ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԿՆԱԽԱՁԵՌՆԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԿՆԱԽԱՁԵՌՆԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ
26.03.2010 | 00:00

Այսօր շատ է խոսվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, արմատական ընդդիմությունը դա պայմանավորում է երկիրը կառավարելու` իշխանությունների անընդունակությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2007-ին ձևավորված ներկայիս խորհրդարանը չի արտահայտում հասարակության իրական քաղաքական նախապատվությունները, որոնք ձևավորվել են արդեն 2008-ի նախագահական ընտրություններից հետո։ Այս պահանջն անտրամաբանական չէ, սակայն, դրանից բացի, իշխանությունն էլ ունի խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու ոչ պակաս շարժառիթներ, և դրանցից մեկը հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի միանգամայն հավանական տապալումն է։
Ցանկացած պետական մարմին, այդ թվում` երկրի օրենսդիր, ներկայացուցչական կառույցները, բացի օրենքով իրենց վերապահված լիազորություններից, քաղաքական իրավիճակի բերումով ձեռք են բերում նաև այլ գործառույթներ։ Խորհրդարանները, որպես կանոն, օրենսդրական գործունեությունից զատ, որոշակի մասնակցություն ունեն երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում։ Անկասկած է, որ ներկայիս Ազգային ժողովի հիմնական արտաքին քաղաքական գործառույթն իր գոյության երեք տարիների ընթացքում առնչվել է հայ-թուրքական արձանագրություններին։ Այսինքն` հայ-թուրքական հարթությունում Հայաստանի իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության մեջ Ազգային ժողովն ունեցել է բոլորովին էլ ոչ երկրորդական դերակատարություն։ Բավական է հիշել ներկայիս խորհրդարանական կոալիցիոն մեծամասնության ներկայացուցիչների ելույթներն ամիսներ առաջ, երբ տեղի ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը, այնուհետև` ստորագրումը։ Գրեթե բոլորը, առանց բացառության, և իհարկե, բարձր պետական գիտակցությամբ տոգորված, պարտք էին համարում բարձրանալ ամբիոն և պաշտպանել արձանագրությունները ԱԺ փոքրամասնության` դաշնակցականների և «Ժառանգության» ներկայացուցիչների քննադատություններից։ Կոալիցիայի պատգամավորները գրավոր ու բանավոր ելույթներով փորձում էին ուղղակի բառախեղդ անել ընդդիմախոսներին և համոզել հանրությանը, որ արձանագրություններում որևէ նախապայման արտացոլված չէ, և այս ճանապարհով առաջ գնալով` հայ և թուրք ժողովուրդները կկերտեն համատեղ բարեկամության առաջին և խոշոր հիմնաքարը։ Այլ հարց է, որ այժմ հիմնականում նույն մարդիկ նույնպիսի ավյունով և ոգևորությամբ հրապարակավ հայհոյում են թուրք պաշտոնյաներին։ Դրանից անցյալում ասվածը չի ջնջվում. կենսագրությունդ, ինչպես ասում են, չես սրբագրի։ Ամեն ինչ ժամանակին ասվել է հրապարակավ և, ցանկության դեպքում, հարյուրներով մեջբերումներ կարելի է անել թուրքերին այսօր հայհոյող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայ-թուրքական բարեկամության մասին նախորդ կենացներից։
Բայց ուրբաթը, ինչպես միշտ, շաբաթից շուտ եկավ, և հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը ցույց տվեց, որ դա այնքան էլ հայ-թուրքական հաշտեցում չէ։ Կամ, ավելի շուտ, ամենևին հայ-թուրքական հաշտեցում չէ, որովհետև այդ գործընթացի առանցքում ամերիկա-թուրքական հարաբերություններն են, դրանց հետագա բովանդակությունը։ Հայկական հարցը, տվյալ պարագայում, օգտագործվում է միայն որպես լծակ` Թուրքիային անհրաժեշտ ուղղությամբ ուղղորդելու ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։ Եվ երբ այս իրողությունն ակնհայտ դարձավ, Հայաստանի իշխանությունները փորձեցին սրբագրել կատարած սխալը նախ Սահմանադրական դատարանի վճռի 4, 5, 6 կետերով, իսկ այնուհետև միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի օրենքում փոփոխություն կատարելով։ Արդեն ՍԴ-ի վճիռը պատճառ դարձավ թուրքական կողմի կտրուկ հակազդեցության, որովհետև Անկարայում էլ թերևս հասկացան, որ Երևանում, թեկուզ ուշացումով, ըմբռնել են Թուրքիայի հետ «հաշտեցումից» սպասվող վտանգներն ու ապահովագրական քայլեր են ձեռնարկում։ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի ընդունումը և Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերջնականապես կատաղեցրին պաշտոնական Անկարային։ Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններում Թուրքիան տեղի չի տա ԱՄՆ-ի որևէ ճնշման, և հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խիստ անհավանական է։ Գործնականում, բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսմամբ, այդ գործընթացն ուղղակի տապալված կարելի է համարել։
Անշուշտ, առաջանում է հարց, թե ինչ կապ ունի սա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Ամենաուղղակի։ Ինչպես նշեցինք, ներկայիս Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը կամ կոալիցիան անցած տարվա սեպտեմբերին հրապարակավ իր համաձայնությունն է տվել հայ-թուրքական արձանագրություններին։ Այսինքն, գոյություն ունի նախադեպ կամ, ինչպես սիրում է նշել ժամանակիս քաղաքական գործիչներից մեկը` «ռեցեդիվ»։ Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահագրգռությունն ամենևին էլ չի վերացել։ Հայ-թուրքական «հաշտեցման» ներկայիս գործընթացի տապալումն ամենևին չի նշանակում, որ մոտ ապագայում ի հայտ չեն գա այդպիսի նոր նախաձեռնություններ։ Այսինքն, ոչ այնքան Հայաստանով, որքան Թուրքիայով շահագրգռված հզոր տերություններից մեկը կամ մի քանիսը համատեղ կնախաձեռնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց, որի համատեքստում էլ կկազմվեն նախորդներից բովանդակությամբ գրեթե չտարբերվող կամ քիչ տարբերվող արձանագրություններ, «ճանապարհային քարտեզ» կամ որևէ այլ բան։ Կամ էլ գզրոցներից կհանվեն հին արձանագրություններն ու աննշան փոփոխություններով կառաջարկվեն կողմերին։ Ահա այդ ժամանակ է, որ անկախ այդ փաստաթղթերի բովանդակությունից, կառավարող կոալիցիա ձևավորած ներկայիս կուսակցությունները, նրանց առաջնորդները չեն կարողանա հրաժարվել նոր գործընթացին աջակցելուց, որովհետև նրանց անմիջապես կհիշեցվի նախկին դիրքորոշումը։ Արտաքին քաղաքականությունն այնպիսի բան չէ, երբ հնարավոր է օրումեջ իրարամերժ բաներ ասել և այդ ամենն անցկացնել հալած յուղի տեղ։ Այդպիսի խաղերը բնորոշ են հայաստանյան ներքին իրականությանը, երբ քաղաքական գործիչները և նույնիսկ ամբողջ կուսակցություններ շաբաթվա յոթ օրում ութ անգամ դիրքորոշում կարող են փոխել, ու դա ոչ ոքի չի զարմացնում։ Հանրությունն արդեն վարժվել է։
Մինչդեռ դրսում նման բաների նկատմամբ ամենևին էլ հանդուրժող չեն և եթե, ասենք, խնդիր դրվի հայ-թուրքական «հաշտեցումը», բոլոր խոչընդոտներով հանդերձ, հասցնել տրամաբանական ավարտին, ապա հազիվ թե ներկայիս քաղաքական մեծամասնությունը կարողանա դրա դեմ իրական առարկություններով հանդես գալ։ Կա ևս մի հանգամանք. Հայաստանը հայտարարել է, որ արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիայից հետո։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ արձանագրությունների վավերացումը պետք է տեղավորվի ողջամիտ ժամկետներում։ Ճիշտ է, կարծես կոնկրետ ոչ ոք չի նշել այդ կոնկրետ ժամկետները, այնուհանդերձ, իբր ակնկալվում էր, որ դա տեղի կունենա մինչև այս տարվա ապրիլի 24-ը։ Մինչդեռ ներկայիս իրավիճակում ակնհայտ է, որ ո՛չ մինչև ապրիլի 24-ը, ո՛չ էլ դրանից հետո Անկարան արձանագրությունները չի վավերացնելու։ 2011-ի գարնանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, քաղաքական կուսակցություններն արդեն այսօրվանից պատրաստվում են նախընտրական արշավի, ակնկալվում է սուր և անզիջում պայքար` նկատի ունենալով իսլամիստների և քեմալիստների միջև ներկայիս կոշտ հակադրությունը` դավադրությունների բացահայտումներով, զինվորականների ձերբակալություններով ու դատավարություններով։ Այսպիսով, Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ բոլոր ողջամիտ ժամկետները կսպառվեն ու կմնա երկու բան անել. կա՛մ հետ վերցնել ստորագրությունը, կա՛մ արձանագրությունները մտցնել խորհրդարան ու չվավերացնել։ Սակայն Հայաստանը փոքր երկիր է, և այդպիսի քայլը հազիվ թե ըմբռնման արժանանա հայ-թուրքական գործընթացով շահագրգռված խոշոր տերություններում։ Ըստ այդմ, խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրությունների անցկացումը նպատակահարմար են նաև հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը հետագայում կասեցնելու տեսանկյունից։ Մինչև իրական հաշտության համար կլինեն իրական նախադրյալներ։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ