Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼ ՈՒ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱՍՏԾՈ ԱՐԱՐԱԾԻՆ

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼ ՈՒ ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱՍՏԾՈ ԱՐԱՐԱԾԻՆ
20.10.2009 | 00:00

Մարդը նույն ժողովուրդն է, ճիշտը՝ մասնիկը, երկիրն ու երկինքը նույն մարդն ու ժողովուրդն են, նույն ժամանակն ու լեզվականը։ Կլարա Թերզյանն էն տառապած, ազնիվ երջանիկներից է, որ հասցրել է հայացք նետել իր բաժին լեռան գագաթին ու քրքրել հոգու խորխորատները, պեղել ներսի մարդուն։ Մարդուն՝ ժողովրդին, ժողովրդին՝ իր բաժին ժամանակը։ Ավելի քան կես դար է, Կլարա Թերզյանը նույն մարդ-ժողովրդի, հող-լեզվի, իր աննվաճ ու անըմբռնելի ժամանակի մեջ է։ Այո՛, շեշտված եմ ասում՝ մարդո՛ւ, լեզվի՛, ժամանակի՛ մեջ է, որովհետև իրավունք ունենք հպարտությամբ ասելու՝ ժամանակին զուգընթաց տարեգիր Կլարա Թերզյանն ստեղծել է թերզյանական իր ժամանակը, որը դարձել ու շարունակում է դառնալ մարդու, աչք ու ականջ ունեցողի ժամանակը։ Եթե մարդը, մանավանդ գրող մարդը, կարողանում է գտնել իր լեզուն ու ոճը, նշանակում է՝ գտել-ստեղծել է իր հովիտը, իր եզերքը։ Ժամանակը մեզ միշտ մի բան է ասում, գլխի գցում, մենք հասկանում կամ չենք հասկանում, ու երբ փորձում ենք հասկանալ՝ դառնաղիորեն ուշ է լինում ոչ թե ժամանակի, այլ հենց մարդու համար։ Եվ, ուրեմն, երանի՜ նրան, ով կարողանում է կյանքի ճիրաններից ազատել ու ազատագրել Աստծո արարածին։ Երջանիկ էդ ազատարարներից է վաստակավոր, հանրաճանաչ ռադիոլրագրող, արձակագիր, իր ապրած ժամանակի ու ժամանակի մարդկանց լավ տեսուճանաչ մեր գրողը, որը մարդերգության իր ազնիվ կոչումը ստացել է տարիների, տասնամյակների հրայրքոտ ու խռովքոտ ձեռքից։ Բազմահազար են Կլարա Թերզյանի հոգեմոտ, մարդեղեն ձայնն ու ռադիոհաղորդումները ճանաչողները, բնականաբար, խորթ չի կարող լինել նրա գրավոր՝ գրքի լեզուն։ Նրա բոլոր՝ տասնչորս գրքերը լեզու են տվել ոչ միայն ինձ։
Հիմա ինձ լեզու տվողը Թերզյանի՝ արդար ծննդյան ութսունամյակի առթիվ լույս տեսած «Երկրի և երկնքի փոխձայնակցումը» 430 մեծադիր էջից բաղկացած գիրքն է։ Էս գիրքը տուն է հիշեցնում, ուր հաշտ ու համերաշխ ապրում ենք մենք՝ վիպերգային մեր ծռությամբ ու Աստծո օրհնանքով։ Ապրում են բիթլիսցիների արմատներ Վիլյամ Սարոյանը, Արամաշոտ Պապայանը, ուր հանդիպում ենք Գրիգոր Գուրզադյանին, Հովհաննես Բաղրամյանին, ժամանակին հանրահայտ Գրիգոր Սաղյանի կնոջը՝ հազար տառապանք կրած, 1937-ի ու բազմաթիվ խարդավանքների միջով անցած, ի՜նչ մեծերի հանդիպած, բայց լքված Սառային։ Սաղյանը եղել է Հովհաննես Թումանյանի, ապա Աղասի Խանջյանի բժիշկը։ Պատմության համար ահա մի բժիշկ, որը կարողացել է ասել՝ Աղասի Խանջյանը ձախլիկ չէր ու երկու մետրանոց ձեռք չուներ, բնականաբար՝ չէր կարող ինքնասպանություն գործել...
Վաղուց սպասված էս գրքում մենք հանդիպում ենք հայտնի «Ռոդոսթո, Ռոդոսթո՜...» գրքի հեղինակ Սևդա Սևանին, սիրելի հայագետ Ժան-Պիեռ Մահեին, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին, տաղանդավոր արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանին, հայ երգի անմնացորդ նվիրյալ Հովհաննես Բադալյանին, ակադեմիկոս, միջուկագետ Համլետ Վարդապետյանին, «հայ մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնող մշակ», գրական մշակութային կամուրջների պահապան, ամեն լավ գրողի ու Վիլյամ Սարոյանի բարեկամ Լևոն Մկրտչյանին, հանրահայտ բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանին, սիրելի, շա՜տ սիրելի Պողոս Սնապյանին, մուսալեռցուն, «Բագինի» խմբագրապետին, սփյուռքահայ ճանաչված երգչուհի Լուիզ Պոզապալյանին, Էդգար և Արմեն Էլբակյաններին, «Հայաստանի կերպարը ռուսական պոեզիա բերած» Վերա Զվյագինցևային, իր հողի ու երկնքի, իր սարերի տեր Հենրիկ Մալյանին (մտավորականի դասական կերպար), մեր քույր, մեր չեխուհի Լյուդմիլա Մոտալովային, հայոց պատմության մեջ անգամ մահից հետո խորացող, հայոց բառին ու տարածքին արյունով տեր կանգնող անխոնջ, աննկուն Ռաֆայել Իշխանյանին, հերթական սիրելի ուկրաինացուն՝ հայ ժողովրդի համար ոչինչ չխնայած, ազատության համար մտահոգ Ալեքսանդր Բոժկոյին, ծիծաղի ու լրջության առասպել Ժան Էլոյանին, մատենագետ, ազգային մշակույթի նվիրյալ Նինել Ոսկանյանին, Շահե արքեպիսկոպոս Աճեմյանին, գեներալ Նվեր Սաֆարյանին, ռեժիսոր, երաժիշտ Հովհաննես Հովհաննիսյանին, որը սփյուռքահայ անվանի կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի «Ախթամար» սիմֆոնիկ պոեմի հիման վրա ստեղծեց համանուն երաժշտական կինոնկարը, հոգեբույժ Հարություն Մինասյանին ու նրա զարմանալի աշխարհը...
Տասնյակ ու տասնյակ անուններ՝ սիրելի, անմոռաց։ Ամեն մեկի մասին պատմել-գրելիս Թերզյանն ասես նկարում է, աննկատ, բայց թափանցիկ՝ ստեղծելով նաև իր դիմանկարը՝ ձուլված իր հերոսներին, որոնք օրերի, տարիների, տասնամյակների ընթացքում դարձել են խոհակից, զրուցակից, ժամանակի մեջ ասուպվել են, շարունակում են իրենց լույսը։
Ինչո՞ւ փորձեցի խոսք ասել Կլարա Թերզյանի նոր՝ «Երկրի ու երկնքի փոխձայնակցումը» հարուստ էջերով գրքի մասին։ Թեև պակաս արժեքավոր ու ծանրակշիռ չեն նույն հեղինակի նախորդ գրքերը։ Ես ասացի՝ հարուստ մարդ է Կլարա Թերզյանը, նկատի ունենալով նրա՝ տարիների ձայնագրությունները։ Ռադիոյով հնչեցրել է մեր մեծերի ձայները, գուրգուրել, պահել, խնամել ու մասունք-մասունք ներկայացրել իր «Բույլ մեծաց», «Փրկված մասունքներ», «Ճակատագրեր, ճանապարհներ ու կարոտ» գրքերում։ Այս եռագրությունը 2008 թ. արժանացավ գրող Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին։
Մեծերով տարված հեղինակը երբեք չի մոռանում իր մանուկ ու պատանի բարեկամներին, շուտով տպագրության կհանձնի մանուկներին հասցեագրած վեցերորդ գիրքը՝ «Գույնի, լույսի մոլորակը»։ Տասնամյակների նրա գրական աշխատանքը ևս համարում եմ սխրանք։
Եթե ինձ հարցնելու լինեն, թե «Երկրի և երկնքի փոխձայնակցումը» գրքի ո՞ր ակնարկը, զրույցն ավելի դուր եկավ, պիտի դժվարանամ, բայց սիրով պիտի պատասխանեմ՝ «Աչքերում Հայաստանն ու Արցախ աշխարհը» ակնարկը, ավելի ճիշտ՝ ակնարկի հերոսի՝ անգլիացի լրագրող և ֆոտոթղթակից Ջոն Թորդայի խոսքը, տեսած-զգացածի ապրումը, հույզը. նա եղել է Հայաստանում, Արցախում ոչ մեկ անգամ, դրա համար գիտի, թե ինչ է ասում։ Ասում է. «Երբ կարդում էի Մոնթե Մելքոնյանի գիրքը, այնտեղ այն միտքը կար, որ եթե հայերը Ղարաբաղը կորցնեն, դա կլինի հայոց պատմության վերջին էջը»։ Ապա` «Թորդայը պատմեց, որ գիրք է գրում նաև Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մի կղզու մասին, որի անունը Շոզե է։ Կղզին միշտ ենթարկվում է մակընթացությունների ու տեղատվությունների։ Մակընթացությունների ժամանակ լրիվ ծածկվում է ջրով, և բնակիչները, որ կորցնում են ամեն ինչ` տուն, տեղ, զբաղվում են ձկնորսությամբ, փաստորեն` ապրում են բաց ծովում, նավակների մեջ։
Եվ իր այն հարցին, թե ինչո՞ւ չեն թողնում կղզին, ինչո՞ւ չեն գնում ապրելու Ֆրանսիայի այլ վայրերում, որտեղ կյանքի նորմալ պայմաններ են, պատասխանել են. «Սա մեր ապուպապերի հողն է»։
Փոքրիկ Շոզե կղզու մարդկանց նվիրվածությունը բանալի էր Թորդայի համար` հասկանալու ղարաբաղցիներին։ Նրանց կյանքը նույնքան ծանր է ու վտանգավոր, բայց նրանք պահում են իրենց ապուպապերի հողը»։
Իր հերոսների ճակատագրով, հենց Հայաստան-հայրենիքի ճակատագրով ապրող, գրի, բառ ու բանի անխոնջ մշակ, հայանվիրյալ Կլարա Թերզյանին ողջունենք ազնիվ գրքի լույսընծայման համար (հրատարակիչ «Հայաստան» հրատարակչություն, շնորհակալ լինենք նյույորքաբնակ Հովհաննես և Նոյեմի Մկրյաններին` գրքի տպագրությանն օժանդակելու համար), մաղթենք առողջություն, ու թող որ հասցնի իր գրական կալն իր ձեռքով կալսի, իր ջերմ հոգում տասնամյակներով փայփայած կերպարները, սիրելի մարդկանց դարձնի... հերթական գիրք ու... Որքան էլ դաժան լինի կյանքը, այն սիրելի է հենց կյանքը կյանք դարձնող մարդկանցով, որոնցից մեկն էլ մարդու, նրա երկրի ու երկնքի տիրակալ - գրակալն է` միշտ շիտակ, բարի, ազնիվ Կլարա Թերզյանը՝ մեր բեղուն մեղուն։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ