ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք

Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք
30.03.2013 | 13:46

Մարտի 29-ին Րաֆֆի Հովհաննիսյանը աշխարհի չորս ծագերին ավետեց, որ Հարության տոնի պատարագից հետո «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար իր համեստ ծոմը ավարտելու է»: Պատկերացնու՞մ եք` ինչ համեստություն` «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար»: Ավելի ճիշտ պատկերացրեք` ինչ կլիներ հավատին, հայրենիքին ու խաղաղության ապագային, եթե Րաֆֆին ծոմ չպահեր, այն էլ` համեստ: Չեմ հեգնում, ուղղակի սարսափում եմ: Սարսափում եմ բոլորիս համար, որ միանգամից զրկվելու էինք «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայից»: Երբ 2008-ին Աղվան Հովսեփյանը դեմքի համեստագույն լրջությամբ խորհրդարանի ամբիոնից խոսում էր հոգեխանգարմունքի մասին ու իր համեստ հնարավորությունների չափով բացատրում էր անձնապես անհամեստ պատգամավորներին, թե դա ինչ է կամ ով է, խորագույն նախանձ էի զգում նրանց նկատմամբ, ովքեր կամ ի սկզբանե գիտեին, կամ արագ հասկանում էին հոգեխանգարմունքի առանձնահատկությունները ու հետևանքները, ավելի շատ` գործընթացը: Իսկապես հետաքրքիր էր: Բայց իմ համեստ մտային կարողությունները օրինակ էին ուզում` համոզիչ, մերօրյա ու շոշափելի: Հինգ տարի հետո ստացա: Ստացանք ազգովին, բայց հոգեխանգարմունքի ամբողջ վտանգավորությունը հենց այն է, որ վիճակդ ոչ զգում ես, ոչ գիտակցում: Շարունակում ես քեզ տեսնել, լսել, ընկալել ու ներկայացնել` ասես ոչինչ չի եղել: Փետրվարի 18-ից մարտի 29-ը` ամիսուկես այդ հոգեխանգարմունքը խորանում է: Մարդը երևակայել է իրեն Իրավատեր ու այդ իրեն միայն հասկանալի հասկացության մեջ հարմար տեղավորված` իրեն ինչ ուզում պատկերացնում է` սկսած նախագահից մինչև դիակ, ընդմիջումներին խաղում է դատավոր, դատախազ, քարոզիչ, ուսուցիչ, հռետոր ու մարգարե, մարտիրոս ու հայրենասեր: Ամեն ինչ, բայց ոչ քաղաքական գործիչ: Որովհետև այն ամենում, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնահատուկ հնչերանգով ու հայերենով, որ դեռ պետք է բացատրել, որ հասկացվի, արտաբերել է, մեկ գրամ քաղաքականություն չկա: Ամեն ինչ կա, բայց ոչ քաղաքականություն: Մարդը բացարձակ կորցրել է իրականության զգացողությունը, կորցրել է ինքն իր զգացողությունը և ում դերում ասես պատկերացնում է իրեն: Օրավուր ասուլիսներում մտքի փայլատակումներով ներկաներին երջանկացրած Րաֆֆի Հովհաննիսյանի խղճին թողնենք իր բոլոր պահանջների հիմնավորվածությունը, շրջանցենք այն անհիմն-անհեթեթ հարցը, թե այն պաշտոնյաները, որ ինքն ուզում է նշանակել, ու՞մ են ենթարկվելու` իրե՞ն, թե՞ իրենց իրավական ղեկավարին, և ի՞նչ իրավական հիմքերով, շրջանցենք նույնքան անհիմք-անհեթեթ հարցը, թե կամայական որոշումներով ի՞նչ են կառուցում` ժողովրդավարություն, թե բռնապետություն, մոռանանք անգամ հուզական պոռթկումների առատությունը, առավելևս, որ հայ ժողովուրդն ամենից շատ սիրում է աչքերը լցնել: Խփես` ավելի ուժեղ հակահարված կտա, շոյես` գիրկդ կընկնի, լացացնես, հուր-հավիտյան քոնն է: Մոռանանք, ու` մոռացվում է ամբողջ այս պատմությունը, որովհետև հոգեցունց ու լալահառաչ հայտարարություններից հետո մեկ էլ մնում են սպառնալիքները` ոչ մեկը սեփական անունից, բոլորը` ժողովրդի: Բնավ մեծ արժանիք չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնից հրաժարվում է, որովհետև դա ընդամենը նշանակում է, որ ընտրել են իրեն, իսկ ինքը աշխատել չի ուզում: Պատրաստ չէ, հարմար չի նկատում: Չի ստացել հավանությունը ինքը գիտի ում: Պատասխանատվություն ստանձնել չի ուզում: Բայց այս ամենը եղել և մնում են մանկամիտ շաղակրատանքներ, երբ համեմատում ենք մարտի 29-ի նրա ցնցող ելույթի հետ, ավելի ճիշտ` այդ ելույթի մեկ հատվածի` «Այսօր Ավագ Ուրբաթ է, Հիսուս Քրիստոսի Խաչելության օրը, որին կհետեւի երկու օր անց Սուրբ Հարությունը, հարությունը Քրիստոսի, Հարությունը մարդկության եւ Հարությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի: Իսկ մինչեւ Հարության տոնը՝ կիրակի, մինչեւ ապրիլի 9 եւ ապրիլի 9-ից այն կողմ, քանի որ ես իմ ցանկությունը եւ պարտքը չեմ կատարել պատարագի մասնակցել այսօր, մեկ րոպե լռությամբ, խաչելության՝ ազգային, հոգեւոր եւ Հիսուս Քրիստոսի, խաչելության եւ թաղման ցավը հիշենք մինչեւ Հարություն»: Այսինքն` եթե խառնիճաղանջ բառակույտը բեռնաթափում ես, մնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ րոպե լռությամբ առաջարկել է հարգել Հիսուս Քրիստոսի հիշատակը և հրապարակն էլ ընդունել է առաջարկը և բացականչել «Հայաստան, Հայաստան»: Հոգեխանգարմունքը ուրիշ ո՞նց է լինում:

Ես կարծում եմ` բոլորիս ողբերգությունն է, որ կես միլիոն քվե ստացած մարդը կարճ ժամանակում բարևողից վերածվեց մարդու, որ բացահայտորեն ինքն էլ չգիտի ինչ է ասում ու անում: Դժվար է պատկերացնել, որ սթափ գիտակցությամբ հավատացյալը առաջարկի մեկ րոպե լռությամբ հարգել Հիսուս Քրիստոսի հիշատակը: Ես չգիտեմ, թե իր պատկերացումներով դա ինչ է նշանակում, բայց իմ կարծիքով եթե սրբապղծություն չէ, բացարձակ մառազմ է: Իսկ վաղը նա բարևներ կուղարկի Հիսուսին ու պատասխան ողջույններ կստանա Քրիստոսի՞ց:
Այդպես է, երբ մարդուն վիճակվում է ավելի ծան բեռ, քան կարող է նա կրել:
Այդպես է, երբ մարդը պարզապես չգիտի ինչպես դուրս գալ իր ստեղծած վիճակից, իսկ մյուսները օգտագործում են նրան` իր նպատակների համար: Այս պարագայում մյուսների դերում բոլորս ենք, որ փոփոխամիտ ու սեփական պատկերացումների պատանդ մեկի մեջ ուզում ենք տեսնել` ինչ մեզ հարմար է: Իսկ մարդը ուղղակի չի հերիքում:
Այդպես չպետք է լիներ, եթե մեզնից ամեն մեկը վերջապես սկսեր հասկանալ` ինչ է նշանակում Հայաստան:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հաջորդ հանրահավաքը, ներեցեք` հաղթահավաքը, իսկ ավելի ճիշտ` զառանցահավաքը ապրիլի 5-ին: Դժվար գարուն է այս տարի Հայաստանում:

Դիտվել է՝ 2661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ