Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. 89-ի Երևանը Հարութին սպասում էր, այսօրվանը՝ չգիտեմ

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. 89-ի Երևանը Հարութին սպասում էր, այսօրվանը՝ չգիտեմ
06.05.2014 | 10:40

Եթե չեմ սխալվում, 1989-ի օգոստոսին էր: Հայաստանը դեռ վայելում էր 88-ի փետրվարյան զարթոնքը: Դեռ հայի, հայկականության, Հայաստանի, հայրենիքի, ազգայինի այն շատ յուրահատուկ զգացողությունը կար:

Արժեհամակարգեր էին ծնվում, ճշգրտվում, ուղղվում, փոխվել էր հայրենասիրության, հերոսության, սխրանքի ընկալումը: Ամեն օրը ոգեղենության, ոգևորության, ազնվության, անկեղծության, նվիրումի մի նոր օր էր: Ազատությունն ամեն օր ներխուժում էր Հայաստան:

Տարիներով արգելված երգերի արգելված Հարութը՝ Ձախ Հարութը, դաշնակ Հարութը՝ ոմանց համար, ուղղակի Ձախը, Հարութը՝ շա՜տ-շատերի, ընկերների, բարեկամների, մտերիմների համար, երկար, շա՜տ երկար տարիների բացակայությունից հետո եկել էր ազատագրված Հայաստան: Եկել էր իր սիրելի Երևան: Եկել էր ընտանիքով, սիրելի տիկնոջ՝ Ռուզանի հետ, որդու հետ: Որդուն Հայաստան էր բերել:

«Հրազդան» ստադիոնում Հարութը երգելու էր «Օ՜, քամի, քամին», «Ջան ֆիդայինը», «Ո՞ւր էիր, Աստվածը», «Իմ Երևանը»: Լեփ-լեցուն «Հրազդանը» Հարութի հետ երգելու էր: Երգերի բառերը գրելու էին լուսատախտակներին ու հազարավոր մարդիկ ոգևորված երգելու էին երգեր, որոնց մեջ կարոտ կար, սեր կար, Երևան կար, հայ կար ու Հայաստան կար:

Հարութի հետ գնացինք Արեշի իր տունը՝ Արեշի կինոյի մոտով: Տանտերերն անակնկալից հուզվեցին, բակում սեղան գցեցին, Հարութի հին տան խաղողի վազերից դեռ կային: Խաղող հյուրասիրեցին: Հարութի աչքերում անընդհատ արցունքներ կային: Ամբողջ Արեշը խոսում էր, որ Հարութը եկել է, ամեն մեկն «Ո՞ւր էիր, Աստվածի» իր լեգենդն էր պատմում, Հարութի՝ իր պատմությունն էր պատմում: Ճիշտ, սուտ՝ ոչ մեկի չէր հետաքրքրում: Ռուզանենց տուն գնացինք: Եթե չեմ սխալվում, ներկայիս Արցախի փողոցի հինգհարկանիներից մեկում էր: Քաղաքն այդ օրերին Հարութ էր երգում, քաղաքում Հարութի լեգենդն էր շրջում:

Հ.Գ. Այս գալուց Հարութին չտեսա: Շատ տարիներ են անցել: Օրերս մի շատ անկեղծ հարցազրույց կարդացի, որ շատ էր Հարութին նման: Հարութը չէր փոխվել: Նույնիսկ Ռուզանին կորցնելուց հետո Հարութը նույնն էր, բայց 89-ի Երևանը չկա: 89-ի Երևանը Հարութին սպասում էր, այսօրվանը՝ չգիտեմ...1989-ի օգոստոսի պահով չեմ սխալվել: Լուսանկարը, որ գտա, մակագրված էր` 1989թ. 30 օգոստոսի:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ