Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԲՈՒՇԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍԵԼ` ՊՐԻՄԻՏԻՎ, ԲԱՅՑ ԲՈՒՇՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՆԱԻՎ ՉԷՐ»

«ԲՈՒՇԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՍԵԼ` ՊՐԻՄԻՏԻՎ, ԲԱՅՑ ԲՈՒՇՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ՆԱԻՎ ՉԷՐ»
20.10.2009 | 00:00

Հարցազրույց ամերիկացի փորձագետ, ԱՄՆ-ի արտաքին կապերի խորհրդի մշտական անդամ ԺԻՐԻ ՎԱԼԵՆՏԱՅԻ հետ:
-Պարոն Վալենտա, նախ` խոսենք Օբամայի մասին։ Ըստ Ձեզ` ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ի երիտասարդ աֆրոամերիկացի նախագահը:
-Մինչ Օբամայի նախագահ դառնալը ես նրա մասին զրուցել եմ մի շարք մարդկանց, այդ թվում և` Քենեդու առաջին օգնականի հետ: Նա ասաց շատ կարևոր բաներ և ճշգրտորեն կանխատեսեց, թե ինչեր կանի Օբաման, եթե դառնա պրեզիդենտ: Այդ ամենն այսօր իրականանում է: Քենեդու օգնականն ասաց նաև, որ Բարաք Օբաման անչափ խելացի, ուշիմ գործիչ է: Բոբ Գեյթսը (Պենտագոնի ղեկավարը- հեղ.), ում հետ նույնպես զրուցել եմ, այն կարծիքին էր, որ Բուշի համեմատ Օբաման վերլուծական մտքի տեր մարդ է: Այս ամենը, իհարկե, այդպես է, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ Օբաման փոքր-ինչ նաիվ է: Բուշի մասին, այո՛, կարող ենք ասել` պրիմիտիվ, բայց Բուշն ամենևին էլ նաիվ չէր:
-Դուք այդպես եք կարծում, որովհետև Բուշը ձեր` հանրապետական կուսակցությունի՞ց էր:
-Ոչ: Պատճառն այն է, որ օրեր առաջ Կոլումբիայի համալսարանում ես ծանոթացա Օբամայի դիսերտացիային. այն ահավոր պարզունակ էր: Եվ հետո, նա չգիտի ռուսական մենթալիտետը, պատմությունը: Սակայն ցավն այն է, որ միայն Օբաման չէ այդ վիճակում, նրա վարչակազմում գրեթե բոլորն են այդպիսին: Փաստորեն, նրանք, ովքեր ադմինիստրացիայում զբաղվում են Ռուսաստանով, նույնպես շատ փափուկ որդեգրումների գործիչներ են, ինչն ամենևին լավ չէ` բազմաթիվ առումներով: Իսկ եթե նրա օգնականը լիներ Բժեզինսկին, դա գոնե լավ կլիներ: Երբ Բժեզինսկին աշխատում էր Քարտերի աշխատակազմում, կարողանում էր բալանսավորել իրավիճակը. Քարտերի վարչակազմում կային երկու տիպի դեմոկրատներ` փափուկ գծի և կոշտ գծի հետևորդներ: Իսկ ինչպե՞ս է այսօր. ճիշտ է, կա Օլբրուքը, որը «կոշտ» գծի կողմնակից է, սակայն պետքարտուղար Քլինթոնը Ռուսաստանի մասնագետ չէ, և, ընդհանրապես, ամուսիններ Քլինթոնները նույնպես մեղմ մոտեցումների կողմնակից են: Գիտե՞ք, նախագահների փոփոխությամբ ամերիկյան քաղաքականությունը կարող է և փոփոխվել, սակայն անթույլատրելի է շատ առաջ գնալ: Միակ լավ բանը, որ այս ամենում կա, Գեյթսն է. նա անչափ պրագմատիկ գործիչ է, այո, հանրապետական է և շատ լավ գիտի իր անելիքը:
-Բայց չէ՞ որ հենց Գեյթսն ու իր կառույցն էին, որ հայտարարեցին` հակահրթիռային կայանները չեն տեղակայվի Արևելյան Եվրոպայում: Հասկանալի է, որոշումն ընդունվեց Ռուսաստանի հետ խաղը պահելու համար: Ի դեպ, ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, այսօրվա Ռուսաստանը։ Եթե չեմ սխալվում, Դուք, կարծես, աշխատել եք նաև Ելցինի թիմում:
-Այո, չեք սխալվում: Ելցինին ես սիրում էի, որովհետև նա ազնիվ մարդ էր, ուներ դեմոկրատի սիրտ և ուղն ու ծուծով ռուս էր: Նա, իմ կարծիքով, նաև հեղափոխական էր: Իրեն գիտեմ 89-ից, ու այն կարծում եմ, որ ինչ կարող էր, արեց Ռուսաստանի համար` ռեֆորմների ուղղությամբ։ Հռետոր չէր, տնտեսապես դեմոկրատ էր, նրա մասին կարելի էր ասել` ռուս նացիոնալիստ: Ցավալիորեն Պուտինն այդ որակի միքս չէ: Պուտինի համար ես ասացի, որ Ռուսաստանի նման երկու երես ունի և սկզբնական շրջանում, երբ Ելցինի օրոք աշխատում էր Սոբչակի վարչակազմում, բավականին պրոգրեսիվ էր: Ի դեպ, Գերմանիայում նրա հետ աշխատած մարդիկ պատմում են, որ Պուտինն այդ ժամանակ օգնել է Մոդրուին` հեղաշրջում կատարելու հարցում: Եվ, ընդհանրապես, նա շատ խելացի ու խորամանկ մարդ է: Սակայն Պուտինն ամենամեծ ու աններելի սխալը թույլ տվեց Վրաստանի շուրջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ։ Նկատի ունեմ Աբխազիայի և Օսիայի անջատումը:
-Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է մտածում ամերիկացի հանրապետական փորձագետը Դմիտրի Մեդվեդևի մասին:
-Նա առավել լիբերալ է, քան Պուտինը, սակայն պետք է շատ զգույշ լինել այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է: Ամեն անգամ, երբ Ռուսաստանում ստեղծվել է երկիշխանություն, իսկ ե՞րբ է դա եղել. Պյոտր Մեծի և իր քրոջ` Սոֆիայի ժամանակ, քրոջը Պյոտրն ուղարկեց մենաստան: Հաջորդ երկիշխանությունը Կերենսկու և Լենինի ժամանակաշրջանում էր: Երկիշխանություն կար Գորբաչովի և Ելցինի ժամանակահատվածում, ու միշտ ինչ-որ բան էր տեղի ունենում: Սակայն Ռուսաստանի այսօրվա երկիշխանությունը շատ ավելի ընդգծված է, և այսպես երկար շարունակվել չի կարող, ինչ-որ բան տեղի կունենա:
-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ:
-Բոլորիս համար լավ կլինի, եթե երիտասարդ, պրագմատիկ Մեդվեդևն ունենա նաև իշխանություն, ինչն առայժմ չունի:
-Հասկանալի է, որ չեք մանրամասնի, թե ինչպես կարող է երիտասարդ Մեդվեդևն «ունենալ իշխանություն», չնայած, միջազգային հանրության` առ Մեդվեդև դրսևորած քնքշանքից, էլ առավել` Օբամայի կատարած առ Ռուսաստան և Մեդվեդև քայլ-ժեստերն ահագին բան են ասում: Իրենց թողնենք` «իշխանություն ունենան», մենք «մտնենք» Հայաստան` իմանալու, թե ինչպես է ամերիկյան փորձագետը գնահատում իրավիճակն այստեղ, վերջին` հայ-թուրքական զարգացումների ֆոնին:
-Քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանում Պուտինի թույլ տված ամենամեծ սխալի մասին: Եթե անկեղծ լինեմ, ապա դրանից ինչ-որ առումով շահեց Հայաստանը։ Նկատի ունեմ էներգետիկ բալանսի խախտումը տարածաշրջանում, որն ինչ-ինչ զարգացումների պարագայում Հայաստանի տնտեսության համար շատ էական դեր կարող է ունենալ: Բանն այն է, որ հայ-թուրքական վերջին զարգացումները, ինչպես և ռուս-վրացական նախորդ տարվա պատերազմը լրջորեն փոխել և փոխում են իրավիճակը տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, գոնե Հայաստանը նուրբ իրավիճակում է հայտնվել. երկու-երեք կողմերից շրջապատված է ոչ բարեկամական երկրներով (ես մասամբ դրանց մեջ եմ ներառում նաև Իրանը, որովհետև վերջին զարգացումներն Իրանին ևս վերանայումների կտանեն), և ռուսական, ինչպես ձեզ մոտ է ընդունված ասել, բարեկամական ներկայությունը Հայաստանում դեռ շատ անհրաժեշտ կլինի, չնայած այս խաղում Ռուսաստանն էլ ունի իր լուրջ շահերը: Պարզապես պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը չթելադրի որևէ քաղաքականություն Հայաստանին, մանիպուլյացիաներ չիրականացնի Հայաստանի հաշվին: Մի կարևոր բան էլ. Հայաստան մենք եկանք Ադրբեջանից, ակնհայտ է` Հայաստանում դեմոկրատիան ավելի շատ է, քան Ադրբեջանում (զրույցի ինչ-որ մասում պարոն Վալենտան շատ ինքնաբուխ Ալիև-կրտսերի մասին խոսելիս մի քանի անգամ օգտագործեց «դիկտատոր» բառը,- հեղ.)։ Տեսնում եք` ես հիմա շատ ազատ Ձեզ հետ նստած զրուցում եմ, այնտեղ նման մթնոլորտ չկար: Կարծում եմ` այստեղ Դուք և ես կարող ենք արտահայտել մտքեր, որոնք Ադրբեջանում բարձրաձայնել հնարավոր չէ։ Ադրբեջանում շատ զգույշ պետք է ընտրես բառերը:
-Ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական այս վերջին զարգացումները Ռուսաստանի սրտո՞վ են:
-Չեմ կարծում, թե ռուսներն այս հարցում ձեզ շատ են աջակցում: Նրանք դիպլոմատ են և երբեք չեն ասի այն, ինչ իրականում մտածում են:
-Ճիշտ որ, նրանք չեն ասում, այլ «անում» են, իսկ ի՞նչ կանեն, ըստ Ձեզ:
-Ոչինչ չեմ կարող ասել: Չնայած, թերևս, քաջատեղյակ եք, որ Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայում տոտալ փոփոխություն է կրել: Ռուսաստանյան մշտական իդեա-ֆիքսն է եղել` իշխել Դարդանել-Բոսֆորում, սակայն հիմա նրանք դա չեն ուզում: Էներգախողովակներ` ահա պատճառը:
-Իսկ «Նաբուկո՞ն»: Ի՞նչ եք կարծում, այն կկառուցվի՞: Եվ հետո` կանցնի՞ Հայաստանով:
-Կարծում եմ` կկառուցվի: Կանցնի՞ Հայաստանով, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Եվ, ընդհանրապես, դեռ ոչինչ պարզ չէ, ժամանակ է պետք:
-Ի դեպ, պարոն Վալենտա, մենք խոսեցինք բոլոր «անհրաժեշտ» լիդերներից, բացի Սերժ Սարգսյանից։ Ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի մասին:
-Ես նրան չգիտեմ ու հիմա ինչ էլ ասեմ` փոքր-ինչ էմոցիոնալ կոնտեքստում կլինի։ Մարտի մեկը շատ դժվարացրեց նրա համար ամեն բան, որովհետև, բոլոր դեպքերում, արյուն թափվեց: Բայց և հնարավոր է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ բան փոխի այդ «հարաբերակցությունում»:
-Ի դեպ, մեզ մոտ, իսկ առավել` «մայր-Ռուսաստանում», խիստ անհանգստանում են, որ Սերժ Սարգսյանը «յոթ մղոնանոց քայլերով գնում է դեպ Արևմուտք` Ամերիկա»:
-Չեմ կարծում: Եվ, ընդհանրապես, թերևս գիտեք, որ Միացյալ Նահանգները հիմար չէ. Նահանգները շատ լավ գիտի ու հասկանում է, որ Ռուսաստանն այստեղ եղել է ու կլինի: Մուսուլմանական երկրների կուտակում ունեցող այս տարածաշրջանում մենք չենք կարող առանց Ռուսաստանի, և, ընդհանրապես, Նահանգներն ամենևին չի ցանկանում Ռուսաստանի փլուզումը:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ