Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Երբ մարդն ունի աշխատանքային ճակատ, ժամանակ չունի մտածելու «ապահարզանների և որբության» մասին»

«Երբ մարդն ունի աշխատանքային ճակատ, ժամանակ չունի մտածելու «ապահարզանների և որբության» մասին»
11.09.2009 | 00:00

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ «ՄԻՖԵՐԸ» ՄԵԶ ՄՈՏ ՉԵ՜Ն ԱՇԽԱՏՈՒՄ»
«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է Սիսիանի քաղաքապետ ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԸ
-Պարոն Հակոբջանյան, Սիսիանի քաղաքապետարան մտնողին դիմավորում է Համո Սահյանը. արձանը` դրսում, դիմանկարը` ներսում, ահա Ձեր սեղանին է նաև նրա գիրքը: Մեր միակ ռեսուրսը Համո Սահյա՞նն է մնացել: Ինչո՞ւ Սիսիանը` մեր փոքրիկ հայրենիքը, նախկինի պես չի զնգում: Գիտե՞ք ինչու եմ հարցնում. հաճախ լինելով մարզկենտրոնում, նաև Գորիսում, տեսնում եմ, որ կյանքն այնտեղ այլ կերպ է հոսում, մեզ մոտ, կարծես, պոկում չի ստացվում:
-Մի քիչ մռայլ չնկարագրեցի՞ք մեր փոքր հայրենիքը: Սիսիանի այսօրվա վիճակի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ մենք ենք մոռացության մատնել մեր փոքրիկ քաղաքը, և եթե կարողանայինք մեր ունեցածը հավուր պատշաճի ներկայացնել, ապա այդ զգացողությունը Ձեզ և շատերի մոտ հաստատ չէր լինի:
-Ի՞նչը պետք է հավուր պատշաճի ներկայացնեինք. քաղաքը սոցիալական հոգսի տակ կքած, իրեն ոչ հատուկ վիճակի մեջ է. աշխատատեղեր չկան, հանապազօր հացը դարձել է օրվա սևեռում:
-Էդպես չէ: Հացի խնդիր սիսիանցին երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Այն պարզ պատճառով, որ սիսիանցին աշխատասեր, քրտինքով ապրող տեսակ է: Ընդ որում, եթե խոսքը հենց բուն հաց հանապազօրի մասին է, ապա բոլոր ծանր տարիներին էլ Սիսիանն ինքը հարակից շրջաններին օգնել է ցորենով:
Այլ հարց է, որ Սիսիանը, ինչպես հանրապետության մնացած փոքրիկ-խաղաղ պրովինցիաները, կորցրել է նախկին, այսպես ասած, չեխովյան հանդարտությունը, սահյանական (մի ժպտացեք, այո՛, Համոյին ենք կպած մնում, որ էդ ոգին չկորցնենք) խորքը և անցումային այս փուլին դիմակայում է ինչպես բոլորը` «հնից ընկած, նորն էլ չգիտի, թե ինչ է բերում», ասել է թե` խառնափնթոր:
Իսկ ընդհանրապես, ցանկացած պետության մեջ 60-70 տոկոս պետբյուջեն ձևավորվում է փոքր բիզնեսի գումարներով։ Այդ առումով Սիսիանը տեղական հումքի վրա աշխատող փոքր բիզնեսմենների բավականին մեծ բանակ ունի. բազալտի, գրանիտի արտադրություն ունի: Նույն փոքր բիզնեսի տեսանկյունից` Որոտան գետը նույնպես վատ չի օգտագործվում. փոքր ՀԷԿ-եր են կառուցվում: Պետք չէ սպասել, որ պետությունը գա ու մեզ ապահովի ռեսուրսով, աշխատատեղով, ինքներս ենք փորձում ստեղծել և կարծես մասամբ հաջողում ենք: Մենթալիտետի փոփոխության խնդի՞ր. այո, կա: Սակայն Ձեզ ասեմ, որ այսօր Սիսիանում նոր սերունդ է հասակ առնում, որը ճշգրիտ պատկերացումներով է կյանք մտնում ու հասկանում է օրվա պահանջարկ-առաջարկը, և, ի դեմս այդ երիտասարդների, հույս ունենք իրավիճակը քիչ-քիչ շտկելու:
-Ո՞րն է քաղաքի ամենասուր խնդիրը:
-Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական առումով:
-Դուք պատրաստ եք խոսելու նաև քաղաքակա՞ն խնդիրներից:
-Գիտեք, սիսիանցին իր էությամբ հանդուգն տեսակ է` օժտված ինքնուրույն, անհատական մտածողությամբ: Սիսիանցին անում է այն, ինչ նպատակահարմար է կարծում, ինչը ճիշտ է համարում, այնպես որ, տնտեսականից առաջ թերևս քաղաքականից պետք է խոսել:
-Վայ թե էդ հանդգնութունն է պատճառը, որ սիսիանցուց հավատացյալ-խոնարհ ժողովուրդ (ըստ տիեզերաբանական, քրիստոնեական կատեգորիայի) դուրս չեկավ, և դա այն ժամանակ, երբ հանրապետությունով մեկ հոգևոր հզոր արթնություն է ընթանում:
-Բա եղա՞վ: Նախ` էդ հանդգնությունն էր պատճառը, որ Լեռնահայաստանը, Զանգեզուրը, Սիսիանը մնացին ամրոց և անառիկ դուռ Հայաստանի համար` մշտապես: Եվ հետո` սիսիանցու կոդում հավատքը խոր, անտեսանելի ձևով միշտ էլ նստած է եղել, այլ հարց է, որ արտահայտման ձևերն են տարբեր եղել:
-Հա, ի դեպ. բոլոր հեղափոխությունները նույնպես` թավշյա-անթավիշ, էս կողմերից են սկսվել, վերջինը, եթե չեմ սխալվում, 98-ին էր: Դառնանք «քաղաքականին»:
-Գիտեք, Սիսիանում, իհարկե, կան քաղաքական լուրջ, առաջնային խնդիրներ, քաղաքական դաշտը մեզանում, ինչպես ողջ հանրապետությունում, հստակեցման անհրաժեշտություն ունի: Քաղաքապետ ընտրվելուց հետո ինքս հրավիրեցի համայնքի բոլոր քաղաքական ուժերին, առաջարկեցի ներկայացնել քաղաքի զարգացմանը, հեռանկարին առնչվող իրենց մոտեցումները` լուծման մեխանիզմներով: Ընտրություններին մասնակցում էինք վեց թեկնածու, բոլորս էլ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ էինք: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էր 12 կուսակցություն։ Ինչպես ասացի` հարցը հետևյալն էր. քանի որ ձեր թեկնածուները չեն անցել, ես պատրաստ եմ համադրելու մեր բոլորի ծրագրերը և ձեզ հետ համատեղ դրանք իրականացնելու. խնդրեմ` եկեք-մասնակցեք, առաջնահերթությունները որոշենք:
-Ե՞վ:
-«Ե՜վ»... Եթե անկեղծ, ապա նրանք առայսօր որևէ առաջարկ չեն ներկայացրել, բայց և չեն էլ խանգարում աշխատելուն:
-«Մինի-հանրային» խորհուրդը, փաստորեն, չարդարացրեց իրեն` առանձին վերցրած մեկ փոքրիկ հայրենիքում, այո՞:
-Դե, եթե դարձյալ անկեղծ, ապա մեր` Սիսիանի «հանրային խորհուրդը», ինքներդ էլ գիտեք, քաղաքապետարանում չէ, այլ հրապարակում (Սիսիանում «հրապարակ» բառը մի ուրույն իմաստ ունի. Սիսակ Նահապետի կենտրոնական հրապարակում հավաքվում են սիսիանցիները և հրապարակում իրենց տեսակետները` անցյալի և այսօրվա բոլոր տարիներին և օրերին վերաբերող- հեղ.), աշխատանքի վերջում ես էլ միանում եմ նրանց, այնտեղ են մեր քաղաքի, աշխատանքի վետերանները` Խուդավերդյանն է, Հակոբյանն է, Ասատրյանն է, Ձեր հայրն է... գիտեք, նստում, քննարկում ենք բոլոր հարցերը, ինձ ասում են` «Աղաս, այ որդի, այ էս` ըսենց կանես, էն` ընենց կանես», «Էդ անիլի պան չի` չանես, Աղաս»... Գիտեք, էդ խորհուրդներն ավելի օգտակար են, քան ցանկացած ծրագիր-մեխանիզմ:
-Ճիշտն ասած` Ձեզ մոտ գալիս ինքս էլ անցա «հրապարակով», զրուցեցի էնտեղ գտնվողների հետ. ասին` Աղասը «Քառասուն աղբյուրները» բացել է, կանաչապատել է քաղաքը, մի երեսուն մեքենա աղբ է թափել, քաղաքը մաքուր է, փողոցային առևտուրը վերացրել է..
-Ոչ ամբողջովին:
-ՈՒզում եք ռազմաբազա... տեսնո՞ւմ եք` քաղաքականությունը ոնց է այլևս «խեղդում» բոլորիս. ուզում էի ասել` ցանկանում եք սպորտբազա ստեղծել պստիկ Սիսիանում ու էդպե՜ս շարունակ: Բայց երբ Երևանից կարոտած սրտով մտանք Սիսիան, էն ծանոթ, երիտասարդ տարիների անիծյալ փոշին էլի լցվեց աչքներս. Սիսիանում դեռ փոշին շա՜տ է, ասֆալտել է ուզում քաղաքը: Եվ ընդհանրապես, ո՞րն է քաղաքի առաջնային լուծում պահանջող խնդիրը:
-Գիտեք, Սիսիանի հարակից ողջ տարածքները ցանքատարածություններ են, փոշուց խուսափելն անհնար է: Բոլոր դեպքերում, եթե ոչ ամեն օր, ապա օրումեջ ջրող մեքենան հաստատ լվանում է փողոցները: Համ էլ, ոնց երևում է, մոռացել եք` ախր Սիսիանը շատ քամոտ փոքր հայրենիք է: Ինչ վերաբերում է քաղաքի խնդիրներին, ապա թիվ մեկ հարցերը շատ-շատ են. մի ողջ շարք: Պարզ է` ամենացավոտն աշխատատեղերն են: Գոնե ինձ համար հաջորդ ցավոտ խնդիրը քաղաքի միջով անցնող Որոտանի ջրային հայելիների մաքրման խնդիրն է. ես ինձ չեմ ներում, որ այդ հարցն առայսօր չեմ կարողանում լուծել, չնայած դիմել եմ և՛ վարչապետին, և՛ տարածքային կառավարման նախարարին, և՛ մարզպետին, բոլոր հնարավոր դոնոր կազմակերպություններին. աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից պատրաստել եմ նախագծահաշվարկային փաստաթղթերը (մոտ 70 մլն գումար է անհրաժեշտ), 10 տարուց ավելի չեն մաքրվել էդ «հայելիները» և ջրերից գոյացած նստվածքները, մոծակները (ականջը կանչի Ջերմուկին տրամադրված 53 հազար դոլարի- հեղ.), էլ չեմ ասում տարածվող ահավոր գարշահոտը, անտանելի են դարձնում քաղաքի թե՛ էկոլոգիան, թե՛ տեսքը:
-Նախանձո՞ւմ եք Ջերմուկին:
-Գիտեք, ես խոսել եմ նաև գյուղնախարարի հետ, պարոն Ալավերդյանը խոստացավ որոշակի գումարներ ուղղել նաև դեպ Սիսիան: Հիմա փորձում եմ մեր տեղական ռեզերվների հաշվին ինչ-որ բան անել. ինքներս պրոֆիլակտիկ սրսկումներ ենք կատարում ճահճային տարածքների մեջ, ինչ-որ բան կարծես ստացվում է, բայց վերջնական լուծում չունենք:
-Կարծում եք` այդքան գումար հեռու-մոռացված մեր փոքրիկ հայրենիքին որևէ մեկը կտա՞:
-Անհնարին ոչինչ չկա: Եթե այս տարի չստացվի, եկող տարի կփորձեմ ինչ-որ բան անել. անպայման կարվի, մեր Սիսիանին պատիվ չի բերում նման վիճակը: Անցնելով առաջ, ասեմ, որ ասֆալտապատման աշխատանքները, այո՛, նույնպես օրակարգային են: Բայց եթե անկեղծ, ապա կարելի է ևս մեկ տարի-վեց ամիս այդ փոսերի ու փոշու միջով անցնել, առաջնային ծախսերն ուղղելով դեպ բազմաբնակարան շենքերի տանիքներ, որոնց վիճակն այսօր օրհասական է. տարիներ շարունակ ոչ մի աշխատանք չի կատարվել, համատիրությունները չեն գործում, պետական միջամտության ու հոգածության կարիքն անչափ մեծ է, ունենք երկու (արդեն երրորդն է առաջանում) վթարային շենք:
-Ա՛յ, պարոն Հակոբջանյան, 1998-ին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ եկանք Սիսիան, նա անձամբ եղավ վթարային այդ շենքերում, խոստացավ արագ լուծում տալ հարցին...
-Առայսօր ոչինչ չի արվել:
-Այո՜, վարչապետները գալիս-գնում են, շոուն ավարտվում է, մարդիկ մնում են իրենց հոգսերի հետ միայնակ: Իսկ Ձեզ դեռ ոչինչ չե՞ն «խոստացել» վարչապետները:
-Դեռ ո՛չ:
-Նրանք կարծես նույնիսկ չեն էլ գալիս Սիսիան:
-Դե, ես Ձեզ ասեմ. կառավարության նիստը կայացավ Սյունիքում, մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ, բարձրացրինք մեր խնդիրները:
-Կառավարության արտագնա նիստերն իսկապե՞ս ինչ-որ բան նշանակում են փոքր հայրենիքների համար:
-Իհարկե:
-Ինչո՞վ. ասենք` որ պատիվ եք ունենում «Իշտոյանա՞ վիդետ, կոսմոնավտա՞ վիդետ»:
-Ճանաչողական գործոնն էլ է կարևոր: Սակայն նիստերը մեզ հնարավորություն են տալիս մոտիկից-տեղում բարձրացնել խնդիրները: Նախքան արտագնա նիստը Սիսիան էր եկել մշակույթի նախարար տիկին Պողոսյանը, մենք նրա հետ քննարկեցինք Սիսիանի պատմամշակութային առաջնային խնդիրները, խնդրեցինք, որ Կապանում տեղի ունեցող կառավարության նիստում մտցվի մեզ համար շատ էական` հայտնի Զորաց քարերը պատմամշակութային արգելոց դարձնելու խնդիրը, և կառավարության որոշմամբ հարցը հաստատվեց:
-Հուսանք, Քոբայրի և Վահանավանքի ճակատագիրը այս դեպքում չի կրկնվի: Անցնելով առաջ` ևս մեկ հարց. մարզը (մեղմ արտահայտվեմ) ունի ՀՀԿ-ական` «ցար ի բոգ» մարզպետ: Իսկ Դուք ահա ԲՀԿ-ից եք: ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ անվերջ` ապահարզան, նոր ամուսնություն, որբ երեխաներ (չար լեզուներն են ասում, թե շուտով ԲՀԿ-ից շատերը դուրս կգան և կգնան ՀՀԿ) կոնֆիգուրացիայի մեջ է. ո՞նց եք աշխատում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում:
-Մայրաքաղաքային այդ «միֆերը» մեզ մոտ չե՜ն աշխատում: Գիտե՞ս, երբ մարդն ունի աշխատանքային ճակատ ու մտածում է, թե վաղն ինչ պետք է անի, ժամանակ չունի մտածելու, Ձեր ասած (ո՞նց ասիք), հա` «ապահարզանների ու որբության» մասին: Նախ` մարզպետի մասով. չի եղել մի հարց, որ մենք ներկայացնենք, և այն արժանանա անտարբերության, ոչ սպեցիֆիկ քննարկման: Կարծում եմ` ցանկացած մարզպետ նույնքան շահագրգռված է մարզային քաղաքները տեսնելու գեղեցիկ, բարեկարգ: Իմ և Սյունիքի մարզպետի հարաբերությունները գործնական, աշխատանքային են: Եվ հետո մի՛ մոռացեք, որ ես ունեմ հստակ պարտավորություն ժողովրդի հանդեպ, թե ինչ պետք է անեմ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ տանդեմին. ինքս ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն եմ, կառույցն աշխատում է նորմալ, ակտիվ: Քաղաքապետարանի մեր կոլեկտիվն էլ, ինչպես տեսնում եք, խիստ բազմակուսակցական է. այստեղ աշխատում են և՛ ՀՀԿ-ից, և՛ ԲՀԿ-ից, և՛ «Ժառանգությունից», և՛ դաշնակցությունից:
-Ընդդիմադիրնե՞ր:
-Չկան, բայց կլինեն. ո՞նց կարող է չլինեն` ընթացքում: Ես բոլորին հայտարարել եմ` աշխատում ենք և քաղաքական դադարի մեջ ենք մինչև ընտրությունների նախաշեմ:
-Հետաքրքիր է` ինչ-որ բան անո՞ւմ է ԲՀԿ ղեկավարը Սիսիանի համար:
-Այս ամսին Գագիկ Ծառուկյանը կայցելի Սիսիան, կծանոթանա խնդիրներին: Իհարկե, ինչ-որ առումով մենք ևս կօգտվենք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ընձեռած հնարավորություններից, սակայն ես չեմ ուզում շտապել, ուզում եմ գլոբալ հարց դնել քննարկման` քաղաքի համար շատ կարևոր: Տեսնենք:
-Ի՞նչն եք ուզում քաղաքի համար «բրենդ» դարձնել. Զորաց քարե՞րը:
-Գիտեք, Սիսիանի պատմության թանգարանն ունի ծիսանոթ, որն ավելի քան 5 հազար տարվա պատմություն ունի: Մենք ունենք 20-ից ավելի պատմամշակութային արժեքներ, որոնցից ամեն մեկը պատիվ կբերի ցանկացած երկրի, էթնոսի, հենց միայն Որոտնավանքի համալիրը, այդ մարգարիտը, որի հետ փոխկանչի մեջ է նույն ժամանակների (9-13-րդ դդ.) կառույց Սիսիանի եկեղեցին... էլ չեմ խոսում մեր 4-րդ դարից եկող կառույցների մասին. իսկ Շաքիի՞ ջրվեժը... ամեն մեկն էլ յուրովսանն «բրենդ» է:
Եվ հետո` «բրենդը» որոշմամբ չի լինում, մթնոլորտ ստեղծելով, տուն վերադառնալով, էդ արժեքների հետ համերաշխ ապրելով է լինում. մենք էդպիսի Սիսիան ենք ուզում... Ես Սիսիանը շատ եմ սիրում. կարող էի գնալ, հնարավորություններն ու կանչողները շատ էին, բայց ես Սիսիանից դուրս չեկա, նոր տուն եմ կառուցում. իմ նախնիների, իմ մանկության, իմ ընկերների, իմ ամեն ինչի կանչերի հետ էստեղ` Սիսիանում, փորձում եմ համերաշխ, մարդավարի ապրել:
-Հա էլի, «ախր, ոնց ելնեք, վեր կենաք-գնա՜ք»... Համոյով սկսեցինք, Համոյով էլ վերջացնենք:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ