Տույժեր ծխախոտ ծխելու համար` այն վայրերում, որտեղ ծխելն արգելվում է հակածխախոտային օրենքով: Օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից: Այդ մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տիմչենկոն:
Այն մարդիկ, ովքեր կխախտեն օրենքը, ովքեր կհանդգնեն ծխել այդ վայրերում` աշխատավայր, կրթական, մշակույթի, սպորտի, առողջապահության հաստատություններում կամ բազմաբնակարան շենքերի մուտքերում և երկաթուղային կայարաններում ու օդանավակայանում, նոյեմբերի 15- ից կտուգանվեն 500-ից 1500 ռուբլով:
«2014 թ. հունիսի 1-ից այդ «արգելված տեղերի» ցանկը կլրացնեն նաև ռեստորաններ, բարեր, հանրակացարաններ, հյուրանոցներ: Այո’, մենք պետք է ծխախոտի ծխից ազատենք և օդը մաքուր պահենք բոլոր չծխողների համար», - լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը:
Նա բացատրել է, որ ծխախոտի ծխից առաջին հերթին պաշտպանվելու կարիք ունեն երեխաներն ու դեռահասները: Քաղաքացիների համար սահմանված տուգանքը լինելու է 3-5 հազար ռուբլու չափով, պաշտոնյաների համար` 30-50 հազար, իրավաբանական անձանց համար` 100 -150 հազար ռուբլի: Ծխելն արգելվում է հատկապես խաղահրապարակներում, դա էլ` 2-3 հազար ռուբլի:
Այնուհետև, ըստ պատգամավորի, խիստ պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, ովքեր կփորձեն անչափահասներին ներգրավել ծխելու գործընթացում:
«Իհարկե, մեր նպատակը տուգանքները չեն. Դա ընդամենը անհրաժեշտ միջոց է` օրենքի կատարման համար: Կարծում եմ, առաջին օրերին օրինախախտները հազիվ թե պատժվեն: Այստեղ խոսքը հիմնականում վերաբերվում է շարքային ծխողներին, ովքեր աղտոտում են օդը` որտեղ ուզում են»,-ասել է Տիմչենկոն` հավելելով, որ Պետդուման մշտապես վերահսկելու է, թե ինչպես է ի կատար ածվում օրենքը և ինչպես է աշխատում տուգանքների մեխանիզմը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ