(սկիզբը` այստեղ)
Արևմուտքը մոնղոլներին «հրապուրել» է ընդերքի բնական հանածոների հաշվին արագ հարստանալու հեռանկարի խայծով։ Այդ փաստը, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցներում «տարածաշրջանի ճշմարիտ ժողովրդավարության համար» տեղ գտնող գովեստների ամբողջ ցունամիները մոնղոլների շրջանում գլխապտույտ են առաջացնում։ Բայց դե այստեղ մոնղոլները միայնակ չեն. հայտնի է, որ «ռեսուրսային» ազգայնականությունն ընդհանուր երևույթ է։ Եվ փառք Աստծո, այս բանն սկսել են գիտակցել ՈՒլան Բատորում։ Օրինակ, Դ. Ցոկտբատարի մոնղոլական ժողովրդական կուսակցության քաղգործիչները։ Ի դեպ, նա և բնակչության տարբեր խավերում եղած նրա կողմնակիցները առաջինն են ակտիվորեն հերքում Հ. Քլինթոնի «թեզիսը» Մոնղոլիայում «ժողովրդավարության ջահի» և այն մասին, թե երկիրը «հաջողություններ» ունի։ 2000-ականների կեսերին Մոնղոլիայի ապագայի մասին որոշումը սավառնում էր երկնքում. պարզապես պետք է երկիր թողնել «հիմար» օտարերկրացիներին, որոնք իրենց փողերը կներդնեն հարուստ հանքավայրերի շահագործման մեջ, աշխատանքի կընդունեն ատելի չինացիներին, որոնք պատրաստ են մի թաս բրնձի համար աշխատելու օրնիբուն, և փողերը կհոսեն հպարտ քոչվորների գրպանը։ Օտարերկրացիներին թողեցին, և այնպես, որ հանքերի շահագործման արտոնագրեր ստանալու համար չինացիները (ըստ լուրերի) պաշտոնյաների աշխատասենյակներ էին մտնում փողի ճամպրուկներով։ Հարբեցող Ելցինի ոգով «ռոմանտիկ» ժամանակներ ապրող երկիրը ծախծխում էին արագ ու պատառ-պատառ։ 2000-ականների վերջերին բոլոր քաղաքական կուսակցություններն ընտրողներին խոստանում էին «հետհատույց»` «հայրենիքի բարիքների» տեսքով, այսինքն` ներդրողների վճարած փողերի «ժողովրդավարական խզարվածք»։ Դա մաքուր խարդախություն էր, մանիլովականություն, նախընտրական տենդի ախտանիշ։ Փաստորեն ընտրողների կաշառում։ Մոնղոլիային հաջողվեց Տավան-Տոլգոյի հանքից ածխի մատակարարման համար կանխավճարի կարգով Չինաստանից ստանալ 350 մլն դոլար։ Փողերի մի մասը փոշիացրին հետևյալ կերպ. ամեն մոնղոլի հասնում էր երեք տարի վճարել ամիսը 21 հազար տուղրիկ (16-17 դոլար)։ Դրանով հինգհոգանոց ընտանիքը կարող էր թեև կիսաքաղց, բայց գոյատևել։ Ամբողջ երկրում փողի հերթեր գոյացան։ «Դա քաղաքական որոշում էր, և ոչ ոք ականջ չդրեց տնտեսագետներին, որոնք զգուշացնում էին, որ փողը թղթի կվերածվի,- ասում է պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ց. Դավադորժը։- 500 մլրդ տուղրիկ փող բաժանեցին, և անմիջապես փողն արժեզրկվեց 17 %-ով, իսկ մսի գները թռան երկինք»։
«Փողը, որ պետք է բաժանվեր հասցեական, բնակչության աղքատ խավերին, բաժանեցին բացարձակապես բոլորին, ներառյալ միլիոնատերերը,- ավելացնում է վերն արդեն հիշատակված Դ. Ցոկտբատարը։- Անգամ սոցիալիզմի օրոք նման անպատկառություն թույլ չէին տալիս»։ Չինական կանխավճարը պարզապես մսխեցին և երկրում փող չմնաց նույնիսկ Չինաստանին ածուխ առաքելու համար։ Ածխի արդյունահանման ինքնարժեքը մեկ տոննայի համար 61 դոլար է, իսկ դեմպինգի (ցածր գնի) սիրահար չինացիները պատրաստ էին վճարելու միայն 50։ Տավան-Տոլգոյի հանքը, որը փողի վրա էր նստած, հայտնվեց սնանկացման եզրին և հիմա ստիպված է վնասով աշխատել։ Բայց «արևմտյան» մոնղոլներին համակել էր հետևյալ պայծառ միտքը. համաշխարհային ֆինանսական շուկա նետել պետական փոխառության մեկուկես միլիարդ դոլարի, հետագայում ևս հինգ միլիարդ դոլարի պարտատոմսեր, այսպես կոչված, «չինգիզ-բոնդեր»` բյուջեի ծակուծուկը կարկատելու համար։ Որպես երաշխիք դրվում են Մոնղոլիայի բոլոր օգտակար հանածոները։ Օտարերկրյա բանկերը մի ակնթարթում խլխլեցին պարտատոմսերը (ինձ դա ցավագնորեն հիշեցնում է Հունաստանի հետ կապված իրադրությունը և Ռուսաստանի «գրավային աճուրդները» ելցինյան դարաշրջանի ավարտին, ինչպես նաև... էլի ահագին բաներ Հայաստանի արդի պատմությունից)։ «Ես շատ եմ վախենում այդ «չինգիզ-բոնդերից,- ասում է Դ. Ժարգալսայխանը։- Երբ մենք սկսենք տոկոսներ վճարել այդ պարտատոմսերի հաշիվներից, բոնդեր թողարկած բոլոր պաշտոնյաներն արդեն հեռու արտասահմաններում կլինեն, իրենց վիլլաներում։ Մենք ուղղակի չենք գտնի նրանց։ Իսկ երկիրը կհատուցի իր պաշարներով»։
Նշանավոր տնտեսագետ և լրագրող Դ. Ժարգալսայխանը նշում է, որ Մոնղոլիայի առավել դժվար ժամանակները դեռ առջևում են. «Առաջին սառը ցնցուղը եղավ ածխի գնի անկումը։ Մի երանելի վիճակ էր։ Այսպիսի աղքատ երկիր, իսկ բոլոր ղեկավարները թանկարժեք մեքենաներ են գնել։ Ամենուր նոր-նոր գրասենյակներ են, իսկ պետական հաստիքացուցակն անչափ ուռճացած է»։ Նրա գործընկեր Վ. Օտգոնտուգսը շարունակում է. «Մենք ինքներս ի՞նչ ենք կառուցել։ Կառուցել են ռուս մասնագետները` սովետական փողերով։ Փոխարենը հիմա լիքն են այն քաղգործիչները, որոնք ճչում են` ես ժողովրդի համար եմ ասում։ Ձեզ, իբր, թալանում են ավստրալացիները, որոնք շահագործում են «Օույու Տոլգոյ» հանքավայրը, կամ ռուսներն ու չինացիները։ Իսկ իրականում պարզապես մենք ինքներս ի վիճակի չենք ոչինչ կառուցելու։ Ո՛չ միջոցներ կան, ո՛չ մասնագետներ, փոխարենը ինչքան ուզես ամբարտավանություն ու հավակնություն»։ Մոնղոլիայի նշանավոր օպերային երգիչ Հայդավը բացահայտորեն վրդովվում է. «Պետության ուսերից թոթափիր քո հոգսը հեշտ է ասել միայն անխիղճ հարուստներին։ Նրանց, ովքեր հայրենիքն են ծախում։ Կամ էլ ով կհավատա այն հեքիաթին, թե տասը տարում կարելի է միլիոնատեր դառնալ։ Հիմա տիրապետում է դոլարի ու յուանի գաղափարախոսությունը։ Մենք հասել ենք այն բանին, որ աղքատ մոնղոլները միս չեն ուտում։ 2,7 միլիոն բնակչություն ունեցող երկրում 40 մլն գլուխ անասուն կա, իսկ մարդիկ փող չունեն միս առնելու։ Հիշում եմ, ժամանակ կար, որ մեկ ոչխարն արժեր մեկ դոլար, իսկ հիմա դմակի գինը տոն օրերին հասնում է 500 դոլարի»։ «Երբեք նման բան չի եղել Մոնղոլիայի պատմության մեջ, որ բնակչության մեկ երրորդը ապրելու տեղ և ուտելու ոչինչ չունենար,- դառնությամբ ասում է Պետական մեծ խուրալի (խորհրդարան) անդամ Ն. Բատցերեգը։- Այո, մոնղոլները առաջ աղքատ էին, բայց ոչ քաղցած։ Իսկ հիմա բնակչության 30 %-ը ապրում է դառն աղքատության մեջ, հյուղակներում։ Իսկ 18 %-ը առհասարակ ոչ մի եկամուտ չունի։ Մեզ համար միսը կյանք է։ Էլ ի՞նչ մոնղոլ` առանց մսի»։
Երբ այս ամենին ծանոթանում ես, տարօրինակ է դառնում։ Չէ՞ որ իրականում Մոնղոլիան շատ էլ հարուստ տարածք ունի։ Թեև կլիման մի բանի նման չէ։ Բայց նույնիսկ արևմտյան փորձագետների կարծիքով, Մոնղոլիան ունի երկու տրիլիոն դոլարի օգտակար հանածոներ. ուրան (տարեկան մոտ 1,4 մլն տոննա), «Օույու Տոլգոյ» ոսկու-պղնձի խոշոր հանքավայրը, արծաթ («Ասղաթ» հանքավայրը), նավթ, երկաթահանք, «Տավան-Տոլգոյ» քիչ հետազոտված ածխահանքը` 6 մլրդ տոննա պաշարով և այլն։ Սակայն այս ամենը Արևմուտքի ձեռքին է։ Իբր մոնղոլները «վախեցել են», թե այդ հարստությունները կընկնեն «ռուս օլիգարխների» և «չինական իմպերիալիստների» ձեռքը, և տվել են «ազնիվ ժողովրդավարական» Արևմուտքին։ Արդյունքում` ամենուրեք դրության տերը արևմտյան կապիտալն է` անգլիական, կանադական, ավստրալական։ Միայն ածուխն է չինացիներինը, բայց նրանք, թե՛ ածխի գների անկման, թե՛ շուտով ռուսական գազ ստանալու ակնկալիքով, կրճատել են իրենց ներդրումներն ու արդյունահանումը։ Եվ հիմա, տեսնելով, թե ինչ է կատարվում, մոնղոլական իշխանություններն սկսել են «քցել» նաև Արևմուտքին։ Անգլո-ավստրալական «Ռիո Տինտո» ընկերությունն արդեն համարյա 7 մլրդ դոլար է ներդրել «Օույու Տոլգոյի» շահագործման գործում, և հանկարծ մոնղոլական խորհրդարանը որոշել է զրկել նրան հսկիչ փաթեթից։ Թե իբր դա ռազմավարական հանքավայր է։ Խոսք չկա, բայց երբ տալիս էին Արևմուտքին, մի՞թե այն ժամանակ «օբյեկտը» ռազմավարական չէր։
Հիմա Արևմուտքի բուծած մոնղոլ «ժողովրդավարների» մեկ այլ «քցոցիի» մասին. սկզբում «իսկական ժողովրդավարության ջահը» հիմնավորապես «քցել» էր... Ռուսաստանին։ Բանն այսպես էր եղել. Ռուսաստանի ու Մոնղոլիայի հարաբերությունները վերականգնվեցին Վ. Պուտինի իշխանության գալուց հետո։ Սկսվեցին պետական այցեր, պատվիրակությունների փոխանակություններ, լավացան առևտրական հարաբերությունները։ 2003 թ. Ռուսաստանը անսպասելիորեն Մոնղոլիային բաշխեց 11,4 մլրդ դոլարի պարտքը` ի հաշիվ ռուսաստանյան հարկատուների, փոխարենը չստանալով ոչինչ։ Բայց, համաձայն լուրերի, Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը ենթադրել էր, որ բաշխման դիմաց Ռուսաստանը կստանա մոնղոլական հանքավայրերի շահագործման հնարավորություն, ուղղակի կատաղած էր։ Սակայն ՈՒլան Բատոր մեկնեց այն ժամանակվա վարչապետ Կասյանովը, և անսպասելիորեն համաձայնագիր ստորագրվեց։ Պարզվում է, «մոնղոլ ժողովրդավարները» պարտքի բաշխման դիմաց խոստացել էին տալ «Օույու Տոլգոյ» ոսկու-պղնձի հանքի հսկիչ ծրարը, բայց... տվեցին անգլո-ավստրալական ընկերությանը։ Այնուհետև արդեն 2006 թ. կողմերը պայմանավորվեցին, որ ռուսական «Պոլիմետալը» կշահագործի Տիվայի սահմանագլխին գտնվող «Ասղաթ» արծաթահանքը։ Դա փոխշահավետ նախագիծ էր։ Ամեն ինչ ստորագրեցին Մոսկվայում` դեսպանների ու նախագահ Պուտինի ներկայությամբ, սակայն մոնղոլական խորհրդարանը խաչ քաշեց ամբողջ նախագծի վրա։ Թե, իբր, 51 %-ը ցանկացած պարագայում պետք է պատկանի Մոնղոլիային, դե «Պոլիմետալն» էլ հրաժարվեց (գուցե և տեղին չէ, բայց ասեմ. լավ դաս տվեցին մոնղոլները Ռուսաստանին, որովհետև Հայաստանին ռուսական իշխանությունները չբաշխեցին, ըստ էության, ոչ մի դոլար պարտք` ո՛չ խոստանալով, ո՛չ փաստացի)։
Իհարկե, հնարավոր է, մոնղոլների քաղաքականությունն է այդպիսին. օտարերկրացիները պետք է ամեն ինչ անեն, կառուցեն, կարգի բերեն ու... «փասափուսեքը հավաքեն»։ Բայց... ՈՒլան Բատորի «ժողովրդավարների» կառավարման արդյունքները ողբալի են, և հենց վերը բերված վկայությունները դրա վառ ապացույցն են։ Այդ մոնղոլ «ժողովրդավարները» երբեմն-երբեմն ճամարտակում են «Ռուսաստանի հետ հավասարության մասին»։ Ընդ որում, ոչ ոք չի լսել, որ Մոնղոլիան հավասարության մասին ակնարկներ անի Չինաստանի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Իրավիճակը հասկանում են նաև ՈՒլան Բատորի «ժողովրդավարներից» ոմանք։ Մեծ խուրալի փոխնախագահ Լ. Ցոգուն միայն ծանր հոգոց է հանում. «Ցավոք, Մոնղոլիայում ահագնանում է պատմության «արտագրման» վտանգավոր միտումը։ Գաղափարախոսությունը պետք է ձեռքներս առնենք, և երիտասարդությունը պետք է դաստիարակվի պատմական ճշմարտության հիմքի վրա։ Եթե չլիներ Ռուսաստանը, մենք Չինաստանի գաղութը կլինեինք»։ Իսկ ես կավելացնեի. իրավիճակը վաղուց կլիներ այնպիսին, ինչպիսին ինքնավար Ներքին Մոնղոլիայինն է Չինաստանի կազմում. մոնղոլներն այնտեղ վաղուց ազգային փոքրամասնություն են։
Այսպես թե այնպես, Մոնղոլիայում «արևմտյան ժողովրդավարության հաղթարշավը» չհանգեցրեց այն բանին, որ այդ երկիրը վերածվեր նոր Քուվեյթի կամ Դուբայի, ոչ էլ անգամ նույն ԿԺԴՀ-ի նման մի բանի. հյուսիսկորեացիները գոնե զինված ուժերը պահպանեցին ու մեկ էլ ատոմային զենք ստեղծեցին։ Մարդամեջ մտան, այսպես ասած։ ԿԺԴՀ-ի հետ հաշվի են նստում բոլորը, բայց, օրինակ, Մոնղոլիայի հետ` արդեն ոչ ոք։ Ո՞րն է մոնղոլական նախադեպի վտանգավորությունը։ Մասնավորապես մեր Հայաստանի համար։ Այն, որ մեր հասարակության մեջ կա մի խավ, որն Արևմուտքի «ժողովրդավարության վարժաճամբարներում» սովորել է գոռալ, թե «ամեն ինչի մեղավորը ռուսներն են», և կոչ են անում մեր երկիրը ծախծխել բացառապես արևմտյան ընկերություններին։ Բայց (ինչում, ի դեպ, համոզում է նաև Մոնղոլիայի տխուր փորձը) հարցը ռուսները և անգամ Արևմուտքը չէ։ Խնդիրը միշտ սկսվում է հենց մեզնից, այն բանից, թե ինչպես ենք մենք վարվում մեր, մեր ազգի, հայրենի հողի ու նրա ընդերքի նկատմամբ։
Մոնղոլիան դժվարությամբ ուշքի է գալիս և ծանր խումարով փորձում է փրկություն գտնել։ Նույն Ռուսաստանի ու Չինաստանի օգնությամբ, որոնց դեմ իրենց «ժողովրդավարության աշակերտներին» էին ուղղում ամերիկացիները, եվրոպացիները, ավստրալացիներ և այլք։ ՄՄ-ի, ՇՀԿ-ի, առայժմ դեռ գոյություն չունեցող Եվրասիական տնտեսական տարածության միջոցով։ Այդ ուղին են պատրաստ բռնելու Վիետնամը, ԿԺԴՀ-ն և նույնիսկ Հարավային Կորեան։ Ի դեպ, կորեացիները միաժամանակ հնարավորություն կունենան վերամիավորելու երկրի հյուսիսն ու հարավը։ Աներևակայելի՞ է։ Այնքան էլ չէ, հաշվի առնելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում օրեցօր փոփոխվող իրողությունները (ես հիմա միտումնավոր չեմ խորանում այն վարկածի մեջ, որ, օրինակ, Ռուսաստանի դիրքերի վերականգնումը Մոնղոլիայում, Վիետնամում, նաև երկու Կորեաներում` ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Ճապոնիային և նույնիսկ... Չինաստանին զսպելու էական գործոն է։ Բայց դա խոսակցության առանձին թեմա է)։ Իսկ ինձ թվում է, որ Հայաստանն ու մեր ժողովուրդը անպայման պետք է նկատի ունենան Մոնղոլիայի ու նրա տնտեսության «արևմտականացման» տխուր փորձը։ Քոչվոր մոնղոլներն արթնացել են քնից։ Հայեր, սա մի մոռացեք։