Երկիր-հիվանդանոց
10.04.2020 | 12:42
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Wall Street Journal-ում հոդված է գրել՝ «Կորոնավարակի պանդեմիան ընդմիշտ կփոխի աշխարհակարգը» խոսուն վերնագրով: Եվ արձանագրել է, որ երկրները համախմբվում ու բարգավաճում են շնորհիվ վստահության, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետները, վերացնել հետևանքները և վերականգնել կայունությունը: «Երբ ավարտվի COVID-19 պանդեմիան, շատ երկրների ինստիտուտներ կընկալվեն իբրև ձախողված: Այդ եզրակացությունը օբյեկտիվորեն արդար կլինի, թե ոչ, նշանակություն չունի: Իրականություն է, որ կորոնավարակից հետո աշխարհը երբեք նախկինը չի լինի»,- գրել է Հենրի Քիսինջերը: Փաստացի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ձևակերպել է 3 խնդիր՝ պահպանել 1՝ մարդկանց, 2՝ տնտեսությունը, 3՝ միաժամանակ՝ իշխանությունը: Այս հավասարումը շատերն են սկսել գիտակցել, կարևորը լուծումներն են, որոնց մեջ միասնություն դեռ չի երևում: Գուցե չլինի էլ: Հենրի Քիսինջերի փորձն ու իմացությունը նրան ախտորոշման իրավունքը տվել են, ցավոք, նա այլևս իշխանություն չէ:
Իսկ ի՞նչ են անում նրանք, որ իշխանություն են: Հիմնականում ջղաձիգ քայլեր՝ փորձելով կանխել պանդեմիայի տարածումն ու մահացությունը: Եվ բժշկական բազում պարադոքսներից բացի փաստացի COVID-19-ը քաղաքական պարադոքսի առաջ է կանգնեցնում՝ ցանկացած երկրի իշխանություն ստիպված է ապացուցել իր համարժեքությունը իրավիճակին ու արագ լուծումներ գտնելու ունակությունը, միով բանիվ՝ կորոնավիրուսային լեգիտիմությունը: Քննությունից անսպասելի «կտրվում են» գերհզորները: Փաստացի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ սկզբից, մեղմ ասած, լուրջ չէր վերաբերվում համաճարակին, հիմա ստիպված է զինուժի օգնությանը դիմել ու երկիրը դարձնել հիվանդանոց, երբեմն բաց երկնքի տակ:
Քննությունը տապալեց Ջուզեպե Կոնտեն՝ Իտալիան շարունակում է առաջինը մնալ մահաթվով: Հետ չի մնում Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիան ևս տապալվեց իր առողջապահական գերհզոր համակարգով: Բորիս Ջոնսոնը ոչ միայն Մեծ Բրիտանիային դատապարտեց հարյուրավոր զոհերի, միլիարդների ֆունտ ստեռլինգի կորստի, այլև հայտնվեց Սենտ Թոմասի հոսպիտալում ու պայքարում է կորոնավարակի դեմ անձամբ: Դիմանում է Անգելա Մերկելը՝ Գերմանիայում վարակի տարածումը մեծ է, մահացությունը՝ ցածր: Անցյալ շաբաթ «հանձնվեց» և Ճապոնիան՝ Սինձո Աբեն կարանտին հայտարարեց Տոկիոյում, Օսակայում, հարակից շրջաններում:
Փաստացի՝ վարակի արագ տարածումը հարուցում է առողջապահական համակարգի ճգնաժամ, որն էլ բերում է մահացության բարձր տոկոսի: «Տեղեկացված ես, ուրեմն՝ պատրաստ ես» բանաձևը չաշխատեց և Հայաստանում: Ինչու՞ ձախողվեցին Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, որովհետև նրանք գնացին կարանտինի ուշ հաստատման և ոչ թե համատարած, այլ՝ կասկածյալներին թեստավորելու ճանապարհով: Գերմանիան հենց սկզբից մեկուսացրեց և վարակակիրներին, և նրանց հետ շփվածներին՝ դանդաղեցնելով համաճարակի տարածումը: Հայաստանը, ինչպես միշտ, «թերագնահատեց» Եվրոպային, փակվեց Իրանի հետ սահմանը, բայց բաց մնաց Եվրոպայինը, մասնավորապես՝ Իտալիայինը: ՈՒ այն ժամանակը, որ պիտի տրամադրվեր հազարավոր թեստերի ձեռքբերմանը, վերակենդանացման բաժանմունքների մահճակալների բազմապատկմանը, բուժաշխատողների վերապատրաստմանը, Հայաստան մտնող բոլոր ուղևորների մեկուսացմանն ու տեստավորմանը, տրվեց քաղաքական խնդիրների լուծմանը ու անցավ թեթևամիտ վերաբերմունքի սկզբունքով՝ «Կորոնավիրուսն ու՞մ շունն է» բանաձևով: Ամեն առավոտ մեզ ներկայացվում են թվեր, որոնց հավաստիությունը հարաբերական է: Ոչ այն պատճառով, որ իրականությունը թաքցվում է, այլ այն, որ իրականում փաստացի վարակվածները շատ ավելին են, քան հայտնի է:
Որովհետև նրանք չունեն ախտանիշներ, որովհետև նրանք չեն թեստավորվել, որովհետև նրանք, պարզապես, հայտնի չեն: Իմա՝ մենք տեսնում ենք այսբերգի միայն երևացող հատվածը: ՈՒ՝ ուրախանում ենք, կամ՝ տխրում, առանց մտածելու: Կարանտինը բուժում չէ, սոսկ հետաձգում է: Համաճարակաբանների գնահատականով՝ պետք է վարակվի բնակչության 60 տոկոսը, որ համաճարակը կանգ առնի: Փաստացի՝ Հայաստանը չի հասել կորոնավիրուսի հիվանդացության պիկին տեսականորեն՝ անկախ հնչող գնահատականներից, հետևաբար և՝ մահացության պիկին: Ի՞նչ տարբերակներ կան պիկի վերաբերյալ.
1. Այո, հաղթահարել է:
2. Հիմա հենց պիկն է:
3. Ոչ, չի հաղթահարել:
Եթե այո, ուրեմն հանվում են սահմանափակումները, բայց քանի դեռ բնակչության 60 տոկոսը չի վարակվել ու ապաքինվել, կորոնավիրուսը տարածվում է ավելի շատ: ՈՒ՝ ստանում ենք ԱՄՆ-ի պատկերը՝ մահճակալներ ծառերի տակ: Երկիր-հիվանդանոց, որտեղ ամենամեծ դեֆիցիտը բժիշկներն են:
Եթե Հայաստանը հիմա պիկում է, պետք է հասկանալ, բնակչության քանի՞ տոկոսն է թեստավորված, ո՞ր մասն է կանաչ, ո՞ր մասը՝ կարմիր հատվածում: ՈՒ՝ պետք է լինի ճշգրիտ հաշվարկ: Առողջապահական, ոչ թե քաղաքական:
Եթե չի հաղթահարել, ըստ ժամանակագրության՝ պիկը կլինի մայիսին, որքան էլ պարադոքսալ, դա լավագույն տարբերակն է, որ առողջապահական համակարգը կարողանա չպայթել ու հաղթահարել հիվանդների հորձանքը: Թեկուզ հյուրանոցներում, Մարզահամերգայինում, բայց՝ բժիշկների հետ, որ կհերիքեն հիվանդներին: Գուցե նաև վերջապես կհասկանան, որ երկրին գլխավոր համաճարակաբան է պետք՝ ՄԱՍՆԱԳԵՏ, որ մասնագիտական պատասխան կտա համաճարակին վերաբերող հարցերին, ոչ թե սիրողական՝ նախարարների ու վարչապետի, պարետի մակարդակում, որ լավագույն դեպքում ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ են, բայց ոչ մասնագիտացված ԲԺԻՇԿ:
Իսկ կազմակերպիչները այս ընթացքում պետք է լուծեն համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակի երկրորդ ամենակարևոր հետևանքը հաղթահարելու հարցերը՝ տնտեսական: Անցյալ շաբաթ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» դարձնելով «բացասական», և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում: «Կորոնավիրուսի առաջացրած ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա ապրանքատեսակներից (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջությունից կախվածության պատճառով, որը միայն մասնակիորեն փոխհատուցվում է նավթի ցածր գներից ստացված եկամտով: Դա կատարվում է Հայաստանի մաքուր արտաքին պարտքի հարաբերականորեն բարձր մակարդակի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին, որը միայն մասամբ է ֆինանսավորվում կապիտալի ներհոսքի հաշվին, որը չի ստեղծում պարտքային պարտավորություններ»,- ասված է Fitch Ratings-ի եզրակացության մեջ: 2019-ի նոյեմբերին Fitch Ratings-ը բարձրացրել էր Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատելով «B+» մակարդակում` «կայուն» կանխատեսմամբ: «Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և բարեփոխումներին պահպանվող հակվածությանը, տնտեսական ցնցման պատճառով պետական պարտքը ձեռք է բերել նկատելիորեն ավելի բարձր հետագիծ, և 2020-ի մեր կանխատեսումները փոխկապակցված են COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բացասական ռիսկերի հետ»՝ ըստ եզրակացության: Կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019-ին գրանցված 7,6 %-ից մինչև 2020-ին 0,5 %: Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասնակիորեն կվերականգնվի 2021-ին` մինչև 5,5 % արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, հաճախակի սպառման վերականգնման և չափավոր բյուջետային քաղաքականության պայմաններում զբաղվածության մեծացման շնորհիվ: Առանձնապես նորություն չէ: Կառավարության ընդունած 9 փաթեթների նպատակը հենց այս պատկերը չունենալն է, հարցը մեկն է՝ իսկ արդյունավե՞տ են այդ փաթեթները, կաշխատե՞ն: Կդիմանա՞ տնտեսությունը շոկին, որ բնութագրվում է ոչ միայն չաշխատելով, այլև՝ աշխատատեղեր չլինելով: Արտադրություն չլինելով: Երկուշաբթի մի քանի ժամ վարչապետը փորձում էր հասարակության համար հոգեթերապևտ աշխատել՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանելով ինչ-որ հարցերի, որ լայքերի չեմպիոն էին: Լավ էր, վատ էր՝ յուրաքանչյուրն իր գնահատականն ունի, բայց ասուլիսից ասուլիս, լայվից լայվ խորանում է տպավորությունը՝ մարդու մենակության ու թիմի չգոյության:
…Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատում է՝ բոլորն իրենց աշխատավայրում են, գլուխները կախ՝ անում են իրենց գործը, բոլորը՝ քաղաքապետարանը, թաղապետարանները, համատիրությունները: Հա՞, որ:
Մարտի 16-ից համարյա ամեն օր ոստիկանները անցնում են մեր փողոցով ու բարձրախոսով հայտարարում՝ ինչ անելու իրավունք չունի մեզնից յուրաքանչյուրը: Շնորհակալություն նրանց: Նաև նրանց, որ շրջում են փողոցներում ու ստուգում կարանտինի կանոնների կատարումը: Բայց երբ առավոտից երեկո մեզ՝ տանը մեկուսացածներիս ու ինքնամեկուսացածներիս, անընդհատ ասում են, թե ինչ պիտի չանենք, ինքնաբերաբար ստեղծվում է եթե ոչ հակադրվելու, գոնե դիմադրելու ցանկություն: ՈՒ անդիմադրելի ցանկություն՝ հարցնելու՝ ինչու՞ պետությունը իր քաղաքացուն թողնում է մենակ վախի, անորոշության ու անտարբերության հետ: Ֆորս մաժորների ժամանակ պետության անմիջական վերաբերմունքը ո՞վ պիտի արտահայտի: Ձեզնից քանիսի՞ն են զանգահարել համատիրության աշխատակիցները ու հարցրել՝ ո՞ղջ եք, ո՞նց եք, ինչի՞ կարիք ունեք: Տարեցներին, թոշակառուներին, հիվանդներին: Քանիսի՞ն: Ձեզնից քանիսի՞ շենքի մուտքի դուռն է ախտահանվել կամ վերելակը: Մերը՝ ոչ մի անգամ: ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ: Մի՞թե ամեն ինչի պատասխանատուն միայն բժիշկներն են: Մեկ էլ՝ քաղաքացիները: Իսկ ինչի՞ համար են համատիրությունները: Մենք սոսկ աշխատավա՞րձ ենք տալիս որոշակի թվով մարդկանց՝ ոչինչ չանելու համար: Հատկապես հիմա, երբ այդ աշխատավարձը շատերի համար դարձել է ապրիորի՝ երբ չկա աշխատանք, չկա վարձ: Ի՞նչ էր ասում Հայկ Մարությանը: Գլուխները կախ աշխատու՞մ են, դե թող գլուխները բարձրացնեն ու շուրջբոլորը նայեն: Կամ՝ գնան տուն: Անձրևն ավելի շատ է փողոցները մաքրում, քան նրանք, որ այս օրերին ոչ միայն պետք է մաքրեն, այլև ախտահանեն: Եթե չենք ուզում երկիր-հիվանդանոց դառնալ: Մեկ է՝ պարգևները կանոնավոր ստացել են: Պարգևավճարների մասին. բացարձակապես ոչ մի պետական ծառայող այս պայմաններում այլևս չպետք է պարգևավճար ստանա, որովհետև յուրաքանչյուր լումա հիմա պիտի ծառայի ԲՈԼՈՐԻՆ, անգամ եթե այդ բոլորի համար կդառնա ամսական 50 դրամ: Հայրենիքը սիրելը փոխադարձ է: Կան պահեր, որ հատկապես պիտի զգաս՝ ՀԱՅՐԵՆԻՔԴ ԷԼ ՔԵԶ Է ՍԻՐՈՒՄ, արժևորում է հենց քեզ, հենց քո կարիքն ունի ու առանց քեզ ինքն ինքը չէ: Որովհետև դու երբ ասում ես՝ ես ես եմ, հասկանում ես՝ ՀԱՅՐԵՆԻՔՍ ու ես: Իսկ եթե ոչ, ծեր հրեան՝ Հենրի Քիսինջերը, ճիշտ է՝ մենք ապրում ենք դժվար ժամանակներ, երբ խզվում է պետություն-քաղաքացի հասարակական պայմանագիրը…
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի երկու բժիշկ՝ այլմոլորակայինի հանդերձանքով, քոչարի էին պարում: Ընդամենը երկու բժիշկ: Չգիտեմ՝ ովքեր էին, չգիտեմ՝ ինչու՞ էին պարում, բայց վստահ եմ՝ նրանք չհանձնվողների ու հաղթողների ցեղից էին, որոնց մի մասը նաև հայ է, ու ապրում է այստեղ ու հիմա՝ 2020-ի Հայաստանում: Պատվիրանը նույնն է՝ չվարակվեք ու չվարակեք: Ողջ լերուք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ