ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետության ժամանակի մեքենան և մեծ աշխարհի անծայրածիր հնարավորություններով լի ջրերը

Պետության ժամանակի մեքենան  և մեծ աշխարհի անծայրածիր  հնարավորություններով լի ջրերը
17.02.2014 | 23:25

Երկու համագումար և մեկ հանրագումար՝ ահա փետրվարի 15-ի ամփոփումը: Սուրբ Սարգսի օրը Հայոց աշխարհում հույժ քաղաքական անցավ: Մեկնարկը նախորդ օրը տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարությունում. նախ հավաստիացրեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով գնաճ չի լինելու, հետո էլ այդ «ապատեղեկատվությանն» ակտիվ հակադարձելու կոչ արեց: Բնականաբար՝ մեղավոր էլ գտավ՝ «որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և մեր աշխատանքը»: Լավ, լրագրողները բնույթով ցեխարձակող են, աբիժնիկների գործն էլ նույնն է, իշխանությունն ինչո՞ւ է այդքան համեստ՝ գլուխը կախ աշխատում է, աշխատում է, աշխատում է օրուգիշեր, ցեխի մեջ, ու...
ՈՒ հաջորդ օրը ԲՀԿ համագումարում այլ պատկեր ներկայացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հրաշալի ելույթ էր, լավագույնը նրա բազում ելույթներից: ԲՀԿ նախագահը ասաց առավելագույնը, ավելին սպասելը նույնիսկ անհարմար է: Նրա ելույթի քաղաքական ու բովանդակային-ձևային նրբությունների մեջ խորանալը հաճույք է, բայց էլ ավելի հաճելի է նրանով հիանալը՝ որպես անկեղծ, հարուստ, հաջողակ ու զրոյից, միայնակ սկսած, դժվար ճանապարհ անցած մարդու, որ երբեք աչք չի դրել ուրիշի ունեցվածքին, չի ձգտել պաշտոնների, մտել է քաղաքականություն` հետապնդելով մեկ նպատակ` օգուտ տալ երկրին ու ժողովրդին: Մեր օրերի Ռոբին Հուդ, միայն նետ-աղեղն է պակասում: Նա կարող է ապրել անհոգ` միայն իր ու իր ընտանիքի համար, բայց ընտրեց ավելի բարդ, ավելի ազնիվ ճանապարհ: Գիտակցված ընտրություն էր: Հետևաբար նա շատ լավ հասկանում է խոչընդոտները և վտանգները, պատրաստ է ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Նա ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու: Սակայն չի կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իր երկիրն օրեցօր թուլանում: Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան պետությանը և ժողովրդին օգտակար լինելը: Իսկապես անհույս ցինիկ պետք է լինես, որ այսքանից հետո հարցեր տաս նման մարդու: Իսկ հարցերը իրենք իրենց են շարվում: Ոչինչ, որ շատ մեծ հարցական է թե զրոյից սկսելը, թե ուրիշի ունեցվածքին աչք չդնելը, թե իր կամքով քաղաքականություն մտնելը: Համարենք, որ այդպես է: Բայց նրա ուրվագծած իրականությունը և գոյություն ունեցող իրականությունը միանգամայն տարբեր են: Տարբեր են ոչ միայն խնդիրներով, այլև խնդիրների լուծումներով: Այս հարթության մեջ մեր օրերի Ռոբին Հուդը հարուստ բարեգործ է դառնում, որ ուրիշ ոչինչ չի անելու, որովհետև չի կարող: Հակառակ նույնիսկ կուսակիցների քաղաքական հավակնությունների ու հայտարարությունների՝ կուսակցության անունից: Չխոսենք այն մասին, որ Գագիկ Ծառուկյանից սպասում էին վերջապես այլընտրանքից անցում կամ դեպի իշխանություն, կամ դեպի ընդդիմություն: «Հաջորդ դասը» արդեն չեն հիշում: Փոխարենը նա պնդում է, որ ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականության իրական այլընտրանքը: Բայց ինչո՞ւ։ Ո՞Ւմ նախընտրական կարգախոսն էր խոսքից գործին անցնելը: Ի՞նչ իմաստ ունի խոսել ու խոսել, երբ հենց ինքն է համագումարում ասում. «Ժամանակը քիչ է»: Ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը: Հարկային արտոնություններ, հարկային արձակուրդ փոքր բիզնեսին, միջին բիզնեսին, լայն արտոնություններ սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նա արձանագրում է, որ երկրից հեռանում են լավագույն մասնագետները, որ օտարերկրյա ներդրումները նվազել են 40 տոկոսով, զգալի կորուստներ կան տեղական արտադրության մեջ, դարձել ենք ներմուծողներ: Եվ փոխարենն առաջարկում է գտնել տնտեսության վերակենդանացման և զարգացման այնպիսի բանալի, ինչպիսին էր շինարարությունը 2000-2007 թթ.:

Առաջին հայացքից Գագիկ Ծառուկյանի համագումարի ելույթը նախագահական հայտ է հաջորդ ընտրություններում: Եթե, իհարկե, մինչ այդ Ծառուկյանը կարողանա պատասխանել նաև քաղաքական հարցերի: Առայժմ նրա ելույթում չկա ո՛չ քաղաքական, ո՛չ էլ անգամ տնտեսական օրակարգ: Գագիկ Ծառուկյանը ոչ մի խոսք չասաց Մաքսային միությանն անդամակցելու որոշման ու դրա հետևանքների մասին: Եվրամիության հետ ասոցացումից հրաժարվելուց հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակության իր պատկերացումների մասին: Գագիկ Ծառուկյանը ոչ մի խոսք չասաց ոչ Ղարաբաղի հարցի լուծման, ոչ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Եթե նույնիսկ համարենք, որ Գագիկ Ծառուկյանը, հանուն երկրի վայրէջքի կասեցման, վարչապետական հայտ է ներկայացնում, պարտադիր պիտի պատասխաներ քաղաքական հարցերի, մասնավորապես, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը վերաբերող: Նա չէր կարող շրջանցել գազի խնդիրը, բայց նա խոսեց միայն հարկադիր կուտակային համակարգից: Խիստ ընտրովի վերաբերմունքը գոյություն ունեցող խնդիրներին վկայում է, որ ԲՀԿ-ն չի կարող համախմբել հասարակությանը: Ակնհայտ է, որ նա վերակենդանացնում է Ռոբերտ Քոչարյանի տնտեսական մոդելը, գուցե հնարավորինս մարդկային դեմքով՝ բարեգործություններով համեմված, բայց՝ թելադրված, հետևաբար ոչ ազգային ծրագիր: Մասնակի հարկային փոփոխությունները օրվա արդյունք են տալու, շինարարության էֆեկտը գերագնահատելը նշանակում է՝ մեծ արդյունաբերության վերականգնման վրա տաբու է դրված: Այսինքն՝ երկնիշ տնտեսական աճ, որ երկարաժամկետ հեռանկար չի տալիս երկրին: Օրվա խնդիրների լուծում. լույսը բացվի՝ բարին հետը: Ռուսական ուղեծիրը երևում է նրա ելույթի ամեն տողից: Մանրչարչիական պետության հեռանկարը ՌԴ-ի տեսլականն է՝ ռազմավարական գործընկերը սոված չի մեռնում, բայց այնքան կուշտ չէ, որ մտածի՝ հետո ինչ է անելու: Գագիկ Ծառուկյանը համակարգային փոփոխությունների խնդիր չի դնում, որովհետև այս համակարգը իրեն ձեռնտու է, ինքը պարզապես այդ համակարգի ներսում փորձում է ստեղծել արդարության օազիս՝ գործող վարչապետի պաշտոնանկությամբ և այդ պաշտոնում երկրի մասին մտածող մարդու տեսնելով: Նույնիսկ Ռոբին Հուդը այդքան հեռու չէր քաղաքականությունից: Այս պլատֆորմով համախմբում հնարավո՞ր է: Այո, խիստ լոկալ: Ասենք՝ խորհրդարանական քաղաքական ուժերի: Նրանք էլ, իրենց քայլերից ու քաղաքականությունից դատելով՝ Մայր Ռուսիայից են սպասում արևի ծագումը: Բայց այդ լոկալ համախմբման մեջ չեն տեղավորվում ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ ժողովրդի արտագաղթի կանխումը: Եվ այստեղ ավարտվում են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի ¥խորքում Ռոբերտ Քոչարյանի, ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր խոսքով, պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, երբ խնդիրները լուծվեն¤ ոչ միայն նախագահական, ոչ միայն վարչապետական ¥ՀՀԿ-ն ոչ պակաս ճարտարախոս է, ոչ էլ պակաս երկրի մասին մտածող՝ նույն ռուսական ուղեծրի մեջ¤, այլև քաղաքական հավակնությունները՝ բարեգործության համար քաղաքական գործիչ լինել պարտադիր չէ: Իսկ տնտեսական մանր-մունր բարեփոխումներով անգամ այս անավարտ քաղաքական օրակարգը չես կատարի՝ նետ-աղեղով տանկ շարքից չեն հանում: Եվ դրա համար չարժեր ոչ այսքան խորհրդավորություն, ոչ էլ գաղտնիություն: Համենայն դեպս՝ արդյունքի տեսակետից:
ԵԿՄ հոբելյանական համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նրան դարձնում է Հայաստանի ամենամեծ քաղաքական գործիչ բանաստեղծն այսօր (գնահատեք ալիտերացիան միայն մեկ նախադասությամբ՝ «Հնարավորությունների օվկիանոսը թափվող հորձանքի գետաբերանում կրկին ապագան շղարշող անորոշությունների մշուշն է»), իսկ բանաստեղծները միշտ կտրվում են իրականությունից ու ճախրում երանելի ափեր: Անցյալի ու ապագայի, ինչը և արեց ՀՀ նախագահը՝ նաև ներկայի ափերում: Նա գերադասեց շեշտադրել մեկ հարց՝ պատերազմը չի ավարտվել, բայց դա դեռ 1999-ին Վազգենն էր ասում, ու եթե 15 տարում ոչինչ չի փոխվել, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է արվել: Կամ՝ ի՞նչ չի արվել և ինչո՞ւ: Նախագահի ելույթում ևս բացահայտորեն չկար քաղաքական օրակարգ, չկար տնտեսական օրակարգ: Նա մեկնաբանեց ադրբեջանական քաղաքականությունն ու փառաբանեց հայկական քաղաքականությունը: Հիմնականում՝ անցյալի: Այսինքն՝ երկրապահների գործը անցյալի փայլով ջերմանալն է: ՈՒ ընդհանրապես ամեն ինչի պատրաստ լինելը: Ապրիորի: Բայց՝ միշտ: ՈՒ եթե ելույթում նա հարկ համարեց անդրադառնալ միայն կենսաթոշակային համակարգին, ասելով, որ բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն և «ուղղված են հենց նոր սերնդի բարեկեցությանը: Եվ հավատացեք, հենց նման բարեփոխումներն են կոչված սեփական երկրին ամուր կապելու մարդուն: Հենց նման բարեփոխումներով է միահյուսվում հայաստանցու ապագան իր հողին», ապա այլ խնդիր, փաստորեն, կամ չի տեսնում, կամ լուրջ չի համարում: Ստացվում է՝ մենք հաղթել ենք Ադրբեջանին ու հաղթում ենք այսօր (հետաքրքիր է, թե պարտված Ադրբեջանից ինչքա՞ն են արտագաղթողները), կենսաթոշակային բարեփոխումով պարտադիր կուտակային հիմնադրամներում ապագայի հարցը կլուծենք, ու, կապրենք՝ ի դեմս փայլուն երիտասարդների: Վերջ: Վե՞րջ: Ոչ, իհարկե: Բայց շարունակությունը նույն ոգով է: Փոխարենը հարցուպատասխանը հնչեց պարզ, հասկանալի հայերենով ու նաև քաղաքական կարևոր պարզաբանումներ տվեց: Թե Մաքսային միությանն անդամակցելուն, թե գազային համաձայնագրին, թե արդյունաբերության, թե արտագաղթի հարցին: Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, որ մի օրում կարող է համաձայնագիրը բեկանել, եթե այլընտրանք ունենա (թերևս հասցեատերն այս պարագայում Ռուսաստանն էր ավելի, քան նրանք, ովքեր քննադատում են համաձայնագիրը): Այլ հարց է, թե որքանով էին նրա պատասխանները համարժեք հնարավորություններին, նաև ցանկությանը:
Այսպիսին էին սիրահարների օրվա երկու համագումարները: Իսկ հանրագումա՞րը: Հանրագումարը մեկն է՝ ԲՀԿ-ն իր հատվածական հավակնություններով ու հայտարարություններով հանդերձ՝ քաղաքական ուժ չի դառնում, և դա ՀՀԿ-ին գիշերը հանգիստ քնելու ու ամբողջ ցերեկը մինչև կեսգիշեր՝ հնարավորություն է տալիս անորոշությունների մշուշում մնալ ու ճահճանման հորձանքներից խոսել: Խորհրդարանական հերթական քառօրյայում եթե չորս քաղաքական ուժեր կառավարությանն անվստահության հայտնելու հարց բարձրացնեն, հերթական աշխարհացունց ելույթներն են ունենալու ու ավարտելու են իրենց քաղաքական առաքելությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը հիշի ու պարզի, որ 7 տոկոս աճ կառավարությունը չապահովեց, ևս մեկ շանս կտա՝ աշխատանքով մեղքերը քավելու համար: Չտվեց՝ նորից ՀՀԿ-ՕԵԿ-ն են կառավարություն կազմելու, ու՝ ի՞նչ է փոխվելու: «Նախորդ հանցավոր ռեժիմը» բարգավաճելու է այլ պաշտոններում, նորերը շարունակելու են նախորդի սկսածը: Ի վերջո, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միակ տարաձայնությունը կենսաթոշակային բարեփոխումներն են, իսկ նման «անկարևոր» մանրուքները Հայաստանի պես երկրում կառավարության հրաժարականի պատճառ չեն դառնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Վերնագրի համար շնորհակալություն Սերժ Սարգսյանին, իմ երևակայությունը մոլորված մանուկ է «Դեպի հնարավորությունների օվկիանոս տանող հորդառատ գետի» ափին, որ «մեզ սեղմում էր շրջափակման ափեզրին, սուզում էր աշխարհաքաղաքական գալարապտույտներում, զարկում հակամարտության խութերին ու քաշում ճգնաժամերի սահանքներն ի վար»: Բայց չունենալով բացարձակ բանաստեղծական ձիրք, ես, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ 2014-ի հայոց փետրվարը կիսվեց, ու անփառունակ կավարտվի նաև տարին, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել քաղաքական օրակարգ ու ի հայտ չի եկել այդ օրակարգը իրականացնող ուժը:

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ