Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը մարտի 13-ին Ժնևում մամլո ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը փոխադրվել է եվրոպական երկրներ: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում արդեն կա Covid-19-ով վարակի 130000 դեպք: Եվրոպայում ավելի շատ են վարակվածության ու մահացության դեպքերը, քան աշխարհի բոլոր երկրներում՝ չհաշված Չինաստանը, որտեղ համաճարակը նվազում է: ՙՀնարավոր չէ ասել երբ կլինի պանդեմիայի պիկը համաշխարհային մակարդակով: Մենք հույս ունենք, որ որքան շուտ, այնքան լավ: Դա կախված է երկրների առաջին արձագանքից կորոնավիրուսի հայտնվելուն, ձեռնարկված միջոցների կոշտությունից՚՝ հայտարարել է նոր հիվանդությունների բաժնի վարիչ Մարիա վան Կերխովը: Եվրոպայում ամենավարակվածն Իտալիան է (15 113 հիվանդ, 1016 մահացած), Իսպանիան (4209 հիվանդ, 120 մահացած), Ֆրանսիան (2876 հիվանդ, 61 մահացած), Գերմանիան (2369 հիվանդ, , 3 մահացած), Մեծ Բրիտանիան (1642 հիվանդ, 41 մահացած):
RFI
Հ.Գ. Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակին և միտումներին, հնարավոր հետևանքներին, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը հեռախոսով: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար:
ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքերը համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, որ հատկապես էական է Հայաստանի պարագայում: ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:
Սարգսյանը համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով, և տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններըլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը:
Թե ԱՀԿ-ն, թե Հայաստանը չափազանց դանդաղ գործեցին կանխարգելման փուլում: ԱՀԿ-ն չէր տալիս հստակ խորհուրդներ: Հայաստանը չէր ձեռնարկում հստակ քայլեր: Կորոնավիրուսի հաղթարշավն աշխարհում վարակաբանների կապիտուլյացիան է համաշխարհային մակարդակով: Կամ՝ նոր համաշխարհային ջրհեղեղ, բայց առանց՝ Նոյի տապանի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ