…Իսկ եղրևանին վաղուց ծաղկել է
28.04.2020 | 00:07
Գուցե անհավատալի է, որ եղրևանին վաղուց ծաղկել է, իսկ Հայաստանում ավելի շատ ձյուն է եկել, քան ձմռանը: Հայաստանն այսպիսի երկիր է՝ անկանխատեսելի, արտառոց ու արկածախնդիր: Բնությունն էլ, մարդիկ էլ, կյանքն էլ: Անհավանական երկիր:
Անհավանական էր, որ երբևէ ապրիլի 24-ին կփակվեն Ծիծեռնակաբերդի դռները:
Բայց փակվեցին: ՈՒ 2020-ի ապրիլի 24-ը մտավ պատմության մեջ: Ինչ-որ պահից մոռացանք օրվա իմաստն ու խորհուրդը ու ազգովին ուզում էինք 82-ամյա Արտուշ Միրզոյանին բարձրացնել անշեջ կրակի մոտ, որ պետք է անեին ոստիկանները՝ ցերեկով, բայց գիշերով՝ 2.15-ին, արեց Նիկոլ Փաշինյանի հրամանը: Ինչ-որ պահից հիանում էինք հուշահամալիրի լուսավորությամբ ու հետևում էինք՝ մեր անունը կհայտնվի՞ հուշաքարերի վրա: ՈՒ դա բուռն ու երկար անձրևից հետո, որ մենակ բարձրանում էր Ծիծեռնակաբերդ՝ ուղեկից ունենալով ՀՀ վարչապետին, Վեհափառին, նախագահին, Աժ նախագահին… ԱՀ ընտրված նախագահին՝ հատկապես, որ միայնակ ու հարգանոք՝ առանց հովանոցի, անցնում էր դեպի անշեջ կրակ ճանապարհը: Անձրևը պաշտոնի ու անցագրի կարիք չուներ: Օրվա մեջ տարածվում էին տարբեր երկրների նախագահների ուղերձները: Տասնյակներով: Ի՞նչ էին ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Թուրքիայի նախագահը:
Էրդողանը Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և հայ համայնքին ուղերձում գրել էր. «Ես հարգանքով հիշում եմ օսմանյան հայերին, որ զոհվել են դժվարին պայմաններում Առաջին աշխարհամարտի ժամանակ և որ մեծ տառապանք է բերել աշխարհի ժողովուրդներին, անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»: Նրա խոսքով՝ հայերի և թուրքերի ընդհանուր նպատակն է «ապագայի կառուցումը բարեկամության հիման վրա, որն իր արմատներն անցյալում է գցել»: «Մենք գիտենք այն շրջանակները, որ անտեսում են մեր միասնությունը և փորձում են թշնամություն սերմանել պատմական հողի վրա: Մենք ցանկանում ենք ստեղծել միասնությամբ և հանգստությամբ լի ապագա, և մեր գլխավոր ցանկությունը հնարավորություն չտալն է նրանց, որ այլ նպատակներ են հետապնդում»՝ ասել էր Էրդողանը: Նրա խոսնակ Իբրահիմ Քալընը ավելի «սրտաբաց» էր. նա Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության հետևանք չի համարում: Քալընի խոսքով՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, հակաթուրքական քաղաքական շրջանակները միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։ «Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։ ՈՒ՝ կրկնել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Էրդողանի առաջարկը: 2009-ի հայ-թուրքական արձանագրություններն անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության քայլ՝ քննադատելով Հայաստանին «քայլն» անպատասխան թողնելու մեջ։ Քալընը չի մոռացել մահացած «բաց արխիվները». ամեն ինչ՝ ինչպես միշտ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեց «20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որ կորցրին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհ»։ Նա, ինչպես Ռոնալդ Ռեյգանը, չասաց «գենոցիդ», պարզապես «ողջունեց»՝ ինչ չկա՝ «հայերի և թուրքերի ջանքերը` ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրեց.
«Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականների սպանդը, որ սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը, պայքարել ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղել այդ ողբերգական պատմության էջից»:
Եվ հավելեց. «Ես համոզված եմ, որ Ֆրանսիան և Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության: …Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից քար լռություն էր: Իսկ ընդհանրապես՝ ցավալի է տեսնել, որ մեր մեծամասնության մեջ մենք դեռ անապատում դեգերող հրեաներն ենք, բայց նրանց 40 տարին մեր պարագայում արդեն 105 տարի է ու էլի 105 կտևի այս ընթացքով: ՈՒ՝ մեզ նաև մանանա տվող չկա:
Հրանտ Մաթևոսյանը ասում էր՝ ցեղասպանության մասին չի կարելի գրել, բայց ինքը գրեց «Մեծամորը», որ հանճարեղ գիր է՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիից» հետո, աշխարհի ու հայերի ճշգրիտ բնութագիր: Հրեաները Հիսուս խաչեցին, բայց այդքան չբարդույթավորվեցին, որքան մենք 1915-ից հետո: Հիսուսին խաչելուց 70 տարի հետո, երբ Տիտոս կայսրը ավերեց Սողոմոնի տաճարը ու հրեաներին վռնդեց Երուսաղեմից, նրանք միմյանց հրաժեշտ տալիս ասում էին՝ «Կհանդիպենք Երուսաղեմում»: ՈՒ 1946-ին Իսրայել պետություն ունեցան:
Մենք կողբանք Վանի, Կարսի, Սասունի, Մուշի համար, ու՝ մեր գործը կհամարենք ավարտված: Շատ էլ հարմար ու ձեռնտու է թույլի կերպարով ապրելը, եթե չունես ազգային ինքնագիտակցություն: Քեզ բռնաբարել են, կողոպտել, սպանել, ուրեմն մեղավոր են, թող արդարանան ու քեզ պահեն: Դու մեղավոր չես, աշխարհն է մեղավոր: Դու արդար ես, աշխարհն է անարդար: Անավարտ սուգը փոխանցում ենք սերնդեսերունդ, ու դա է մեր համաշխարհային միասնության առհավտաչյան: Հա, մեկ էլ՝ ներելը. մենք ուզում ենք, որ «թուրքը» ածականից դառնա գոյական: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գրիգոր Զոհրապը իր գլուխը քարով ջարդած թուրքին ասել էր. «Թալեաթ փաշան իմանա՝ գլուխդ կտրելու է»: Մեր ինքնագիտակցությունը քայլ առաջ արե՞լ է: ՈՒ՞մ ներես ու ի՞նչը ներես: Թուրքն ուզու՞մ է, որ իրեն ներես: Եթե անգամ Էրդողանը կամ երբևէ որևէ այլ նախագահ ասի՝ «Կներեք, սխալ ենք եղել», ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ լավ, որ ընդունում եք, ներու՞մ ենք մեր հայրենազրկումն ու ցեղասպանությունը: Ե՞րբ ենք ընկալելու, որ միայն դեպի ապագան կողմնորոշվելով՝ կկարողանանք վերադարձնել անցյալի կորուստները: Ոչ թե օտարներից ընկալում ու աջակցություն ակնկալելով: Այսօրվա հարցերը լուծելով, նույնքան ու ավելի հզոր երկիր դառնալով, քան Թուրքիան: Որ դա հնարավոր է, ապացույցը Իսրայելն է՝ շրջապատված արաբական աշխարհով, որի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի, նավթ ու գազ ու անգամ ջուր չունի՝ մի կտոր հայրենիք՝ անապատում ու Միջերկրականի ափին: Հայկական հարցի միակ լուծումը դա է, ոչ թե՝ ով ինչ ասեց կամ չասեց ու արեց:
Եվ Արցախի հարցի լուծումն էլ մաս է հայկական հարցի: Ապացույցը՝ նույն գործող անձինք են, հին ու նոր անուններով: Անգամ նույն քաղաքականությունն է՝ ապացույցը Ռուսաստանն է տալիս՝ ԱԳ ներկա նախարարի հայտարարություններով: Համարյա մի շաբաթ Հայաստանը ջերմեռանդ քննարկում է՝ ի՞նչ ու ինչու՞ ասաց Լավրովը, ի՞նչ ու ինչու՞ չասաց Փաշինյանը, ի՞նչ ու ինչու՞ ասաց Մնացականյանը, ի՞նչ պատասխանեց Բաքուն: Թեպետ վաղուց ակնհայտ էր, որ հայկական կողմը ինչ էլ անվանի՝ եթե ժամերով հանդիպում ու խոսում են, ուրեմն ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ, եթե բանակցում են, ուրեմն ինչ-որ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ կա, եթե ինչ-որ փաստաթուղթ կա, Բաքուն ցանկացած պահի շահարկելու է: Ինչու՞, ուրեմն, Լավրո՞վը: Որովհետև օբյեկտիվ իրականություն է, որ Մոսկվայի ու Բաքվի շահերը համընկնում են, որ Բաքվի սուբստանցիոնալ բանակցությունների ու Լավրովի պլանի միջև չկա տարբերություն: Ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները տեսակոնֆերանս են անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ապրիլի 21-ին ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը՝ նախարարները և եռանախագահները մարտի կեսերից պարբերական խորհրդակցություններ են անցկացրել հեռավար եղանակով՝ անդրադառնալով մի շարք արդիական հարցերի. «Համանախագահներն ընդծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արեցին կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ»: Լավրովը կրկնեց հիմնախնդրի փուլային լուծման տարբերակը, Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մոտեցումը ընդունելի չէ: Բայց որքան էլ տարօրինակ է՝ Լավրովն ինքն իրեն պատասխանեց: «Ոչ մի երկիր այլևս չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել միջազգային հանրությանը»,- ասաց նա ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում ու բացատրեց. «Պետությունները, որ փորձում են միակողմանի խաղի կանոններ ձևավորել, վերջնականապես կորցրել են այդ հնարավորությունը՝ բախվելով միջազգային կյանքի անկախ մասնակիցների դիմակայությանը: Դա տեղի չի ունենա, արդեն անհնար է. նրանց դիմակայում են այնպիսիները, որ ունեն միջազգային օրակարգի հաստատման հարցում իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորությունները»: Իմա՝ ՌԴ-ն միայնակ ոչինչ չի որոշում ու ոչինչ չի նշանակում, որ Լավրովը խոսում է ՄԽ-ի անունից, աշխատել է պետք ԲՈԼՈՐ կողմերի հետ, որ մենք չենք անում: Վիեննայի պայմանավորվածությունները Բաքվին պարտադրել է պետք, որ մենք չենք անում: Մենք նույնիսկ ՌԴ-ին իր երկակի ստանդարտները չենք վկայաբերում. 2019-ի սեպտեմբերի 27-ին ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ մեղադրելով Արևմուտքին՝ ասել էր. «Երբ ձեռնտու է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նշանակություն ունի, իսկ երբ պետք չէ, համարվում է անօրինական»: Պետք չէ՞ հարցնել՝ ինչպե՞ս է վարվում Ռուսաստանը Արցախի հարցում՝ ճանաչու՞մ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, թե՞ կողմ է տարածքային ամբողջականությանը: Եթե ՌԴ ԱԳ նախարարը դեմ է կրկնակի ու բազմակի ստանդարտներին և մեղադրում է Արևմուտքին այդ վարքագծի համար, ինչու՞ է նույնն անում ՌԴ-ն: Ավելին՝ խորացնում է կոնֆլիկտը՝ սպառազինելով կոնֆլիկտի կողմերին ու կախվածության մեջ դնելով իրենից: Սա ո՞ր ստանդարտն է՝ բիզնեսի՞, թե՞ բիզնեսի վրա հիմնված արտաքին քաղաքականության, որտեղից վաղուց դուրս է վռնդված բարոյականությունը: Արևմուտքն էլ, Արևելքն էլ, Ռուսաստանն էլ առաջնորդվում են սեփական շահով, ու դա վաղուց Պոլիշինելի գաղտնիքը չէ, ուրեմն ինչու՞ է ՌԴ ԱԳ նախարարը պարբերաբար ճշմարտությունը բացահայտողի տեսքով՝ տարբեր ամբիոններից անում հայտարարություններ, որոնց հիմքում շահն է, ոչ թե ճշմարտությունը: ՈՒ դա վերաբերում է ոչ միայն Արցախին, այլև գազի գնին, և հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես: Հակադարձելու համար պիտի ունենաս ոչ թե «փայլուն» անձնական հարաբերություններ, այլ ինքնիշխանություն: Իսկ մենք մեզ պատեպատ ենք տալիս՝ արդարանում ու մեղադրում՝ խորացնելով հայկական արտաքին քաղաքականության ու դիվանագիտության անլիարժեքության բարդույթը, մոռանալով պետության ինստիտուցիոնալ հիշողությունը՝ հրաժարականների, հեղափոխությունների պատմությունը. ու մեկ էլ՝ որ մենք հպարտ հայ էինք Արգիշտիի օրերից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վաղուց ծաղկել է եղրևանին, բայց Հայաստանում ձմեռը չեկած ձյունն է գալիս: Մեկ էլ վարչապետն է ասում, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մինչև 2021-ի հունիսի 30-ը պետք է պատրաստ լինի: 2023-ի ընտրություններից՝ 1 տարի առաջ էլ երևի կընդունվի: Տարին՝ մեկ հանրաքվե, ո՞վ ունի մեր հնարավորությունները՝ ժողովրդավարական ու ֆինանսական: Ողջ լերուք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ