ՊՊԾ գնդի գրավումը և իմ ապստամբության գաղափարը առաջացել էր քառօրյա պատերազմից հետո: Քառաօրյա պատերազմը, ինչպես և քառասունչորսօրյա պատերազմը պայմանավորված էին: Պայմանավորված էր նաև մեր` հիմնական անկեղծ ապստամբներին մոլերեցմաբ ՊՊԾ գունդ մտցնելը: Այս իրադարձությունների ծիրի ներքո ես անմեղ դատապարտյալ Արմեն Բիլյանս նախաձեռնել եմ հոդվածների շարք` «ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը» խորագրի ներքո, որը կհրապարվի որոշ պարբերականությամբ:
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին կլրանա Վերաքննիչ դատարանի կողմից ինձ 25 տարվա ազատազրկման անօրինական և արդարությունը բռնաբարող դատապարտման երկրորդ տարին: 2021 թվականի այս օրը Վերաքննիչ դատարանը, օրենքի կոպիտ խախտումներով և առանց ՈՐԵՒԷ ապացույցի ինձ «մեղավոր» հռչակեց 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանի իբր սպանության համար:
Ես բացարձակապես առնչություն չեմ ունեցել Մկրտչյանին պատահածի հետ ու այդ մասին գիտեն դեպքին ծանոթ բոլոր կողմերը՝ դեպքի վայրում գտնվող և չգտնվող «Սասնա Ծռերի» անդամները, ոստիկաններն ու ոստիկանությունը, քննիչները, դատախազությունը, դատավորները և անարդար մեղադրանքը հովանավորող քաղաքական համապատասխան ատյանները:
Իմ նկատմամբ մեղադրանքի առաջադրումն ու մեղավոր ճանաչումը գործի թերի նախաքննության և թերի դատաքննության արդյունք չեն: Դրանք մի կողմից օրվա իշխանությունների ու մյուս կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա մի քանի մեղսակիցների միջեւ գիտակցաբար կայացված հանցավոր համագործակցության արդյունք են: Ես այդ մասին լրատվամիջոցներում մանրամասն անդրադարձել եմ 2022 թվականի հունվարի 20-ին:
Ոստիկան Մկրտչյանը գնդի գրավման առաջին պահերին թեւից վիրավորվել էր խմբի անդամներից մեկի անզգուշաբար արձակած փամփուշտից: Այնուհետեւ նա իր ոտքերով դուրս էր եկել գնդի տարածքից: Լինելով շուրջ մեկ ամիս գիտակից վիճակում հիվանդանոցում իրավապահ մարմինների կողմից չէր հարցաքննվել իր հետ պատահածի կապակցությամբ: Մեկ ամիս անց, նա մահացել էր ... որովայնից ստացած առեղծվածային վերքի բարդություններից: Թե ինչպես գնդի տարածքում թեւից վիրավորված ոստիկանը մի ամիս անց մահացավ որովայնային վիրավորման բարդություններից և ում էր պետք, որ ոստիկան Մկրտչյանը առանց հարցաքննվելու մահանա, շատ լուրջ հարցեր են, որոնց պատասխանները պետք է անպայման գտնվեն: Բայց իմ նկատմամբ անարդարությունն սկսվում է նրա վիրավորումն ինձ վերագրելու իրողությունից:
Ես ոչ միայն չեմ եղել Մկրտչյանին վիրավորողը, այլ չէի էլ կարող լինել, որովհետեւ դեպքը տեղի ունեցած պահին դեպքի վայրից՝ փակ սենյակից տասնյակ մետրերով հեռու եմ գտնվել: Ավելին, դեպքի մանրամասներին ծանոթ վերոնշյալ բոլոր կողմերին հայտնի է նրան անզգուշաբար վիրավորած անձի ինքնությունը:
Դավադիր մեղադրանքը ինձ վերագրվեց սկզբից՝ 2016 թվականի աշնանը: Բայց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատաքննության ժամանակ իմ դեմ ներկայացված բոլոր կեղծ «ապացույցները» հերքվեցին և 2021 թվականի փետրվարի 24-ին դատարանն անհերքելի հիմնավորումներով ինձ արդարացրեց Մկրտչյանի սպանության մեղադրանքից: Իսկ վերաքննիչ կոչվող դատարանը, առանց նոր քննություն իրականացնելու, առանց որեւէ ապացույց ներկայացնելու բեկանեց Առաջին ատյանի որոշումը ու ինձ մեղավոր ճանաչեց:
Չնայած Առաջին ատյանը սպանության գործով ինձ արդարացրել էր, այնուամենայնիվ դատապարտել էր 9,5 տարվա ազատազրկման՝ ՊՊԾ գնդի գրավման առնչվող այլ մեղադրանքների կապակցությամբ: Այդ մեղադրանքներից մեկը վերաբերվում էր գնդի տարածքում գտնվող բանկոմատի թալանի հայտնի դրվագին, որի հետ եւս ես բացարձակապես առնչություն չեմ ունեցել, բայց կրկին դավադրաբար մեղադրվել եմ՝ ուրիշների հետ միասին:
Ես շուրջ 7 տարի է գտնվում եմ անազատության մեջ, այսինքն հատել եմ 9,5 տարի վճռի ավելի քան 2/3-ը, և եթե չլիներ 25 տարվա անարդար վճիռը` սպանության կեղծ մեղադրանքի, արդեն իսկ ենթակա կլինեի վաղաժամ ազատման:
Մի քանի օրից, դեկտեմբերի 14-ին ես կդառնամ 50 տարեկան: Նշանակում է եթե անարդար վճիռը չբեկանվի, անազատության մեջ պետք է մնամ մինչեւ համարյա 70 տարեկանս: Դա համարյա ցմահ բանտարկություն է:
Եթե մինչեւ 2018 թ. իմ նկատմամբ անարդարությունը Սերժ Սարգսյանի վարչակարգի ու Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների հանցագործ համագործակցության հետեւանք էր, ապա 2021 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով և այդ անարդարությունը չվերացնելու փաստով դրան միացավ պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս:
Հիշեցնեմ.
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից բացի ՊՊԾ գունդ մտցրել էին նաև Նիկոլ Փաշինյանին:
Հաջորդիվ կանդրադառնամ Ժիրայր Սեֆիլյանի դավաճանությանը: Հետո՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա «արդարադատությանը» և իհարկե Սերժ Սարգսյանին:
Արմեն ԲԻԼՅԱՆ
«Արմավիր» ՔԿՀ
8 դեկտեմբեր, 2023 թվական