Մենք ապրում ենք հրաբխի վրա, ոչ երկրաբանական պատճառներով կամ սեյսմիկ գոտի լինելու, երբ երկրաշարժը երբեմն զուգահեռվում է լավայի ժայթքումով: Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական հրաբխի վրա: Աշխարհում սկսվել են տեկտոնական փոփոխություններ, որոնց նպատակը հեռանկարում տեսանելի չէ: Հարաբերական հրադադարից հետո հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը Ադրբեջանը նորից փորձեց «Անվախ» դիրքում առաջ գալ, հետ շպրտվեց: Եթե փորձենք հուլիսյան պատերազմի արդյունքներն ու հետևանքները ամփոփել, ստանալու ենք տարօրինակ պատկեր: Իլհամ Ալիևը պարտվել է, բայց հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ժամանակ սպանված զինվորների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելիս ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել՝ «Այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Ավելին՝ հայտարարել է՝ իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել»: Եթե կործանիչ հարվածը Ադրբեջանն է հասցրել, ինչու՞ է ինքը զոհվածների հարազատներին կաշառում: Ավելին՝ Ալիևը ազդարարել է, որ իբր «Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»՝ ՀԱՊԿ-ի երկրներից «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` չմիացած երկրների շարժման շրջանակում»: Ալիևի խոսքով` ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ «Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»: Կարծես ՀԱՊԿ-ը ոչ թե ռազմաքաղաքական դաշինք է, այլ հաշիվներ մաքրելու հարթակ: «Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,- դիմել է Ալիևը ՀՀ ղեկավարությանը: Եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ոչինչ չի ստացել, իսկ իրականում ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել, ի՞նչ ուրվականներ են երևացել Ալիևի աչքին, որ կոչ է անում Ադրբեջանի դեմ «մեն-մենակ» կռվել: Թե՞ վախենում է խոստովանել, որ «մեն-մենակով» պարտվել է:
Պակաս տարօրինակ չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «խոր մտահոգությունը», իհարկե, շնորհակալ ենք, որ անձամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին, ի՞նչ հիմքով է Անտոնիու Գուտերեշը ԿՈՂՄԵՐԻՆ հորդորում առավելագույն զսպվածություն դրսևորել: Առավել ևս՝ նրա մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակների շփումներ են ունեցել: Սա Անտոնիու Գուտերեշի երկրորդ կոչն է՝ նա մեկ անգամ էլ էր Երևանին և Բաքվին՝ հորդորել վայր դնել զենքերը, թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Վայր դնել զենքերը Հայաստանի պարագայում նշանակում է թշնամուն տուն թողնել, նախահարձակ լինելով ու սադրիչ հռետորաբանությամբ զբաղվում է Բաքուն: Անտոնիու Գուտերեշը իր սխալի մեջ համոզվելու ապացույց ուներ դեռ մարտին, երբ աշխարհի հակամարտող երկրներին հրադադարի կոչ էր արել: «Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կոչին, որտեղ նա նշում է, որ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում պետք է հաստատել գլոբալ հրադադար»,- Թվիթերում գրել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Բաքուն չէր արձագանքել:
Տավուշում անօդաչու թռչող սարքերի կորստից Բաքուն 200 միլիոն դոլարի վնաս է կրել՝ ըստ հայկական կողմի նախնական հաշվարկի: Դա՞ է կոծկում Ալիևը, որ նոր ԱԳ նախարար նշանակեց ու թույլ չի տալիս աշխատել՝ դիվանագիտական հայտարարությունները անում է նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևը: Նա է հայտարարել, թե Բաքուն չի կարող անվերջ մասնակցել բանակցության իմիտացիային: Եթե չեն բանակցելու, Ջեյհուն Բայրամովը զբաղվելու է այլ պետությունների հետ երկկողմ հարաբերություններո՞վ: Հիմա ո՞վ է և ու՞մ է ներկայացնում Ադրբեջանի ԱԳ նախարարը. ինքը՝ Ալի՞ևը, որ ներկայացնում է Ալիևներ-Փաշաևներ կլանին, թե՞ Հիքմեթ Հաջիևը, որ ներկայացնում է Ալիևի կլանին, թե՞ Ջեյհուն Բայրամովը, որ ներկայացնում է Փաշաևների կլանին: Երեքից ո՞վ չի ուզում բանակցել: Չի՞ կարող, թե՞ չի ուզում:
Սա կարևոր հարց է, խոստովանի-չխոստովանի՝ Ալիևը հասկացել է, որ բյուջեից քամված միլիարդները ռազմական հաջողություն չեն բերելու, մնում է դիվանագիտական ճանապարհը, որտեղ առավելագույնը հասավ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի աջակցությանը: Իսկ դա վկայում է, որ մեր դիվանագիտության գերկարևոր խնդիրը սահմանային վերահսկողության միջազգային մոնիտորինգին հասնելն է, որ ունենա միջազգային մակարդակով հաստատված փաստական ապացույցներ՝ ով է նախահարձակ լինում և ով է հակադարձում: Միայն այդ դեպքում կարող ենք ակնկալել պարիտետային խայտառակ կոչերի ու հորդորների փաստական վախճան: ՈՒզում է, թե չի ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստիպված է հրաժարվել Արցախի հարցի լուծման իր անկենսունակ բանաձևից, և նոր իրավիճակում առաջադրել նոր պահանջներ: Երբ կյանքը ապացուցում է, որ Բաքվում պատերազմ են ուզում, համակ խաղաղասիրությունը գնահատվելու է թուլության նշան: Ստացվելու է՝ վարչապետը խաղաղության կոչ է անում, բանակը կռվում է ու հաղթում:
Կռվում է, բայց չի հաղթում առողջապահության նախարարը: Միակ լավ նորությունը՝ բուժվածների օրական թվերը ավելին են վարակվածների թվից, բայց ամեն օր ավելանում են մահերը՝ ամենատարբեր տարիքային խմբերից: Արսեն Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ տանուլ տալով մարտը կորոնավարակի դեմ: Կորոնավարակը Հայաստանում վաղուց դադարել է առողջապահական խնդիր լինել և վերածվել է քաղաքականի: Մերկապարանոց քաղաքականի: Հատուկ դրությունը շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը, բայց ինչո՞վ է արտահայտվում, գիտի սատանան, որին ԱԱԾ-ն այդպես էլ չգտավ վարչապետի համար: Մենք ունենք մեկ համադարման՝ դիմակ կրել: 40 աստիճան շոգին բաց տարածքում, սոցիալական հեռավորության առկայությամբ դիմակ կրելու պահանջը հակաառողջական է և գնահատվում է բյուջեն լցնելու միջոց: Իզուր են ակնկալիքները, որ տուգանքները կբեկանվեն: Փաստացի չկա ոստիկանական անհրաժեշտ վերահսկողություն ոչ հոգեհանգիստների, ոչ հուղարկավորությունների ժամանակ, երբ վարակի տարածման իդեալական պայմաններ են: Տրամաբանորեն՝ սգո սրահներն ու գերեզմանատները պետք է լինեին եթե ոչ ոստիկանության ուշադրության կենտրոնում, գոնե սգո սրահների ու գերեզմանատան աշխատողների: Իմ փորձով եմ վկայում՝ չեն, ու դա վարակի տարածման ավելի մեծ ներուժ ունի, քան բաց տարածքում դիմակ չկրելը: Հիվանդանոցները շարունակում են լեփ-լեցուն մնալ, բուժումը՝ ապրիորի, մինչդեռ կորոնավիրուսը հաղթահարած բազում երկրներում բացի դիմակ կրել պարտադրելուց՝ պետությունը իր քաղաքացիներին նաև դեղերով է բուժում, որոնք ԱՀԿ-ն, ԵՄ-ն, ՌԴ-ն ճանաչել են կորոնավիրուսի դեմ արդյունավետ: Մենք միայն միացել ենք պատվաստանյութի հայթայթման մրցապայքարին, որի արդյունավետությունը աշխարհում ոչ ոք չի կարող գնահատել, այն էլ՝ ընտրովի հարթակներում: Աբսուրդ է, բայց տպավորություն է, որ Հայաստանը չի ուզում կորոնաճգնաժամից դուրս գալ: Երբ գերտերությունները ստեղծում են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային առողջապահական խորհուրդներ, Հայաստանում հարցերը լուծում են 2 ոչ բժիշկ՝ 1 վարչապետ+1 պարետ+1 նախարար, որ համաճարակաբան չէ: Իմա՝ մասնագիտական ու արդյունավետ հակազդեցության դաշտը փակ է, կամ հանձնված քաղաքական գործիչներին, որ կորոնավարակի ի հայտ գալուց առայսօր իրենց պատասխանատվության գիտակցության շատ քիչ ապացույցներ են տվել: Ի վերջո, տնտեսության բոլոր ձախողումները կարելի է գցել կորոնավիրուսի վրա՝ «Ամբողջ աշխարհում է ճգնաժամ» հիմնավորումով: Այո, բայց աշխարհը ամեն ինչ անում է դուրս գալու՝ արագ ու հնարավորինս քիչ կորուստներով, մենք հարմար տեղավորվել ենք ճգնաժամի դաշտում ու անում ենք միայն օրվա հրդեհը մարելու անճարակ քայլեր: Կամ դա էլ չենք անում: Օրինակ, ինչո՞վ բացատրել, որ 2020-ի ամռանը մրգերի ու բանջարեղենի գները կրկնապատիկ ու եռապատիկ են 2019-ի ամռան համեմատությամբ: Իսկ եկամուտների աճ չի եղել:
Հայաստանում առողջապահական ու տնտեսական ճգնաժամից բացի կա ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ճգնաժամ, որ չի առաջացել կորոնավարակի պատճառով: Եղել է ի սկզբանե, սրել ու ակնհայտ է դարձրել համավարակը: Պետական կառավարման համակարգը օրեցօր ապացուցում է փոփոխությունների անհետաձգելիությունը՝ սկսած փակված նախարարությունների վերաբացման անհրաժեշտությունից մինչև նոր նախարարությունների ստեղծում: Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է արել առայսօր Զարեհ Սինանյանը, բացի հայտարարելը՝ այս օրերին հայրենադարձությունը ռեալ չէ: Ընդամենը ապացուցել է, որ ոչ ինքը, ոչ իր կառույցը՝ վարչապետի ենթակայությամբ, ոչնչի չեն ծառայում, իրենց գործառույթներն էլ ԱԳՆ է իրականացնում: ԿԳՍՄ սուպերնախարարության ձևավորումը մեծ սկանդալ էր, որ մնաց չգնահատված: Վերջին ապացույցը՝ բուհերի ընդունելության կազմակերպումն էր՝ բարձր միավորներով դիմորդները դուրս են մնում, 7,5 միավորով ընդունվում: Պատճառն առաջին հայտի գերակայությունը չէ, նախարարությունը չի կարողանում իրավիճակին համարժեք որոշումներ ընդունել ու կազմակերպել աշխատանքը, իրազեկել ընդունելության կարգը, ապահովել դիմորդների տեղեկացվածությունը: Հեշտ է ամեն ինչ բարդել կորոնավիրուսի ու մեկ քննության վրա: 13000 դիմորդից 2200-ը անբավարար է ստացել, 739 դիմորդ բարձր գնահատականով դուրս է մնում բուհից, որ նախընտրել է առաջին հայտով, իմա՝ գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ ընդունելության նոր կարգը, որ հաստատվել է քննություններից մեկուկես ամիս առաջ։ Փոխնախարարը պնդում է՝ ընդունելության կարգը տեղադրված է dimord.am էլեկտրոնային հարթակում։ Դիմորդները ընդունելության հայտ ներկայացնելուց առաջ հավաստել են, որ ծանոթացել են կարգին և համաձայնել, որ տեղյակ են առաջին հայտի գերակայությանը, կատարվել է հանրային պատշաճ իրազեկում, բայց փաստացի՝ չի կատարվել, ու ստեղծված վիճակում մնում են բուհերի թափուր տեղերն ու հեռական: Եկեղեցի-պետություն հարաբերությունները կանոնակարգելու և հարցերը կարգավորելու նպատակով 2019-ի հունվարի 29-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որոշվեց ձևավորել երկկողմանի թեմատիկ 5 ենթախմբեր, մեկը կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է, որ մինչև այսօր չի ձևավորվել՝ այդպես է աշխատում նախարարը: Նա՝ հետևելով վարչապետի օրինակին, գերադասում է միանձնյա որոշումներ ընդունել-պարտադրելը. այդպես շրջանառության մեջ դրվեց հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը, որի մշակմանը եկեղեցին չհրավիրվեց, մինչդեռ վիճահարույց հարցերից մեկը հենց Հայ առաքելական եկեղեցուն է վերաբերում, իմա՝ բոլորիս: Աբսուրդ է, որ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայ առաքելական եկեղեցին չի համարվում ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ: Նիրհող քաոսի նախապատճառները հենց այդ վերաբերմունքի մեջ են՝ դիլետանտները որոշում են մասնագետների ճակատագիրը, և դիլետանտները կոսմոպոլիտ են՝ նրանք չունեն ազգայինի գիտակցություն: Հետհեղափոխական Հայաստանը կորցնում է ԺԱՄԱՆԱԿ, որն անդառնալի է, լուծելու խնդիրները, որոնց մասին չունի պատկերացում, բայց ունի ապրիորի ԾՐԱԳԻՐ, որի հիմքում քաոսի նախադրյալներն են: Իշխանությունը նույնիսկ չունի ինքնապահպանման բնազդ և անվերջ թեմա է տալիս նրանց, որ ամեն առիթով-չառիթով աղետի կոչնակ են զնգացնում՝ իզուր, ոչ մի իշխանության չի հաջողվելՀայաստանը կործանել, պարզապես ընթացք են դանդաղեցրել: Այդքանն են զորել: Ողջ լերուք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հետգրություն չկա՝ իմաստ չունի ակնոց տալ նրան, որ փակել է աչքերը: