ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սառը պատերազմ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև՝ կորոնավիրուսի միջոցով

Սառը պատերազմ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև՝ կորոնավիրուսի միջոցով
25.03.2020 | 09:18

Պեկինն ու Վաշինգտոնը տարաձայնության նոր թեմա են գտել՝ կորոնավիրուսը՝ գրում է Le Figaro-ն: Չինաստանում քարոզչության ու ապատեղեկատվության մեքենան աշխատում է ամբողջ հզորությամբ և նախևառաջ ուղղված է ԱՄՆ-ի դեմ: Դիվանագետները մեղադրում են ամերիկացի զինվորականներին Ուհանում COVID 19-ի տարածման մեջ: Չինաստանի ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչը ևս պնդում է, որ կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է 2019-ին ԱՄՆ-ում: Պեկինը քննադատել է Վաշինգտոնի այսպես կոչված քաղաքական էլիտայի անպատատասխանատվությունն ու անգործիմացությունը և վտարել ամերիկացի լրագրողներին մի քանի օրաթերթերից: Դոնալդ Թրամփն առանց տատանվելու հիշեցնում է Չինաստանին, որ աչքաթող արեց կորոնավիրուսը, որովհետև մի քանի շաբաթ թաքցնում էր գոյությունը՝ «ասեկոսեներ» տարածելու մեղադրանքով ձերբակալելով բարձրաձայնողներին: Թրամփը խոսում է «չինական վիրուսի» մասին՝ ընդգծում, որ Չինաստանի վարքագծից տրտմած է, համարյա ամեն օր մեղադրում է Պեկինին, որ հերքում էր կորոնավիրուսի պրոբլեմն ու հրաժարվում տեղեկատվություն տրամադրել: Նրա խոսքով՝ «աշխարհը բարձր գին է վճարում» Չինաստանի սկզբնական դանդաղկոտության համար: Բայց չինացիներն էլ գիտեն՝ ցավոտ տեղը ցավեցնել: 2014-2015-ին էբոլայի համաճարակի ժամանակ ԱՄՆ-ը 10 երկրների կոալիցիա էր հավաքել այդ հիվանդության տարածման դեմ պայքարելու համար: Բայց COVID-19-ի դեպքում նրանք նախաձեռնություն չդրսևորեցին: Դոնալդ Թրամփը ոչինչ չարեց, բացի իր կարգախոսի կիրառումը՝ «Ամերիկան նախևառաջ», և ապացուցեց իր չկայացածությունն ու անընդունակությունը գլոբալ պատասխան գտնելու թեկուզ իր եվրոպացի դաշնակիցների հետ: Ավելին՝ պանդեմիայի դեմ չինական պայքարի հակամոդելը՝ հերքումը, իսկ հետո և ուլտրաավտորիտարիզմը, բխում էին ոչ թե ԱՄՆ-ից, այլ՝ Ասիայից՝ Թայվանից, Հարավային Կորեայից, Սինգապուրից, ինչ-որ չափով Ճապոնիայից, ոտեղ վարվում էր կոշտ ու արդյունավետ քաղաքականություն: Նույնիսկ առողջապահության ոլորտում Ասիան գերազանցում է Ամերիկային:


Ինչպես Ռուսաստանն է գործում Սիրիայում, Չինաստանը փորձում է օգտագործել ԱՄՆ-ի սխալներով կամ երկրորդ պլան անցնելով բացված պատուհանը, որպեսզի լցնի դատարկությունը ու ներկայանա իբրև գլոբալ առաջնորդ, որ ի վիճակի է պանդեմիայի դեմ պատասխան քայլերի: «Չինաստանը փորձում է առանց անհարմար զգալու կապիտալիզացնել իր «հաղթանակը վիրուսի նկատմամբ»՝՝ իր քաղաքական համակարգը առաջ մղելու համար: Այդօրինակ չհայտարարված սառը պատերազմը, որ որոշ ժամանակ է վարվում, ցույց տվեց իր իրական դեմքը COVID-19-ի կտրուկ լույսի ներքո»՝ գրել է նախկին դեսպան Միշել Դյուկլոն Մոնտենի ինստիտուտի համար իր հոդվածում: «Չինաստանի պայքարը համաճարակի դեմ ցույց է տալիս, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը քաղաքական ուժ է ամենահզոր կառավարչական ունակություններով մարդկության պատմության մեջ» վերջերս կարելի էր կարդալ չինական «Ժենմին ժիբաո» օրաթերթում: Իր վերահսկողության հաստատումը ևս աշխարհաքաղաքական է: Օգտվելով ԱՄՆ-ի բացակայությունից՝ Չինաստանը ներդրումներ է անում փափուկ ուժի մեջ, որ շտկի իր հեղինակությունն ու ուժեղացնի ազդեցությունը Եվրոպայի վրա: Պեկինը չարտերային չվերթներով ինքնաթիռներ է ուղարկում Իտալիա, որ դիմակներ են տանում, և՝ գովազդում է՝ ինչքան հնարավոր է: Օգնում է ճգնաժամը հաղթահարել Իրանին ու Սերբիային, կորոնավիրուսի դիվանագիտությունը ծավալում է՝ իր փորձը կիսելով 17 + 1-ի երկրների հետ, որ ստեղծվել է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի նախաձեռնությամբ:


Հանկարծակի փոփոխվող աշխարհում Չինաստանը հանդես է գալիս պետության դերում, որ պատրաստ է օգնել, թեպետ այդ դերը ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ինն էր: Այս պահին Պեկինի ու Վաշինգտոնի վերածնված հակամարտության մեջ աշխարհաքաղաքական առավելությունը Չինաստանինն է: Փաստը, որ առաջին անգամ աշխարհը ամենուր ու համաժամանակյա բախվում է նույն ճգնաժամին, սրում է մոդելների մրցակցությունը և նպաստում քաղաքական նախաձեռնությունը վերցնելու փորձերին: Սակայն Չինաստանը շահել է միայն առաջին ճակատամարտը և ապահովագրված չէ ոչ կորոնավիրուսի երկրորդ ճակատից, ոչ ամերիկացիների փրկարար ցատկից: Խաղադրույքները գերբարձր են: Ռազմավարական երկու հզոր հակառակորդ՝ ԱՄՆ-ը ու Չինաստանը, խաղարկում են համաշխարհային առաջնորդի իրենց դիրքը:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. «Նոր կորոնավիրուսը ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհով մեկ, անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների»՝ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիուսը: Մեջբերելով վերջին շաբաթների մտահոգիչ վիճակագրությունը` նա ընդգծել է՝ խնդրի լուծումը քաղաքական կամք ու համակարգված մոտեցում է պահանջում համաշխարհային մակարդակով:


«Հիվանդության` արձանագրված առաջին դեպքից հետո 67 օր պահանջվեց, մինչև վարակվածների թիվը հասավ 100 000: 100-ից 200000-ի, սակայն, հասանք 11 օրում, մինչդեռ 300000-ի սահմանը հատեցինք ընդամենը 4 օրում»՝ նշել է նա:
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում նոր կորոնավիրուսով հիվանդ է 370 000 մարդ, վարակի դեպքեր կան գրեթե բոլոր երկրներում: Էպիկենտրոնը շարունակում է մնալ Եվրոպան: Իտալիան անցած շաբաթ արդեն գերազանցել էր Չինաստանին մահացածների թվով. հիվանդության սկզբից 6000 մահ է գրանցվել կորոնավիրուսի պատճառով: Վերջին օրերին էլ Իսպանիան է հակառեկորդներ սահմանում, որտեղ անցած 24 ժամում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 435 մարդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ