ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վաշինգտոնը կոնկրետ խնդիր է լուծում

Վաշինգտոնը կոնկրետ խնդիր է լուծում
22.06.2012 | 14:00

Կովկաս-կասպյան տարածաշրջանում նավթի ու գազի արդյունահանման և մատակարարման խոշոր համակարգի ստեղծման հետ կապված խնդիրները, ինչպես հայտնի է, լուծվում էին բավական երկար և դժվարությամբ, ինչը կապված էր ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերի հետ: Եվ այժմ արդեն դժվար է ասել, թե որ խնդիրներն են ավելի բարդ եղել: Համենայն դեպս, թե՛ այդ նախագծի իրականացման հենց սկզբից, թե՛ հիմա միանգամայն հասկանալի է, որ տնտեսական պայմանները բավական խոցելի են, և նախագծերը չափազանց քաղաքականացված են: Այն ամենը, ինչ կապված է այդ նախագծերի հիմնավորման հետ, վաղուց «քաղաքացիության իրավունք» է ստացել և արդեն քրեստոմատիական է դարձել քաղաքական գրականության մեջ: Այսինքն, Բրիտանիան և ԱՄՆ-ը ծրագրել են ստեղծել այլընտրանքային վառելիքամատակարարման համակարգ, նպատակ ունենալով բարձրացնելու համաշխարհային էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունը, ընդ որում, Կասպից ծովի ավազանում և Հարավային Կովկասում այդ նախագծերի արդյունավետությունը գնահատվում է ընդհանուր էներգետիկ ռազմավարությամբ և ոչ թե տվյալ մասնավոր դեպքով: Այդ առաջադրանքի իրականացման համար «ԲՊ» ընկերության, որպես շարժիչ ուժի, ընտրությունը բացատրվում է մի շարք գործոններով, նախ և առաջ նրանով, որ ամերիկա-բրիտանական մտադրությունները ենթադրում էին պակաս «քաղաքական հուսալիություն» ունեցող ընկերություններին թույլ չտալ մոտենալ առաջադրանքի կատարմանը: Չնայած փորձագետների բերած բազմաթիվ փաստարկներին, թե «ԲՊ»-«ԱՄՕԿՕ» միավորման ստեղծումից հետո այդ ընկերությունն այլևս բրիտանական չէ, այնուամենայնիվ, այն մնում է որպես բրիտանական քաղաքականության կարևոր արտքաղաքական գործիք: «ԲՊ»-ի ղեկավարներն ու մի շարք պաշտոնյաներ բրիտանական վերնախավի կարևոր տարրն են: Այդ նախագծերին շատ ընկերությունների մասնակցության դեպքում, համապատասխան կոնսորցիումներում տնօրինելով ոչ գերակշիռ բաժնեմասին, «ԲՊ»-ն պահպանում է վերահսկողությունը նավթի ու գազի արդյունահանման և մատակարարման ամբողջ համակարգի նկատմամբ: Իհարկե, ընկերությունը մեծ ազդեցություն է գործում ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վրա, թեև այդ ազդեցությունը պետք չէ գերագնահատել: Հետաքրքրություն է ներկայացնում նաև այն, որ «ԲՊ»-ն, նախ և առաջ, առևտրային ընկերություն է, և նրա շահերը երբեմն չեն զուգադիպում ԱՄՆ-ի քաղաքական շահերին, որոնք, առաջին հերթին, առնչվում են բնական պաշարների վերահսկողության խաղերին, բայց ամենևին չեն սահմանափակվում միայն դրանցով:
«Բրիտիշ պետրոլեում» ընկերության դիրքորոշումն ամերիկյան ռազմական ծրագրերի առնչությամբ ոչ միշտ է արտացոլում ԱՄՆ-ի քաղաքական շահերը, և հաճախ ընկերությանը խիստ նյարդայնացնում են նրա մտադրությունները տարածաշրջանում: Բրիտանական վերլուծաբանները կարծում են, որ Հարավային Կովկասում, Կասպյան ավազանում և Կենտրոնական Ասիայում ամերիկյան ռազմական ներկայությունը կրում է չհամակարգված ու ժամանակավոր բնույթ: ԱՄՆ-ը չունի այդ տարածաշրջաններում իր ռազմական ներկայության կիրառման պարզորոշ նպատակներ ու խնդիրներ: Աֆղանական խնդիրը և էներգահաղորդուղիների պաշտպանության հարցը բավարար հիմնավորված փաստարկ չեն ամերիկյան ռազմական ներկայության պահպանման, առավել ևս, ուժեղացման համար: Մասնավորապես, «ԲՊ» ընկերությունը համարում է, որ Ադրբեջանում ամերիկյան ռազմական ներկայությունը ոչ մի առնչություն չունի նավթամուղների պաշտպանության հարցի հետ: Բրիտանական ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ի համար շատ բարդ է հիմնավորել իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջաններում, առանց հստակ նպատակների ու խնդիրների մշակման: Եթե դա չարվի, ապա ԱՄՆ-ը խնդիրներ կունենա ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլև տարածաշրջանի պետությունների հետ հարաբերություններում:
«Բրիտիշ պետրոլեում» ընկերության վերլուծական խորհրդի ղեկավար Ջոն Գերսոնը պնդում է, որ ղարաբաղյան և Հարավային Կովկասի մյուս խնդիրները, իհարկե, որոշակի սպառնալիք ներկայացնում են էներգամատակարարման ուղիների համար, բայց «ԲՊ»-ն դա չի համարում էական վտանգ: Նույն կարծիքին են սպառնալիքների գնահատման առաջատար մասնագետ Քեթ Մելինսոնը, բրիտանական զինվորական քաղաքագիտության հիմնադիրներից մեկը` Չառլզ Բլոնդին, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մի շարք այլ առաջատար մասնագետներ: Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան խնդրի դերը Հարավային Կովկասի նավթային նախագծերի հանդեպ սպառնալիքների գնահատման գործում կարելի է բնութագրել հետևյալ կերպ. թեև կան որոշ սպառնալիքներ, սակայն այդ նախագծերի իրականացումից ստացվող եկամուտներն ու առավելությունները լիովին ծածկում են դրանք և Ադրբեջանի կողմից ղարաբաղյան գործոնի չարաշահման հույսեր չեն թողնում:
«ԲՊ»-ի կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության խնդիրը մշտապես արծարծվում է վերլուծաբանների շրջանում, քանի որ Ադրբեջանի շահերի պաշտպանության գործում «ԲՊ»-ի դերի ըմբռնումը շատ կարևոր է ղարաբաղյան խնդրի ընդհանուր վերլուծության տեսակետից: «ԲՊ»-ն անմիջականորեն չի զբաղվում ղարաբաղյան հարցում Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ, Ադրբեջանն ինքն էլ այդ հարցով չի դիմել ընկերության ղեկավարությանը: Դրա պատճառն այն է, որ նման դիմումը «ԲՊ»-ի կողմից կգնահատվեր որպես սպառնալիքների մեծացում, և ընկերությունը կառաջարկեր ավելացնել իր շահաբաժինը ստացվող եկամուտներից: Դրա հետ մեկտեղ, կարծիք կա, որ հնարավոր է առաջիկայում Ադրբեջանը նման խնդրանքով դիմի «ԲՊ»-ին: Ամենայն հավանականությամբ, այդ դեպքում ընկերությունն այդ առաջարկությունը կընդունի և կփորձի սատարել Ադրբեջանին, բայց հազիվ թե դա էական արդյունք տա: Ամերիկյան ու եվրոպական լոբբիստական աջակցություն ձեռք բերելը շատ դժվար է, իսկ բրիտանական քաղաքական դաշտը չափազանց նեղ է: Առհասարակ, «ԲՊ»-ն ձգտում է ամեն կերպ խույս տալ հայկական խնդիրների հետ կապված գործերին միջամտելուց: Միաժամանակ, Ադրբեջանում առկա շահերի հետ կապված նավթային ընկերությունները, այնուամենայնիվ, ձգտում են Ադրբեջանին ցույց տալ իրենց բարեհաճ վերաբերմունքը: Որոշ խաղաղարար ծրագրերի նրանց մասնակցությունն ակնհայտ է: Հնարավոր է, Հայաստանի և Ադրբեջանի հասարակայնության «ներկայացուցիչների» միջև հանդիպումների մի մասը կամ մեծ մասը կազմակերպվում ու ֆինանսավորվում են այդ ընկերությունների կողմից, ինչով և սահմանափակվում է նրանց «ադրբեջանամետ» գործունեությունը: Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում բրիտանական LINKS կազմակերպության գործունեությունը, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայում հակամարտությունների կարգավորման և պետական շինարարության, Թուրքիայի և Աֆղանստանի վերաբերյալ հարցերի ուսումնասիրման, խորհրդատվության և առաջարկությունների մշակման ուղղությամբ: Հիմքեր կան պնդելու, որ LINKS-ը կորցրել է հետաքրքրությունը ինչպես ղարաբաղյան, այնպես էլ կովկասյան մյուս թեմաների նկատմամբ, ինչը կարող է վկայել բրիտանական այն կազմակերպությունների շրջանակի նեղացման մասին, որոնց ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում Բրիտանիայի քաղաքական ու աշխարհատնտեսական շահերի պաշտպանությանը:
Հնարավոր է, որ «ԲՊ»-ի շահերի պաշտպանությանը մասնակցում է նաև բրիտանական խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը, որը երբեք չի թաքցրել իր «խոր հակակրանքը» Հայաստանի ու ղարաբաղյան թեմայի նկատմամբ: Նա ամենևին շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկությունների մշակմանը մասնակցությամբ, քանի որ դա նրա անձնական շահերին բնավ չի համապատասխանում: Նրա, ինչպես նաև նրա օգնականներ Էմմա Ջակոբի և Յասմին Միրզայի հետ շփումներից կարելի է եզրակացնել, որ նրանց ղեկավարը որևէ կոնկրետ ծրագիր չունի ղարաբաղյան խնդրի առնչությամբ (պետք է նկատի առնել, որ Թերի Դևիսի ընտրատեղամասում բավական մեծ թիվ են կազմում մահմեդականները, հիմնականում պակիստանցիները, որոնք միավորված են մի շարք հասարակական ու կրոնական կազմակերպությունների մեջ): Դրան զուգընթաց, մի շարք նշաններ կան այն բանի, որ Թերի Դևիսը եվրոպական կառույցներում ադրբեջանական շահերի ջատագով է, նախ և առաջ` ղարաբաղյան հարցում: 2005 թ. Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ն փորձ արեց ընթացք տալ այդ խնդրին, որը բավական արագ ձախողվեց: Այդ կապակցությամբ իրենց ընդգծված նյարդայնությունը չթաքցրին ո՛չ Թերի Դևիսը, ո՛չ Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Բրայան Ֆոլլը:
Եվրոպական կառույցների պատվերով Լոնդոնում ստեղծվել է վերլուծաբանների խումբ, որն զբաղվում է Արևելյան Եվրոպայում առկա տեղային հակամարտությունների կարգավորման և անվտանգության վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ: Այդ խումբը հենվում է երեք հետազոտական հիմնարկների` «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի», «Լոնդոնի տնտեսական և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտ-թագավորական քոլեջ-Լոնդոնի համալսարանի», «Եվրոպական բարեփոխումների կենտրոնի» վրա: Այն գլխավորում է առաջատար ռազմաքաղաքական «RUSI» ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Մայքլ Քլարկը, ով ջանում է գործընկերներ ձեռք բերել Թբիլիսիում, Երևանում և Բաքվում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում: Խումբը երկար ժամանակ ձևավորվում էր, բայց առայժմ մտահղացումներ, հայեցակարգեր ու մոտեցումներ չկան: Կարելի է ենթադրել, որ այն կհեղինակի շատ անբովանդակ, անիրատեսական նյութեր: Հարկ է նշել, որ ստեղծվելիք ընդարձակ վերլուծությունը սերտորեն կապված կլինի բրիտանական բիզնեսի այն առաջատարների հետ, որոնք ռազմավարական շահեր ունեն Սև ծովից մինչև Չինաստան ձգվող տարածքում, և բնական է, որ ծրագրի գլխավոր հովանավորներից մեկը «ԲՊ»-ն է:
Բրիտանական փորձագետների խոստովանությամբ, նավթային ընկերությունները երբեք խնդրանքով կամ պահանջով չեն դիմել ԱՄՆ-ին` ապահովելու նավթամուղների կամ նավթահանքերի անվտանգությունը: ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցում նավթային ընկերությունների շահագրգռությունը Պենտագոնի հնարանքն է և ընդհանուր ոչինչ չունի հաղորդուղիների անվտանգության ապահովման իրական խնդիրների հետ: Ներկայումս, փորձագետների գնահատմամբ, այդ տարածաշրջանների պետությունները շահագրգռված են կայունության և անվտանգության ապահովմամբ: Այս կապակցությամբ ԱՄՆ-ը չի կարող այսուհետ ևս Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը հիմնավորել էներգետիկ հաղորդուղիների և նավթահանքերի անվտանգության ապահովման պահանջներով: Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ դեռ վերջերս «ԲՊ»-ն և այն փորձագետները, ովքեր, այսպես թե այնպես, ներգրավված են «ԲՊ»-ի գործունեության և մշակումների մեջ, Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայության դերն ու խնդիրները միանգամայն այլ կերպ էին դիտարկում: Մինչև Վրաստանի 2008 թ. օգոստոսի դեպքերը, բրիտանական ռազմական փորձագետների վկայությամբ, ԱՄՆ-ը չէր մեծացնում իր զինվորականների ներկայությունն Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև ՈՒզբեկստանում: Նկատվում էր Ադրբեջանի օդանավակայանների նախապատրաստությամբ զբաղվող հրահանգիչների թվի որոշ կրճատում: Ընդհանուր առմամբ, այդ գնահատումների համաձայն, կարելի է պնդել, որ ԱՄՆ-ը վերանայել է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության սահմանափակման ծրագրերը, և այդ պետությունների հետ ռազմական համագործակցության նախկին ծրագրերն ու մտադրությունները պետք է իրականացվեն: «Բրիտիշ պետրոլեում» ընկերության վերլուծական խորհրդի ղեկավարի խոստովանությամբ, ընկերությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կարիքը չունի և պատրաստ է ինքնուրույն ապահովելու նավթամուղների անվտանգությունը` Ադրբեջանի ու Վրաստանի կառավարությունների աջակցությամբ: Իրավիճակն ու համապատասխան գնահատականներն սկսեցին փոխվել արդեն 2008-ի սկզբին, երբ ամերիկացիներն ու բրիտանացիները փոխհամաձայնեցված որոշում ընդունեցին Սև ծովում իրենց ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի վերաբերյալ: Այդ պահից Լոնդոնում դադարեցվեցին այն բոլոր մշակումները, որոնք չէին համապատասխանում Սև ծովի ավազանում ռազմական ներկայությունն ավելի ու ավելի մեծացնելու անհրաժեշտության տեսակետին: «ԲՊ»-ում հասկացան, որ նման մտադրություններն է՛լ ավելի կասկածի տակ կդնեն անվտանգությունն ու կմեծացնեն սպառնալիքը` կապված տարածաշրջանում մեծ ջանքերի գնով ստեղծված վառելիքամատակարարման համակարգի գործունեության հետ:
Փորձագիտական ընկերակցության անդամները, որպես կանոն, «ԲՊ»-ի գործունեությունը ներկայացնում են իբրև միջազգային, առևտրային խնդիր, որը հեռու է քաղաքականությունից: Այդ փաստարկներն է՛լ ավելի ուժեղացան, երբ «ԲՊ»-ն միացավ «ԱՄՕԿՕ»-ին և անցավ նավթի իրացման դոլարային հաշվարկների: Միաժամանակ, «ԲՊ»-ն մնում է իբրև կարևոր գործիք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես «ՏՈՏԱԼ»-ը Ֆրանսիայի քաղաքականության մեջ: Ներկայումս, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ու քաղաքականությունը փլուզման եզրին է հասցրել, հետաքրքրություն է ներկայացնում այդ ընկերության դերը բրիտանական քաղաքականության մեջ, տարբեր տարածաշրջաններում բրիտանական դիրքերի պահպանման գործում:
Այս առանձին դիտարկումներն ու բանավիճային հետևությունները վկայում են, որ եթե նախկինում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական հեռահար նպատակը վառելիքի հաջող արդյունահանումն ու առաքումն էր, այժմ ԱՄՆ-ի նպատակներն ու խնդիրներն ավելին են, և Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում ԱՄՆ-ի շահերը պետք է դիտարկել այլ ընդգրկումով: Այդուամենայնիվ, այդ համակարգի անվտանգության պահպանումն առաջնային խնդիր է տեսանելի հեռանկարում: Անվտանգության պատկերացումներն ու հորիզոններն ընդլայնվել են, թեև գերակայությունները նույնն են: Դրանով է պայմանավորված տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման հեռանկարը: Ամերիկացիների համար այլ լուծումներ չկան: Կոնկրետ խնդիր է լուծվում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ