ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ով անկեղծ է, թող առաջինը քայլ անի

Ով անկեղծ է, թող առաջինը քայլ անի
10.05.2013 | 18:35

Ազատության հրապարակում, երեկ խոսելով փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Անհավատների այս բանակում ժողովուրդը հաղթեց: Պարտվեցի ես: Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը: Մայիսի 5-ին, որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս: …Բոլորս, ինձանից սկսած, գտնվում ենք պարտության մեջ: Եվ դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, մնացած բոլորիս է վերաբերում»: Րաֆֆի Հովհաննիսյանը նման բովանդակությամբ ելույթ առաջին անգամ չի ունենում: Նախագահական ընտրություններից հետո ծավալված շարժման ընթացքում նա քանիցս ակնարկել է այն մասին, թե բոլորը նույն նավակի մեջ են: Բայց հարցն այն է, որ այս` նույնն է թե միավորման և համատեղ ուժերով երկիրը վերափոխելու մասին միայն «Ժառանգության» առաջնորդը չի խոսել:
2003-ին էլ հետընտրական իրադարձությունների ընթացքում քիչ չեն հնչել միավորման կոչեր: Այն ժամանակ Հովհաննիսյանը երկար մտածում էր ինչ անել` միանա?լ ընդդիմությանը, թե ոտքը կախ գցել: Նույնիսկ խոսվում էր, թե նա սպասում է, որ միգուցե Ռոբերտ Քոչարյանը որևէ առաջարկություն կանի պաշտոնական պորտֆելի տեսքով: Հովհաննիսյանը, ի վերջո, Մատենադարան գնաց մեկ անգամ: Ժողովուրդը ցնծության մեջ էր` միացել են, բայց շուտով պարզվեց, որ ոչ մի միացում էլ չկա իրականում, իսկ սկսված ու դեռևս խախուտ շարժումը շուտով մարեց:
2008-ին էլ հետընտրական շարժմանը Հովհաննիսյանը և՛ միացավ, և՛ ոչ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Տեր-Պետրոսյանի հետընտրական շտաբին օգնում էին հետմարտիմեկյան զարգացումների ֆոնին ձերբակալված ակտիվիստներին ոստիկանության բաժանմունքներում աջակցելով, բայց հետագայում, երբ ձևավորվեց ՀԱԿ դաշինքը, «Ժառանգությունը» չմտավ դաշինքի մեջ: Ավելին, սկսեց ներկայացնել երկրում իշխանափոխություն անցկացնելու իր տեսլականը ՀԱԿ դաշինքի նույնահունչ գործունեությանը զուգահեռ, կարծես թե, ինչ-որ առումով խանգարելով ՀԱԿ-ին: Այսինքն, այստեղ էլ Հովհաննիսյանը չէր զգում, որ բոլորի հետ ինքն էլ նույն նավակի մեջ է, մինչև որ խնդիրը սեփական մարմնին առավելագույնս չմոտեցավ: Հիմա նա զգում է, թե խորտակվող նավակը ինչ հետևողականությամբ է ընկղմվում՝ իր հետ տանելով բոլորին անխտիր: Նույնը վերաբերում է, իհարկե, թե՛ ՀՅԴ-ին, թե՛ ՀԱԿ-ին: ՀԱԿ դաշինքը, իսկ հիմա ՀԱԿ կուսակցությունը, ակնարկելով միավորման ու համագործակցության համար բաց դռների մասին, դեմ չէր լինի, որ այն կայանար իր գաղափարների շուրջ: ՀՅԴ-ն էլ երբեք չի զլանում այլ քաղաքական ուժի միավորման որևէ կոչից հետո ներկայացնել իր հերթական ծրագրային կետերը, հասկացնելով՝ միավորվե?լ եք ուզում, եկեք, իմն ավելի լավն է: Իրականում մեր ներքաղաքական իրականության մեջ միասնական պայքարի վերաբերյալ կոչերը միայն խոսակցությունների շարքից են, քանի որ դեռևս որևէ բանակցություն իրական դաշինքի չի վերածվել: Վերջին տարիների քաղաքական դաշինքը, թերևս, ՀԱԿ-ն էր, որը փաստացի արդեն չկա` ներդաշինքային փոխհարաբերությունների, անհամաձայնությունների և այդ կոնտեքստում մի քանի ուժերի` ՀԱԿ-ից հեռանալու արդյունքում:
Մի խոսքով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ահազանգում է խորտակվող նավակի մասին, կարող է առաջինն ինքը քայլ անել, խիստ որոշակի քայլ, ոչ թե հանրահավաքային ակնարկներ: Նույնը վերաբերում է ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերին: Եթե միավորման մասին եք խոսում, առաջինը ձեզնից սկսեք: Իսկ «եթե»-ի ու «ապա»-ի պատճառահետևանքային կապի մասին ժողովուրդն իր պատկերացումներն ունի` անկեղծության դեֆիցիտ կա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ