ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

2009-ին աշխարհը շատ լուրջ խնդիրներ կունենա

2009-ին աշխարհը շատ լուրջ խնդիրներ կունենա
12.12.2008 | 00:00

ՃԳՆԱԺԱՄ Է, ՃԳՆԱԺԱՄ…
Երբ զարգացած երկրների տնտեսական ճգնաժամը ցնցեց ողջ աշխարհի շուկաները, զարգացող երկրների տնտեսությունը տևական աճից հետո անցում կատարեց դեպի մեծ անորոշությունների շրջան. ահա թե ինչպես է մեկնաբանվում արդի տնտեսական իրավիճակը Համաշխարհային բանկի` «Գլոբալ տնտեսական տենդենցները-2009» զեկույցում: Վերջինիս մեջ, ի դեպ, որպես շատ լուրջ խնդիր է դիտարկվում ոչ միայն այն հանգամանքը, որ «զարգացող երկրների համար էապես վատթարացել են նաև զարգացման կարճաժամկետ հեռանկարները», այլև այն, որ նրանք կվնասվեն նաև համաշխարհային առևտրի ծավալների կրճատումից, որն առաջին անգամ պատահեց 1982-ից հետո: «Կտրուկ կրճատումը բերեց գների կտրուկ կրճատման` վերջակետ դնելով տնտեսական աննախադեպ և պատմական 5-ամյա աճին»,- ասված է ՀԲ-ի զեկույցում: Իսկ որ ամենատխուրն է, համաձայն ՀԲ-ի կանխատեսումների, ստացվում է, որ 2009-ին աշխարհը շատ լուրջ խնդիրներ կունենա կապված արտադրության, արտադրողականության և զբաղվածության հետ: Այսպես, եթե 2008-ին համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի աճը միջինացված կարգով կազմել է մոտ 2,5%, ապա 2009-ին նախատեսվում է ՀՆԱ-ի ընդամենը 0,9% աճ, իսկ որոշ երկրներում, որտեղ եկամուտների բարձր մակարդակ է արձանագրվել, այս ցուցանիշը կարող է նույնիսկ բացասական լինել:
«Զարգացող երկրների ժողովուրդները ստիպված եղան բախվելու միանգամից երկու հզոր արտաքին ցնցումների` վառելիքի և պարենային ապրանքների գների տևական աճին և դրան հետևած ֆինանսական ճգնաժամին, իսկ այժմ էլ անցնում են բանկային համակարգի ամրության ստուգման միջով, բացի այդ, սպառնում է նաև աշխատատեղերի` ողջ աշխարհում ընթացող կրճատման գործընթացը»,- զեկույցում տեսակետ է հայտնել ՀԲ-ի գլխավոր տնտեսագետ, բանկի գլխավոր փոխնախագահ ՋԱՍՏԻՆ ԼԻՆ: «Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել, որոնք կնպաստեն ճգնաժամի` իրական տնտեսությունների վրա ունեցած բացասական ազդեցությունների վերացմանը և կօգնեն բնակչության ամենաաղքատ խավերին»,- շարունակել է Լին, հավելելով, թե այդ միջոցների թվում իրենք այնպիսի ծրագրեր են տեսնում, ինչպիսիք են «երկաթուղիների և ավտոմայրուղիների ցանցերի կատարելագործումը, դպրոցական ուսուցումն ու բժշկական ծառայությունների մատուցումը»:
Այսպիսով, չնայած ամիսներ առաջ ՀԲ-ն, օրինակ, մեր երկրի համար որոշել էր էապես կրճատել ընթացիկ ծրագրերի (մանավանդ` սոցիալական բնույթի) քանակն ու դրանց տրամադրվող միջոցները, այդուհանդերձ, ճգնաժամից հետո որոշել է փոխել իր գործելակերպը, և «հաշվի առնելով իրավիճակը` առաջիկա 3 տարիների ընթացքում ավելացնել զարգացող երկրներին տրամադրվելիք օգնության չափերը` հասցնելով այն 100 մլրդ դոլարի»: Որոշվել է նաև տեղերում օգտակար լինել մասնավոր հատվածին` նրանց վարկեր տրամադրելով միջազգային ֆինանսական կոորպորացիաների միջոցների հաշվին, իսկ ոլորտները, որոնցում նման բան է նախատեսվում, սրանք են` առևտուր, բանկերի վերակապիտալիզացիա, դրամի կարիք ունեցող մասնավոր ենթակառուցվածքների զարգացում:
Համաշխարհային բանկը կարծում է, թե այսպիսով իրենք ինչ-որ չափով նաև կվերահսկեն իրավիճակը: Իսկ թե որքանով կամ արդյո՞ք առհասարակ հնարավոր կլինի ինչ-որ բան վերահսկել, ենթադրենք` մեր երկրի պարագայում, ցույց կտա ապագան, որը շատ էլ «յոթ սարերի հետևում չէ»: Փորձագետների կարծիքով` «այդ ժամանակը կարող է վրա հասնել արդեն իսկ 2009-ի փետրվար ամսից սկսած»:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9002

Մեկնաբանություններ