ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պուտինին է ներկայացվել 5 տրիլիոն ռուբլու ծրագիր

Պուտինին է ներկայացվել 5 տրիլիոն ռուբլու ծրագիր
03.06.2020 | 11:02

Կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Ռուսաստանի տնտեսության վերականգնման երկամյա ծրագիր: Վարչապետ Միխայիլ Միշուստինի գնահատականով՝ 5 տրիլիոն ռուբլու: ԶԼՄ-ները գնահատում էին 8 միլիոնի: Պուտինը հրահանգել է գործարկել հուլիսից: Խորհրդակցությունը, որ Россия 24 հեռուստաալիքը ցուցադրում էր ուղիղ եթերում, անցավ իբրև տեսակոնֆերանս և տևեց բավականին կարճ: «Համազգային ծրագիրը 500 կոնկրետ միջոցառում է նախատեսում, կենսագործման ժամկետը երկու տարի է, գինը 5 տրիլիոն ռուբլի»՝ զեկուցեց վարչապետ Միշուստինը Պուտինին: «Կարծում եմ, որ ներկայացված փաստաթուղթը կարելի է հիմք ընդունել»,-արձագանքեց Պուտինը, բայց խնդրեց ճշտումներ անել: Նա կառավարությանը երկու շաբաթ տվեց ծրագիրը կոնկրետացնելու համար, բացատրելով, որ «կյանքը իր խմբագրումներն է անում»: Անհայտ մնաց, թե կոնկրետ ինչը պետք է ճշտվի, բայց կառավարությունը հուլիսի 1-ից ծրագիրը պետք է սկսի իրականացնել: «Այդ ամենը պետք է անել, որ արդեն հուլիսի սկզբից սկսենք ակտիվ իրականացնել կոնկրետ քայլեր»՝ ասաց Պուտինը: Մայիսի 11-ին Պուտինը կառավարությունից պահանջեց, որ մինչև հունիսի 1-ը գործողությունների ծրագիր մշակվի, որ «կապահովվի զբաղվածության, բնակչության եկամուտների աճի վերականգնումը, տնտեսության աճը, երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունները տնտեսության մեջ»: Ծրագիրը նախագահին ներկայացվեց հունիսի 2-ին: Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը ասում էր, որ ծրագիրը 3 հիմնական խնդիր ունի՝ քաղաքացիների եկամուտների աճ, արդյունավետ զբաղվածության վերականգնում, ներդրումային նոր ցիկլի վերբեռնում: Նա նաև նշեց, որ տնտեսությունը ավելի մեծ դիմացկունություն դրսևորեց, քան թվում էր ապրիլին, բայց վերականգնման շրջանում երկար վերելք է սպասվում սարն ի վեր:
Անցյալ շաբաթ Միշուստինն ասաց, որ ծրագիրը պատրաստ է, հայտնի դարձավ, որ 9 բաժին ունի ու 500 միջոցառում: Ծրագիրը կիրականացվի 3 փուլով՝ ադապտացման, վերականգնման, ակտիվ աճի՝ գրել է Ինտերֆաքսը՝ հղում անեով փաստաթղթին ծանոթ աղբյուրին: Առաջին փուլի (2020-ի 2-րդ եռամսյակի վերջ-3-րդ եռամսյակ) նպատակն է թույլ չտալ ռեցեսիայի տարածումը ոլորտների ավելի մեծ շրջանակի վրա և կայունացնել իրավիճակն առավել տուժած ոլորտներում: Երկրորդ փուլում (2020-ի 4-րդ եռամսյակ- 2021-ի երկրորդ եռամսյակ) ենթադրվում է վերականգնել տնտեսության աճը և դուրս գալ կայուն աճի հարթություն: Երրորդ փուլը (2021-ի 3-4-րդ եռամսյակներ) նախատեսում է ակտիվ տնտեսական աճ և ազգային նպատակին մոտեցում՝ համաշխարհային տեմպերից բարձր տնտեսական աճի ապահովում:


«Համազգային ծրագիրը նախատեսում է 3 փուլ,- հաստատեց Միշուստինը Պուտինի հետ խորհրդակցությունում:- Առաջին փուլի խնդիրն է մինչև 2020-ի երրորդ եռամսյակի վերջը կայունացնել իրավիճակը: Այս փուլում գլխավորն է թույլ չտալ մարդկանց եկամուտների հետագա անկումը»: Միշուստինի խոսքով՝ երկրորդ փուլը կտևի մինչև 2021-ի 2-րդ եռամսյակ: «Այս փուլում մենք անհրաժեշտը կանենք, որ ավարտենք տնտեսության վերականգնման գործընթացը, նվազեցնենք գործազրկության մակարդակը, ապահովենք քաղաքացիների եկամուտների աճը անցած տարվա մակարդակին համարժեք»՝ ասաց վարչապետը: Ведомости-ին՝ հղում անելով տնտեսության վերականգնման ծրագրի նախագծին, արժեքը գնահատել է 8 տրիլիոն ռուբլի: Տնտեսության աջակցությանը բյուջեից կհատկացվի 6 տրիլիոն ռուբլի իբրև ծախս ու չստացված եկամուտ, ևս 2 տրիլիոն ռուբլի կկազմեն ներդրումները ինֆրակառույցներում, այդ թվում՝ արտաբյուջետային: The Bell-ը հաշվարկել է, որ կորոնավարակի ճգնաժամի ընթացքում կառավարությունը պատրաստվում էր փոքր ու միջին բիզնեսին աջակցել 1,9 տրիլիոն ռուբլով, բնակչությանը՝ 547 միլիարդ ռուբլով:


Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքների գնահատականը ՌԴ տնտեսության մեջ տարբերվում են՝ չափավոր դրականից մինչև բացասական, բայց փորձագետների մեծ մասը համամիտ են, որ նախաճգնաժամային ցուցանիշների լիարժեք վերականգնում հնարավոր է միայն երկու տարի հետո: Ապրիլի վերջին ԿԲ-ն կանխատեսում էր, որ երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի անկումը 8% կլինի, որից հետո տնտեսությունը կսկսի վերականգնվել, սակայն դանդաղ և ՀՆԱ-ի նախաճգնաժամային ցուցանիշներին հնարավոր չէ հասնել ոչ 2020-ին, ոչ էլ գուցե 2021-ին: Մայիսի 18-ին Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի հրապարակած կանխատեսման մեջ նշվում էր, որ ՌԴ տնտեսությունը կվերադառնա նախաճգնաժամային ցուցանիշներին 2022-ի կեսից ոչ շուտ, իսկ 2020-ին սպասվում է 4,3% անկում: Տնտեսական զարգացման նախարարությունը մայիսի 21-ին կանխատեսում էր, որ ճգնաժամի հիմնական հարվածը կլինի 2020-ի երկրորդ եռամսյակում, երբ ՀՆԱ-ն կկրճատվի 9,5%, իսկ երրորդ եռամսյակում տնտեսության անկումը կլինի 6,3%, չորրորդում՝ 5,2%: Նախաճգնաժամային մակարդակ տնտեսությունը դուրս կգա 2022-ի առաջին կիսամյակում:


BCG կոնսալտինգային ընկերությունը մայիսի վերջին ներկայացրել է ՌԴ տնտեսության մեջ իրավիճակի զարգացման 4 տարբերակ: Ընկերության փորձագետները առավել հավանական են համարում, որ երկրին սպասում են հիվանդացածության կրկնվող ալիքներ և կարանտինի հերթագայություն՝ մինչև պատվաստանյութի ստեղծում, փոքր ու միջին բիզնեսի սնանկության ալիք և ՀՆԱ-ի կրճատում 7-10%:
BBC


Հ.Գ. Իսկ ՌԴ նախագահը բոլորովին այլ ծրագրեր ունի՝ կդիմանան ռուսները, թե ոչ նրա ծրագրերին՝ շքերթ, հանրաքվե ու, ինչպես պարզվում է վարչապետ Միխայիլ Միշուստինի ծրագրից՝ 2 տարի հետո համաշխարհային տնտեսական զարգացման աճին գերազանցող աճ: Գուցե դա իրոք հնարավոր է, հաշվի առնելով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Բայց հնարավոր է նաև այլ տարբերակ, որի մասին հաճախ էր ասում ՌԴ մեկ այլ վարչապետ՝ Վիկտոր Չեռնոմիրդինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ