ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տարատեսակ «ֆոբիաների» արևմտյան տեխնոլոգիաների փորձադաշտ

Տարատեսակ «ֆոբիաների» արևմտյան տեխնոլոգիաների փորձադաշտ
17.02.2014 | 22:39

2013 վերջերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած հեռավորարևելյան այցերը Վիետնամ և Հարավային Կորեա աշխույժ հետաքրքրություն արթնացրին ոչ միայն այդ երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների առնչությամբ։ Այդ այցերը, նույնիսկ քննարկման համար առանձին վերցրած, էական նշանակություն ունեին Հեռավոր Արևելքում և Խաղաղ օվկիանոսի ավազանում աշխարհաքաղաքականության առաջիկա փոփոխման համար։ Հանոյ և Սեուլ կատարած այդ այցերին, հետևեցին նախնական հաղորդագրություններն այն մասին (ապագայի կանխավճար), որ թե՛ Վիետնամը, թե՛ Հարավային Կորեան կցանկանային դառնալ ԱՊՀ Մաքսային միության անդամներ։ Եվ այն տեղեկությունը, թե ավելի քան 20-ամյա դադարից հետո Ռուսաստանը կվերականգնի Կամրանիի (Վիետնամ) ռազմաբազան, լավագույն վկայությունն է այն բանի, որ Վիետնամի ու Հարավային Կորեայի հնարավոր անդամակցության մասին հայտարարությունը փչոց չէ։

Եթե նախկին ծավալներով հարաբերությունների վերականգնումը Վիետնամի հետ ոչ ոքի համար (ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ այլ երկրներում) ինչ-որ նոր բան չի լինի, ապա Մոսկվայի ու Սեուլի փոխադարձ հետաքրքրությունը մի այլ բան է։ Եվ, պարզվում է, ամենաանսպասելին այն էր, որ նախագահներ Վ. Պուտինն ու տիկին Պակ Կըն Հեն ոչ միայն հասակակից են (ծնվել են 1952 թ.) և ոչ միայն իշխանության ղեկին են լինելու մինչև 2018 թ., այլև համանման ձգտումներ ունեն։ Այսպես. «Ես ուզում եմ հանդես գալ «Եվրասիական նախաձեռնությամբ», որը կոչված է եվրասիական տարածությունը վերածելու միասնական խաղաղ աշխարհամասի»,- հայտարարել էր Հարավային Կորեայի ղեկավարը դեռ մեկ տարի առաջ։ Ավելորդ է հիշեցնել, որ դեռ 2011 թ. վերջին նույնպիսի մի նախաձեռնությամբ հանդես էր եկել Վ. Պուտինը։ Եվ ռուս ղեկավարի այցի օրերին Սեուլում Ա. Ս. Պուշկինի արձանի բացումը, հավանաբար, կոչված էր խորհրդանշելու ոչ միայն ռուս ժողովրդի հանդեպ կորեացիների հարգանքը, ոչ միայն Ռուսաստանի մշակույթի «մեղմ ուժի ներքո կորանալու» պատրաստակամությունը, այլև այն, որ Կորեայի բանակցությունների մասնակիցները համախոհներ են։

Այդուամենայնիվ, Հանոյ և Սեուլ կատարված այցերը կամա թե ակամա հանգեցրին համապատասխանաբար, ԿԺԴՀ-ի և Մոնղոլիայի մասին ոչ հեռու անցյալի հուշերին։ Բայց ԿԺԴՀ-ի պարագայում հեշտ է. Փխենյանի համար ոչ միայն ԽՍՀՄ-ն էր հովանավոր, այլև Չինաստանը։ Եվ երկու Կորեաներում ապրում է, իհարկե, մեկ ժողովուրդ, թեկուզ և երկատված։ ՈՒստի երկու Կորեաների հավանական ապագա վերամիավորման համար հիմք կարող է դառնալ ոչ միայն տիկին Պակ Կըն Հեի նախագիծը` ԿԺԴՀ-ով, Չինաստանով, Կենտրոնական Ասիայի երկրներով, Ռուսաստանով Եվրոպայի հետ հարավկորեական Պուսան նավահանգիստը միացնող «Մետաքսի ճանապարհի ճեպընթացի» երկաթգծի ստեղծման, այլև Վ. Պուտինի նախագիծը դեպի Հարավային Կորեա գազամուղի գցման (և հենց ԿԺԴՀ-ով) վերաբերմամբ։ Ի դեպ, ռուսական գազ կստանա նաև Վիետնամը։

Մոնղոլիայի բանն ուրիշ է: Իր երբեմնի խորհրդային անթիվ ռազմական բազաներով, «Հեռավոր Արևելքի ժողովրդավարության ջահի» իր տիտղոսով, որը հնչեցրել է անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վստահ եմ, որ շատերը կուզենային հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Մոնղոլիան, եթե այցեր են կատարվել Վիետնամ ու Հարավային Կորեա։ Արտաքուստ թվացող ամբողջ անտրամաբանականությամբ հանդերձ, Մոնղոլիան, պարզվում է, «կապ ունի» և այն էլ ինչպիսի՜...

Ռուսաստանի և նրա նախաձեռնությունների նկատմամբ խնդրո առարկա տարածաշրջանի (Ասիա-Խաղաղօվկիանոսյան, ԱԽՏ) երկրների հետաքրքրության բռնկումն սկսվեց հենց Մոնղոլիայից, որը 2011 թվական էր թևակոխել իշխանության ու հասարակության և պետական ենթակառուցվածքի լիովին կազմալուծված ու ինչ-որ տեղ նույնիսկ բարոյալքված կառուցվածքով։ Մոնղոլների մեջ մոտեցող աղետի գիտակցումը, չնայած ամերիկացիների առատաձեռնորեն պարգևած «ժողովրդավարության ջահի» տիտղոսին, ավելի շուտ էր սկսվել։ Արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) և «անկախ» լրատվամիջոցների (2,7 մլն բնակչությամբ երկրում այդպիսի արևմտամետ լրատվամիջոցների թիվն արդեն 400-ի է հասնում) «խրախճանքի» եռուն շրջանում, այնուամենայնիվ, Մոնղոլիայի մի քանի ղեկավարների մեջ ողջախոհությունը խոսեց։ ՈՒ դեռ 2004 թ. հունիսին Մոնղոլիան հարեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)` որպես դիտորդ։

Տարբեր աղբյուրների վկայությամբ, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո Մոնղոլիայում «ժողովրդավարացման» մի գործընթաց սկսվեց։ Դա հանգեցրեց այն բանին, որ երկրից հեռացան ոչ միայն գործուղված խորհրդային բժիշկներն ու ուսուցիչները, այլև մեծ թվով մոնղոլ մասնագետներ. նրանք «պետք չէին» Արևմուտքին հարմարվող «ժողովրդավար» կառավարիչների նոր կազմին։ Ոչինչ չի՞ հիշեցնում... Ավելի քան 20 տարում մեծացել են, այսպես կոչված, «նոր մոնղոլները». դրանք հաճախ անկիրթ, անտաշ, հանդուգն, անդաստիարակ մարդիկ են, որոնք պատրաստ են իրենց ճանապարհին հանդիպած բոլորին և ամեն ինչ ոտնակոխ անելու։ Էլի՞ ոչ ոքի և ոչինչ չի՞ հիշեցնում։ Օրինակ, ռուս լրագրողուհի Դ. Ասլամովայի վկայությամբ (նրան լավ են ճանաչում Հայաստանում և Արցախում. նա զինվորական թղթակից էր պատերազմի տարիներին), շատ լավ էլ հիշեցնում է. «Ահավոր հիշեցնում է 90-ականների սկզբի «նոր ռուսներին», միայն առանց կարմիր պիջակների»։ Շարքը կարելի է շարունակել` «նոր հայերին», «նոր ուկրաինացիներին» և այսպես շարունակ։ Հին, այսպես կոչված, «խորհրդային մոնղոլները» այս «նորերին» բացահայտորեն անվանում են կորած սերունդ, որովհետև նրանք, ում մանկությունն անցել է հետսոցիալիստական շրջանում, բառացիորեն ո՛չ կրթություն են տեսել, ո՛չ դաստիարակություն։ «Մոնղոլական հեղափոխությունից» հետո ռուսաց լեզուն, որի միջոցով մոնղոլներն իրապես հաղորդակցվում էին համաշխարհային մշակույթի հետ, միանգամից դուրս նետվեց դպրոցներից ու բուհերից։ Իսկ անգլերենն այդպես էլ չեկավ։ Անգամ «բարձրաշխարհիկ» մոնղոլներն այժմ, փաստորեն, ծայրաստիճան ցածր մակարդակով են անգլերենին տիրապետում, գրեթե մոռացած ռուսերենը։ Ռուսաստանն առհասարակ չի հետաքրքրվել այդ տարածքով, հարևան Չինաստանը սևեռվել է սեփական տնտեսական աճի վրա։ Փոխարենը Արևմուտքն օր ու գիշեր «ժողովրդավարության սերմեր» էր ցանում ՈԿԿ-ների, «անկախ» լրատվամիջոցների տեսքով, առավել տաղանդավոր ուսանողներին ուսուցման դրամաշնորհներ էր բաժանում, վագոններով մոնղոլ լրագրողներ էր ուղարկում «վերապատրաստվելու» ԱՄՆ-ում և այլն։ Իսկ երբ նրանք վերադառնում էին (նրանք, ովքեր «չէին մնացել...»), ապա նրանց գրվածքների գլխավոր թեմաները դառնում էր երեք անկյունաքարային գաղափար. 1) Չինաստանը մեր (այսինքն` մոնղոլների) հավերժական թշնամին է, 2) ռուսները անիծյալ նվաճողներ են, 3) մոնղոլներին պետք է մեծ «երրորդ հարևան»` ի դեմս Արևմուտքի. Ամերիկա, արի՛։

Դարձյա՞լ ոչինչ չի հիշեցնում։ Իզուր։ Գրագետ ընթերցողը ուղղակի պարտավոր է հիշել, թե իրենց «գունավոր հեղափոխություններից» հետո ինչ «ուղի են անցել» Վրաստանը (2003 թ.) և ՈՒկրաինան (2004 թ.)։ Եվ թե ինչի վրա է կառուցվում ամերիկամետ ուժերի հակառուսական քարոզչությունը մեզ մոտ Հայաստանում։ Չէ՞ որ Վրաստանը, ՈՒկրաինան, նաև Հայաստանի ընդդիմությունը նմուշներն են այն բանի, թե ինչ էին «սովորեցնում» ամերիկացիները մոնղոլներին դեռ 20-րդ դարի 90-ականներին։ Ահա և ստացվում է, որ ԱՊՀ երկրների ու ազգերի «մշակմանն» անցնելուց առաջ ամերիկացիները հենց Մոնղոլիան վերածեցին «ժողովրդավարության» և տարատեսակ «ֆոբիաների», առաջին հերթին ռուսաֆոբիայի արևմտյան տեխնոլոգիաների փորձադաշտ։ Չօգնեց։ 2004 թվականից մոնղոլները կամաց-կամաց սկսեցին գիտակցել, որ արևմտամետության և տարածաշրջանում ունեցած երկու և միակ հարևանների նկատմամբ թշնամականության ընտրված մարտավարությունը ճանապարհ է դեպի անորոշություն, դեպի ազգային աղետ։ Ի դեպ, մենք կուզեինք, որ այս հետևությունը լավ հիշեին հատկապես Հայաստանի քաղաքացիները։ Որպեսզի մեր երկրի յուրաքանչյուր գիտակից մարդ, Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջեր, որ ոչ ոք և երբեք չհամարձակվի ձեռնածել մեր երկիրն ու մեր ազգը` հանուն որևէ հակաիրանական կամ հակառուսական գաղափարի իրականացման։

Ի՞նչ ձեռնարկեց Մոնղոլիան այն բանից հետո, երբ դիտորդ դարձավ ՇՀԿ-ում և, ըստ էության, վերադարձավ Ռուսաստանի և Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման ուղի։ Նախ, ՈՒլան Բատորը փորձեց և փորձում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ։ Եվ դա հասկանալի է։ Բայց այստեղ խոչընդոտները մեծ մասամբ կապված են ոչ թե Մոնղոլիայի հետ, այլ այն բանի, որ նրա հետ միաժամանակ նույնպիսի հայտ է ներկայացրել նաև Իրանը։ Դատելով ըստ ամենայնի, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների համար, պատկերավոր ասած, «անհարմար է» բավարարել Մոնղոլիայի խնդրանքը այն պարագայում, երբ նախընթաց տարիներին բացահայտորեն վախեցել են համաձայնություն տալուց Իրանի անդամակցությանը այդ կազմակերպությանը։ Սակայն իրանական «միջուկային խնդրի» շուրջ դեկորների մասնակի փոփոխման կապակցությամբ, երևի, իմաստ ունի ակնկալելու, որ ՇՀԿ-ին Իրանի և Մոնղոլիայի անդամակցության հարցին կվերադառնան ոչ հեռու ապագայում։ Երկրորդ, 2011 թ. սեպտեմբերի 15-ին Բայկալյան տնտեսական համաժողովի բացմանը նվիրված արարողության ժամանակ Մոնղոլիան հայտարարեց, որ մտադիր է միանալ ԱՊՀ Մաքսային միությանը (ՄՄ)։ Այն ժամանակ մոնղոլական կառավարությունը հաղորդեց, որ ՈՒլան Բատորը մանրամասնորեն քննության է առնում ՄՄ-ի մասնակից երկրների հետ առևտրական պայմանավորվածությունների ձևակերպման հնարավորությունը։ Հավանաբար, հենց այդ պաշտոնական տեղեկությունն էլ Ռուսաստանին և Մոնղոլիային մղեց նույնիսկ մի «փորձնական փուչիկ» արձակելու։ Այսպես, 2012 թ. հունիսի վերջին երկու ոչ այնքան ճանաչված համացանցային կայքեր տեղեկատվական տարածությունը պայթեցրին այն «սենսացիայով», թե, իբր, 2014 թվականից Մոնղոլիան մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ` ինքնավար հանրապետության իրավունքով։ Այս անհեթեթության հեղինակները նորությունը հիմնավորել էին այնպիսի տվյալներով, ինչպիսիք են վիզային անցակարգի վերացումը, ինչպես նաև ռուս-մոնղոլական տնտեսական սերտ կապերը (ներմուծվող նավթի 95 %-ը Մոնղոլիան ստանում է Ռուսաստանից), և հաղորդել էին, թե իբր «նախնական համաձայնագիրը ստորագրել են նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Ցախիագիյն Էլբեգդորժը դեռ 2012 թ. ապրիլի 12-ին։ Բայց միայն հունիսի 28-ին է հաստատվել ՌԴ Դաշնային խորհրդում, իսկ հետո էլ` նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից»։ Սակայն մոտ մեկ շաբաթ հետո` նույն թվականի հուլիսին, ՈՒլան Բատորում Ռուսաստանի դեսպանը հերքեց ապատեղեկատվությունը։ Ռուսներից հետո կեղծ սենսացիան հերքեց նաև Մոնղոլիայի արտգործնախարարությունը։

Ինչպես ասում են` սկանդալը հարթված էր։ Սակայն տպավորություն կար, որ, այնուամենայնիվ, մոնղոլական վերնախավի որոշակի շրջանակներում կարող էին Ռուսաստանի կազմ «գնալու» մեջ հենց տեսնել իրենց երկրի փրկությունը Չինաստանի հարաճուն նեոգաղութացումից, որն անսքող կերպով ամենաիսկական տնտեսական նվաճողականություն է իրականացնում Մոնղոլիայում։ Սակայն Մոնղոլիայի ապագա պետական կարգավիճակի հարցերը թողնենք իրենց` մոնղոլներին։ Փոքր-ինչ խորամուխ լինենք այն բանում, թե ինչու էր մինչև վերջերս արևմտյան զանգվածային լրատվամիջոցների մեծ մասն առհասարակ քարոզում այն գաղափարը, թե «ճշմարիտ ժողովրդավարության լիակատար հաղթանակի» շնորհիվ Մոնղոլիան վերածվել է «նոր ասիական տնտեսական վագրի»։ Թե իբր Մոնղոլիան տնտեսական շեշտակի աճ է արձանագրել` տարեկան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մինչև 30 %, և որ երկիրը «ժողովրդավարների» զգոն ղեկավարությամբ և Արևմուտքի «առաջնորդող դերով» շարժվում է դեպի «բարգավաճում ու բարօրություն»։

Նախ, արևմտյան լրատվամիջոցները ստում են. ՀՆԱ-ի աճ կա, սակայն իրապես այն կազմում է տարեկան 17 %, քանի որ 13 %-ը «խժռում է» աղետալի դրամարժեզրկումը։ Բացի այդ էլ, նման ցուցանիշներ միայն 2011-ին են եղել, իսկ արդեն 2012-13 թթ. Մոնղոլիայի ՀՆԱ-ի ցուցանիշները շեշտակիորեն նվազել են, թեև դեռ դրական են։ Իսկ այդ երկրում լինող մարդիկ, և անգամ ոչ թե գավառներում, այլ հենց ՈՒլան Բատորում, ապշում են. Մոնղոլիայի մայրաքաղաքը մի անճոռնի ու կեղտոտ քաղաք է, ուր երբեմն չեն քաշվում միզելուց հենց փողոցում, մարդկանց աչքի առջև։ ՈՒլան Բատորը մինչև հիմա տրամաբանությունից զուրկ, առանց գեղեցկության ու հարմարավետության ձգտման շինությունների մի խառնակույտ է։ Միակ քիչ թե շատ բարետես փողոցը «հին խորհրդային» Խաղաղության պողոտան է` մի քանի նոր «պլպլան» հյուրանոցներով ու գործարար կենտրոններով։ Բարեկարգ փողոցներ մայրաքաղաքում, ըստ էության, չկան։ Փողոցները լի են հին ու նոր «ջիփերով», որոնց վարորդները մի գլուխ «ազդանշանում են», լուտանքներ թափելով հետիոտնի ու «մրցակից» վարորդների հասցեին։ Փողոցային երթևեկության կանոններ ՈՒլան Բատորում առհասարակ գոյություն չունեն։ Քաղաք կոչվածը հրեշավոր էկոլոգիական վիճակում է և բառացիորեն շնչահեղձ է լինում թթվածնի պակասից։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ