ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը

ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց  կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը
19.03.2013 | 00:22

Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, և խոշոր պետություններն ակտիվորեն նպաստում են դրան։ Սակայն եթե Հայաստանը, մեծացնելով իր ռազմական հզորությունը, միանգամայն հասկանալիորեն հայտարարում է, որ շահագրգռված չէ նոր պատերազմով, ապա Ադրբեջանն ու Վրաստանը ջանում են արտաքին աշխարհին ամեն կերպ համոզել, թե սպառազինությունների մրցավազքը խթանում են հարևան ագրեսոր պետությունները։ Ընդ որում, եթե Վրաստանը քչից-շատից չափավոր դիրք է պահպանում, ապա Ադրբեջանը միանգամայն բացահայտորեն ազդարարում է քաղաքական հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումների ագրեսիվ էությունը։
Քաղաքական գործիչները, փորձագետները, առաջատար պետությունների զինվորական և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները հասկանալի ձևով իրենց կարծիքն են հայտնել ղարաբաղյան ռազմաբեմում պատերազմի հնարավոր վերսկսման հարցում ծայրաստիճան աննպաստ ակնկալիքների մասին։ Այդուամենայնիվ, այդ պետությունները շարունակում են զինամատակարարումները Ադրբեջանին, օգնություն են ցուցաբերում զինված ուժերի կատարելագործման հարցում։ Ադրբեջանին սպառազինությունների առաջատար մատակարարներն են ՈՒկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Բելառուսն ու Ռուսաստանը։ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի պաշտպանական ենթակառուցվածքի և ռազմածովային ուժերի պատրաստության գործում։ ՆԱՏՕ-ն ևս կարևոր դեր է խաղում այդ գործում։ ԱՄՆ-ը, փաստորեն, հավանություն է տալիս Իսրայելի կողմից Ադրբեջանին արդիական զենքի մատակարարմանը, քանի որ դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Իրանի համար։ Ռուսաստանը մեծ դեր է խաղացել Ադրբեջանին հակաօդային պաշտպանության միջոցների, զրահատեխնիկայի և ավիացիայի մատակարարումներում։ Եվ չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը, Ռուսաստանը, թերևս, չի հրաժարվի այդ մատակարարումներից, քանի որ նրա համար գլխավորը ֆինանսներն են։ Խոշոր տերությունները դեռևս վստահ են, թե հսկողության տակ են պահում տարածաշրջանի իրավիճակը, թեև վերլուծաբաններն ու քաղգործիչները սկսում են հասկանալ, որ այն դուրս է գալիս վերահսկողությունից։
Միաժամանակ, բոլոր արտաքին խաղացողները բազմիցս հայտարարել են, որ Հարավային Կովկասում խնդիրների լուծման ռազմական եղանակներն անթույլատրելի են, և Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներին բավական ընկալելի լեզվով բացատրում են նրանց քաղաքական մոլորությունների ամբողջ խորությունը։ Ո՞րն է տարածաշրջանին սպառազինությունների արտաքին մատակարարումների իմաստը։ Հարավային Կովկասում առաջացել է խաղային մի իրավիճակ, երբ տարբեր արտաքին դերակատարներ պայքարում են տարածաշրջանում ազդեցության և գերիշխանության հաստատման համար։ Դրանով է պայմանավորված Հարավային Կովկասում տարբեր երկրների հանդեպ «հավասար հեռակայության» քաղաքականության կիրառումը։ Բայց նման քաղաքականություն կարող է վարել միայն ԱՄՆ-ը, որի ռազմական, քաղաքական, տնտեսական ու ժողովրդավարական կարողությունները թույլ են տալիս միանգամայն հաջող հարաբերություններ կառուցել բոլոր պետությունների հետ, երբեմն անտեսելով առանձին պետությունների այս կամ այն շահը, քաղաքական հարաբերությունների հետագա փուլերում որևէ վնաս չպատճառելով սեփական շահերին։ Հասկանալի է դառնում, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ¥առավել ևս` Եվրամիությունը¤ նման հնարավորություններ չունեն, էլ չենք խոսում Թուրքիայի և Իրանի մասին։
Չնայած սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասում արդեն հասնում է խելահեղ մակարդակի, և պետական-քաղաքական ղեկավարները շարունակում են վրեժխնդիր հայտարարություններ անել, դրանով իսկ ցուցադրելով իրենց հոգեկան անհավասարակշռությունը, առայժմ, այս փուլում, «վերջին խոսքը» դեռևս մնում է առաջատար տերություններին։ Այդ պետությունները վերջին ամիսներին և անգամ շաբաթներին նոր քաղաքականություն են սկսել վարել Սև ծով-կովկասյան տարածաշրջանի առնչությամբ։ Այս կապակցությամբ, անհրաժեշտ է քննության առնել Հարավային Կովկասի անվտանգության հիմնարար հարցը, այսինքն, որքանո՞վ են առաջատար տերություններն ընդունակ համաձայնեցնելու և համակարգելու տարածաշրջանային անվտանգության ապահովման իրենց ջանքերը, միայն թե հարց է` շահագրգռվա՞ծ են նրանք այդ համաձայնեցվածությամբ։ Այս առումով, նախ և առաջ պետք է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց կորցրել է բուն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործառույթը և սկսել է կատարել ավելի ընդարձակ գործառույթներ, այսինքն` այդ կառույցը վերածվել է մի շատ հարմար ասպարեզի ուժի երեք կենտրոնների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, ինչ-որ չափով էլ Եվրոպայի քաղաքականության համաձայնեցման համար։ Բոլոր երեք կենտրոններն էլ բավարար լրջությամբ չեն վերաբերվում այդ կառույցին` որպես կարգավորման գործիքի, բայց օժանդակում են նրան իբրև քննարկումների ու շփումների` իրենց համար ընդունելի ասպարեզի։ Մինսկի խմբի նշանակությունն առանձնապես մեծանում է, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների համաձայնեցման մյուս ասպարեզները, այս կամ այն պատճառով, արժեզրկվում են կամ այնքան էլ հարմար չեն ամեն կոնկրետ իրավիճակի համար։ Բայց Մինսկի խումբն ընդամենը խորհրդակցական կառույց է և առաջատար տերությունների դիրքորոշումների լիարժեք համաձայնությանը ոչ մի կերպ չի կարող փոխարինել։ Իհարկե, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև որոշ խնդիրների համաձայնեցում կատարվում է, բայց կարելի է վստահաբար պնդել, որ դա բնավ այն ձևաչափն ու պարտավորեցնող հարաբերությունների այն մակարդակը չէ, որոնք անվտանգության անսասան պայմաններ կարող էին ապահովել Հարավային Կովկասում։ Ներկայումս ուժի ոչ մի համաշխարհային և տարածաշրջանային կենտրոն շահագրգռված չէ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող դիրքերի համաձայնեցմամբ ո՛չ Հարավային Կովկասում, ո՛չ էլ Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջանում։ Ո՞րն է նման հակասության պատճառը։ Բանն այն է, որ ոչ մի հակասություն էլ չկա։ ՈՒժի բոլոր կենտրոնները հասկանում են, որ Հարավային Կովկասում նոր վտանգներն ու սպառնալիքները բավական մեծ են և լիովին կարող են հանգեցնել պատերազմի վերսկսման։ Հարավային Կովկասում տիրող այդ իրավիճակը եզակի դեպք չէ, համանման մոդելներ ձևավորվել և կիրառվել են այլ տարածաշրջաններում, և խաղային նման իրավիճակի հարուստ փորձ կա։
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել լայնորեն Եվրասիա մուտք գործելու իր ռազմավարության իրականացմանը, և այդ ռազմավարության առաջին փուլը եղավ Սև ծովը, ավելի ճիշտ` Սև ծով-կովկասյան տարածաշրջանը։ Ամերիկացիները Թուրքիայի և Ռումինիայի հետ երկու կարևոր պայմանագիր կնքեցին նրանց տարածքում հակահրթիռային համակարգերի տեղակայման վերաբերյալ, որոնք, սակայն, իրենց բովանդակությամբ տարբեր նշանակություն ունեն։ Թուրքիան լիովին հասկացել է ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարելու հետ կապված իր մոլորությունը և այն, որ ինքը քաղաքական և ռազմավարական մեծ ռեսուրսներ է կորցնում ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում։ Թուրքիայի առջև նոր խնդիր է ծառացել` փորձել շարունակել նվաճողամտության քաղաքականությունը տարածաշրջանում, նախ և առաջ մերձավորարևելյան ուղղությամբ, և միաժամանակ որոշակի չափով կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Նա հասկացել է, որ ոչ մի դեպքում չի կարողանա հասնել այն բանին, որ Թեհրանը խոստովանի Թուրքիայի «վաստակը» և շնորհապարտ լինի իրեն։ Սիրիայի իրադարձությունները ևս ցույց տվեցին, որ Իրանը եղել և մնում է Թուրքիայի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը Մեծ Մերձավոր Արևելքում։ Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիայի հետ հարաբերություններում առկա այդ ծայրաստիճան անորոշ վիճակն է հենց պայմանավորել Սև ծովում ԱՄՆ-ի որդեգրած ռազմավարությունը, երբ շեշտը դրվում է այլ գործընկերների, այսինքն` Ռումինիայի, Բուլղարիայի և սևծովյան տարածաշրջանների այլ պետությունների վրա։ Ռումինիան նոր դեր է ստանձնում Սև ծովում, դառնալով ԱՄՆ-ի առաջատար գործընկերը, ու երևի ոչ միայն պաշտպանական առաջադրանքներ կկատարի ՆԱՏՕ-ի շրջանակներում և կարևոր աշխարհաքաղաքական դեր կխաղա Ռուսաստանի, հնարավոր է նաև ՈՒկրաինայի զսպման առումով։ Հարավային Կովկասում նույնպես նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում` կապված ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարության ծավալման հետ։ Ամերիկացիները միանգամայն առարկայնորեն բաժանել են Հարավային Կովկասի պետությունների գործառույթները. Վրաստանը կորցրել է ԱՄՆ-ի առաջատար գործընկերոջ դերը, ռազմավարության հաջողությունն ապահովող պետությունից վերածվել սոսկ «անվտանգություն սպառողի»։ Ադրբեջանը, կարծես, ԱՄՆ-ի զինված ուժերի բազավորման դեր է ստանձնում, սակայն դեռևս հասկանալի չէ այդ բազավորման ընդգրկումը, ինչը կախված կլինի Թուրքմենստանի արևմուտքում և Կենտրոնական Ասիայի այլ վայրերում այլընտրանքային բազավորումից։ Հայաստանը նոր դեր է ձեռք բերում` Հարավային Կովկասում հավասարակշռության պահպանման և Թուրքիային զսպելու գործոններից մեկի դերը։ Ընդ որում, ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ և, համոզվելով, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդ հարցում լիակատար ձախողում է կրել, հնարավոր է, «հանգստացել է», ու հիմա կարող է իրեն թույլ տալ խնդիրը բարդել Ֆրանսիայի ուսերին, որը մտադիր է չարագացնել և առհասարակ նախաձեռնություն հանդես չբերել «լուծման» ուղղությամբ, այլ նախընտրում է ստատուս-քվոն պահպանելու կուրս վարել Վրաստանի և ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ։ Դա, անկասկած, նպաստում է իրավիճակի կայունացմանը, և Հայաստանը պետք է օգտվի այդ հանգամանքից։ Միաժամանակ, Ադրբեջանը մեկ անգամ ևս կհամոզվի, որ Թուրքիան չի խրախուսի և չի պաշտպանի պատերազմի վերսկսման մտադրությունը։ Թուրքիայի այդ դիրքորոշման պատճառը միայն Մերձավոր Արևելքի խնդիրներով համակ զբաղվածությունը չէ, այլ ԱՄՆ-ի հետ որոշակի համաձայնությունները։ Այսինքն, ստեղծվել է կայուն լարված իրավիճակ, բայց, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի իրադրությունը շատ ավելի կանխատեսելի է դարձել։
Ներկայումս ՈՒկրաինայի և Վրաստանի հետագա ինտեգրման բանավեճը վերստին նոր «շունչ» է առել, ինչը, հնարավոր է, պայմանավորված է Ֆրանսիայի հետ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշ պայմանավորվածություններով, որն ամենայն ակնհայտությամբ ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը և ԱՄՆ-ի հետ Լիբիայում նրանց իրականացրած համատեղ գործողությունը տարածաշրջաններում նոր նպատակներ են հետապնդում։ Միաժամանակ, Ռուսաստանը, ըստ էության, ձախողելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իր եռամյա քաղաքականությունը, շատ դիրքեր է կորցրել տարածաշրջանում, ընդունելով Ադրբեջանի մի շարք պայմաններ, այդպես էլ չի կարողացել նրա հետ հարաբերություններում դիրքերի ամրապնդում արձանագրել։ Տպավորություն է առաջանում, որ «վերաբեռնման» հայտարարված քաղաքականությունը «բլեֆ» է եղել և նպատակ է ունեցել չեզոքացնելու Ռուսաստանը նույն դադարի շրջանում, որ երեք տարի նկատելի էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա Ռուսաստանի ղեկավարությունը հուսալքության շրջան է ապրում ու հազիվ թե մոտ ժամանակներս կարողանա նոր նախաձեռնություններով հանդես գալ Հարավային Կովկասի առնչությամբ, ձգտելով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։
Այս պայմաններում Բալկանների և Հարավային Կովկասի պետությունների մեծ մասը ¥ներառյալ Վրաստանն ու Ադրբեջանը¤ վախենում է ռուս-թուրքական դաշինքի կայացման հնարավորությունից։ Եվ անգամ, եթե ենթադրենք, որ դաշինք չի էլ լինելու, ապա թեկուզ շատ թե քիչ սերտ համագործակցությունն այդ տարածաշրջաններին կզրկի արտքաղաքական հեռանկարից և ազատության զգալի չափից։ Անգամ Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված այնպիսի երկրների քաղաքագետները, ինչպիսիք են Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը, Սերբիան և Հայաստանը, հասկանում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը կհանգեցնի ազդեցության լուրջ «խմբագրման»։ Այդ երկրներում մեծ հույսեր են փայփայում Սև ծով-կովկասյան տարածաշրջանում «երրորդ ուժի» առաջացման կապակցությամբ, որը, նախ և առաջ, իրենց պատկերացմամբ, պետք է լինի ԱՄՆ-ը։ Նա կարող է հավասարակշռել իրավիճակը և թուրք-ռուսական դաշինքի ստեղծում թույլ չտալ։ Ընդ որում, այդ պետությունները Ռուսաստանից չէ, որ երկյուղում են, ընդհակառակը, նրանք կցանկանային, որ Ռուսաստանն ուժեղանար, սակայն կարծում են, որ Թուրքիան, այսպես թե այնպես, կօգտվի Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների հանգամանքից։ ԱՄՆ-ը որոշ ժամանակ սպասողական դիրք բռնեց, հուսալով, որ Թուրքիայի նվաճողամտությունը տարածաշրջանի պետությունների հետ հակասությունների ու հակամարտությունների կհանգեցնի, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում, չի կարող տեղի ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, որովհետև դրանք համեմատաբար հավասարազոր պետություններ են, Ռուսաստանն էլ պատճառ չունի այն աստիճանի երկյուղելու Թուրքիայից, որ առճակատման մեջ մտնի նրա հետ։ Հասկանալով այս բանը, ԱՄՆ-ը ջանքեր գործադրեց Թուրքիայի և Ռուսաստանի կոոպերացիան սահմանափակելու ուղղությամբ, նախ և առաջ` Սև ծովում, օգտվելով զուգընթաց հանգամանքներից, այսինքն, մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի ուժեղացող մեկուսացումից և նրա քաղաքականության շրջափակումից։
Հարավային Կովկասի պետությունները շատ լավ են հասկանում, որ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում «երրորդ ուժի» առաջացումը հանգեցնելու է առճակատման, այդ թվում` ներտարածաշրջանային առճակատման սաստկացմանը, բայց ստիպված են մասնակցություն ունենալ այդ «երրորդ ուժի» ձևավորմանը որպես իրենց քաղաքական գոյության գործոնի` անգամ լարվածության ուժեղացման պայմաններում, անգամ պատերազմի շեմին։ Ավելին, բազմապիսի խոսակցությունները, թե առճակատումներում և պատերազմներում հաղթողներ չեն լինի, սոսկ խոսակցություններ են։ Հաղթող կլինի և հաղթանակն էլ համոզիչ կլինի։ Կհաղթի նա, ով ավելի ակտիվորեն կմասնակցի ծավալվող ռազմավարություններին։ Առայժմ առավել նպաստավոր իրավիճակում Հայաստանն է։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հարավային Կովկասում պատերազմի հնարավոր վերսկսման գլխավոր գործոնները արտաքին գործոններն են` աշխարհաքաղաքական պայքարը տարածաշրջանում ազդեցության համար և Թուրքիայի նվաճողամտությունը։ Ներքին գործոնները երկրորդական են, իսկ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանային և ավելի ընդգրկուն խաղում արտաքին դերակատարների ձեռքին գործիք է միայն։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ