ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆ. ՏՈՆ, ՈՐԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ»

«ԱԴՐԲԵՋԱՆ. ՏՈՆ, ՈՐԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ»
09.11.2010 | 00:00

Ժամանակին ամերիկացի քաղաքագետ Բժեզինսկին «Շախմատի մեծ խաղատախտակ» աշխատության մեջ, որը վաղուց դարձել է աշխարհաքաղաքական «սրբազան գիրք», Ադրբեջանն անվանել էր «խցան մի ամանի մեջ, որը պարունակում է Կասպից ծովի ավազանի և Միջին Ասիայի հարստությունները»։ Այժմ պարզվում է, որ այդ «խցանը» բնավ էլ լավագույն որակի չէ, համենայն դեպս` արևմտյան ըմբռնմամբ։ Այն ոչ միայն փայտացել է և պատվել փոշով, այլև կարող է բացվել մեծ դժվարությամբ (եթե առհասարակ բացվի, այլ ոչ թե ջարդելով հանվի)։ Այս բոլոր իրողությունները, անշուշտ, վերստին հաստատեցին նաև անցած օրերին տեղի ունեցած 4-րդ գումարման Միլի մեջլիսի ընտրությունները։
Այդ ընտրություններում 33 քաղաքական կուսակցությունից քվեարկում էր 692 պատգամավորության թեկնածու, որոնցից 111-ին պաշտոնապես աջակցում էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը։ Ընտրողների ներկայությունը 50,14 տոկոս էր, ինչը միանգամայն «քաղաքակիրթ» է նաև առանց արևելյան գունազարդման։ Արդյունքները հրապարակվեցին անմիջապես ընտրությունների օրը, և դրանք, ինչպես պարզվեց, միանգամայն սպասելի էին։ Ինչպես ենթադրվում էր, 125 պատգամավորներից ավելի քան 70-ը ներկայացնում են կառավարող կուսակցությունը, մնացած մանդատների առյուծի բաժինը, ինչպես հաղորդում է ընդդիմությունը, կստանան կա՛մ իշխանությունների դրածոները, կա՛մ կեղծ ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները (օրինակ, վերջերս «կազմակերպված» «Ղարաբաղ» միավորումը)։ Ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ exit poll-ն անցկացրեց միայն մի կազմակերպություն, որի ֆինանսավորման աղբյուրներն այդպես էլ չկարողացան պարզել լրագրողները։ Եզրակացությունները միանգամայն «կուսակցության և կառավարության ցուցումների» հունով էին։ Ասենք, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 1024 միջազգային դիտորդների, որոնք տքնում էին ջանադրաբար։ ԱՊՀ-ի և «թյուրքական աշխարհի» կառույցների բոլոր դիտորդները, ըստ ավանդույթի, հիացմունքի մեջ էին, իսկ միջազգային և արևմտյան կառույցների ներկայացուցիչները դարձյալ, ինչպես ընդունված է, առայժմ մտքերն են ժողովում։ Կառավարող կուսակցությունն արդեն ընտրություններն անվանել է «հաջող քայլ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ճանապարհին» և «մեծ նավավար Իլհամի» իմաստուն քաղաքականության վկայություն։ Եվ տեղնուտեղն էլ ընդդիմությանը և արևմտյան մամուլին մեղադրել էր «կանխակալ դիրքորոշման» և «Ադրբեջանում անցկացված օբյեկտիվ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների մասին բացասական կարծիք ստեղծելու» ցանկության մեջ։
Այսինքն, առաջին հայացքից ամեն ինչ հանգիստ է «ադրբեջանական թագավորությունում», բոլորը գոհ են ու երջանիկ և, ինչպես թվում է, ամեն ինչ միանգամայն տեղավորվում է քաղաքական թատերաբեմի դերակատարային բաշխման մեջ։ Խորհրդարանի վերջին ընտրություններից ի վեր անցած ժամանակամիջոցում ընդդիմությունը, ինչպես նշում են ադրբեջանցի փորձագետները, է՛լ ավելի է թուլացել և գտնվում է քաղաքական մահվան շեմին։ Կառավարող կուսակցությունը և ամբողջությամբ վերցրած կառավարող ընտրանին, ինչպես նախատեսվում էր, սկսել են է՛լ ավելի վստահ «քայլել լայնորեն»։ Միանգամայն հատկանշական է, որ թե՛ ընտրությունների, թե՛ նախընտրական իրադրության տարբերիչ գիծը, ըստ ընդհանուր կարծիքի, «տպավորիչ հանգստությունն է»։ Թեպետ արևմտյան դիտորդներն այն կարծիքին են, որ «տվյալ նախընտրական արշավն ինքնիշխան Ադրբեջանի պատմության մեջ կմտնի որպես ամենաաննկատը», և զարմանում են, որ դրա ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի հանրահավաք չէր եղել, բայց դա արդեն` ում ինչպես դուր կգա։ Պետք է նշել, որ ընտրությունների օրն էլ անցավ չգրված կանոնների (ցավոք, ոչ միայն ադրբեջանական) շրջանակներում։ Գործադիր իշխանությունը եռանդուն էր ղեկավարում. այստեղ առկա էին և՛ երթուղիներից հանված ավտոբուսներ, և՛ «մեղրաբլիթների» բաշխում` դրամի, մթերքի և հագուստի տեսքով, և՛ գյուղացիների անձնագրերի գրանցում «բացատրություններով»` թե ինչ միջոցներ կձեռնարկվեն նրանց նկատմամբ, եթե նրանք քվեարկեն «ոչ հօգուտ նրա, ում պետք է»։ Անշուշտ, իրենց զգալ տվին նաև յուրահատուկ ազգային առանձնահատկությունները։ Այսպես, ինչպես հաղորդում են ընդդիմության ներկայացուցիչները, շրջանային բյուջետային կազմակերպությունների բոլոր աշխատակիցներին հանձնարարված էր ընտրություններին գալ լրացուցիչ վերնահագուստով։ Պարզվում է, առաջին քվեարկությունից հետո զգեստափոխվելով` նրանք ինչ-որ ժամանակ անց ընտրական տեղամասեր էին գալիս երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ, իսկ (ո՜վ սրբազան անմեղություն) միջազգային դիտորդները, ըստ մտահղացման, «խարդախությունը չեն նկատի» (հավանաբար, կողմնակի դիտորդի համար բոլոր ադրբեջանցիները միանման են։) Կային նաև «ազգային քաղաքական խոհանոցի» այլ, ոչ պակաս յուրահատուկ «ճաշատեսակներ»։ Դե, նախ, գլխավոր «ազգային էկզոտիկան» դարձավ նաև Ադրբեջանի առաջին տիկնոջ` Մեհրիբան Ալիևայի մասնակցությունն ընտրություններին, և դրա, փաստորեն, հարյուրտոկոսանոց արդյունքը և այն, որ «պերճափայլի» դեմ ոչ մի մրցակից չէր առաջադրվել (կարծես սա եզակի դեպք է ամբողջ հետխորհրդային տարածքում։) Ասենք, համանման առանձնաշնորհի էին արժանացել նաև քաղաքական-տնտեսական իշխանական կլանի մյուս պարագլուխները։ Նրանց դեմ լավագույն դեպքում առաջադրվել էին անհայտ գործազուրկներ (հետաքրքիր է, թե իշխանություններն այսուհետ ինչպե՞ս կպնդեն, որ Ադրբեջանում գործազրկության խնդիր չկա, եթե նման թեկնածուների թիվը հասնում է տասնյակների): Բացի այդ, առանց խնդիրների և բարձր տոկոսով անցան (ինչպես և ենթադրվում էր) Միխայիլ Զաբելինը և Եվդա Աբրամովը. չէ՞ որ պետք է Միլի մեջլիսում լինեն ռուս և հրեա ժողովուրդների ներկայացուցիչներ` ի հաստատումն երկրի և իշխանության «հանդուրժողականության» ու «ինտերնացիոնալիզմի»։ Շարունակելով յուրահատկության մասին խոսակցությունը, պետք է ասել նաև, որ, շատերի վկայությամբ, երկրում նկատելի էր սոսկ փոքրիկ նշան այն հուզումի, որը սպասելի էր, բնավ չէր զգացվում ընտրությունների մթնոլորտը և ոչ մի բան չէր հիշեցնում դրանց մասին, բացի Ալիևի փայլուն դիմանկարներից, հեռուստաելույթներից և «Ղարաբաղը վերագրավելու» հերթական նախընտրական խոստումներից։
Անշուշտ, այն դեպքում, երբ ազնիվ ընտրությունները հսկայական վտանգ են և անթույլատրելի շռայլություն իշխանությունների համար, այդուհանդերձ դրսևորվում էին նոր հովեր, որոնք չեն կարող չանդրադառնալ երկրի ընդհանուր կլիմայի վրա։ Տվյալ ընտրություններում իշխանությունը ցանկացավ պատգամավորության թեկնածուների թվում տեսնել նոր դեմքեր, ինչը հանգեցրեց կառավարող կուսակցության շարքերի նորացման։ Մասնավորապես «Ենի Ազերբայջանի» ցուցակի մեջ չէին մտցրել 18 նախկին պատգամավորների անուններ, որոնց թվում էին հայտնվել նաև բավականին հայտնի քաղաքական դեմքեր։ Եթե նկատի առնվի, որ արդեն բավականին ժամանակ խոսվում է «Նախիջևանի կլանի» և Ալիև ամուսինների հարազատների ու մերձավորների նոր կլանի կոշտ ու աճող դիմակայության մասին, ապա նման նորացումն ակնհայտորեն պատահական չէ։ Դեռ ավելին, մի շարք փորձագետների կարծիքով, «ընտրությունների ավարտից հետո առաջին նորությունը կլինի հասարակության է՛լ ավելի մեծ բևեռացումը, որը կհասնի ախտածին ատելության»։ Առավել ևս, որ «նավթային փառահեղության» փայլի և երևութականության հետևում արդեն երևում է որոշ հասարակություններին բնորոշ այն կանոնի հաստատումը, որ «հարուստ բնապաշարները հաճախ հանգեցնում են հարուստ երկրների ստեղծման` աղքատ մարդկանցով հանդերձ»։ Թեև Ալիևն ամրապնդել է իր իշխանությունը և նպաստել տնտեսական վերելքին նավթի շնորհիվ, սակայն այդ հարաբերական կայունությունը թանկ է նստել քաղաքացիների վրա։ «Կյանքի որակի ցուցիչով» Ադրբեջանը զբաղեցրել է 139-րդ տեղը։ Համեմատության համար ասենք, որ ՈՒկրաինան 68-րդն է, Թուրքիան` 72-րդը, Վրաստանը` 98-րդը, իսկ Հայաստանը` 101-րդը։ Եվ դա այն դեպքում, երբ նավթից ստացվող եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար է։ Պարզվում է, որ Ադրբեջանում շատ բնակավայրեր ամիսներով զրկված են գազամատակարարումից ու էլեկտրականությունից, և եթե հավատանք ադրբեջանական ԶԼՄ-ներին, նման բան տեղի է ունենում նաև Բաքվի որոշ շրջաններում։ Երկրում, փաստորեն, բացակայում է գյուղատնտեսական ճյուղը, որն անկյուն է քշվել նավթագազաարդյունահանման ոլորտի կողմից. արդյունաբերական ՀՆԱ-ի մեջ նրա տեսակարար կշիռը 5 տոկոսից փոքր-ինչ ավելի է։
Ինչպես գրում են արևմտյան փորձագետները, «միանգամայն հնարավոր է, որ այդ երկիրը գյուղատնտեսական մթերք արտահանողից վերածվի ներմուծողի»։ Այնուհետև, ըստ երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների, «ստվերային տնտեսության» ծավալը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 9 տոկոսը, բայց ընդսմին պաշտոնական զբաղվածությունը աշխատանքի տեղավորված բնակչության ընդամենը 34 տոկոսն է, մնացած 66 տոկոսը զբաղված է ընդհատակյա ոլորտում։ Այնպես որ, ինչպես կատակում են ադրբեջանցիներն իրենք, «մեզանում գրեթե չկան կաշառասունություն (կոռուպցիա) և ստվերային տնտեսություն, ինչպես չկար սեքս Խորհրդային Միությունում»։ Հասկանալի է, որ ադրբեջանցիները լավ կյանքից չէ, որ մեկնում են հեռու հեռավոր երկրներ։ Միայն Ռուսաստանում պաշտոնապես գրանցված ադրբեջանցի գաղթյալների թիվը երկու միլիոնից ավելի է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` մի բան էլ ավելի։ Նկատի առնենք ևս մի հույժ կարևոր հանգամանք. Միջազգային ճգնաժամային խումբը «Խոցելի կայունություն» խորհրդանշական վերնագրով զեկուցագրում նշում է, որ Ադրբեջանում նավթարդյունահանման գագաթնակետը շուտով կանցնի։ Կանխատեսվում է, որ նավթի արդյունահանման ծավալները դեռ մի քանի տարի էլ կայուն կլինեն, իսկ այնուհետև կսկսեն դանդաղ կրճատվել։ Եվ դա այն դեպքում, երբ բյուջեի 80 տոկոսը նավթի ու գազի արտահանությունից ստացված եկամուտն է (թեպետ, տեղական գնահատումներով, Ադրբեջանում նավթի պաշարները կբավականացնեն 50 տարի, իսկ գազինը` 100 տարի։) Պատահական չէ, որ բրիտանական հեղինակավոր «The Economist»-ը երկու տարի առաջ հոդված էր զետեղել «Ադրբեջան. տոն, որը երկար չի տևի» պերճախոս վերնագրով։ Այսինքն, իրավիճակն այնպիսին է, որ ոչ հեռավոր ապագայում էական հարված կհասցվի Ադրբեջանի նավթաամբարտավանությանն ու նավթաառավելապաշտությանը։ Եվ այդ ամենը կարող է առիթ դառնալ երկրում կանխատեսվող կլանների պատերազմի համար։ Արդեն այժմ ասվում է, որ ընտրություններից հետո շատ ավելի նախահարձակ իշխանության թիմ կլինի, որը կօգտագործի գործընթացների նկատմամբ վերահսկողության բոլոր օրինական և անօրինական եղանակները։ Ընդ որում, քաղաքական կուսակցությունները, փաստորեն, անկում կապրեն, կսկսվի դիմակայություն երկրի իշխանություններից դժգոհ հին և նոր թիմերի միջև։ Հասարակության համակրանքը շահելու համար նոր թիմը հարկադրված կլինի ձերբակալել որոշ պաշտոնյաների, անշուշտ, մրցակիցների կլանից։ Համապատասխանաբար, քաղաքական ազատություններն է՛լ ավելի կնվազեն, իսկ խոսքի ազատության սահմանափակումներն ավելի կշատանան։ Այնպես որ, շատ փորձագետների կարծիքով, Ադրբեջանին լուրջ ցնցումներ են սպասում, և եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա 2-3 տարի անց այնտեղ արդեն կիսառազմական դրություն կլինի, ինչը անվերահսկելի զինված ուժերի առաջացման պատճառ կդառնա։
ՈՒշադրություն դարձնենք ևս մի անչափ կարևոր գործոնի վրա։ Եթե տարածաշրջանում հիմնական խաղացողներին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին բառացիորեն վերջերս միանգամայն ձեռնտու էին Ադրբեջանի ներկայիս իշխանությունները, իսկ գործող ընտրանու, այդ թվում և` բիզնեսի պարագլուխների հետ նրանք կարողանում էին հարաբերությունների փոխադարձ ձեռնտու համակարգ կերտել, ապա այժմ առկա են կողմնորոշիչների փոխվելու «առաջին զանգակները»։ Այսպես, բառացիորեն ընտրությունների շեմին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության զեկուցագրից հայտնի էր դարձել, որ «Panalpina» ընկերությունը 900 հազար դոլարի կաշառք էր տվել ադրբեջանցի պաշտոնյաներին, և նրանք աչք էին փակել սխալ ձևակերպված փաստաթղթերի վրա, հարկային արտոնություններ էին ապահովել ընկերության համար։ Բացի այդ, ինը միջազգային կազմակերպություններ նույնպես ընտրությունների նախօրյակին հրապարակել էին «Ադրբեջանում խոսքի ազատությունը սպառնալիքի տակ է, վատացել է լրատվական միջավայրը» զեկուցագիրը, որի մեջ ասվում է, որ իշխանությունները չեն կատարում կարծիքների արտահայտման ազատությունը պաշտպանելու միջազգային պարտավորությունները։ Զեկուցագրում նշվում է, որ խոսքի ազատության վիճակի վատթարացումը հետևանք է տագնապալի միտումների, ներառյալ լրագրողների և բլոգերների դատապարտումը։ «Մեր կարծիքով, Ադրբեջանը գիտի, որ աշխարհն ուշադրության կենտրոնում է պահում այդ հարցերը, որոնք նա պետք է լուծի», ասված է զեկուցագրում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին հանգել է այն եզրակացության, որ Ադրբեջանը «բիրտ և անհամաչափ սահմանափակել է խոսքի ազատությունը»` բանտ նետելով ադրբեջանական իշխանությունների քննադատ Էյնուլ Ֆաթուլաևին (լրագրողին մեղավոր էին ճանաչել ահաբեկչության և ազգային ատելություն սերմանելու մեջ, մասնավորապես այն պատճառով, որ կասկածի տակ էր դրել Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածը։) Դատարանը կարգադրել էր, որ նա անհապաղ ազատ արձակվի, չնայած դրան, Ֆաթուլաևը տակավին գտնվում է բանտում։
Ի դեպ, արևմտյան քաղաքագետներն ու փորձագետները, թերևս, իրենց արդարացնելու համար ընդգծում են, թե անցյալում միջազգային վերաբերմունքը խլացված էր այն մեծ հույսերի պատճառով, որ «անգլերենին տիրապետող նախագահ Իլհամ Ալիևը կկարողանա երկիրը մոտեցնել Արևմուտքին և աստիճանաբար ազատականացնել ու ժողովրդավարացնել Ադրբեջանը»։ Սակայն, եթե նույնիսկ այդպես էլ է, ապա հնարավոր է, որ դա սոսկ մեկն է պատճառներից, ընդ որում, բնավ էլ ոչ գլխավորը։ Այդ հարցը, անշուշտ, հետաքրքիր է, սակայն գտնվում է առանձին, նախ և առաջ, աշխարհաքաղաքական հարթությունում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ