ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կյանքի առաջ ազգային վախի հաղթահարման անհրաժեշտությունը

Կյանքի առաջ ազգային վախի  հաղթահարման անհրաժեշտությունը
30.10.2012 | 13:20

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ, որ գալիս է 19-րդ դարից: Հայկական մասշտաբներով մեծ բանաստեղծ, բայց այսօր հազիվ թե նրա ծննդյան օրը համաժողովրդական տոնախմբություն դառնա: Ոչ միայն այն պատճառով, որ նա ծնվել է 1875-ին և դառնում է 137, այլ ոչ թե 140 կամ 150 տարեկան: Նույնիսկ եթե լրանար նրա 100 կամ 200 տարին ու նա արժանացած լիներ գրականության Նոբելյան մրցանակի, համաժողովրդական, նույնիսկ համագրական տոնախմբություն չէր լինելու: Ոչ իր մեղքով: Ոչ էլ իր գրական վաստակի հենքով:

Հայաստանում մշակույթը երբեք ազգային համախմբումի հարթակ չի դարձել` մարգարեին հայրենիքում, գիտեք... Առավելագույնը նրան կմեջբերեն պաշտոնական ելույթներում` իբրև պետական ճանաչում, կհիշատակեն բաժակաճառերում` իբրև ժողովրդական ընկալում: Եվ բանաստեղծները եկել ու գնացել են` նոր որակ ու նոր մակարդակ բերելով իրենց ժողովրդին, որ համառորեն նրանց մեջ որոնել ու նրանցից վերցրել է միայն իրեն հասուն ու հարմարը: Ճակատագի՞ր, ոչ, գրագիտության հարց է: Ավելի դաժան է եղել գրողների համար: Նրանց գրքերի չկարդացած էջերում ապրող երազներն ու գաղափարները դանդաղ արժեզրկվել են` հնանալով ու հեռանալով: Բայց, միևնույն է, հենց նրանք են եղել այն առանցքը, որի շուրջ պտտվել է ազգն իր գաղափարական ճշմարտությամբ ու սխալներով: Այսօր մշակույթի մասին չեմ ուզում գրել. մշակույթի մասին չի կարելի հընթացս ու ընդհատուն դատողություններ անել. մշակույթը չի ների, թեպետ հանդուրժողականության ու համաներումի վիթխարի ներուժ ունի: Եվ ունի աններելի պարտք ժողովրդի առաջ` չկարողացավ լցնել գաղափարական, զգացական, ինտելեկտուալ վակուումը, հենվեց նախնիների հզոր ուսերին ու ապավինեց Թումանյանից Չարենց, Բակունցից Մաթևոսյան, իսկ ինքը լռեց: Նրանք, ովքեր խոսեցին, խոսեցին գեղեցիկ ու մաքուր, լիքը ձայնով, դատապարտվեցին մենախոսության, որովհետև ասպարեզում մենակ էին ու իրենց արժանի, իրենց մեծությանը վայել ընկալում չունեին: Եվ մեղավորը ժամանակը չէր. ի վերջո, ժամանակները երբեք հատուկ հանճարածին ու հանճարավայել չեն լինում, չեն դառնում կերպասե ու ադամանդապատ` հանուն որևէ մեկի:
Այնուամենայնիվ, մենք բոլորս մեր մշակույթի արգասիքն ենք: Մեր խղճով ու մեր խեղճությամբ, գետնատարած մեր երազներով, որ վախենում են իրենք իրենց աչքերին նայելուց, մեր հանդգությամբ ու մեր սահմանափակությամբ, մեզ ու միմյանց դավաճանելու պատրաստակամությամբ ու նույն պահին ուրիշին դավաճանության մեջ մեղադրելու ճարպկությամբ: Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ էր, ու սխալը շարունակվում է անընդհատ: Մենք բոլորս մեր մշակույթի արգասիքն ենք և մեր մշակույթի դասերը տեղափոխում ենք կյանքի բոլոր ոլորտները: Մեր ընկալումն է այդպիսին: Մեր արձագանքը: 20-րդ դարը ապրեցինք շատ վախեցած, ամեն ինչից վախեցած: Բնական էր: 1915 թվականից հետո ինքնապահպանման նորմալ ռեակցիա էր, բայց տարիներն անցան, ու վախեցած սերունդը ծնեց վախեցած զավակներ, նրանց ուսերին ծանրացավ ևս մի պատերազմ` ևս մի վախ: Հավելեք ստալինյան սարսափները, որ տարածվեցին ոչ միայն տեղաբնակ հայերի, այլև հայրենադարձների վրա, և կհամոզվեք, որ 20-րդ դարի մեր ենթագիտակցական խնդիրը ազգային մակարդակում վախը թոթափելն էր: Այդ ճանապարհին հնարեցինք արդարացում` թուրքը մեր հավիտենական ոսոխն է: Սկսեցինք պաշտպանվել: Թեպետ թուրքը եթե որոշեր մեզ վերացնել, պատերազմով չէր գալու: 20-րդ դարը հնարեց նոր պատերազմներ` սառը պատերազմից հետո ի հայտ եկան տնտեսական, ֆինանսական, տեղեկատվական պատերազմները:

Քաղաքական տեխնոլոգիաների բուռն զարգացումը կոպիտ ու անարդյունավետ դարձրեց պատերազմն ու ագրեսիան: Թեպետ պատերազմ նորից տեսանք: Մեզ հարկադրված պատերազմում լիովին լուծեցինք մեզ առաջադրված խնդիրը: ՈՒ գնաց:
Քաղաքի կենտրոնում կիսակառույց է փլվում, քաղաքապետարանն անմիջապես իր անմեղության փաստաթուղթն է ներկայացնում` իսկ ո՞վ պիտի պատասխան տա, որ շինարարության իրավունք չունենալով` շինարարություն են անում: Արվարձանում վերելակ է պոկվում, տեղնուտեղը պարզաբանվում է` վերելակը գրանցված չէր, իսկ ինչպե՞ս էր չգրանցված, անսարք վերելակը հայտնվել նորակառույցում: Այս անփութությունը, անտարբերությունը հանցագործություն չե՞ն: Մարդկային կյանքերի հետ խաղն ինչպե՞ս է կոչվում: Պատահականությո՞ւն: Պաշտոնական պարտականությունների չկատարո՞ւմ: Եվս քանի՞ կիսակառույց կա, որ կարող է փլուզվել, քանի՞ վերելակ է մարդասպան դառնալու: Ե՞րբ ենք սկսելու մտածել, որ անպատժելիությունը նոր հանցանքների բաց դուռն է, որը փակել է պետք: Եվ փակողը Լուսնից չի իջնելու:
Հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Ռամիլսաֆարովյան սկանդալից հետո առաջին անգամ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո: Հայաստանի արտգործնախարարության համաձայն` համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազման կարևորությունը և իբրև աշխատանքային առաջարկ` ներկայացրել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու իրենց առաջարկները: Փարիզում ապահովվել է բանակցությունների հետագա ընթացքը. նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Նաև պայմանավորվել են քննարկումները շարունակել նոյեմբերին, տարածաշրջան այցի ընթացքում: Ռուսական աղբյուրները մի քիչ բացում են փակագծերը` ԵԱՀԿ-ին հղում անելով. «Հանդիպման ընթացքում անհանգստություն է արտահայտվել հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված մթնոլորտի վերաբերյալ, այդ թվում` քննարկվել են ստատուս քվոյի փոփոխության և եղած պրոբլեմների լուծմանը վերաբերող հարցեր»:
Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև ու կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն, հարաբերություններն ամրապնդել նրա քաղաքացիների հետ:
Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանը` ստորագրելով «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» համաձայնագիր:
ՀՀԿ-ն փոխնախագահ Գալուստ Սահակյանի մակարդակով հերքել է փոխվարչապետերի պաշտոնների ավելացման համար սահմանադրական հանրաքվեի հավանականությունը` «նույնիսկ կուլիսային խոսակցություններ չկան», հակառակ որ հանրաքվեի հնարավորության մասին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` հաստատելով, որ օրակարգում նման հարց կա: ԲՀԿ-ին փոխվարչապետի պաշտոն տրամադրելով` այլընտրանքային կարգավիճակից իշխանականի անցումն ապահովելու հավանականությունը ժխտել է նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վարչապետը նաև չէր բացառել ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի հավանականությունը, «շատ հավանական» համարելով` Գալուստ Սահակյանը կոնկրետացրել է, որ սկզբունքներ պիտի մշակվեն, խաղի կանոններ պիտի լինեն, որ նոր հուշագիր ստորագրվի:
Դեկտեմբերի 15-ին ՀՀԿ-ն կհրավիրի արտահերթ համագումար` օրակարգում ունենալով ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Այսինքն` դեկտեմբերի 15-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի նախագահի թեկնածու:
ԲՀԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը` բացառապես իր անձնական տեսակետն է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը: Հակառակ ավանդույթի` ԲՀԿ-ն դեռ չի հերքել իր անդամի տեսակետը:
Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է լռել և նրա պարտասուն լռությունն արդեն սահմանակցում է օմերտայի օրենքին, երբ մաֆիան արգելում է խոսել որոշակի խնդիրների մասին ու որոշակի մարդկանց մասին, իսկ ով խախտում է օմերտայի օրենքը, նրան անելու այլևս ոչինչ չի մնում:
«Ժառանգությունը» շարունակում է «Ազատ դեմոկրատների» հետ քաղաքական-ֆինանսական ոդիսականը, որը բնավ ոչ մեկին չի հետաքրքրում, ավելին` վիրտուալ է դարձնում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը նախագահի թեկնածու, որովհետև նվազագույնը չի բացառվում, որ ընտրվելու պարագայում նա որոշի հրաժարական տալ: Հանուն երիտասարդների:
ՀՅԴ-ն ևս վիրտուալ նպատակներ ունի` համախմբել ընդդիմադիր դաշտը և միասնական թեկնածու գտնել, գուցե նաև ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, եթե նա նման ցանկություն ունենա:
ՕԵԿ-ը, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, տևական վոյաժի մեջ է, բայց եթե այստեղ էլ լիներ, հազիվ թե որևէ խոսք ասվեր որևէ կարևոր հարցի շուրջ. նախ կա ՀՀԿ-ից առաջ չընկնելու սուբորդինացիան, հետո կա ոտքի տակ չընկնելու անհրաժեշտությունը:
Այսինքն` խոհերի, խորհրդածությունների, դարակազմիկ սխալների ու դարակազմիկ ճշմարտությունների մեկ ամիս է մնում, նոյեմբերի վերջին ջրերը պարզված պետք է լինեն, անձնական տեսակետները համաձայնեցված, պաշտոնական որոշումները կայացված, որովհետև, բացի ամեն ինչից, ժամանակ պետք է տալ ժամանակին որոշումներ ընդունելու և կատարելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ կապ ուներ Ավետիք Իսահակյանը: Ոչ մի: Ես չեմ սիրում նրա պոեզիան: Բայց այսօր նրա ծննդյան օրն է: Մենք բոլորս մեր մշակույթի արգասիքն ենք, ու թեև հայ մշակույթը հայության համախմբման հարթակ չի եղել երբեք, բայց գոնե կյանքի առաջ ազգային ենթագիտակցական վախի հաղթահարմանը պարտավոր է օգնել: Օգնել` հաղթահարել, օգնել` ինքնագիտակցվել, օգնել` ինքնաճանաչվել, և միայն մշակութային արժևորումից հետո կարող ենք և՛ քաղաքական համակարգի, և՛ քաղաքական էլիտայի փոփոխության խնդիրը լիարժեք լուծել: Որովհետև պետությունը, կառավարման մեխանիզմ լինելուց բացի, քաղաքակրթական արժեք է, որը գիտակցում են ազգային արժեհամակարգ ունեցող ժողովուրդները: Իսկ կյանքի առաջ ազգային վախի հաղթահարման գերակայությունը միակ երաշխիքն է, որ 21-րդ դարը չի ստիպի կրկնել հին սխալներն ու հին պատմությունները, ներսուդրսի հին զիգզագները:

Դիտվել է՝ 3078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ