ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճշմարտությունը կոնկրետ է

Ճշմարտությունը կոնկրետ է
20.10.2013 | 16:46

Ի՞նչ կանեինք, եթե ինտերնետը չլիներ: Այն, ինչ մի քանի օրում իմանայիր-չիմանայիր, հիմա մի քանի րոպեում ոչ միայն իմանում, այլև ուրիշին ես հաղորդում: Հայտնությունների Պանդորայի արկղ, բացելը` բացում ես, բայց հետո ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել: Օրինակ, ո՞վ կասի, թե գրողների գրող Զորի Բալայանի նամակին ի՞նչ կպատասխանի նախագահների նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլորն ասում են` ի՞նչ է գրել, ինչո՞ւ է գրել, ե՞րբ է գրել, ո՞վ է թելադրել, բայց ոչ ոք չի ասում` պատասխանն ի՞նչ կլինի, ե՞րբ ու ինչո՞ւ: Իսկ ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ շուրջերկրյա նավարկությունից հետո նավազների նավազ Զորի Բալայանը ծովերի ու օվկիանոսների ճոճքի մեջ է դեռ և մի քիչ շփոթել է հասցեն, ոչ միայն անիմաստ չէր լինի, այլև ճիշտ կլիներ` նամակը ուղղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևին: Ոչ ոք չէր կասկածի, որ իրեն ուղղորդել են` մեկ, ոչ ոք չէր մեղադրի անկախությունը վիճարկելու կամ դավաճանության մեջ, բոլորը կկարծեին, որ նոր ու հանճարեղ քայլ է արվում` երկու, Ադրբեջանը (իմա` Թուրքիան), Ռուսաստանը (իմա` Բելառուսը) առարկելու ոչինչ չէին ունենա` Մաքսային մեկ միություն է, սահմանները կարևոր չեն` երեք, Ղազախստանն այլևս Ղարաբաղի դեմ առարկելու ոչինչ չէր ունենա` չորս: Մի նամակով չորս խնդրի լուծում` քի՞չ է: Դեռ հինգերորդ ու վեցերորդն էլ կա. Ղազախստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը` Ղազախստանի, իսկ Զորի Բալայանի հանճարեղ առաջարկի շնորհիվ Ադրբեջանն իր դիմաց կունենար Արցախ+Ղազախստան և դեռ հայտնի չէ` օրը մեկ պատերազմելու ցանկությունը կմնա՞ր, թե՞ Բաքվի քամիների պես կգար-կգնար: Անվտանգության խնդիրը մեկով մեկ լուծվե՞ց` սա էլ հինգ: Եվ վեց` ինչ ուրախություն կլիներ տափաստանցի ղազախների համար լեռնային նոր տարածքը: Ով գիտի, գուցե մի քանի տարի հետո Նազարբաևը ինքը նամակ գրեր Զորի Բալայանին ու խնդրեր, թե մի ճար գտիր` Բայկոնուրը տեղափոխենք Շուշի: Մեզ խանգարում է, ձեզ օգուտ կտա: Իսկ հետո արդեն Պուտինն ինքը Զորի Բալայանին նամակ կգրեր ու կխնդրեր` միջնորդիր, մի-երկու տիեզերանավ ձեր կողմերից Մարս ուղարկենք, Վեներա, կամ` ուր դու ասես: Այդ ժամանակ ո՞վ կհետաքրքրվեր` ո՞ր երկրի կազմում է այն երկիրը, որտեղից տիեզերանավերը Մարս ու Վեներա են թռչում: Ինչքան պարզ է, չէ, ամեն ինչ: Զորի Բալայանը մի լավ կմտածեր ու կասեր` համաձայն է, թե հարմար չի համարում: Իսկ հիմա նա ընդամենը շփոթել է հասցեատիրոջն ու նամակը Նազարբաևի փոխարեն ուղարկել է Պուտինին: Կամ էլ` շտապել է: Ընդհանրապես պետք չէ նրան մեղադրել ազգային ինքնագիտակցության բացակայության մեջ, պետք չէ կարծել, թե Զորի Բալայանը չգիտի` ինչ է անկախությունը, դուք որտե՞ղ էիք, որ նա հարցեր էր բարձրացնում ու լուծում Գորբաչովի մոտ, Վոլսկու, Սոբչակի, բարոնուհի Քոքսի մասին չասեմ: Դուք ո՞վ էիք, որ Զորի Բալայանը գրում էր` սիրո գինը սերն է: Բայց դուք էլ իրավունք ունեք հարցնելու` պատմության մեջ խրված գրողը, որ Գոլսուորսիի իմաստուն խորհրդով մտածում է ապագա ունենալու մասին, ինչո՞ւ է մոռանում ներկան:

Չափազանց պրիմիտիվ է գրողին միանգամից մեղադրելը, մարդը ուզում է զգուշացնել, բայց ի՞նչ: Որ Լեռնային Ղարաբաղը տրվելու է Թուրքիայի՞ն: Կամ` Իրանի՞ն: Ո՞րն է այն կոնկրետ ճշմարտությունը, որ Զորի Բալայանը ոչ գրում է, ոչ բացատրում, այլ հնարավորինս խճճում պատմական էքսկուրսներով, մեջբերումներով, հղումներով, որոնք խնդիր ունեն ավելի հասկանալի դարձնելու ասվածը` պատմական օրինակների համապատկերում, բայց գնում ու չեն վերադառնում: Համաձայն եմ, որ դաստիարակված մարդիկ ուրիշին հասցեագրված նամակները չեն կարդում, ոչ էլ ուրիշների փոխարեն պատասխանում են ոչ իրենց ուղղված նամակին: Բայց եթե նամակը հրապարակվել է ու հեղինակն էլ ոչ մեկին դատի չի տալիս իր անձնական նամակագրության գաղտնիությունը խախտելու համար, ուրեմն տեղին է հարցնել` իսկ ի՞նչ արդյունք ունեցան անցյալ դարի 80-90-ական թվականներին գրված հարյուրավոր նամակները: Ընդհանրական պատասխանը Սումգայի՞թն էր, թե՞ «Կոլցոն»: Այն ժամանակ հասկանալի էր հայտնի ու անհայտ անհատների, անգամ աշխատանքային կոլեկտիվների էպիստոլյար ակտիվությունը, հիմա, երբ կա պետություն, երբ երկու պետություն կա, ի՞նչ տնայնագործական դիվանագիտություն է գործադրվում, ի՞նչ իրավունք ունի որևէ անհատ ստանձնելու պետության գործառնությունը: Եթե պատմությունը հանգում է որևէ երկրի նախագահի Ղարաբաղ հրավիրելուն, այդ իրավունքն ունի ԼՂՀ նախագահը, երբ տվյալ երկիրը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Զորի Բալայանի հրավերը արարողակարգային նոնսենս է, քանի դեռ նրան չեն շնորհել Նոբելյան մրցանակ: Եթե հասկանալի պատճառներով ոչ գրականության, գոնե խաղաղության, որը նրան բարոյական, ոչ պաշտոնական կամ իրավական, բարոյական իրավունք կտար իր օջախն այցելելու հրավեր ուղղել ուրիշ երկրի նախագահի: Իրականում Զորի Բալայանի նամակը Պուտինին չի ուղղված, այլ հայաստանաբնակ ու արցախաբնակ հայերիս` ներշնչելու համար էքզիստենցիալ, համարյա սակրալ վախի ու տագնապի զգացողություն` մենք պետություն չենք կարող լինել, մենք ծաղկում ու շենանում ենք միայն որևէ կայսրության կազմում, լավ կլինի, որ այս անգամ ռուսական կայսրությունը լինի: Այս օրերին Զորի Բալայանին մի քանի անգամ ուղարկեցին Եռաբլուր իր հարցերի պատասխանները ստանալու համար: Ավելի ճիշտ կլիներ վերադարձնեին Ղարաբաղ, բայց ոչ թե հյուրեր ընդունելու նպատակով, այլ քաղաքական կարգավիճակին ծանոթանալու: Վախի, ինքն իրեն հաշվետու չլինող վախի թելադրանքը կարող էր դառնալ «Չէի կարող չգրել» արդարացումը, բայց սարսափը հաղթահարելու բազում ձևեր կան: Եթե կողմնակի միջոցներով փորձում են մեզ վախեցնել նոր պատերազմով, Ղարաբաղի կորստով, անկախության կորստով, չափազանց լուրջ հարցեր են, որ անհատների միջոցով լուծվեն: Պարզապես անհեթեթ է: Պատմությունը ինքն իր հետքերով հետքայլեր չի անում, Գյուլիստանի, Թուրքմենչայի պայմանագրերը գործել են ոչ թե միապետների փոխհարաբերությունների ու դիվանագիտական լեզվի ոճական նրբությունների սահմաններով, այլ` իրավական: Երբ որևէ պետություն դադարել է գոյություն ունենալ, հարկադրված ես ընդունել նոր իրավիճակը իր բոլոր հետևանքներով: Զորի Բալայանը, ևս մի քանի տասնյակ գրողներ, պատմաբաններ, մի քանի տասնյակ էլ քաղաքական գործիչներ պատմական փաստերով, փաստաթղթերով, քարտեզներով, ժամանակակիցների վկայություններով կարող են ապացուցել ու վերապացուցել, որ Ադրբեջանը որպես պետություն գոյություն չի ունեցել ու չի կարող գոյություն ունենալ տրամաբանության ու տրամաբանական զարգացումների շրջանակում, բայց կա Բաքու մայրաքաղաքով Ադրբեջան պետությունը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունն էլ չպետք է լիներ, բայց եղավ, չէ՞: Ռուսաստանն էլ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ժամանակավորապես հանձնած բոլոր տարածքները վերադարձրեց, բացի հայկական հողերից: Իսկ Բրեստ-Լիտովսկի բանակցություններին մասնակցած Վահան Տերյանը Պետրոգրադ վերադառնալու փոխարեն, հույժ կարևոր գործով Օրենբուրգ մեկնելու հրահանգ ստացավ, վստահորեն լավ հայտնի էր ոչ տեղ հասնելու, ոչ վերադառնալու նրա առողջական վիճակը: Բայց հրամանը հրաման էր, թե՞ պարզապես աքսոր: Հայ գրողի, որ նույնպես չէր կարող չգրել, բայց Լենինին նամակներ չէր գրում իր յոթնապատիկ խոցված հայրենիքի փրկության համար: Թեպետ կարող էր:
Հայրենասիրության ու հեռատեսության 20-րդ դարից ժառանգելու շատ ավելի վայելուչ ձևեր ու ձևաչափեր կային: Ի վերջո, որևէ մեկին նվիրել, վաճառել, առաջարկել կարող ես քո ունեցածը, ուրիշի ունեցածի պարագայում քո քայլերը եթե արկածախնդրություն չեն, զվարճալի են դարձնում թե քեզ, թե քո ձեռնարկը: Զորի Բալայանը շատ ավելի լավ նավաստի էր, քան քաղաքական մեկնաբան ու նույնիսկ հայրենասեր: Ճշմարտությունը կոնկրետ է, բայց կոնկրետությունն էլ ընդունված որոշման հետևանք է, ոչ թե ցանկություն-մտադրություն-մտավախություն համակարգի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Համաձայնեցվա՞ծ է Զորի Բալայանի նամակը Սերժ Սարգսյանի հետ: Զորի Բալայանի նամակի նկատառումները Կրեմլո՞ւմ են կոնկրետացվել: Ինքնաբո՞ւխ նամակ է: Այս հարցերից ոչ մեկի պատասխանն էլ կարևոր չէ, թեպետ տարատեսակ եզրակացությունների հիմք է: Առավել կարևոր է Մաքսային միության վտանգներից խուսափելու հնարավորությունը և այդ հնարավորությունն օգտագործելու մտադրության առկայությունը: Անցյալը` անցյալ, բայց ներկան էլ դեպի ապագա գնալու հաստատուն կամուրջ է, եթե կանգնած ես սեփական ոտքերիդ վրա ու անթացուպերը չեն հույսդ: Նույնիսկ եթե անթացուպերը քեզ թռչելու խոստումներով են տվել: Իսկ նամակն ավելին չէ, քան հեղինակի անձնական նկատառումների ու ցանկությունների հավաստագիրը, մեզնից ամեն մեկը օրը 100 նամակ կարող է գրել, 200 պատասխան ստանալ, և` մնալ նույն կետում: Անգամ եթե նամակը հայտնվում է ինտերնետում: Ինտերնետն` ինտերնետ, քաղաքականությունը գրում են զինվորներն ու նրանք, ովքեր վախենում են միայն ու միայն սեփական ցանկությունների կատարումից:

Դիտվել է՝ 1949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ