ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
18.12.2009 | 00:00

Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, Իրանում և ռեսուրսներ ունեցող այլ տարածաշրջաններում գեոտնտեսական և քաղաքական դիրքեր ձեռք բերելու մեջ։ Գերմանական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում պայմանավորված է նրա ավելի լայն տարածաշրջանային շահերով։ Հենց տարածաշրջանային կտրվածքով էլ իմաստ ունի դատողություններ անել այս թեմայի շուրջ։
Գերմանական մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, մետալուրգիան և հատուկ նյութերի արտադրությունները, ինչպես նաև էներգետիկան և այլ ոլորտներ չեն կարող հաջողությամբ զարգանալ առանց վերոնշյալ տարածաշրջանների հանքահումքային ռեսուրսների։ Սակայն Գերմանիան կարիք ունի այլընտրանքային և դիֆերսիֆիկացված կոմունիկացիաների, ինչն էլ պայմանավորում է նրա քաղաքական շահերն այս տարածաշրջաններում, ուր ամերիկացիներն ու բրիտանացիները վաղուց և հաջողությամբ վերահսկողության տակ են վերցրել բազմաթիվ ռազմավարական մայրուղիներ։ Հարկ է նշել նաև հետևյալ կարևոր հանգամանքը. Մեծ Բրիտանիան ամենից առաջ շահագրգռված է նավթի արդյունահանմամբ ու տեղափոխմամբ։ Նրա շահերի շրջանակում ի հայտ չեն եկել այլ ռեսուրսներ ձեռք բերելու հավակնություններ։ Համենայն դեպս, առայսօր բրիտանական շահերը շատ որոշակի արտահայտված են հատկապես նավթի, և նույնիսկ ոչ գազի շուրջ։ Ընդ որում, Մեծ Բրիտանիան ավելի քիչ չափով է կախված Կասպիական տարածաշրջանի նավթի ու գազի արտահանումից, ի տարբերություն մայրցամաքային եվրոպական պետությունների։
Մինչդեռ Գերմանիայի շահերը հանքահումքային բազայի յուրացման առումով շատ ավելի ընդգրկուն են։ Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որի ընկերությունները շահագրգռված են էներգետիկ հումքի արտահանումով դեպի այլ երկրներ, գերմանական շահերը թելադրում են հանքահումքային պաշարների յուրացումը հենց գերմանական արդյունաբերության համար։ Արդեն 1990-ականներին Գերմանիան առաջին տեղն էր գրավում Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի հանքահումքային պաշարների արդյունահանման ոլորտում, իր ներդրումներով զգալիորեն գերազանցելով այլ պետություններին։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Կորեան, ընդունակ չեն իրականացնելու այդպիսի ծավալուն ներդրումներ տարածաշրջանում։ Գերմանիան ոչ միայն կարողացավ ամրագրել իր տնտեսական ներկայությունը Կենտրոնական Ասիայում` առանց քաղաքական ներկայության, այլև հաջողեց ստանալ Ռուսաստանի աջակցությունը, որի հետ կարևոր պայմանավորվածություններ ուներ հանքահումքային պաշարների շահագործման և մետալուրգիայի արդյունաբերության ոլորտներում։ Այդ տարածաշրջանում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան նման ձեռքբերումների չեն հասել։
Որքան էլ տարօրինակ է, էներգետիկ նախագծերից Գերմանիային դուրս մղելով և այս տարածաշրջանում չունենալով նրա հետ ընդհանուր շահեր, Վաշինգտոնն ու Լոնդոնը չէին ցանկանա, որ այնտեղ արձանագրվի գերմանական ազդեցության աճ։ Նույն կերպ նրանք զգուշանում են Չինաստանի ու Ռուսաստանի հետ կենտրոնասիական պետությունների համագործակցությունից։ Բացի այդ, միայն գերմանական ու ֆրանսիական բանկերը և ընկերությունները կարող են իրանական գազը Ռուսաստանով կամ այլ ուղիներով Եվրոպա արտահանելու նպատակով ներդրումներ կատարել։ Այդ իսկ պատճառով Գերմանիան այս խճճված իրավիճակում փորձում է որոշակիացնել իր տեղն ու դերը վերոնշյալ տարածաշրջաններում և դիրքորոշում մշակել նաև գոյություն ունեցող հակամարտությունների հետ կապված։ Կան ոչ քիչ նախանշաններ, որ Գերմանիան այլևս չի բավարարվելու միայն տնտեսական խնդիրների լուծմամբ` հետ մնալով Կենտրոնասիական և Սևծովյան-Կովկասյան տարածաշրջաններում եվրոպական քաղաքականությունից։ Գերմանիան փորձում է գտնել իր «նիշան» և մասնակցություն ունենալ մասնավորապես մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական նորմերի հաստատման և զարգացման ոլորտներում։ Առաջ շարժվելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի «բացած» մայրուղիներով, գերմանացիներն արագ հասկացան, որ իրենց հետագա տնտեսական ներթափանցումն այս տարածաշրջաններ անհնար է առանց քաղաքական մասնակցության, և փորձում են ավելի պարտավորեցնող հարաբերություններ ստեղծել ոչ միայն այդ տարածաշրջանների պետությունների, այլև Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ։ Այդ քաղաքականության շրջանակներում առաջանալու է Գերմանիայի դիրքորոշման դրսևորման անհրաժեշտությունը տարածաշրջանների էթնոքաղաքական հակամարտությունների հետ կապված։ Սակայն հազիվ թե Գերմանիային հաջողվի կարևոր դեր ստանձնել այդ գործընթացներում. առայժմ Բեռլինը կարիք ունի իր գաղափարների լայն քարոզման, և դրա իրագործումն արդեն կարելի կլինի հաջողություն համարել։
Հարավային Կովկասում հաստատվելու ջանքեր Գերմանիան գործադրել է ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո։ Մի քանի տարի շարունակ եվրոպական քաղաքագետները փորձում էին մատնանշել Հարավային Կովկասում ազդեցության ոլորտների բաժանման հնարավորությունները` իրենց դարն ապրած սխեմաներին համապատասխան, որոնք բխում էին պատմական անցյալի տրամաբանությունից։ Այսինքն, համարվում է, որ Գերմանիան իր «հովանավորության» տակ կվերցնի Վրաստանը, Մեծ Բրիտանիան` Ադրբեջանը, Ֆրանսիան` Հայաստանը։ Բոլոր այս սխեմաները շատ արագ դադարեցին արդիական լինելուց, քանի որ չունեին ոչ մի հիմնավորում։ ԱՄՆ-ը հաստատեց իր վերահսկողությունը Հարավային Կովկասի վրա` Ռուսաստանի դիրքերը մասամբ պահպանելով։ Մեծ Բրիտանիան, գործնականում գտնվելով ԱՄՆ-ի հետ դաշինքի մեջ, չի զրկվել ինքնուրույն գործելու հնարավորություններից և ստեղծել է միջտարածաշրջանային էներգետիկ համալիր` Ֆրանսիային ու Գերմանիային զրկելով շատ հույսերից։
Նավթային ռեսուրսներ չունեցող Հայաստանն առավելապես մնաց Ռուսաստանի ու Ֆրանսիայի ազդեցության ներքո։ Իսկ Ադրբեջանն ու Վրաստանը ձեռք բերեցին տրանզիտասերվիսային գործառույթներ, սպասարկելով էներգակոմունիկացիոն քաղաքականությունը և դրանով իսկ առավելապես հայտնվելով անգլո-սաքսոնական դաշինքի ազդեցության ներքո։ Չնայած ուժերի այս դասավորությանը, Գերմանիան, այնուհանդերձ, փորձում է պահպանել իր դիրքերը Վրաստանում, սակայն դրանք ունեն ավելի շատ հռչակագրային, քան իրական բնույթ։ Հայաստանում ու Ադրբեջանում Գերմանիան ունի որոշակի տնտեսական ներկայություն, ինչը, սակայն, ամենևին էլ հնարավորություն չի տալիս ակտիվորեն միջամտելու տարածաշրջանի գործերին։ Հայաստանում Գերմանիան վերահսկում է լեռնամետալուրգիական արդյունաբերության առաջատար ճյուղը, իսկ Ադրբեջանը Բեռլինի համար մարդատար ինքնաթիռների իրացման շուկա է։ Թեկուզ և Գերմանիան տեխնոլոգիական սարքավորումների կարևորագույն ներկրող է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ընդհանուր առմամբ այդ մատակարարումների ծավալները գերմանական արտահանման ընդհանուր հաշվեկշռում նշանակալի չեն։ Ընդհանուր առմամբ Գերմանիան, իհարկե, կարիք չունի Հարավային Կովկասում լայն ներկայության ապահովման, որովհետև դեռ չի հասցրել ամբողջովին յուրացնել Արևելյան Եվրոպայի երկրների հնարավորությունները, որոնք ունեն որակյալ աշխատուժ, զարգացած ենթակառուցվածքներ և որոշակի բնական պաշարներ, հատկապես Բալկաններում։ Սակայն Գերմանիան, ի տարբերություն Ֆրանսիայի, չի կառուցում անիրատեսական ծրագրեր, որ հենված են պատմական կապերի վրա։ Բեռլինը նախընտրում է Հարավային Կովկասի նկատմամբ իրականացնել Եվրամիության առանցքային պետության դիրքերից բխող քաղաքականություն, որը պատրաստակամ է զարգացնելու տարածաշրջանի պետությունների հետ ինտեգրացիան։ Գերմանիայի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրում պետք է անջատել վրացական հակամարտությունների հետ կապված դիրքորոշումից։
Ղարաբաղյան քաղաքական գործընթացի զարգացման սկզբին Գերմանիան փորձեց որդեգրել թուրքամետ դիրքորոշում` Ադրբեջանին դիտարկելով որպես հնարավոր գործընկեր Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Գերմանական պաշտոնական դեմքերի կողմից բազմիցս եղել են Հայաստանին վախեցնելու, շանտաժի ենթարկելու փորձեր, ներառյալ Թուրքիայի ագրեսիայի վտանգի մատնանշումը։ Սակայն Ֆրանսիայի, Բելգիայի ու Իտալիայի` եվրոպական հանրությունում ունեցած քաղաքական լծակները, Գերմանիայի քաղաքականության վրա ազդելու նրանց հնարավորությունները թույլ տվեցին բացառել նրա ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին։ Թերևս առաջին անգամ Եվրոպայի հայկական հասարակական կազմակերպությունները կարողացան լուծել այդպիսի բարդ խնդիր և չեզոքացնել այդքան ազդեցիկ պետության դերն այդ հարթությունում։ Ընդ որում, ակտիվորեն օգտագործվեցին այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են, օրինակ, Գերմանիայի պատասխանատվությունը 1915-ի Հայոց ցեղասպանության պարագայում, որպես Թուրքիայի դաշնակցի։ Եվրոպական փորձագետներն ընդունում են, որ Եվրոպայում հայկական լոբբիի գործողությունները շատ արդյունավետ եղան։ Հետագայում արդեն Գերմանիան բախվեց Ֆրանսիայի և մի շարք այլ եվրոպական պետությունների մշտական դիրքորոշմանը, որն ինչ-որ չափով կարելի է բնորոշել իբրև հայամետ և որը դարձավ լուրջ խոչընդոտ Գերմանիայի կողմից Հայաստանի վրա ճնշում իրագործելու համար։
Գործնականում Գերմանիան բաց է թողել ժամանակը: 1990-ականների սկզբին ու կեսերին և դրանից հետո արդեն Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը սկսեց զարգանալ ավելի բարձր ինստիտուցիոնալ մակարդակում, ինչը բարդացրեց առանձին պետությունների միջամտության հնարավորությունը տարածաշրջանի գործընթացներին։ Գնահատականներն ու հետևություններն արդեն արվում էին ԵԽԽՎ-ի, Եվրոպական հանձնաժողովի և մասամբ Եվրոպական խորհրդարանի մակարդակում։ Եվրոպայի խորհուրդը դարձավ Հարավային Կովկասի հիմնախնդիրների դիտարկման և այդ կապակցությամբ քաղաքական նախաձեռնությունների դրսևորման հիմնական բեմահարթակը։ Գերմանիան որոշ հույսեր ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբում իր անդամ լինելու առումով, որ դա հնարավորություն կտա ազդելու ղարաբաղյան գործընթացի վրա։ Սակայն իրադարձությունները զարգացան այնպես, որ, Մինսկի խմբի համանախագահ պետություններից բացի, այդ կառույցի մասնակից մյուս երկրները կորցրին գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորությունները։ Աշխարհում նոր քաղաքական գործընթացների զարգացման բերումով Գերմանիան էլ աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, որպես ՆԱՏՕ-ի գործընկերոջ, ինչն իր հերթին հանգեցրեց նրա դիրքորոշման փոփոխությանը Հարավային Կովկասում։ Թուրքիան չկարողացավ շահագրգռել Գերմանիային իր բանակի և նավատորմի մոդեռնացման համար զենքի պատվերներ ընդունելու առումով։ Թեկուզ և Գերմանիան շարունակում է մնալ որպես Թուրքիային զենք մատակարարող, սակայն խոր տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքիան չկարողացավ իրագործել իր պաշտպանական ծրագիրը և նոր տիպի զինատեսակներ ձեռք բերել Գերմանիայից։
Բացի այդ, Գերմանիան շահագրգռված չէր եվրոպական բեմահարթակներում Թուրքիայի շահերի լոբբինգով, քանի որ սկսվել էր վերջինիս` Եվրամիությանն անդամակցելու հարցի քննարկման նոր փուլը, ինչը բացարձակապես ձեռնտու չէր Բեռլինին ու նրա հիմնական եվրոպական դաշնակիցներին։ Վերջին տարիներին Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առաջ մղել մայրցամաքային «Նաբուկո» գազամուղի ծրագիրը, որ ենթադրում է բնական գազի տարանցումն Ադրբեջանից, Թուրքմենստանից, Իրանից և նույնիսկ Եգիպտոսից դեպի Եվրոպա։ Նախագիծը, իհարկե, կարևոր ռազմավարական նշանակություն ունի Գերմանիայի ու Ավստրիայի համար, ու կային սպասումներ, որ Բեռլինն ու Անկարան համատեղ շահերի նոր կետեր կգտնեն, սակայն դա տեղի չունեցավ։ Գերմանիան ամենևին շահագրգռված չէ այդպիսի բարդ ճանապարհով բնական գազի ստացմամբ, որը պայմանավորված է մեծ ռիսկերով ու սպառնալիքներով։ Մանավանդ որ նրա վաղեմի գործընկեր Ռուսաստանը գազի ու նավթի մատակարարման բարձր ցուցանիշներ է ապահովում։ Ադրբեջանական գազի պաշարներն այդքան մեծ չեն, թուրքմենական գազն այլընտրանքային ուղիներով Եվրոպա հասցնելն առայժմ իրատեսական չէ, իսկ իրանական գազի տարանցումը Թուրքիայով նույնիսկ վնասակար է։ Գերմանիան, Ֆրանսիան և այլ եվրոպական պետություններ չեն ցանկանում իրանական գազը ձեռք բերել Թուրքիայի միջոցով և նախընտրում են կա՛մ ռուսական ուղին ու պատրաստի համակարգը, կա՛մ էլ, իբրև այլընտրանք, Սև ծովի ոչ թուրքական հատվածը։
Ներկայումս Գերմանիան գործում է Հարավային Կովկասի նկատմամբ որդեգրած ընդհանուր եվրոպական քաղաքականության շրջանակներում` ներառյալ հակամարտությունները։ Ղարաբաղյան գործընթացում Բեռլինն ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում ունի և չի փորձում եվրոպական բեմահարթակում հանդես գալ ինքնուրույն նախաձեռնություններով։ 2005-2009-ին ղարաբաղյան հարցը հայտնվեց եվրոպական քաղաքականության ուշադրության կենտրոնում, ինչը, սակայն, նախօրոք տապալված որոշումն իրագործելու բրիտանական նախաձեռնություն էր միայն` պայմանավորված Ադրբեջանի նկատմամբ Լոնդոնի որոշ պարտավորություններով։ Չնայած բրիտանական փորձագետներն էլ հասկանում էին, որ ղարաբաղյան հարցի քաղաքական լուծում գոյություն չունի։ Գերմանական քաղաքական գործիչներն ու փորձագետները չէին կարող չհասկանալ ԵԽԽՎ-ում ի հայտ եկած բրիտանական նախաձեռնությունների և «միջազգային ճգնաժամային խմբի» մշակումների ենթատեքստը։ ՈՒշադրության է արժանի և այն, որ գերմանական ԶԼՄ-ների սակավաթիվ հրապարակումներում այդ գործընթացը ներկայացվեց չթաքցված հոռետեսությամբ, նույնիսկ բրիտանական նախաձեռնությունների վերաբերյալ ցինիկ ակնարկներով։ Գերմանիան ոչ մի կերպ չէր պատրաստվում ներգրավվել ոչ իր խաղի մեջ և չէր մտահոգվում, թե այդ դեպքում Լոնդոնն ու Վաշինգտոնը կհասնեն նշանակալի ձեռքբերման։ Արևելյան Եվրոպայի վերաբերյալ առաջատար գերմանական փորձագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, Գերմանիան հասկանում է, որ շահագրգռված տերություններն իրենք էլ չեն պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ իսկ պատճառով մասնակցությունն այդ գործընթացին ոչինչ չի տալու, իսկ հավակնություններին տուրք տալ Գերմանիան չի պատրաստվում` լավ գիտակցելով հեռանկարը։
Չնայած այն իրողությանը, որ քրիստոնյա դեմոկրատների իշխանության գալուց հետո առաջին անգամ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև հարաբերություններում սկսվել է վերաիմաստավորման և նոր համատեղ շահերի որոնման փուլ, ինչպես եվրոպական քաղաքականության մեջ, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Գերմանիան առայժմ չի կարող հաշվի չնստել Ֆրանսիայի հետ, այդ թվում` տարածաշրջանների առումով։ Բալկաններն ու Հարավային Կովկասն այն տարածաշրջաններն են, ուր գերմանական քաղաքականությունը չի կարող իրագործվել առանց առաջատար գործընկերոջ` Ֆրանսիայի հետ մշտական խորհրդատվությունների ու ճշգրտումների։ Չափազանցություն չէ այն պնդումը, որ Գերմանիայի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է անվանել ֆրանս-գերմանական։ Համենայն դեպս, կան բազմաթիվ նախանշաններ ու փաստեր, երբ Գերմանիայի դիրքորոշումն ու քաղաքականությունը Բալկաններում և Արևելյան Եվրոպայում ընդհանուր առմամբ եղել է Ֆրանսիայի քաղաքականության բառացի կրկնությունը։ Հենց Ֆրանսիան հետ պահեց Գերմանիային Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ծրագրերին մասնակցելու ավելորդ ակտիվությունից։ Ֆրանսիական քաղաքական գործիչները Բեռլինին խորհուրդ տվեցին այդ տարածաշրջաններում առաջնահերթ համարել տնտեսական շահերը, զսպել քաղաքական հավակնությունները, դրանով իսկ ամերիկացիներին ու ռուսներին թողնել, որ իրենց խնդիրները լուծեն առանց եվրոպացիների։
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ստեղծվել են լարված հարաբերություններ, և կովկասյան պրոբլեմները կարող են ավելի վատթարացնել դրանք, եթե ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրվի կտրուկ տապալում։ Առայժմ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են միասնական դիրքերից հանդես գալ, սակայն մոտեցումների միասնականությունը հակամարտության կարգավորման տեխնոլոգիաների, սցենարների ու սխեմաների մասով դեռ չի նշանակում նպատակների միասնականություն։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կասպից ծովի ավազանում, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան հիմքեր ստեղծեց իր կապիտալի համար նավթային բիզնեսում` Արևմտյան Ղազախստանում։ Եվրոպական փորձագետների կանխատեսմամբ, առաջիկա տասնամյակը կնշանավորվի աշխարհաքաղաքական և գեոտնտեսական մրցակցության աճով` մի կողմից` ԱՄՆ-ի, մյուս կողմից` ֆրանս-գերմանական տանդեմի միջև։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թույլ կտա Ֆրանսիային հայտարարելու տարածաշրջանում իր զգալի ներկայության մասին։ Բայց, դրանով հանդերձ, կարող է ստեղծվել նոր իրավիճակ, երբ Թուրքիայի նկատմամբ Եվրամիության պահանջներն ավելի կմեծանան` հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ կապված։ Այսպես թե այնպես, Ֆրանսիայի ու Գերմանիայի գլխավոր խնդիրներից մեկը մնում է թույլ չտալ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ