ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դավադրության անհեթեթ, վտանգավոր ու աբսուրդ տեսություններ

Դավադրության անհեթեթ, վտանգավոր ու աբսուրդ տեսություններ
09.04.2020 | 11:04

Կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններն ավելի շատ թշնամանք են տարածում ու սպառնում են մարդկանց կյանքին՝ գրում է Սեբաստիրան Լեբերը Der Tagesspiegel-ում: Որոշ ինքնուս բուժակներ խորհուրդ են տալիս սպիտակեցնող հեղուկներ խմել՝ վարակին անընկալունակ դառնալու համար: Ոմանք հաստատում են, որ ոչ մի վարակ ընդհանրապես գոյություն չունի՝ ամեն ինչ հնարված է, որ մարդկությանը շահագործեն: Կամ՝ տնտեսական ճգնաժամից ուշադրությունը շեղեն: Կամ՝ ազատությունից զրկեն Անգելա Մերկելին:

Կորոնավիրուսի դավադրության մասին այսօր տարածվող տեսություններից շատերն այսօր այնքան անհավանական են, որ դժվար է պատկերացնել՝ որևէ մեկը լուրջ կընդունի: Բայց այդ տեսությունները սոցիալական ցանցերում ու մեսենջերներով տասնյակ հազարներով են տարածվում: Էզոթերիկները, խաբեբաները, կրոնական ֆանատիկները, աջ էքստրեմիստները, նաև մարդիկ, որ պարզապես տառապում են անորոշությունից: Հետևանքները շատ իրական են: Դավադրությունների տեսությունները հանգեցնում են ոչ միայն նրան, որ մարդիկ արհամարհում են զգուշության նպատակամետ միջոցները՝ վտանգելով իրենց ու մյուսներին, դավադրությունների տեսությունները սերմանում են ատելություն փոքրամասնությունների նկատմամբ, սպառնալիք են բուժսպասարկմանը, սադրում են կոնկրետ հանցագործություններ: Բուժակները մի քանի հարյուր եվրոյի դիմաց առաջարկում են հեռահար բուժում՝ նրանց կարծիքով վարակը կարելի է վարակազերծել ինտենսիվ մտածելով: Ֆուլդի մի բնակչուհի, որ իրեն անվանում է «հոգևոր վիրաբույժ» և «կենսական ուժերի խորհրդատու» մարդկանց կոչ է անում թղթեր կախել 537354 թվերով: Նա պնդում է, որ ստացել է այդ «կախարդական բանաձևը անտեսանելի աշխարհի էակից»: Նա հորդորում է այդ թվերը գրել ամենուր, հատկապես մարդաշատ հասարակական վայրերում, օրինակ՝ կայարաններում կան առևտրի կետերում: Կասկածներ է հայտնում մի գուրու Ռուսաստանից, նա ուղղում է, որ կորոնավարակից պաշտպանության թվերի ճիշտ դասավորությունը 4986489 է: Դավադրության տեսությունների կողմնակիցները պատահական չեն համարում, որ Covid-19-ի տարածումը սկսվեց Չինաստանի Ուհան քաղաքից: Վերջիվերջո, այնտեղ մեծ թվով 5G-ի աշտարակներ կան՝ բջջային կապի նոր հաճախականության: Ախտանիշներ հարուցում է ճառագայթումը, իսկ վարակ, նրանց կարծիքով, չկա: Նրանք չեն բացատրում՝ ինչու՞ են վարակով հիվանդանում մարդիկ այլ երկրներում, օրինակ, Իրանում, որտեղ 5G կապ չկա: Մեծ Բրիտանիայում 5G-ի քննադատները վերջին օրերին վառել են բջջային կապի մի քանի աշտարակներ: Մինչև կորոնավարակը 5G-ի քննադատները նախազգուշացնում էին, որ ճառագայթման կողմնակի հետևանքները մազաթափությունն ու ցանն են: Հիմա այդ ախտանիշների մասին այլևս չեն խոսում:


Որոշ դավադրապաշտներ գտնում են, որ պանդեմիան վաղուց էին չար ուժերը ծրագրել՝ «նոր աշխարհակարգ» ստեղծելու համար: Նպատակը մարդկությունը շահագործելն է: Այդ նպատակով անդրկուլիսային տիկնիկավարները ձգտում են զանգվածային պատվաստման, կանխիկ փողը վերացնելու, տեղաշարժի լրտեսման և արգելքի, և այդ ամենը ներկայացնում են իբրև կորոնավարակի դեմ պայքարում անվտանգության միջոցառում: Այս տեսակետը տարածված է աջ էքստրեմիստական շրջանակներում, հատկապես հակասեմիտների, որ գտնում են՝ այդ ամենի հետևում հրեաներն են կամ Իսրայելի կողմնակիցները:


Գիտակցության ուսումնասիրության ինքնակոչ մասնագետները, ինչպես Բրունո Վյուրտենբերգը, հակառակը, գտնում են, որ աշխարհում կատարվողը դրական է: Թվացյալ քաոսը, նրա կարծիքով, օգտագործվում է իշխանազրկելու չար ղեկավարներին ու նրանց թիկունքում գտնվողներին (նրանք կոչվում են նաև իլյումինատներ և սատանիստներ): Բարի ուժերը միաժամանակ ստեղծում են «մարդասիրական, սիրով լի» համակարգ, որտեղ չեն լինի սով ու պատերազմներ: Դավադրապաշտների խոսքով՝ հասարակական կյանքի կանգը նախատեսված է, որ «մենք չխառնվենք, քանի դեռ կարգուկանոն է հաստատվում»: Այս տեսության ապացույց է համարվում ամեն նոր հաղորդում, որ ինչ-որ քաղաքական գործիչ կարանտինում է: Դավադրապաշտների կարծիքով՝ նա բնավ էլ վարակված չէ, ընդամենը իշխող չար էլիտայի մաս է, և հիմա զտման շրջանակներում իրավացիորեն զրկվում է ազատությունից: Դա արդեն վերաբերել է Անգելա Մերկելին, արքայազն Չառլզին և Բորիս Ջոնսոնին: Կանցլերին կարանտինից հետո իբր փոխարինել են կրկնակով:


Վիթխարի լողացող հոսպիտալը, որ մոտեցել է Նյու Յորքի ափերին, դավադրապաշտների կարծիքով՝ վարակվածների բուժման համար չէ, այլ հարյուրավոր փրկված երեխաների, որ տարիներով տանջանքների են ենթարկվել էլիտաների կողմից: Տանջանքները, իբր, կիրառվել են, որ երեխաների օրգանիզմում արտադրվի ադրենոխրոմ, որ ձևավորվում է ադրենալինի տրոհումից: Քաղաքական գործիչերին, օրինակ, Հիլարի Քլինթոնին ու մյուս «սատանիստներին» ադրենոխրոմը ծառայում է իբրև երիտասարդության էլեկսիր: Հակասեմիտները կորոնավարակը օգտագործում են, որ նոր վարկածով տարածեն այն գաղափարները, որոնց սովորաբար հավատում են: Նրանք կարծիքով՝ հրեաները ընտրողաբար տարածել են վարակը, որ մեծ հարված հասցնեն իրենց թշնամիներին, կամ՝ տարածում են գոյություն չունեցող հարուցիչի մասին լուրեր, որ մարդկությանը խուճապի մատնեն ու իրենց վերահսկողությունը հաստատեն: Նորությունը, որ իսրայելցի գիտնականներն աշխատում են պատվաստանյութի վրա, համարվում է հրեաների մեղքի ապացույց՝ նա, ով հնարել է վարակը, իհարկե, ցանկացած պահի կարող է պատվաստանյութը ստեղծել: Աջ էքստրեմիստները կոչ են անում դիտմամբ հազալ հրեաների վրա՝ նրանց վարակելու համար: Քրիստոնեական որոշ ուղղությունների ու աղանդների քարոզիչներ կորոնավարակը համարում են Աստծո արդար պատիժ: Նրանց խոսքով՝ Աստծուն զայրացրել է անցուցքների ու միասեռ ամուսնությունների լեգալացումը: Բեռլինում ու Գերմանիայում Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Միխայել Արնդտի կարծիքով՝ «պատահական չէ, որ այսօրվա աղետը մեզ պատուհասել է Մեծ Զատկի օրերին»: Նա նաև հնարավոր մեղավորներին է նշել՝ ի թիվս այլոց՝ նրանց, որ «չեն ընդունում Աստծո տված տարբերությունը տղամարդու ու կնոջ միջև»:


Համառորեն շարունակվում է գոյությունը տեսության, որ կորոնավարակի պանդեմիան կապված է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան հետ: Ապացույցները իբր անվիճելի են: Օրինակ՝ Բրայանտը հուղարկավորվել է Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի «Կորոնա դել Մար» շրջանում: Եթե Google-ի օգնությամբ Covid-ը թարգմանվի իվրիտով, հետո անգլերեն՝ կստացվի Kobe: Կորոնավարակի պանդեմիան իբր կանխատեսել է և Նոստրադամուսը: Նա զգուշացրել է, որ «կրկնակի տարվա» (2020) ժամանակ արևելքից կգա «թագուհին» ու կկործանի համաշխարհային տնտեսությունը: Իրականում Նոստրադամուսի գործերում դա չեք գտնի: Ինչ-որ մեկը հնարել է ու տարածել սոցիալական ցանցերում: Ոմանք հաստատում են, որ պանդեմիան կանխատեսել է Մադոննան: 2019-ին Եվրատեսիլում իր անհաջող ելույթի ժամանա նրա գլխին թագ կար, իսկ պարողները հակագազով էին: Միանշանակ էին և երգի բառերը՝ «Ոչ բոլորը ապագայում կհայտնվեն»:
Սեբաստիան Լեբեր, Tagesspiegel


Հ.Գ. Պարապությունից բացի գուցե կան և այլ պատճառներ դավադրության տեսությունների համար: Ինչու՞ ոչ: Մարդկանց մեծ մասը մնացել է անգործ և մնում է ոչ միայն հնարել, այլև ապացույցներ որոնել հորինվածքին ու ամեն տեղ նախանշաններ տեսնել: Իսկ բուն պատճառը, որ վարակը չի անցնում ու ամեն օր «կերակրում է» այս տեսությունները նոր վարկածներով: Իրականությունն այն է, որ մարդկանց կյանքը փոխվել է ու փոխվում է, ու դա վերաբերելու է պետությունների կյանքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ