ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատմություն գրելու և շարադրելու տարբերությունները

Պատմություն գրելու և  շարադրելու տարբերությունները
17.12.2013 | 00:48

52 շաբաթ ունեցող տարվա 51-րդ շաբաթը արդյունքներն ամփոփելու ժամանակն է` իր լրումին է հասնում ևս մեկ շրջան 365 օրից, որոնցից յուրաքանչյուրը ինքնատիպ էր, կարևոր ու սահմանափակված 24 ժամվա մեջ: Արդյունքները ամփոփելու համար, սակայն, պետք են չափանիշներ, իսկ չափանիշի չափանիշ ունենալու և արժեհամակարգ ձևավորելու համար մեր ընդհանրական միտքը չի հերիքում: Առանձին փայլատակումներ, հարկավ, լինում են, բայց գաղափարի չեն ձգում, գաղափար, որ չի տրոհվում ու միավորում է բոլորի ձգտումներն ու ցանկությունները: Մենք չունենք իդեալ:

2013-ի քաղաքական գլխավոր իրադարձությունը նախագահական ընտրություններն էին, որ անցան առանց անակնկալի ու հանձնարարված արդյունքով: Միակ անակնկալը, թերևս, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձն էր, որ, ինչպես պիտի պարզվեր, նախաձեռնել էր ևս մեկ նախագահի թեկնածու: Բայց այս ամենն այնքան թատերական է, որ իրական անակնկալի չի ձգում: Հետընտրական իրադարձությունները ևս նույնքան թատերական էին` իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանի կատարմամբ: Ինչո՞ւ Հայաստանում հաջողություն չունեցավ «Բարևի» հեղափոխությունը` ունենալով ժողովրդի աջակցությունը: 2008-ի և 2013-ի հետընտրական իրադարձությունները համեմատելիս երկրորդը առաջինի ֆարսն է թվում. իրավ պատմությունը կրկնվում, բայց երկրորդվում է իբրև ֆարս: Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողության չհասավ: Որովհետև ինքն էլ զարմացել էր իր հաջողությունից ու չգիտեր ինչ անել: Նա կրկնեց իր նախորդների սովորական սխալը` հեռացավ հրապարակից ու որոշեց արդարություն որոնել նախ իշխանության հետ խիստ հուզիչ նամակագրության մեջ, հետո ընդհանրապես գնաց Մոսկվա հաղթանակ բերելու: Մոսկվան հաղթանակը տալիս է նրանց, ովքեր հստակ գիտեն` ինչ են ուզում` լավ է, թե վատ, ճիշտ, թե սխալ: Ի վերջո, իշխանությունը գերադասում է աշխատել իշխանության հետ:
2013-ի քաղաքական իսկական անակնկալը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումն էր: Հենց քաղաքական, որովհետև այդ որոշումը տնտեսական հենք չի ունեցել ու հիմա էլ չունի: Իսկ անակնկալ էր բոլոր նրանց համար, ովքեր հավատում են հրապարակային քաղաքականությանը, հրապարակավ արված հայտարարություններին, մի քիչ էլ` տրամաբանությանը: Մյուսների համար Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը օրինաչափ էր ու տրամաբանական: Ոչ այն պատճառով, որ ՈՒկրաինան կորցնող Ռուսաստանին բարոյական հաղթանակ էր պետք Հայաստանի տեսքով: Ոչ այն պատճառով, որ տասնամյակներով Ռուսաստանը վարել է Հայաստանի հնարավոր անկախությունն ու ինքնուրույնությունը զրոյացնելու քաղաքականություն, ավելին` իր անվտանգությունն ապահովելու համար հնարել է Հայաստանի անվտանգության ապահովողը լինելու առաքելությունն ու իրականացնում է առավել ու առավել ջանադիր` ի վնաս Հայաստանի անվտանգության: Ոչ այն պատճառով, որ Եվրամիությանը Հայաստանն առանձնապես պետք չէ ոչ իր տարածքով, ոչ չունեցած բնական պաշարներով ու մարդկային ռեսուրսներով: Այլ այն պատճառով, որ Հայաստանը չի կայանում իբրև անկախ պետություն ու չի վարում անկախ պետությանը բնորոշ քաղաքականություն: Այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն չի զգում ու չի համարում անկախ: Մնացած բացատրությունները հավուր պատշաճի ասված բառեր են ու բառակուտակումներ:
Հայաստանը վազելով անդամակցում է Մաքսային միությանը. սա ռուսական կողմի գնահատականն է, որ շռայլորեն խոստանում է դյուրացնել Հայաստանի անդամակցության գործընթացը` նույնիսկ եթե դիմադրեն Բելառուսն ու Ղազախստանը: Բայց որևէ քաղաքական գործիչ, որևէ տնտեսագետ առայժմ չի պատասխանել պարզ ու ոչպաթետիկ հարցին` հետո՞, ի՞նչ է տալու ՄՄ-ն Հայաստանին: Կոնկրետ: Չեն պատասխանվել հարակից հարցերը. օրինակ` Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային անցակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Որո՞նք են Մաքսային միության շահերը` հակառակ որոնց Հայաստանը չի կարող գործել, նույնիսկ եթե դա բխում է իր շահից:

Այս խնդիրը հատկապես արդիական է դառնում շնորհիվ Իրանի: 2013-ի քաղաքական տարվա համաշխարհային անակնկալը գուցե հենց Իրանի Իսլամական Հանրապետության վարած քաղաքականության փոփոխությունն է: Հասան Ռուհանիի պաշտոնակալությունից հետո ¥իրականում ավելի վաղ¤ սկսված բանակցությունները ԱՄՆ-ի հետ արդեն փոխում են աշխարհաքաղաքական իրավիճակը: Եթե Թեհրանին հաջողվի վերացնել միջազգային կազմակերպությունների սահմանած տնտեսական պատժամիջոցները` համոզելով նրանց, որ մտադիր չէ ատոմն օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար, այլ նպատակը միջուկային էներգիա ստանալն է, իրավիճակ է փոխվելու ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Թեհրանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է գազով ապահովել Եվրոպան, ավելի էժան գնով, քան վաճառում է Մոսկվան: Իսկ Հայաստանին, որը Թեհրանի համար իբրև գազի սպառման շուկա հավասար է մի փողոցի, Իրանն ընդհանրապես պատրաստ է ռուսականից շատ ավելի էժան գնով ¥ըստ ԻԻՀ-ի Հայաստանում դեսպան Մոհամադ Ռեյիսիի` 100 դոլարով¤ գազ վաճառել: Բայց պատրա՞ստ է Հայաստանն այդ գնով գազ գնել Իրանից` չի՞ հակասի դա Մաքսային միության շահերին, թույլ կտա՞ Մոսկվան: Առավել ևս, որ Իրան-Հայաստան գազատարի գործարկման դեպքում պարսկական գազը կարող է Եվրոպա հասնել Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհով` շրջանցելով Ռուսաստանը: Փաստորեն Իրանը մղում է Հայաստանին հնարավորինս պահպանել անկախությունը:
2008-ի և 2013-ի քաղաքական նմանությունները խորացնում է Թուրքիան: 2008-ին հնարվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, և Հայաստան եկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը, ապա նաև նախագահ Աբդուլլահ Գյուլը, 2013-ին ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան եկավ Ալի Բաբաջանին հաջորդած Ահմեդ Դավութօղլուն: Այցի առանցքը, իհարկե, հայ-թուրքական հարաբերություններն են: Եղած ու չեղած: 2008-ին Հայաստանի իշխանության համար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը փրկօղակ էր` ներիշխանական ճգնաժամը արտաքին քաղաքական ասպարեզում հաղթահարելու համար: Ստացվեց: Թեպետ չստացվեց բուն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, բայց ո՞վ է ասում, որ բուն նպատակը հայտարարվածն է: Հիմա էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան այցի բուն նպատակը 2015-ից առաջ հնարավոր հարվածները մեղմացնելու ջանք դիտարկվեց: «100-ամյակին ևս քանի՞ երկիր կճանաչի հայերի ցեղասպանությունը» հարցի պատասխանը կունենանք արդեն 2016-ին, բայց հարցերի հարցը մնում է` ե՞րբ կճանաչի Թուրքիան, և ի՞նչ կհետևի ճանաչմանը: Հայաստանն իր արտաքին գործերի նախարարի շուրթերով նորից հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կայացումը նախապայմաններ չի ընդունում: Իսկ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ է կապվում: 2013-ին երկու տարվա դադարից հետո վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները: Ձևակա՞ն, թե՞ բովանդակային ցուցանիշ է հարցի լուծման համապատկերում: Տեղեկատվության բացակայությամբ ապավինելով հիշողությանն ու տրամաբանությանը` ձևական, որ կարող է և բովանդակություն ստանալ: Կարող է և չստանալ: Մենք ջանադիր ու հետևողական էինք ստատուս քվոյի պահպանության համար: Ստատուս քվոյի խախտումը մեծամասնությունը համարում է պատերազմը: Բայց կա նաև այլ տարբերակ` հարցի լուծումը: Ստատուս քվոյի պահպանությամբ և այդ պահպանության պայմաններով ստեղծված իրավիճակում մենք կանգնել ենք Հայաստանի անկախության կորստի առաջ` քաղաքականապես, Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգի առաջ` արտագաղթի տեսքով, որը ոչ միայն դատարկում է երկիրը, այլև բումերանգով կասեցնում տնտեսության հնարավոր զարգացումը` սպառման շուկայի անվերջ փոքրացմամբ: Եթե նավթի, գազի ու աշխարհագրական դիրքի շնորհիվ Ադրբեջանը պահում ու զարգացնում է տնտեսությունը, էներգետիկ ռեսուրսներ չունեցող Հայաստանը իր աշխարհագրական դիրքով հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ` իբրև հետևանք ստատուս քվոյի: 2013-ին այս իրողությունները մնացին անփոփոխ:
2013-ին շարունակեց պաշտոնավարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անդրանիկ Մարգարյանի նման նրան էլ շաբաթը մեկ պաշտոնանկություն գուշակողները շարունակում են խոր հիասթափություն ապրել: 2013-ին 7 տոկոս տնտեսական աճ չապահովվեց, բայց կառավարությունը և վարչապետը հրաժարական չտվեցին: Ո՞րն էր Անդրանիկ Մարգարյանի երկար պաշտոնավարման ֆենոմենը: Թույլ վարչապետ լինելը: Վճռական որոշումներ, որոնք Հայաստանի տնտեսության համար շրջադարձային կլինեին, նրա կառավարությունը 2000-2008 թթ. չընդունեց, նրան չէր առանձնացնում հզոր տնտեսագիտական միտքը, բայց նա կարողանում էր քաղաքական հավասարակշռություն պահել: Տիգրան Սարգսյանը նույնպես թույլ վարչապետ է` նա միայն հռչակումներ է անում և առաջ չի գնում: Ավելին` նվազագույնը անհասկանալի է, որ վարչապետը հիմնավորում է Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական աննպատակահարմարությունը, հետո նույնքան համոզիչ հիմնավորում է նպատակահարմարությունը: Տրամաբանությունը թելադրում է, որ եթե իրավիճակ չի փոխվել, ուրեմն նա ստում էր կամ առաջին դեպքում, կամ երկրորդ: Նվազագույնը` սխալվում է: Տիգրան Սարգսյանին չի հաջողվում քաղաքական հավասարակշռություն պահպանել` միջկուսակցական հարաբերությունները բացահայտորեն նրա ուժեղ կողմը չեն: Նրա ուժեղ կողմը կարող էր լինել տնտեսությունը, բայց ինչ պարզ է տեսության մեջ, անհնար է կյանքում: Օլիգոպոլիաների դեմ պայքարը Տիգրան Սարգսյան վարչապետը սկսեց ու ավարտեց ԱԺ դահլիճում կառավարության ծրագրի հաստատման ժամանակ, նույնը` տնտեսության դիվերսիֆիկացիան, նույնը` կոռուպցիայի դեմ պայքարը, նույնը` աշխատատեղերի ստեղծումը և գործազրկության կրճատումը, կենսամակարդակի բարձրացումը, և այլն, և այլն, և այդպիսով: Բայց շարունակում է պաշտոնավարել:
Հավարտ նախագահական ընտրությունների, հավարտ Մաքսային միությանը և եվրասիական տարածքին ինտեգրվելու քաղաքական որոշման` Հայաստանում որոշակիություն չստացավ քաղաքական դաշտը: Քաղաքական ուժերը համապետական ընտրությունների ավարտով ստացան կամ կորցրին որոշակի լծակներ ու հարմարվեցին նոր դիրքերում: Ընդամենը: Այդպես էլ պետք էր` այլ գործողությունների պահանջարկ չկա: Ժողովուրդը հարկ եղած դեպքերում ինքն իրեն թե առաջնորդում է, թե ապահովում է իր անվտանգ նահանջը, թե առտնին կյանքը: Փաստ է, որ 2013-ին էլ քաղաքական խրամատներից ժողովուրդն ու քաղաքական ուժերը դուրս չեկան ու իրար չգտան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Տարբեր իրողություններ են պատմություն շարադրելը և պատմություն գրելը: 2013-ին մեր պատմությունը շարադրվեց, բայց չգրվեց: Մեղավորը ոչ Արևմուտքն էր, ոչ Արևելքը, ոչ Արևմուտքի ու Արևելքի մեջ դեսուդենող Ռուսաստանը: Մեր ընդհանրական միտքը այդպես էլ որևէ ոլորտում իդեալ չգտավ` ոչ քաղաքականության մեջ, ոչ քաղաքականությունից դուրս: Իսկ եթե չունես առաջ տանող կերպար, ուրիշների երթին ես ձուլվում: Գլխավորը, որ այդ երթը թափոր չդառնա, որպեսզի ժամանակ ունենաս պոկվելու ու քո ճանապարհով գնալու: Եթե ոչ 2014-ից, գոնե` երբևէ:

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ