էլ ուժեղ է ցանկանում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը «մտնեն անկողին» (կներեք` ոչ մի վատ բան նկատի չունենք, այլ ժողովրդագրորեն, քաղաքականորեն ամուսնանալու եզրույթն ենք կիրառում), այնուհանդերձ, հայտնի ռիտուալի համաձայն, «ամուսնացյալ կողմին», ինչպես հատուկ է եղել մեր տատիկներին, պետք է տանել բաղնիք, ինչպես ընդունված է հայկական ավանդույթում` տեսնելու և տեսցնելու նրա թերությունները և առավելությունները:
Մի խոսքով, «չներվայնացնեմ». Տեր-Պետրոսյանը միտինգում շատ նրբագեղ, նեյրոլինգվիստիկ վիրավորեց ԲՀԿ-ին: Ասաց` ոմանք չեն թողնում, որ ԲՀԿ-ն հանդես գա որպես ընդդիմություն (այդ հարցում մեղադրելով նույնիսկ լրատվամիջոցներին):
ԲՀԿ-ն խելք չունի՞, որ ինքը որոշի` դառնո՞ւմ է ընդդիմություն, թե՞ հը՜ը:
Տեր-Պետրոսյանն ինքը խիստ նպատակային ԲՀԿ-ն տանում է դեպ ընդդիմադիր դաշտ… բայց շատ կներեք` արդեն հանուն Սերժ Սարգսյանի:
Շատ պարզ, որովհետև ընդդիմադիր դաշտում հայտնված ԲՀԿ-ից, ինչպես արդեն ասել ենք, մնացած կլինի միայն կամուֆլյաժը, որովհետև այդ ժամանակ արդեն ոչ միայն պարոն «Բելաջոն» ձեռնպահ կլինի ԲՀԿ-ին, այլև Գյումրու քաղաքապետի պասաժի գնացող Սամվել Բալասանյանն անկուսակցական կլինի ու այդպե՜ս մինչև Գագիկ Ծառուկյան, որի դեմ, ըստ ամենայնի, և Տեր-Պետրոսյանը «չի բացառում» դա, նույնպես հարկային-պետական ճնշումներ կիրականացվեն:
Իսկ հիմա հռետորական հարց. թույլիկ-ընդդիմադիր ԲՀԿ-ն ո՞ւմ է ավելի ձեռնտու, բացի Սերժ Սարգսյանից:
Տեր-Պետրոսյանին: Որպեսզի ինքն ու յուր ՀԱԿ-ը դեռ մնան ընդդիմադիր պոդիումին, բազարի մեծ դաշտ ունենան դրսի ուժերի հետ` ղարաբաղյան ու էլի մի քանի այլ հարցերով, ինչպես նաև ներսի ուժերի հետ` Սերժից սկսած Քոչարյանով, Ծառուկյանով վերջացրած:
Վերջի համար էլ հիշելու ենք մեկ այլ հայտնի անեկդոտ. էն օրերին, հիշո՞ւմ եք, ասում էին` Տեր-Պետրոսյանը Վանոյի մոտ նախագահ է աշխատում:
Դեռ չեն ասում` ինչ է աշխատում նա ԲՀԿ-ի «մոտ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ