ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ-ը հասկացրել էր, որ չի կարող զերծ պահել Թուրքիան ռուսական հրթիռներից

ԱՄՆ-ը  հասկացրել էր, որ չի կարող զերծ  պահել Թուրքիան ռուսական հրթիռներից
29.03.2013 | 12:45

2008-2011 թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գագաթնակետին տեղի ունեցավ ղարաբաղյան հարցում Թուրքիայի քաղաքականության սկզբունքային ակտիվացում, ինչը հետևանք էր տարածաշրջաններում իր դիրքն ու նոր դերը ցուցադրելու ձգտման։ Այդ շրջանում Ռուսաստանը հրապուրված էր Թուրքիան իր շահերի գոտի ներքաշելու փորձերով, ինչը թեև սկզբից ևեթ դատապարտված էր ձախողման, սակայն հանգեցրեց ղարաբաղյան թեմայի ավելի մանրամասն քննարկման գործում Թուրքիայի ներգրավմանը։ Իհարկե, Ռուսաստանը շատ արագ հասկացավ իր նախաձեռնությունների սխալ լինելը։ Շուտով ԱՄՆ-ը, տեսնելով, որ Ռուսաստանի քաղաքականությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասի գործերին Թուրքիայի չափազանց մեծ միջամտությանը, շտապեց օգնել նրան նկատելիորեն խափանելու Թուրքիայի ջանքերը։ Բայց Թուրքիան որոշ ժամանակ շարունակեց ճնշումը ղարաբաղյան հարցում, չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դժգոհությանը։ Այնուհետև, 2011-ի ամռանն ու աշնանը, համոզվելով ԱՄՆ-ի հետ առճակատման անհեռանկարայնությանը, Թուրքիան նախ ազդանշաններ ուղարկեց, ապա քայլեր ձեռնարկեց ամերիկացիների հետ ունեցած հակասությունները հարթելու ուղղությամբ։ Դրանից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններն արագորեն զարգացում ստացան. ԱՄՆ-ն աջակցություն առաջարկեց ռազմատեխնիկական ոլորտում` Թուրքիայի որոշակի ծառայությունների դիմաց և հասավ իր ամենակարևոր պայմանի իրականացմանը, այն է` սահմանափակվեց Թուրքիայի նվաճողամտությունը տարածաշրջանների նկատմամբ։ Այս կապակցությամբ կարևոր է քննության առնել ղարաբաղյան խնդրի առնչությամբ Թուրքիայի քաղաքականության և դիրքորոշման տարբեր փուլերը։
Ամերիկացիները միշտ մեծ ուշադրությամբ են հետևել Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությանը։ Նավթի ու գազի այդքան կարևոր ակունքը չպետք է գտնվեր Թուրքիայի մեծ ազդեցության ներքո։ Ադրբեջանն ընկալվում է որպես խիստ իրանամերձ, թեկուզ և թյուրքալեզու, երկիր, որն ունի աթեիզմի տևական պատմություն, խորհրդային աշխարհիկ հասարակության խոր ավանդույթներ, համեմատաբար քիչ բնակչություն, ինչը թույլ կտա առանց մեծ դժվարության այդ երկիրն ինտեգրել եվրոպական քաղաքական, սոցիալական և տնտեսական տարածությանը։ Հենց այս գործոնների պատճառով է, որ Արևմուտքը չէր ձգտում պաշտպանել Ադրբեջանը կլանելու Թուրքիայի ջանքերը։ Սակայն Արևմուտքը միշտ էլ երկյուղներ ունեցել է, որ Թուրքիան կփորձի Ադրբեջանը վերածել ձևական, ստորադաս պետական կազմավորման, որտեղ ամեն ինչ կորոշի Անկարան։ Կենտրոնական Ասիայի և Կովկասի անկախ պետություններին աջակցելու անհրաժեշտության մասին ամերիկյան թեզը նշանակում էր ոչ միայն անկախություն Ռուսաստանից, այլև մյուս տերություններից, նախ և առաջ Թուրքիայից։ Այս սկզբունքից ելնելով, Արևմուտքը պաշտպանեց Հ. Ալիևի կառավարող վարչակազմին, որը չէր ձգտում երկիրը ենթարկել Թուրքիային, այլ նրան նայում էր իբրև բարեկամ, դաշնակից պետության։ Դրա հետ մեկտեղ, ամերիկացիները հավանություն էին տալիս Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող խոշոր ռազմական և արտքաղաքական օգնությանը, այդ թվում` ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Իլհամ Ալիևը, թեև որոշ աղավաղմամբ, ընդհանուր առմամբ շարունակում է հոր քաղաքական ավանդույթները։ Բայց այս քաղաքականության հիմքում ընկած է մի բավական հիմնարար պատճառ. Բաքվի կառավարող վարչախումբը հասկանում է, որ չի կարող լրիվ չափով լինել Թուրքիայի գործընկեր և հենվել նրա վրա, քանի որ նրա շահերը քաղաքականության «կտրուկ շրջադարձերում» տարբերվում են կառավարող ընտանիքի ու Ադրբեջանի շահերից։ Հիմա Թուրքիան ձգտում է վերանայել իր դիրքորոշումները, բայց դա զգալիորեն կախված է ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններից։
Պետք է ասել, որ ռազմական ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությանը ԱՄՆ-ը դրական հայացքով է նայում նաև Իրանից բխող սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ-ը, բավականաչափ ռազմական ներկայություն չունենալով Հարավային Կովկասում, Թուրքիայի միջոցով էր լուծում էներգաուղիների անվտանգության ապահովման խնդիրների մի մասը։ ԱՄՆ-ը երբեք չի վախեցել թուրք-ադրբեջանական համագործակցությունից, բայց բավական քննադատաբար է վերաբերվել Ադրբեջանի ներքաղաքական գործերին Թուրքիայի միջամտությանը։ ԱՄՆ-ը իր դիրքորոշումն արտահայտեց, երբ Թուրքիան փորձում էր աջակցել «Մուսավաթ» կուսակցությանը որպես ավելի թուրքամետ ուժի` իշխանությունից հեռացնելու Ալիևների կլանը։ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ վճռորոշ դեր խաղաց 1992-93 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիային զսպելու գործում: ԱՄՆ-ն ուզում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը պահել ՆԱՏՕ-ի շրջանակներում, թեև դա չի հաջողվում։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ադրբեջանում ինքնուրույն որոշումներ ընդունվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի առնչությամբ։ Ավելին, 2009 թ. ԱՄՆ-ի ձեռնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քայլը, այլ խնդիրներից զատ, նպատակ ուներ հեռացնելու իրարից Ադրբեջանն ու Թուրքիան։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կարևոր խնդիրներից է Հայաստանի դուրսբերումը Ռուսաստանի ազդեցությունից, և այդ կապակցությամբ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային քաղաքական նախաձեռնություններից մեկն էր։ Կարգավորման խնդրին զուգընթաց, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականության ծավալման տարբեր փուլերում ձգտում էր լուծել հայ-թուրքական սահմանի բացման հարցը և վերականգնել հաղորդուղիները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ներառյալ Մեղրու «միջանցքի» ապաշրջափակումը։ 2003 թ. ամերիկա-թուրքական հարաբերությունների ճգնաժամից հետո ԱՄՆ-ը զգալիորեն փոխեց իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Փաստորեն, ԱՄՆ-ը չի պնդում, ավելին, ոչ մի հետաքրքրություն չի դրսևորում Մեղրու «միջանցքի» բացման նկատմամբ։ ԱՄՆ-ը, հնարավորություն չգտնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Հայաստանը դուրս բերելու Ռուսաստանի ազդեցությունից, ձեռնամուխ եղավ նոր մոտեցումների իրականացմանը` ուժեղացնելով նրան, ցուցաբերելով քաղաքական և տնտեսական օգնություն։ ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, «հայկական գործոնն» օգտագործում է Թուրքիայի հետ երկխոսելիս։ ԱՄՆ-ը, Ռուսաստանի հետ մեկտեղ ավելի ու ավելի է շահագրգիռ դառնում Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Սակայն մինչև հիմա ԱՄՆ-ը Ադրբեջանին շատ ավելի մեծ ռազմական օգնություն է ցուցաբերել, քան Հայաստանին։ Այդուհանդերձ, Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ը 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի լուծման մոտեցումներ է մշակել։ ԱՄՆ-ի նախագահը 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին հրամանագիր կստորագրի այն բանից հետո, երբ դա ընդունված լինի ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակության կողմից, ներառյալ նահանգները, խոշոր ոչ կառավարական կազմակերպությունները, համալսարանական աշխարհը, Կոնգրեսը։ Մինչ այդ իրադարձությունը Թուրքիան պետք է լուծի Հայաստանի հետ ունեցած խնդիրները, նախ և առաջ նրան հարկադրի ճանաչելու 1921 թ. սահմանները։ Այդ քաղաքականությունը ենթադրում է ստեղծել տարածաշրջանային հաղորդուղիների նոր ուրվապատկեր, տնտեսական հարաբերություններ, զինված ուժերի տեղաբաշխում, Հայաստանի աշխարհաքաղաքական շրջափակում, որի հետևանքով նա պետք է դառնա Թուրքիայի խոնարհ արբանյակը կամ ընդհանրապես դադարեցնի գոյությունը որպես պետություն և ազգ։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Թուրքիան շահագրգիռ պետություններից և ոչ մեկի գործընկերը չի կարող լինել, առավել ևս` փոքր պետությունների։ ԱՄՆ-ի այս նոր դիրքորոշումը հիմնականում բացատրվում է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ։ Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության համար, ապա նա պետք է, առաջին հերթին, քննության առնի Հայաստանի անվտանգության հարցը։ Բայց այդ խնդրի լուծումը չի կարող իրականացվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ ԱՄՆ-ը պետք է կա՛մ հաշտվի Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ռազմավարական գործընկերության հետ, կա՛մ Հայաստանը վերածի «երկրորդ Իսրայելի», նրան տրամադրելով ամենաարդիական սպառազինություն ու անվտանգության երաշխիքներ։ Ամերիկացիները Հայաստանն ու հայկական խնդիրներն ընդհանուր առմամբ համարում են Հարավային Կովկասի և ներքին Եվրասիայի ուղղությամբ Թուրքիայի նվաճողամտության զսպման գործոն, այսինքն, այնպես, ինչպես Ռուսաստանն է համարել մի քանի դար ի վեր։ Ընդ որում, Կենտրոնական Ասիայի խնդիրների լուծման և Չինաստանի զսպման համար ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի ռազմաքաղաքական ռեսուրսներից օգտվելու ԱՄՆ-ի ձգտումը կհանգեցնի Հայաստանի դերի մեծացմանը։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը լավ է հասկանում այդ հեռանկարը, բայց այն համարում է ավելի ձեռնտու, քան այն իրողությունը, որում երկիրը գտնվում էր առաջ։
Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի համար որևէ ռազմավարական նշանակություն չունի, առկա է միայն Ադրբեջանին նեղելու, նրա հասարակությանը վիրավորելու հետ կապված հուզական գնահատական, արմատական դիրքերից հանդես եկող թուրքական որոշ շրջանակների արձագանք։ Թուրքիայի համար նշանակություն ունեն միայն արտքաղաքական այն խնդիրները, որոնք կապված են նրա անվտանգության և տնտեսական հաջող զարգացման հետ։ Թուրքիան միշտ վախեցել է, որ կարող է ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ և դրանով իսկ առճակատման մեջ մտնել ոչ միայն Ռուսաստանի ու Իրանի, այլև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։ Թուրքիան խնդիր ունի ընդունվելու Եվրամիություն, ռազմավարական բնույթի երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, դառնալու էներգաուղիների միջազգային հանգույց, նոր դիրքեր գրավելու Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի շուկաներում, նոր մակարդակի հասնելու տեխնիկական ու տեխնոլոգիական զարգացման ասպարեզում։ Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկը զինված ուժերի արդիականացումն է` սկզբունքորեն նոր զինատեսակներով, ինչը կախված է ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար պետությունների ու Իսրայելի հետ ունեցած հարաբերություններից։ Կասկած չկա, որ Անկարայում վախենում են կիպրական ու քրդական խնդիրներին նաև ղարաբաղյանն ավելացնելուց։ Թուրքիան վախենում է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի վերջին շրջանի նախաձեռնությունները կհանգեցնեն նրանց ազդեցությունից իր ավելի մեծ կախմանը, և ինքը ամերիկա-ռուսական երկխոսությունում քաղաքական սակարկության օբյեկտ կդառնա։ Թուրքիան բավական համոզիչ ցույց է տվել, որ ինքն ընդունակ է ռազմական ներխուժում կատարելու այն տարածաշրջաններ, որտեղից իրական սպառնալիք է զգում։ Կասկածից վեր է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին, որը գտնվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի խիստ հսկողության տակ, որևէ սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի շահերի համար։ Այդուամենայնիվ, դա չի նշանակում, թե Թուրքիան ղարաբաղյան խնդրի հետ կապված ծրագրեր չունի։
Թուրքիան ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը մշակել էր դեռևս 90-ականների վերջին, և Ս. Դեմիրելն այդ դիրքորոշումը Հ. Ալիևին էր ներկայացրել 1998-ի գարնանը, երբ վերջինս բուժման համար գտնվում էր Անկարայի «Գյուլխանե» կլինիկայում։ Երկու փորձառու քաղաքական գործիչները, որոնք իրատեսական դիրքորոշում ունեին, լիովին հասկացել էին միմյանց։ Ս. Դեմիրելը պարզաբանել էր Հ. Ալիևին, որ արմատական եղանակները, այդ թվում` ռազմական ճանապարհով Հայաստանին հարկադրելը, միանգամայն անընդունելի են և ոչնչի չեն հանգեցնի, ինչը հաստատել էր 1992 թ. կոնֆլիկտին ռազմական միջամտություն ցուցաբերելու Թուրքիայի մտադրության նկատմամբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արձագանքը։ Հայաստանին Թուրքիայի օդային հարվածի նախօրեին ԱՄՆ-ի նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Բրենթ Սքրոուֆթը հեռախոսային խոսակցություն էր ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության քարտուղարի հետ և բացատրել, որ «չի կարող Թուրքիան զերծ պահել ռուսական հրթիռներից»։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը կասկած չունի, որ Հայաստանի դեմ ցամաքային ռազմական գործողության իրականացման դեպքում ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Հայաստանի սահմանագլխին կուտակված թուրքական մարտական տեխնիկային։ Սրանք դատարկ խոսքեր չեն, հիմնավոր են։ Արդյունքում, Թուրքիան հազիվ թե ցանկալի նպատակներին հասնի, բայց կհայտնվի մեկ այլ, ավելի բարդ արտքաղաքական իրավիճակում, այսինքն, ըստ էության, մեկուսացման մեջ։ Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը ևս հիմք չէ նման ռազմական գործողության իրականացման համար։ Այդ գործողությունները, հնարավոր է, կպաշտպանեն արմատական և այլ ազգայնական շրջանակները, բայց ոչ երբեք հասարակության առավել պատկառելի շրջանակներն ու խմբերը։ Թուրքիան, չնայած ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվող նոր միտումներին, հավատարիմ է մնում իր ռազմավարությանը, արտաքին քաղաքականության մեջ առանձնանալով հետևողականությամբ և հաջորդափոխությամբ։
Կասկած չկա, որ ժխտելով ռազմական եղանակները, Ս. Դեմիրելը նկատի ուներ մեկ այլ բան, ինչը կարող էր Թուրքիան ներկայացնել իբրև լուրջ պետություն` ընդունակ նաև այդպիսի հարցեր լուծելու պատմական հեռանկարում։ Սակայն բանն այն է, որ Թուրքիան ղարաբաղյան խնդիրը և առհասարակ Հայաստանի ճակատագիրը ենթադրում է լուծել ավելի մոտ ապագայում։ Անկարան Կովկասում և այլ տարածաշրջաններում իր երկարաժամկետ քաղաքականությունը կառուցում է, հաշվի առնելով դեպի Թուրքիա այդ երկրների տնտեսական, սոցիալ-մշակութային, քաղաքական կողմնորոշումը, թեև դեռևս չունի այն կարողությունը, որ անհրաժեշտ է տարածաշրջանային գերտերության դերին հավակնելու համար։ Անկարան հասկանում է, որ չի կարող հավակնել այդ դերին, քանի դեռ տարածաշրջանային հաղորդուղիները կողմնորոշված չեն դեպի Թուրքիա։ Աշխարհատնտեսությունը Թուրքիայի քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչն է, որից կախված է առաջնությունը ազդեցության համար տարածաշրջանային մրցավազքում։ Այդ մրցավազքում Թուրքիայի գլխավոր մրցակիցներն ու հակառակորդները Ռուսաստանն ու Իրանն են, ինչպես նաև ԱՄՆ-ը, որոնք հանդես են գալիս որպես Եվրասիայի և այլ տարածաշրջանների գերիշխող ուժի հավակնորդներ։ Հայաստանը թուրքական ռազմավարության ծավալման հնարավոր սխեմաներից և ոչ մեկում չի կարող գործընկեր լինել և լավագույն դեպքում իրենից ներկայացնում է մի ավելորդ տարր տարածաշրջանային քաղաքական դասավորությունում։ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» հերթական փուլում ¥2008-2009 թթ.¤ Թուրքիան վտանգ զգաց ներքաշվելու այդ խնդրի լուծման այս կամ այն վարկածի մեջ։ Ավելին, ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, այլև հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի կողմից ընկալվում են որպես ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի քաղաքականությանը «կցվելու» խիստ վտանգավոր հեռանկարի մեջ ներքաշման ասպարեզ, ընդ որում, Եվրամիության մասնակցությամբ։ Ե՛վ Հայաստանը, և՛ ղարաբաղյան թեման Թուրքիայի համար իր արտաքին կախման ուժեղացման միևնույն եղանակներն են։ Թուրքիան Հայաստանն ընկալում է նույն կերպ, ինչ հարյուր տարի առաջ, երբ «հայկական գործոնն» առիթ էր իր գործերին այն նույն տերությունների միջամտության համար, որոնք հիմա էլ են փորձում շահարկել Անկարայի վարքագիծը։
Միաժամանակ, Թուրքիան չի կարող Ադրբեջանի ռազմական պարտություն թույլ տալ, որովհետև դրանով նա կարող է կորցնել իր հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում։ Լինելով ռազմական գործողություններ սանձազերծելու Ադրբեջանի մտադրությունների զսպման գործոններից մեկը, Թուրքիան մեծ ուշադրություն է նվիրում նրա պաշտպանունակության ամրապնդմանը, սակայն այդ ջանքերն ավելի շուտ ուղղված են ոչ թե, ի վերջո, անվերապահ ռազմական հաջողության հասնելուն, այլ Ադրբեջանի բացահայտ ռազմական պարտություն թույլ չտալուն և հնարավոր ռազմական բախմանը անմիջականորեն չմիջամտելու հնարավորություն ունենալուն։ Թուրքիայի այդ դիրքորոշումն ու խնդիրները միանգամայն համահունչ են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առջև նրա ունեցած պարտավորություններին, և առհասարակ որևէ միջամտություն նրա արևմտյան գործընկերների կողմից համարվում է անթույլատրելի։ Մինչդեռ ԱՄՆ-ը միանգամայն անսքող կերպով սպառազինությունների մրցավազք է նախաձեռնում Հարավային Կովկասում` նկատի ունենալով Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդումը, իսկ Հայաստանին ազդանշաններ հաղորդելով հնարավոր, ավելի լայն ռազմական համագործակցության մասին։ Այդուամենայնիվ, ՀԱՊԿ-ի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությամբ ԱՄՆ-ի շահագրգռությունը ¥իհարկե, ստորադաս կարգով, ինչն անընդունելի է Ռուսաստանի համար¤, ԱՄՆ-ի համար կարող է դառնալ ոչ պակաս կարևոր նպատակ, քան Թուրքիայի նկատմամբ վերահսկողության պահպանումը։ Ավելին, Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ Թուրքիայի հետ համագործակցության այլընտրանք։
2008-2011 թթ. ընթացքում շատ կարևոր շփումներ են տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների միջև, որոնց արդյունքում մշակվել են երկու երկրների փոխհարաբերությունների սկզբունքները։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են հեռանկարում համադաշնություն կազմելու մտադրության մասին, որի պարագայում երկուսն էլ կմնան միջազգային իրավունքի սուբյեկտներ, սակայն կմիավորեն ջանքերը տնտեսական, քաղաքական և ռազմական համակարգերի զարգացման ուղղությամբ։ Սկզբից ևեթ ԱՄՆ-ը առանց ոգևորության ընդունեց այդ մտադրությունը։ ԱՄՆ-ը շահագրգռված է Կովկաս-կասպյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության որոշակի սահմանափակմամբ։ Նա համարում է, որ Թուրքիան շատ հնարավորություններ ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար` առանց համադաշնություն կազմելու ծրագրերի իրագործման։ Սակայն ԱՄՆ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն։ Նա հասկանում է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար այլ նշանակություն ունի, քան Կենտրոնական Ասիան։ Առայժմ փորձագիտական ընկերակցությունը և միջազգային հանրությունը այն կարծիքին են, թե Թուրքիայի և Ադրբեջանի թուրքերը նույն ազգն են` նույն լեզվով, արժեքներով ու փոխձգողությամբ։ ՈՒստի ԱՄՆ-ը չի ձգտում այդ ծրագրերի խափանմանը` հույսը դնելով Ադրբեջանի և նրա քաղաքական վերնախավի տեղայնական շահերի արթնացման վրա։ Համադաշնության կազմում ադրբեջանական վերնախավը կկորցնի իր ազդեցությունն ու նշանակությունը սեփական երկրում։ ԱՄՆ-ը ավելի շահագրգռված է տարածաշրջանում շատ սուբյեկտների առկայությամբ, քան մեծ հավակնություններ ունեցող միասնական նոր «կայսրությամբ»։
Եվ այսպես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների հարցում արդեն 16 տարի զսպիչ գործոն հանդիսացող Թուրքիայի դերը քաղաքական իրադրության զարգացման ներկա փուլում կարող է վերանայվել։ Դա կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան ներկա փուլում իրեն զգա միջազգային ու տարածաշրջանային մեկուսացման, ընկճվածության մեջ և շահագրգռված լինի տարածաշրջանում և աշխարհում իր դերի ճանաչմամբ։ Անկարան լիովին կարող է պատերազմական գործողություններ սկսելու ազդանշաններ հաղորդել և այդ իրադարձությունների որոշակի փուլում կանգնեցնել զինված հակամարտությունը` Ադրբեջանի վրա իր ազդեցությամբ։ Սա միանգամայն իրական սցենար է և ենթադրում է Թուրքիայի կողմից տարածաշրջանում և ուժի համաշխարհային կենտրոնների հետ հարաբերություններում իր կարևոր դերի ցուցադրություն։ Այդ իրադարձություններին կարող է նախորդել այն, որ Թուրքիան իր վրայից գցի պատասխանատվությունը Կովկասի ու Բալկանների անվտանգության համար, որ նա ունի ԱՄՆ-ի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում։ Բառացիորեն բոլոր լուրջ ռազմատեղեկատվական ծառայությունները համոզված են, որ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում, եթե պատերազմական գործողությունները վերսկսվեն, ադրբեջանական զորքերը պարտություն կկրեն, ինչը կհանգեցնի Ադրբեջանի պետական և տարածքային կառուցվածքի որոշ փոփոխությունների։ Ընդ որում, այդ իրադարձությունները կարող են ծավալվել այնպես, որ պատերազմում հերթական անգամ հաղթանակած Հայաստանը հայտնվի ծայրաստիճան աննպաստ քաղաքական իրավիճակում։
Առայժմ, հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումը և նրանց հարաբերությունները Թուրքիայի հետ, վերջինիս ավելի ակտիվ միջամտությունը, այդ թվում` իր գործընկեր Ադրբեջանին պատերազմի հրահրումը իրական չի թվում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ