ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՆՈՐ ԲԱԼԱՍՏՆԵՐ` ՄՈՍԿՎԱՅԻ ՎԶԻ՞Ց

ՆՈՐ ԲԱԼԱՍՏՆԵՐ` ՄՈՍԿՎԱՅԻ ՎԶԻ՞Ց
22.12.2009 | 00:00

Թեպետ անցնող տարվա ընթացքում շատ փորձագետներ բազմիցս նշում էին, որ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները թուլացել են, և նույնիսկ ԱՊՀ-ն «շահերի ակումբի» է վերածվել, դա, կարծես, չի խոչընդոտում նոր նախագծերի ի հայտ գալուն։ Համենայն դեպս, հետխորհրդային տարածքում ինտեգրացման գլխավոր «ջատագով» Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է տիտանական ջանքեր գործադրել` «եղբայրական ժողովուրդներին» նույն տանիքի տակ հավաքելու նպատակով։
Ահա այդ ցանկությունն էլ դարձել էր առաջնային` Ալմա Աթայից 40 կմ հեռավորության վրա գտնվող սպորտային առողջարանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին մեկտեղելու հարցում, թեպետ Աշգաբադի նոր տեր Բերդիմուհամեդովը նման միջոցառումներին մասնակցելու առանձնակի ցանկություն չի դրսևորում։ Բնութագրական է և այն, որ ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը նախանձելի հետևողականությամբ շարունակում է անտեսել այսպիսի հրավերները։ Ինչևէ, բարձրլեռնային առողջարանում պետությունների ղեկավարները հնարավորություն ունեցան ոչ միայն քննարկելու կարևոր հարցեր, այլև օգտվելու առաջարկված սպորտային ծրագրից։ Ինչ վերաբերում է հանդիպման գործնական հատվածին, ապա ԱՊՀ «առանց փողկապների» և ոչ ֆորմալ գագաթաժողովների անցկացումը չի ենթադրում նախօրոք հստակեցված օրակարգ։ Հյուրընկալ կողմը` Ղազախստանի նախագահը, առաջարկեց քննարկումները նվիրել բոլորի համար վտանգավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին, իսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս հայտնեց, որ «առանց արարողակարգային և այլ սահմանափակումների, բաց ու անկեղծ զրույցի արդյունքում մենք կհասնենք ճեղքում ապահովող որոշումների»։
Սակայն ի սկզբանե ակնհայտ դարձավ, որ օրակարգը թելադրում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։ Փորձագետների գնահատմամբ` հանդիպումն առավելապես նշանակություն ուներ ընդհանուր Մաքսային միություն ձևավորած այս երկրների շահերի տեսանկյունից։ Մյուս մասնակիցները տվյալ պարագայում «երկրորդ ջութակի» դերակատարություն ունեին և ավելի շուտ նպատակ էին հետապնդում եռյակի համաձայնության համատեքստում հասկանալու հետագա հնարավոր զարգացումներն ու ապահովելու սեփական շահերի պաշտպանությունը։ Ըստ այդմ էլ, հրավիրված նախագահներից յուրաքանչյուրն աշխատեց գագաթաժողովն օգտագործել սեփական շահերի տեսանկյունից և խոսել իր երկրի առաջնահերթ խնդիրների մասին։ Թուրքմենստանի նախագահը կրկին փորձեց հարթել էներգետիկ նախագծերի հետ կապված տարաձայնությունները։ Հայաստանի և Տաջիկստանի նախագահներն ավելի շատ անդրադարձան իրենց պետությունների համար առավել արդիական անվտանգության հիմնախնդիրներին։ Մասնավորապես Սերժ Սարգսյանի կարծիքով, անհրաժեշտ է «ստեղծել մեխանիզմներ, որոնք գործունակ կլինեն իրական կյանքում», և վերացնել այն թերությունները, որոնք առկա են ՀԱՊԿ-ի անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Միաժամանակ Հայաստանի նախագահն իր աջակցությունը հայտնեց ռուսաստանցի պաշտոնակցի նախաձեռնությանը` եվրոպական անվտանգության նոր մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ։ «Իրականում անվտանգությունն անբաժանելի է, և մենք պետք է մշակենք այնպիսի մեխանիզմներ, որոնք կաշխատեն իրական կյանքում։
Ենթադրենք, պայմանագիր է ստորագրվել սպառազինությունների մասին, ու որոշակիացվել են քվոտաները յուրաքանչյուր երկրի վերաբերյալ։ Կարճ ժամանակ անց որոշ երկրներ խախտում են այդ քվոտաները, իսկ մնացածներն այդ մասին նույնիսկ բարձրաձայն չեն խոսում։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք լրջորեն աշխատել այս հարցի շուրջ»,- նշեց Հայաստանի նախագահը։
Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը հիշեցրեց, որ հարևան Աֆղանստանում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, և առաջարկեց ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրներին միասին աշխատել` կենտրոնասիական պետությունների սահմաններն ամրապնդելու ուղղությամբ։ Աֆղանական թեմայի արդիականությունը հաշվի առնելով` շատ ուշագրավ է, որ նույն գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ-ում անցկացվեց հատուկ կոնֆերանս «Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության վերարժևորումը» թեմայով։ Ընդգծվեց, որ ՆԱՏՕ-ի կոալիցիան արդեն այսօր մեծացրել է ռազմական նշանակության բեռների տարանցումը կենտրոնասիական երկրներով դեպի Աֆղանստան և, ամերիկյան առանձին պաշտոնատարների կարծիքով, դա կարող է ծառայել իբրև կատալիզատոր կենտրոնասիական երկրների տնտեսական զարգացման առումով։ Միաժամանակ նշվում է. «ԱՄՆ-ի ներկա վարչակազմը Կենտրոնական Ասիան չի համարում մոռացված ու խուլ հետնաբակ, որ երկրորդական նշանակություն ունի ամերիկյան շահերի տեսանկյունից։ Այս տարածաշրջանը գտնվում է ԱՄՆ-ի որոշիչ շահերի շրջանակում ինչպես անվտանգության, այնպես էլ քաղաքական ու տնտեսական առումներով»։ Սա այն դեպքում, երբ ԱՊՀ շրջանակներում խնդրո առարկայի կապակցությամբ անպտուղ քննարկումները ձգվում են գագաթաժողովից գագաթաժողով։
ՈՒշագրավ է, որ Ալմա Աթայում մաքսային միություն կազմած Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներին չհաջողվեց հաստատել նաև Միասնական տնտեսական տարածք ստեղծելու նախաձեռնությունը։ Ենթադրվում է, որ այդ տարածքի ձևավորման պարագայում առաջնային պիտի լինի ընդգրկված պետությունների տրանսպորտային և էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը։ Հարկային, դրամավարկային, ֆինանսական, առևտրային և մաքսային քաղաքականությունը բոլոր մասնակից պետությունների միջև պետք է լինի համաձայնեցված։ Ենթադրվում է, որ դա կարող է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ և այդպիսով բարձրացնել միասնական տնտեսական տարածքի մաս կազմող երկրների մրցունակությունը։ Արձանագրենք, որ սա ընդհանուր առմամբ նոր գաղափար չէ. այդ կապակցությամբ առաջին համաձայնագիրը ստորագրվել է Յալթայում 2003-ի հոկտեմբերին։ Այն ժամանակ տնտեսական ինտեգրացիայի ջատագովների ու կողմնակիցների թվում էր նաև ՈՒկրաինան, որն էլ, ի դեպ, «նարնջագույնների» իշխանության գալուց հետո սաբոտաժի ենթարկեց նոր կազմակերպության ստեղծումը։ Այժմ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները, փաստորեն, Միասնական տնտեսական տարածք ձևավորելու երկրորդ փորձն են կատարում։ Ընդ որում, իրենք էլ գագաթաժողովի ժամանակ ընդունեցին, որ նպատակը շատ հավակնոտ է և ենթադրելու է ինտեգրացիայի միջանկյալ փուլեր։ Վերջնական նպատակը, անշուշտ, այն է, որ Եվրասիայում ստեղծվի որոշակի իմաստով Եվրամիության կրկնօրինակը, որը կունենա միասնական վալյուտա, ընդհանուր շուկա և միասնական զինված ուժեր։ Ընդհանուր մաքսային միություն հիմնադրած Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդները վստահ են, որ հետագա ինտեգրացիան է միայն նպաստելու իրենց երկրներում բարեկեցության աճին, տնտեսության կայուն զարգացմանը և որ այդ ամենը նպաստելու է նաև համաշխարհային տնտեսության կայունացմանը։
Այնուհանդերձ, տարբեր առաջատար փորձագետներ չեն կիսում «մաքսային եռյակի» ղեկավարների այս լավատեսությունը, ընդգծելով, որ հետխորհրդային երկրների մասնակցությամբ միասնական տնտեսական տարածքի ձևավորման նախադրյալներ չկան։ Շատ փորձագետների ու տնտեսագետների կարծիքով, եռյակի մաքսային միությունը, որը կսկսի գործել 2010-ից, դեռ պետք է ցույց տա իր առավելություններն ու բացասական կողմերը։ Այս համատեքստում միասնական տնտեսական տարածք ձևավորելու նախաձեռնությունը բնութագրվում է իբրև «խայծ» ԱՊՀ-ի այն երկրների համար, որոնք տարբեր պատճառներով առայժմ չեն կարող դառնալ մաքսային միության անդամ։ Օրինակ, Հայաստանը, որ իր աշխարհագրական դիրքի բերումով չի կարող ընդգրկվել մաքսային միության մեջ, հասկանալի չէ, թե բոլոր դեպքերում ինչպես կարող է հայտնվել միասնական էներգետիկ ու տրանսպորտային համակարգում, չունենալով մասնակից մյուս պետությունների հետ ընդհանուր սահման։ Պակաս էական չէ նաև այն, որ միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար լուրջ աշխատանք է անհրաժեշտ պոտենցիալ հավակնորդ հանդիսացող հետխորհրդային պետությունների տնտեսական զարգացման համաչափությունն ապահովելու տեսանկյունից։ Արդեն այսօր Ռուսաստանում, որ օբյեկտիվորեն ամենաուժեղ տնտեսությունն ունի բոլոր հետխորհրդային երկրներից, դժգոհության ձայներ են հնչում, թե բոլորովին կարիք չկա նոր «բալաստներ» կախել մինչև վերջ ոտքի չկանգնած Մոսկվայի վզից, ակնհայտորեն ընդգծվում է հնարավոր մրցակիցներին ռուսական շուկա չթողնելու ցանկությունը։ Թեև միասնական տնտեսական տարածքի գաղափարի կրեմլյան ճարտարապետները ժխտում են այս իրողությունը, այնուամենայնիվ, դա փաստ է։
Միևնույն ժամանակ, առավել սթափ դատող փորձագետների կարծիքով, Ռուսաստանի շուրջ եվրասիական ինտեգրացիայի գաղափարը հակասում է տարբեր հետխորհրդային երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումներին։ Պարտադրանքն ԱՊՀ գործընկերների նկատմամբ տվյալ պարագայում կարող է հանգեցնել նրան, որ նրանց կառաջարկվի «կամ-կամ»-ի միջև ընտրություն կատարել, իսկ այդ պարագայում դժվար է ասել, թե ով ինչ կընտրի։ Անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ Ալմա Աթայում հայտարարում էր, թե գլխավորը «ինտեգրացիոն տեմպը չթուլացնելն է», իրականում փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի ու Եվրոպայի միջև և ձեռք է բերում քաղաքական դիվիդենդներ։ Չնայած այն հանգամանքին, որ ռուս-բելառուսական երկարատև բանակցություններից հետո Մոսկվան խոստացավ, թե Մինսկը 2010-ին էներգակիրները կստանա իր համար ընդունելի գներով, բելառուսական տնտեսությունը ճգնաժամին դիմակայում է հիմնականում միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի շնորհիվ։ Մյուս կողմից էլ, Ռուսաստանը վերջին երկու տարիներին մտադիր է ակտիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն իր անդամակցության գործընթացը, իսկ դա ընդհանուր մաքսային միության մյուս երկու պետությունների հետ համատեղ հազիվ թե հնարավոր է։
Այնպես որ, միասնական տնտեսական տարածքի ձևավորման գաղափարը մյուս հետխորհրդային պետությունների համար հազիվ թե դառնա գրավիչ։ Դեռ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությունը պետք է ձևավորվի և գոնե մի քանի տարվա գործունեությամբ ապացուցի իր արդյունավետությունը, որպեսզի կողմնորոշիչ դառնա նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների, ինչ փույթ, թե այս դեպքում նրանցից ոչ բոլորի համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ