ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իրանի զինված ուժերի մարտունակության պահպանումը կհանգեցնի տարածաշրջանում մեծ պատերազմի ծավալման

Իրանի զինված ուժերի մարտունակության  պահպանումը կհանգեցնի տարածաշրջանում  մեծ պատերազմի ծավալման
16.10.2012 | 11:52

Իրանի միջուկային ծրագիրը որպես ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա ազդող քաղաքական գործոն դիտարկելիս մենք օգտվել ենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջատար մասնագետների փորձագիտական գնահատականներից: Դա փորձագետների բավական ներկայանալի մի խումբ է, որոնց մի մասը երկար ժամանակ առնչություն է ունեցել հետախուզական ծառայությունների հետ և զբաղվել Թուրքիայի ու Իրանի, նախ և առաջ, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներով: Իրանական խնդիրը, հիմնարար դառնալով ամերիկա-թուրքական հարաբերություններում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցող շատ պետությունների համար կողմնորոշիչ է: Սակայն երկու երկիր միայն` Թուրքիան և Ռուսաստանն են ջանում իրանական թեման օգտագործել իբրև կարևոր գործոն ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում և որպես հիմնավորում քաղաքական տարբեր պահանջներ առաջադրելիս: Վաշինգտոնում մեծ անվստահությամբ են վերաբերվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի դիրքորոշմանը, բայց հենց Թուրքիան է կարողացել հեռու չմնալ Իրանից այդ «իրանական խաղում» և չփչացնել հարաբերություններն այդ երկրի հետ, ինչպես նախընտրեց անել Ռուսաստանը: ԱՄՆ-ը հարկադրված է հաշվի առնել Թուրքիայի ու Ռուսաստանի դիրքորոշումը` կապված իրանական խնդրի հետ, բայց, որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիայի հանդեպ ավելի թշնամաբար է տրամադրված և նրա քաղաքականությունն էլ համարում է բացահայտորեն թշնամական: Կարելի է առանձնացնել մի քանի հանգամանք, որոնք թույլ են տալիս բնութագրել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն իրանական խնդրի առնչությամբ:
ԱՄՆ-ը շարունակում է Իրանի միջուկային ծրագրի վիճակի հետազոտությունը և, չնայած բավական կոշտ հետևություններին, որ 2007 թ. արել է ԿՀՎ-ն այդ հարցի առթիվ, ուր ցածր գնահատականեր են տրվում մարտական միջուկային կայանքների արտադրությանը ձեռնամուխ լինելու Իրանի պատրաստության մասին, ներկայումս ԿՀՎ-ն հանգել է այլ հետևությունների, և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հաջողությունների վերաբերյալ նոր փաստեր է ի հայտ բերել: Եթե առաջ համարվում էր, թե Իրանն ուրանի հարստացման կրկնական կարողություններ չունի, ապա հիմա պարզվել է, որ նա կրկնական և իրարից բավական հեռու ընկած կարողություններ ունի: Նաև կասկածներ կան, որ Յազդ քաղաքի մոտ կա ևս մեկ օբյեկտ, որը պատրաստ է տրոհվող նյութերի հարստացման: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը հաջողության չի հասել Իրանի տարածքի ռադիոլոգիական սկանավորման գործում (արդյունքները համոզիչ չեն եղել), ինչը վկայում է, որ Իրանը պատրաստ է տեղեկության արտահոսքից միջուկային օբյեկտների պաշտպանությանը: ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը լսել է մի զեկույց, ուր բավական բարձր է գնահատվում միջուկային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիաների, նյութերի ու մասնագետների ներգրավման ուղղությամբ Իրանի գործունեությունը շրջափակելու նախընթաց քաղաքական և դիվանագիտական աշխատանքը: 2007-2009 թվականները բնութագրվել են Իրանի միջուկային ծրագրում աշխատող մասնագետների հավաքագրման միջոցով անմիջական տեղեկությունների ստացմամբ, ինչը հնարավորություն է տվել ձեռք գցելու միանգամայն նոր ու որակյալ տեղեկություններ: Այս բանը առաջ չէր հաջողվում կամ էլ արժեքավոր արդյունք չէր տալիս:
Թուրքիան դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը իրեն տեղեկություններ չի տրամադրում Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում` միջուկային տեխնոլոգիաների բնութագրերի մասին: ԱՄՆ-ն այդ տեղեկությունների մի մասը տրամադրում է Իսրայելին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և Իտալիային, ինչպես նաև Ճապոնիային: ԱՄՆ-ը պնդում է, որ այդ պետություններին իր ունեցած տեղեկությունների տրամադրումը չի բացատրվում ՆԱՏՕ-ին նրանց անդամության հանգամանքով: Դա ավելի շուտ պայմանավորված է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ այդ պետությունների առանձնակի վերաբերմունքով: ԱՄՆ-ն ամեն կերպ սահմանափակում է Թուրքիայի առնչությունը միջուկային հետազոտությունների որոշ հարցերի, այդ թվում` զուգահեռ նպատակների համար որոշակի խտանյութի ստացմանը: Վերջին ժամանակներս Թուրքիայի միջուկային ծրագրի վրա աշխատող տեղացի հետազոտողները սկսել են սահմանափակվել ամերիկյան և բրիտանական միջուկային հետազոտությունների ձեռքբերումների ուսումնասիրությամբ: Թուրքիան վրդովված է, որ ԱՄՆ-ը Ճապոնիայի վրա ճնշում է գործադրում` կապված միջուկային ոլորտում Թուրքիայի և Ճապոնիայի համագործակցության հետ: Թուրքիան դիվանագիտական երկխոսությունում հայտարարում է, որ ԱՄՆ-ը, փաստորեն, Թուրքիան, ինչպես Իրանը, համարում է մի երկիր, որը պետք է մեկուսացվի միջուկային ոլորտում տեղեկություն ստանալուց: Իրանում տրոհվող նյութերի վերամշակմանը Թուրքիայի մասնակցության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիան գնահատում է որպես իր հանդեպ խիստ թշնամական ու, փաստորեն, բացահայտորեն հայտարարում է այդ մասին: ԱՄՆ-ը դժգոհում է Թուրքիայից, որ վերջինս վարում է միջուկային ծրագրի իրականացման գործում Իրանին քաջալերելու քաղաքականություն:
ԱՄՆ-ը տեղեկություններ ունի, որ Թուրքիան շահագրգռված չէ Իրանի կողմից միջուկային սպառազինության ձեռքբերմամբ ու ստեղծմամբ, անգամ սահմանափակ ծավալով, բայց շահագրգռված է տարածաշրջանում դրա «շեմին գտնվող» պետությունների գոյությամբ, ինչը նրան հնարավորություն կտա հավակնելու մի երկրի դերի, որն ուզում է զարգացնել սեփական միջուկային ծրագիրը և հայտարարել իրեն արդիական միջուկային տեխնոլոգիաների տիրապետող պետություն: Փաստորեն, Թուրքիան շահադիտական դիրք է բռնել և ձգտում է Իրանի միջուկային ծրագիրը դարձնել իր քաղաքականության գործոն, ընդ որում` հաշվի առնելով ռազմավարական հեռանկարը:
ԱՄՆ-ը վաղուց պլաններ է նյութում կանխիչ հարվածներ հասցնելու Իրանին` կապված միջուկային ծրագրի հետ: Կա հարվածի երեք տարբերակ: Առաջինը, այսպես կոչված, սահմանափակ հարվածն է: Ենթադրվում է երեք հաջորդական օդային հարված միջուկային ծրագրի մոտավորապես 12 օբյեկտի: Երկրորդն ավելի ընդգրկուն հարված է, որը, բացի միջուկային ծրագրի անմիջական օբյեկտներից, կներառի նաև քաղաքական կառավարման օբյեկտները, կարևորագույն օդանավակայանները, ռազմական նավահանգիստներն ու ինչպես ՀՕՊ-ի, այնպես էլ այլ նշանակության հրթիռակայանքները: Երրորդ տարբերակը շատ նման է երկրորդին, բայց ենթադրում է վերահսկողություն հաստատել Պարսից ծոցի նկատմամբ, պաշտպանել տարբեր պետությունների նավթահանքերը, այդ թվում իրանական, ինչպես նաև թույլ չտալ Պարսից ծոցի շրջափակում, անգամ մեկ օրով: Այս տարբերակը ենթադրում է նաև ոչնչացնել ռազմածովային նավատորմը, ՀՕՊ միջոցները, ինչպես նաև առափնյա հրետանին ու ճակատամերձ ավիացիան: Ամերիկյան հրամանատարությունը կարծում է, որ Մերձավոր Արևելքում, այսինքն` Պարսից ծոցում և Իրաքում իր ունեցած ուժերը բավական են Իրանին հարվածելու առավել ընդգրկուն տարբերակն իրականացնելու համար։ Վաշինգտոնը համոզված է, որ երկրորդ կամ երրորդ տարբերակի իրականացման դեպքում, երբ կոչնչացվի ամեն ինչ, ներառյալ քաղաքական ղեկավարության և զինվորական հրամանատարության գերակշիռ մասը, Իրանում տեղի կունենա զանգվածային ապստամբություն, ընդ որում, կա՛մ լրիվ կկազմալուծվի քաղաքական վարչակարգը, կա՛մ նշանակալի փոփոխություններ տեղի կունենան Իրանի քաղաքական կուրսում: Եթե Իրանի զինված ուժերի կողմից տևական դիմադրության փորձ արվի, ենթադրվում է օգտագործել Իրաքում և Աֆղանստանում տեղաբաշխված զորախմբերը, որոնք, սակայն, չեն փորձի թափանցել Իրանի տարածք, այլ առաջադրանք կստանան ոչնչացնելու Իրանի զինված ուժերը միայն այն դեպքում, եթե նրանք փորձեն գրոհել հարևան երկրների վրա:
2006-2007 թթ. հարևան պետությունների մասնակցությամբ Իրանի գործնական շրջափակումն ապահովելու ԱՄՆ-ի տևական և ոչ այնքան հաջող փորձերից հետո ԱՄՆ-ը ներկայումս Իրաքի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Օմանի, Բահրեյնի, Կատարի ու Եմենի կողմից աջակցության որոշակի պայմանավորվածություն ունի Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողության իրականացման պարագայում: Եգիպտոսը նման համաձայնագիր չի ստորագրել, բայց պատրաստակամություն է հայտնել օգնելու արաբական պետություններին` Իրանի կողմից հնարավոր գրոհների դեպքում: ԱՄՆ-ի գեներալակազմը, շտաբների պետերի միացյալ կոմիտեն այնքան էլ համաձայն չեն Իրանի դեմ նման սահմանափակ տարբերակների կիրառմանը: Գեներալները կարծում են, որ նման սահմանափակ հարվածները շատ վտանգավոր են քաղաքական ու ռազմական հետևանքների տեսակետից, քանի որ Իրանի զինված ուժերի մարտունակության պահպանումը կհանգեցնի տարածաշրջանում մեծ պատերազմի ծավալման: Գեներալներն առաջարկում են մշակել ավելի լայն ազդեցության միասնական պլան, որը թույլ կտար ոչնչացնել Իրանի ամբողջ մարտունակ ուժը, ենթակառուցվածքը, ինչը կհանգեցներ երկրի զինված ուժերի, քաղաքական կառավարման, պաշտպանական արդյունաբերության կազմալուծմանը, կաթվածահար կաներ քաղաքական վերնախավին: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել քաղաքական վարչակազմի ոչնչացում: Միաժամանակ, գեներալակազմի մի մասը պնդում է, որ գործնականում անհնար է նման պլանի հաջող իրագործումը, և, այսպես կոչված, կետային հարված հասցնելու փորձը կհանգեցնի լայնածավալ պատերազմի: Բացի այդ, ռազմական վերլուծաբաններն առաջարկում են այդ պլանն իրականացնել իբրև ՆԱՏՕ-ի գործողություն, ներգրավել ՆԱՏՕ-ի տարբեր երկրներ, այլապես ԱՄՆ-ի հերթական միջազգային մեկուսացման վտանգ կարող է լինել: Համենայն դեպս, Ազգային անվտանգության խորհուրդն առայժմ հավանություն է տվել Իրանին հարվածելու, այսպես կոչված, սահմանափակ տարբերակին: Համարվում է, որ Իրանն ընդունակ չէ հակահարված տալու ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային ուժերի բավականաչափ խոշորածավալ գրոհին:
Արևմտյան ընկերակցության երկրները ներկայումս համոզված են, որ Իրանն ընդունակ է ատոմային և միջուկային զենք արտադրելու, նա առայժմ միջուկային մարտալիցքեր չունի, բայց մոտ է այդ խնդրի լուծմանը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հանգել են մի համաձայնեցված որոշման, որ տվյալ իրավիճակում Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին մարտական հարվածներ հասցնելը վաղաժամ է և չհիմնավորված: Արևմտյան ընկերակցության ամբողջ խնդիրն է հաշվարկել, թե երբ և ինչ հանգամանքների պարագայում Իրանը կձեռնարկի միջուկային մարտալիցքերի արտադրությունը:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում Իրանի միջուկային ծրագիրը: Հաղորդագրություն է եղել, թե Իրանում սպառազինության է ընդունվել «Շահաբ-4» հրթիռը: Իրականում սպառազինության է ընդունվել «Շահաբ-3»-ը` 1250-1300 կմ գործողության շառավղով և արկի մինչև 1000 կգ կշռով: 2002-ի մայիսի 25-ին, աշխատանքային փորձարկումներից հետո, պետական հանձնաժողովն այդ հրթիռն ընդունեց սպառազինության: Փորձարկման ընթացքում պետական հանձնաժողովն արձանագրեց, որ հրթիռի գործողության փաստացի շառավիղը հասնում է 1500 կմ-ի: «Շահաբ-4»-ը պետք է ունենա երկու տարատեսակ` գործողության 1500 և 2000 կմ շառավղով: «Շահաբ-5»-ի գործողության շառավիղը կկազմի 10 հազար կմ, այսինքն, կլինի միջմայրցամաքային: «Շահաբ-4»-ը կդառնա միջին հեռահարության բազային հրթիռ և կունենա տարատեսակներ: Իրանը սպառազինության մեջ ունի ևս մի քանի տիպի հրթիռներ («Զելզալ-2», «Ֆաթեհ-110»), մշակման փուլում է «Թոու» հրթիռը:
Հրթիռային ծրագիրն Իրանի արտաքին քաղաքականության կարևոր տարրն է: Իրանի առջև հրթիռային տեխնիկայի վաճառքի խնդիր է կանգնած: 2002-ի մայիսին Իրանն Իրաքին դրդեց բանակցություններ սկսել այդ հրթիռների ձեռքբերման շուրջ, ինչը, սակայն, արդյունք չտվեց, բայց Իրանը դրանով քաղաքական նոր գործոն ստեղծեց: Իրանի հրթիռային ծրագիրը քննարկման առարկա է իրանա-ամերիկյան և իրանա-բրիտանական բանակցություններում: Դրանով իսկ Իրանը ճնշում է գործադրում ամբողջ տարածաշրջանի ու Արևմտյան ընկերակցության վրա: Մինչև հիմա չկա հաղորդում այն մասին, թե «Շահաբ-3»-ը դրված է մարտական հերթապահության: Երևում է, այդ տեղեկությունը հարմարեցված է եղել Իրանի արտգործնախարար Քեմալ Հարազիի Մեծ Բրիտանիա կատարած այցին և ԱՄՆ-ի հետ շփումներին: Ամերիկացիներին անհանգստացնում է ոչ այնքան «Շահաբ-3»-ը, որքան Իրանի մարտավարական հրթիռները, որոնցով նա կարող է հսկողության տակ պահել Պարսից ծոցը և Կասպից ավազանը: Սակայն Իրանի գլխավոր նվաճումը կադրերի պատրաստումն է, ինչը հնարավորություն է տվել ստեղծելու միջուկային զենքի, հրթիռային տեխնիկայի, ավիացիայի, հրետանային համակարգերի, զրահատեխնիկայի և այլ սպառազինությունների նախագծման և արտադրության ինքնաբավ համալիրներ: Իհարկե, հենց վերջին 10 տարում, գտնվելով պաշտպանական ոլորտում Իրանի հաջողությունների տպավորության տակ, արաբական պետություններն աննախադեպ քանակությամբ սպառազինություններ ձեռք բերեցին:
Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որ նպատակ չունի ստեղծելու «Շահաբ-4» հրթիռը, դրանով իսկ ցույց է տալիս իր պատրաստակամությունը ուշադրության առնելու տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի երկյուղները: Իրականում «Շահաբ-3»-ը, փաստորեն, օժտված է «Շահաբ-4»-ի բնութագրերով ու քաղաքական նշանակությամբ: 1500 կմ շառավիղը գործնականորեն թույլ է տալիս ահաբեկված պահել ամբողջ տարածաշրջանը, այսինքն, քաղաքական նպատակն ապահովված է: Հնարավոր է, որ «Շահաբ-4»-ը պաշտոնապես չստեղծվի կամ էլ այլ կերպ կոչվի: Կան նաև գիտատեխնիկական պատճառներ. հրթիռների այդ ընտանիքը մեծ ճշգրտությամբ ու հուսալիությամբ աչքի չի ընկնում: Երևի իրանցիները պետք է «Շահաբ-3»-ը հասցնեն որոշակի մակարդակի, ինչի համար բավական ժամանակ է պետք, ենթադրաբար 2-3 տարի` իրենց տեխնիկական խնդիրները ներկայացնելով իբրև խաղաղասիրական: Միաժամանակ, արտքաղաքական իրավիճակի թելադրանքով, Իրանը միջմայրցամաքային հրթիռ կստեղծի: Իրանին շատ ավելի լավ հաջողվել է իրականացնել 150-200 կմ հեռահարությամբ մարտավարակական հրթիռների արտադրությունը: Առանձնապես մեծ հաջողություններ են ձեռք բերվել ռազմածովային ուժերի համար նախատեսված հրթիռների ստեղծման գործում:
Իրանի քաղաքական ղեկավարությունը խնդիր է դրել ամեն գնով հասնելու հրթիռային տեխնիկայի վաճառքի, ընդ որում, համարելով, որ շատ ավելի նախընտրելի կլինի հրթիռները վաճառել կա՛մ Եվրամիության երկրներին, կա՛մ ՆԱՏՕ-ի անդամներին, ենթադրաբար` Հունաստանին, Ալբանիային, Կիպրոսին, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի ու Կովկասի պետություններին: Կարելի է պնդել, որ Հունաստանի առումով դա բավական իրագործելի է: Իրանը վերջին տասնամյակում շարունակ համալրել է նաև իր ռազմական նավատորմը` Հյուսիսային Կորեայից ձեռք բերելով ռազմանավեր, պարեկանավեր, փոքր սուզանավեր, որոնք հենց Իրանի կողմից զինվել են հրթիռային սպառազինությամբ: 38 միավոր ռազմածովային տեխնիկա արդեն տեղակայված է Կասպից ծովում:
2003-2012 թթ. Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հսկայական տեղաշարժ է կատարել և լուծել բազմաթիվ բարդ խնդիրներ: Փաստորեն, ստեղծվել են ռազմավարական ու մարտավարական նշանակության բոլոր հրթիռատեսակները, որոնք ընդունակ են կրելու տարբեր տրամաչափի միջուկային լիցքեր և սկզբունքորեն չեն զիջում Իսրայելի ռազմական տեխնիկային: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Իրանը ստեղծել է ռուսական ռազմաօդային պաշտպանության C-300 տիպի հրթիռի նմանակը, ընդ որում, ռուս մասնագետներն այդպես էլ չեն հերքել այդ հաղորդումները և կասկածի չեն ենթարկել Իրանի կողմից այդ հրթիռատեսակի ստեղծման հիմնավորվածությունը:
Եվ վերջում: Նկատի ունենալով, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան Իրանի հանդեպ առավելություն ունեն մարտական, նախ և առաջ, ճակատամերձ ավիացիայի առումով, ապա հրթիռային տեխնիկան Իրանի համար առանձնակի նշանակություն է ստանում և կոչված է առանցքային դեր խաղալու ցանկացած ընդգրկման հակամարտության դեպքում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ