Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Կահիրեում սպանվել է Բենգազիում ԱՄՆ դեսպանին սպանելու համար կասկածվող անձը։ Իրավապահները նշում են, որ վերջինս սպանվել է անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ փոխհրաձգության հետևանքով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքի հյուպատոսարանի վրա հարձակման հետևանքով սպանվել էր այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։
Եգիպտոսի իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանության և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները շրջափակել են բնակարանը, որտեղ գտնվում էր Խազեմը՝ Բենգազիի հյուպատոսարանի վրա հարձակվողը։ Կասկածյալն իրավապահների վրա ռումբ է նետել, որը, սակայն, հետ է ընկել իր բնակարան։ Դրանից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է մի քանի ժամ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, մտնելով բնակարան, հայտնաբերել են կասկածյալի դիակը, ինչպես նաև՝ զենք և պայթուցիկներ։