ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նախկին միֆական փառքի մասին հեքիաթները դնենք մի կողմ

Նախկին միֆական փառքի մասին հեքիաթները դնենք մի կողմ
10.05.2023 | 21:48

Թվում է, թե արդեն ամեն ինչ քննարկվել է, ու գիտենք, թե մենք ով ենք, որոնք են մեր հնարավորություններն ու կարողությունները, որն է մեր տեղը ուժային դաշտում, և հանգել ենք տխուր եզրակացությունների։

Պետք է խոստովանենք, որ այն հակասությունն ու անհամապատասխանությունը, որը կա մեր ամբիցիաների և դրանք իրականացնելու աննշան հնարավորությունների միջև, որևէ հույս ներշնչող ապագա մեզ չեն խոստանում։

Մենք այնքան երկար ենք զրկված եղել ինքնուրույն կյանքից, որ մոռացել ենք, թե ինչ բան է դա և, որ ամենակարևորն է, կամաց կամաց սկսում ենք հասկանալ, որ ինքնուրույն կյանքն ու քաղաքական անկախությունը ամեն մեկի խելքի բանը չէ։

Մանկամիտ թյուրիմացությունների ծովի մեջ գտնվողը ինքնուրույն կյանքով ապրելուց շատ հեռու է, այն էլ` թուրքի հարևանությամբ։

Պետք է այնքան իրատես լինես, որ տեսնես ակնհայտը՝ եթե դու գոյաբանական վտանգների դաշտում ես և ունես հազարապատիկ ուժեղ և վայրագ թշնամի, ապա քո ապրելու շանսը շատ մոտ է զրոյին։

Այս հարցում խորին թյուրիմացությունների պատճառը մեր բացարձակ անվտանգ կյանքն էր խորհրդային հզոր պետության մեջ և մանկամիտ իներցիայով մեզ թվում էր, թե այդպես էլ շարունակվելու է։

Այդպես չի շարունակվելու, հեղեղի բերանն ընկած տաշեղի նման մեր ընթացքը լինելու է անկառավարելի, և, ինչպես միշտ, մեր ճակատագիրը որոշողները լինելու են ուրիշները՝ որպես որևէ կոմպրոմիսային լուծման մաս ու լրիվ համապատասխան տվյալ պահին բարձր մակարդակի ուժային հավասարակշռության։

Դրա արդյունքում մենք կհայտնվենք որևէ մեկի ուժային դաշտում, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հայտնվեցինք բոլշևիկների ուժային դաշտում, դրանից առաջ էլ՝ Ռուսական կայսրության մեջ, իսկ դրանից առաջ էլ՝ պարսիկների ու թուրքերի ուժային դաշտում և այլն։

Եթե մի քիչ ավելի խորանանք, ապա կտեսնենք, որ ջահել ժամանակ էլ մի բան չէինք, բայց շատ չխորանանք, թե չէ համը լրիվ դուրս կգա։

Օրինակ, ի՞նչը խանգարեց Բագրատունիներին ու Արծրունիներին միավորվել ու նորմալ պետություն դառնալ, այլ ոչ թե գնալ քայքայվելու ու վերանալու ճանապարհով, և դա՝ մինչև թուրքերի գալը։

Բոլոր դեպքերում, եթե որևէ մեկը մեզ հարցնի, թե մեր անցյալ կյանքի որ հատվածը կլիներ մեզ համար ցանկալի և նաև իրագործելի, ապա ո՞րը կլիներ մեր հավանական պատասխանը։

Եկեք նախկին միֆական փառքի մասին հեքիաթները դնենք մի կողմ և գոնե այս օրհասական պահին լինենք մի փոքր իրատես ու լրջորեն փորձենք պատասխանել այս հարցին։

Սկսենք նրանից, որ մենք տոտալ ստրկության պայմաններից դուրս ենք եկել և սկսել մարդահաշիվ դառնալ Ռուսական կայսրության սահմաններում միայն, երբ, վերջին հազարամյակում առաջին անգամը լինելով, ազատվեցինք թուրքի բերած կոտորածներից, առևանգումներից ու թալանից։

Նույն Ռուսական կայսրության սահմաններում էր, որ մենք հասանք ազգային զարթոնքի, տնտեսական հզորացման, դոմինանտ ուժ դանալով ամբողջ Կովկասում, և սկսեցինք թափանցել նաև դեպի Կովկասից դուրս։

Դա էր, որ առաջին աշխարհամարտից առաջ թույլ տվեց Թումանյանին ասել, որ երբեք այսքան հզոր չենք եղել։

Հաջորդ ժամանակահատվածը, երբ մեր ժողովուրդը իրեն մարդ է զգացել, եղել է խորհրդային իշխանության ժամանակ, մանավանդ, Խրուշչովի բերած մասնակի ազատականացումից հետո՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։

Ելնելով այն հանգամանքից, որ կատվի վազը սովորաբար մինչև մարագն է լինում, և այն հանգամանքը, որ մենք ինքնուրույն մեր կյանքի անվտանգությունը նման միջավայրում չենք կարող ապահովել ու աշխարհի երեսից էլ ջնջվել չենք ուզում, մեր հետագա գոյությունը հնարավոր է միմիայն որևէ ոչ մարդասպան ուժի սահմաններում։

Իսկ նման հնարավոր այլընտրանքները եղել են կամ Ռուսական կայսրությունը, կամ էլ նույն ռուսական ԽՍՀՄ-ը։

Բայց դա դարձյալ չի նշանակում, որ մենք հիմա ունենք ընտրության հնարավորություն, քանի որ դրա համար էլ է ուժ ու խելք պետք, որը, դժբախտաբար չունենք։

Ինչքան էլ դաժան է, բայց ստիպված ենք սպասել հանգամանքների շատ թե քիչ բարենպաստ դասավորմանը։

Մենք մեր ճակատագիրն ու ապագան գոնե մասնակիորեն կառավարելու շանսը կորցրինք այն ժամանակ, երբ այնքան խելք չունեցանք, որ քարշ գալու ռեժիմից անցնենք զարգացման ռեժիմի։

Դժբախտաբար, գավառական և, առավել ևս, գեղական մտածողությունը խորովածն ու հարսանիքներում տաշի-տուշին ու պարելը համարում է բարեկեցության գագաթ, իսկ պատմությունը թույլերին և ապրելու կամք չունեցողներին չի սիրում ու չի ներում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ