ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում բացված ճեղքը վաղ թե ուշ կլայնանա

ԱՄՆ-ի ու Թուրքիայի  հարաբերություններում  բացված ճեղքը վաղ  թե ուշ կլայնանա
26.02.2013 | 00:01

Վերջերս թուրք պատմաբանները հրապարակեցին ընդարձակ մի նյութ, որտեղ արձանագրված է, թե ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջին «ծանոթությունը» տեղի է ունեցել 213 տարի առաջ, իսկ պաշտոնական հարաբերություններ հաստատվել են 1830 թվականին։ Բերվում են նաև մի շարք հետաքրքիր փաստեր։ Օրինակ, ինչպես ասում է ավանդությունը, տեսնելով Ստամբուլ ժամանած ամերիկյան նավը, Սելիմ 3-րդ տիրակալն ասել է. «Այդ երկրի դրոշի վրայի աստղերը ցույց են տալիս ամերիկյան և թուրքական կանոնների, հավատի ու հաստատությունների մոտիկությունը»։ Թե որքան է առավելապես խստակյաց, ազատությունն առաջնային հռչակած Ամերիկան իր ոգով մոտ իսլամական «ժողովուրդների ընտանիքին», իհարկե, հետաքրքիր հարց է։ Բայց երբ անգլո-ֆրանս-ռուսական ռազմանավերի կողմից Օսմանյան կայսրության նավատորմի լիակատար ոչնչացումից հետո այնտեղ միտք էր առաջանում, որ նոր նավատորմի ստեղծման համար պետք է օգտվել ԱՄՆ-ի օգնությունից, արևելյան պերճախոսությունն այստեղ, երևում է, ոչնչով չօգնեց։ Թեև թուրքերը քիչ ջանք չգործադրեցին «Առևտրի և բարեկամության մասին համաձայնագրի» մեջ մտցնելու մի գաղտնի կետ, համաձայն որի` ԱՄՆ-ը պետք է նպաստեր Թուրքիայի համար ռազմանավերի կառուցմանը, ամերիկյան երիտասարդ ժողովրդավարությունը կուլ չգնաց ո՛չ բավական մեծ փողերի գայթակղությանը, ո՛չ էլ այլ խոստումների։ Տևական բանակցություններից հետո պայմանագիրն ստորագրվեց, սակայն այդ կետը մերժեց ամերիկյան սենատը։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ Ստամբուլում ամերիկյան առաջին դիվանագետը թուրքական նախկին ռազմագերի էր։
Իհարկե, այն հեռավոր ժամանակներից շատ ջրեր են հոսել, և այդ երկրների փոխհարաբերությունները շատ վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։ Իսկ վերջին տասնամյակներում դրանք, կարծես, անդառնալիորեն վերածվել էին Անկարայի` որպես Վաշինգտոնի շահերի իրագործողի, դերակատարման։ Եվ համապատասխանաբար, երևի պատահական չի Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ազգային խորհրդի նախագահ Սեթո Բոյաջյանը, օրինակ, համարում, որ վերջին հիսուն տարում Թուրքիայի առնչությամբ մի ինչ-որ «խմբակային մտածողություն» է ձևավորվել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի և պետական դեպարտամենտի աշխատակիցների շրջանում։ Նրա կարծիքով, այդ «խմբակային մտածողությունը» հօգուտ Թուրքիայի արտահայտվում է բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանին ու հայ-ամերիկյան խնդիրներին, «գործում է այն որոշումների հիմնավորման և ընդունման ընթացքում, որոնց նպատակն է աջակցել, սիրաշահել կամ հրահրել Թուրքիային` անկախ ակնհայտ իրողություններից, որոնք բացահայտ են դարձնում վնասակար հետևանքներն ԱՄՆ-ի շահերի համար»
Դժվար է դրան չհամաձայնել։ Իրոք, աշխարհաքաղաքական կոշտ փաստերի հանդիպելիս, հաճախ նկատելի է դառնում թուրքական դիրքորոշումների վնասակար ազդեցությունն ԱՄՆ-ի ռազմավարական շահերի վրա։ Դա մենք մեկ անգամ չէ, որ նկատել ենք, և դա առանձնապես հստակ գծագրվեց Իրաքի պատերազմի տարիներին։ Սակայն այս պայմաններում ամերիկյան քաղգործիչները շարունակաբար ձգտում են նվազագույնի հասցնել կամ առհասարակ անտեսել խնդիրը, համառորեն հետևում են խնդրի կարծրատիպային վերլուծությանը։ Բայց պետք է նկատել, որ փորձագիտական մակարդակում կան նաև միանգամայն այլ մոտեցումներ։ Այսպես, օրինակ, հանգուցյալ գեներալ Էդվարդ Սիմոնյանցը, որը կանգնած էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի ձևավորման ակունքներում, քանիցս նշել էր, որ դեռ անցած դարի վերջին ԱՄՆ-ի վերլուծական և զինվորական խոշորագույն շրջանակների ներկայացուցիչները հիմնավորված կերպով գուշակում էին ամբողջ Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Թուրքիայի փլուզումն ու վերափոխումը և առանձնացնում էին Հայաստանի գերակա դերը։ Իսկ որքանո՞վ են այդ կանխատեսումներն արդարանում։ Առայժմ դժվար է հավաստի նշել։ Սակայն մենք այսօր այն իրողության վկան ենք, որ կազմաքանդման գործընթացները գնալով արագանում են։ Եվ, ընդ որում, Թուրքիայի հարցում ամերիկյան բյուրոկրատիայի «խմբակային մտածողության» դեռևս գերիշխող կարծրատիպը, կարծես, արդեն որոշ խափանումներ է տալիս։ Իսկ այդ գործում ամենահետաքրքրականն Անկարայի դերն է, որն ավելի շատ սիրասուն, բայց քմահաճ զավակի վարքագիծ է հիշեցնում։ Քննության առնենք վերջին շրջանի իրադարձությունները։
Մի կողմից, ի տարբերություն իրենց նախնիների, ամերիկացիները, կարծես, մինչև կոկորդները խրվել են թուրքական բանակի արդիականացման մեջ, իսկ Թուրքիայում ՀՀՊ տարրերի ու «Փեթրիոթ» հրթիռների տեղակայումը դրա անմիջական վկայությունն է։ Մյուս կողմից` Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Ռիկարդոնեն լրատվամիջոցներին հայտարարել է, որ Թուրքիայում նստեցնում են զինվորականներին և նրանց մեղադրում ահաբեկչության մեջ, «Կռան» ծրագրով սպաներին ներկայացված մեղադրանքները (այդ ծրագրի մասին մենք քանիցս գրել ենք) անվանել է սխալ, իսկ նախնական կալանքի ժամկետները` չափազանց երկար։ Անկարայի արձագանքը հետևեց անմիջապես դեսպանը խիստ դիտողություն ստացավ Թուրքիայի արտգործնախարարության կողմից, իսկ Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան ոչ մեկի քավության նոխազը չի դառնա։ Ոչ ոք չպետք է սխալներ թույլ տա, չարաշահելով մեր համբերությունը, բարյացակամությունն ու ներողամտությունը»։ Այնպես որ, զգուշացիր, Ամերիկա... Այնուհետև։ Թուրքիան որոշել է, որ ԱՄՆ-ին չի հանձնի ՈՒսամա բեն Լադենի փեսային, ավելին, նրան կուղարկի Իրան։ Թեև Նահանգները, ինչպես հայտնի է, մտադիր էր նրան վերցնել և հարցաքննել «Ալ-Քաիդայի» գործունեությանը մասնակցության նկատառումով։ Հետաքրքրական է, որ դա լիովին տեղավորվում է այն կարծիքի շրջանակներում, որ Անկարան մտադիր է վերանայել իր դիրքորոշումն ահաբեկչության դեմ մղվող պայքարում։ Երկրի «հպարտ առաջնորդն» արդեն սպառնացել է Արևմուտքին, որ «Թուրքիայի համբերությունը հատել է» այն պատճառով, որ «ամենավտանգավոր թուրք ահաբեկիչները պատսպարվել են եվրոպական երկրներում»։ Նկատենք նաև, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ նաև ՆԱՏՕ-ի գծով։ Այսպես, վերջերս թուրքական ռազմաօդային ուԺերի յոթ ինքնաթիռ ներխուժեց Հունաստանի օդային տարածություն, և դրանց կալանման համար օդ բարձրացվեց հունական մարտական ավիացիան։ Իրենց հերթին, հունական նավահանգստի և մաքսատան ծառայողները հայտնաբերեցին, որ թուրքական մի բեռնանավ զենք-զինամթերք է փոխադրում։ Ծանր սպառազինության ամբողջ քանակությունը, որը նախատեսված էր Լիբիայի կամ Մալիի համար, չնայած բողոքներին, բռնագրավվեց։ Մինչդեռ հակաՆԱՏՕ-ական տրամադրությունները թուրք հասարակության շրջաններում ավելի ու ավելի նկատելի են դառնում, իսկ թուրքերի վաղեմի տարերային ամերիկատյացությունը հիմա «համեմված է» ամբողջ Արևմուտքի հանդեպ քննադատական վերաբերմունքի դրսևորումներով։ Վերջին տվյալների համաձայն, թուրքերի ընդամենը 34 տոկոսն է դրական վերաբերվում ամերիկացիներին, իսկ Հյուսիսատլանտյան դաշնախմբի հետ համագործակցությունը կառուցողական է համարում ընդամենը 38 տոկոսը։ Ընդ որում, դա վերաբերում է թուրքական հասարակության ոչ միայն ստորին խավերին, այլև վերնախավերին։ Օրինակ, թուրքական լրատվամիջոցներում հուզական պայթյուն ու սարկազմ առաջ բերեց Եվրոպայի արձագանքը «Եվրասիայի զինվորական իրավապահ մարմինների միավորում» անվանումով միասնական ռազմական կառույց ստեղծելու Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Մոնղոլիայի մտադրությանը։ Նրանք գրում են. «Եվրոպայում «Ստեղծվում է Մեծ Թուրանի բանակ» կարգի ակնառու վերնագրերով հրապարակումները ցույց են տալիս, թե արևմտյան աշխարհն ինչ սառնարյուն վերաբերմունք ունի այդ իրադարձությունների նկատմամբ» և որ «Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի բերումով պետք է «ավելի քան մեկ տարածաշրջանային կազմակերպության կամ ինստիտուտի» ձայնի իրավունք ունենա»։ Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են... Այս առումով բացահայտորեն պատահական չի թվում 2013-ի հունվարին մի խումբ երիտասարդ թուրքերի հակաամերիկյան կարգախոսներով հարձակումը բունդեսվերի քաղաքացիական հագուստով յոթ զինվորների վրա։ Գերմանացիները եկել էին թուրք-սիրիական սահմանում «Փեթրիոթ» հրթիռների տեղեկայման համար։ Իսկ այդ նոր իրողությունների «պակասը», երևի, պետք է համարել վերջերս Թուրքիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան անցակետում տեղի ունեցած պայթյունը։ Թեև թուրքական իշխանությունները սկզբից ջանացին «սլաքն ուղղել» Սիրիայի իշխանությունների կողմը, սակայն շուտով պարզվեց, որ մահապարտ ահաբեկիչը «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ» հույժ ազգայնական կազմակերպության անդամ էր։ Հազիվ թե ամերիկացիներին, որոնք Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ծայրաստիճան մտահոգ են իրենց դեսպանատների անվտանգությամբ, հանգստացնի նաև նախագահ Գյուլի անսպասելի անկեղծությունը, թե «թուրքական հետախուզությունն ու ոստիկանությունն իրազեկ էին նախապատրաստվող ահաբեկչությունից, աչալուրջ էին, սակայն, ցավոք, կանխել հանցագործությունը չհաջողվեց»։ Հետաքրքիր է` այդ ինչո՞ւ...
Պակաս հետաքրքիր իրադարձություններ չծավալվեցին նաև վերջերս Իսրայելի կողմից Սիրիայի հետազոտական օբյեկտի ռմբակոծության շուրջ։ Թուրքիայի վարչապետն ասաց, թե «պատմությունն Իսրայելին չի ների» Սիրիայի վրա կատարված հարձակման համար։ Արտգործնախարարն առհասարակ Սիրիայի ղեկավարությանը կոչ արեց պատասխանել Իսրայելի հարվածներին։ Նման «համարձակությունը» Վաշինգտոնը, միանգամայն հասկանալի է, արդեն չէր կարող հանդուրժել, և պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտահոգված է «թուրքերի հրահրիչ արտահայտությունների» առթիվ, և Թուրքիային իրենց վրդովմունքն է հայտնում Սիրիայի հանդեպ իսրայելական հարձակումների թուրքական մեկնաբանությունների առնչությամբ։ Ընդ որում, մի շարք փորձագետներ նշում են, թե Անկարայում ենթադրում են, որ Սպիտակ տունը կարող է ավելի շատ հակվել դեպի Սիրիայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորում։ Այսպես, այդ հանգամանքով խիստ մտահոգ Դավութօղլուն, խոսելով սիրիական ճգնաժամի մասին, հայտարարեց, թե ԱՄՆ-ն սկսել է «խլության» ախտանշաններ ցույց տալ։
Իհարկե, ասել, թե Թուրքիան կդադարի լինել Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցն Արևելքում, առայժմ շատ վաղաժամ է։ Ավելին, կարելի է ենթադրել, այդ բոլոր իրադարձությունները մահմեդականների տրամադրությունները հանգստացնելու լավ սարքված ներկայացման տարրեր են։ Սակայն մոտավորապես նույն կերպ էլ սկզբում շատերը գնահատում էին թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումը։ Սակայն տարիներ անց էլ այդ ճգնաժամը չի լուծվում։ Բառացիորեն օրերս թուրքական կառավարության ղեկավարը հերթական անգամ հայտարարեց, որ իր երկիրն առարկում է Հյուսիսատլանտյան դաշնակիցների հետ Իսրայելի համագործակցության ուղղությամբ ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը։ Էրդողանն ասաց, որ «մեր կարծիքով, անհնար է մնալ ՆԱՏՕ-ի կազմում, եթե նրան պիտի անդամակցի նաև Իսրայելը»։ Եվ դա չնայած իր գործընկերներին հաշտեցնելու Ամերիկայի տիտանական ջանքերին։ Այնպես որ, ընդհանուր առմամբ Արևմուտքից Անկարայի հեռանալու միտումը, ըստ երևույթին, և՛ պատահական չէ, և՛ հետևողական է։ Հետևաբար և, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում արդեն բացված ճեղքը վաղ թե ուշ, ամենայն հավանականությամբ, կլայնանա։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ