ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ռուսաստանում տաք է քաղաքականության մեջ և սառն է տնտեսության մեջ»

«Ռուսաստանում տաք է քաղաքականության  մեջ և սառն է տնտեսության մեջ»
10.03.2015 | 00:33

ՈՒզում եմ հաղորդել տպավորություններ չին-ռուսական հարաբերությունների առթիվ։ Ինձ թվում է, երկու երկրների տնտեսական, մասնավորապես առևտրական հարաբերությունները վերջին ժամանակներս շարունակում են անկում ապրել, ընդ որում՝ առևտրափոխանակությունը սկսել է կրճատվել արագորեն։ Համենայն դեպս, ռուսական այն բոլոր գործարարները, ովքեր վաղուց են աշխատում Չինաստանում, պնդում են, որ Չինաստանից կատարվող մատակարարումների ծավալները կտրուկ կրճատվել են, և իրադրության բարելավման հույսերը, ըստ էության, մեծ չեն։ Դա, իհարկե, բացատրում են ոչ նրանով, որ Ռուսաստանի շուկաներում չինական ապրանքների փոխարեն ռուսականն է հայտնվել, և անգամ ոչ միայն գնողունականության խիստ անկմամբ, այլև նրանով, որ չինական արտադրողները նետվել են փնտրելու նոր շուկաներ՝ ռուբլու կտրուկ արժեզրկման և Ռուսաստանի մշուշոտ քաղաքական հեռանկարների պատճառով։ Թեև Ռուսաստանից Չինաստան ծովամթերքների ներմուծմամբ զբաղվող գործարարները պնդում են, որ իրենց մատակարարումների ծավալներն աճում են։ Մոտավորապես նույն իրադրությունն է նաև Ռուսաստանից Չինաստան բնական պաշարների, օրինակ, փայտամթերքների արտահանման գործում։ Սակայն, իհարկե, իմ այս դիտարկումները կրում են զուտ կենցաղային, սուբյեկտիվ բնույթ, և հեռու են մասնագիտական վերլուծությունից։
ՈՒստի դիմենք ավելի քաջատեղյակ աղբյուրների։ Ինչպես պնդում է Ռուսաստանում Չինաստանի գծով առաջատար փորձագետ Սերգեյ Ցիպլակովը, ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրի ասպարեզում այս տարվա սկզբին նկատվել է «անսպասելի ու անհաճո վիճակ»։ ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության տվյալներով, առևտրի ծավալը հիմնավորապես՝ 36,4 %-ով, կրճատվել է, ընդ որում, ռուսական մատակարարումները նվազել են 28,7 %-ով, իսկ չինական արտահանությունը Ռուսաստան ավելի շատ է պակասել՝ 42,1 %։ Փորձագետը պնդում է, որ այսքան մեծ անկում չէր եղել ճգնաժամային 2009-ից ի վեր, երբ երկու երկրների միջև առևտուրը նվազեց 42 %-ով։ Այնուհետև փորձագետը նշում է, որ թեև ժամանակի ընթացքում իրավիճակը կարող է կայունանալ, «խափանման» անմիջական պատճառները լուրջ են ու գլոբալ, այն է՝ տնտեսական իրադրության կտրուկ վատացումը Ռուսաստանում, ռուբլու փոխարժեքի «փլուզումը», նավթի գների անկումն ու Արևմուտքի պատժամիջոցները։ Իսկ ՌԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի փոխտնօրեն Անդրեյ Օստրովսկին ասում է. «Չինաստանի հետ շատ դժվար են զարգանում գործարար հարաբերությունները։ Եթե մենք այսօր նայենք ռուս-չինական առևտրատնտեսական կապերի վիճակին, ապա կտեսնենք, որ մեր փոխադարձ ներդրումները նվազագույն մակարդակի են, Ռուսաստանի բաժինը Չինաստանի արտաքին առևտրում հազիվ 2 %-ի է հասնում, իսկ Չինաստանի բաժինը Ռուսաստանի արտաքին առևտրում 12 % է։ 2015-ի հունվար-փետրվարին մեզ մոտ առհասարակ անկում է գրանցվել Չինաստանի հետ առևտրում՝ թե՛ արտահանության գծով, թե՛ ներմուծման։ Այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսական շուկան, չինացիների կարծիքով, շատ անկայուն է»։
Նկատենք, որ առաջ երկու երկրների ղեկավարները խնդիր էին առաջադրել ապրանքաշրջանառությունը 2015 թ. հասցնելու 100 մլրդ դոլարի, իսկ 2020 թ.՝ 200 մլրդ դոլարի։ Թեև այն ժամանակ էլ մի շարք փորձագետներ նշում էին, որ եթե չինական ապրանքների ներմուծումը Ռուսաստան ավելացել է, ապա ռուսականը, ընդհակառակը, նվազել է։ Այսպես, 2013 թ. ռուսական արտահանության ծավալների ընդհանուր արժեքը կրճատվել էր 10,3 %-ով, իսկ անցած տարի է՛լ ավելի կտրուկ՝ 36 %-ով։ Եվ դա այն դեպքում, երբ 2014 թ. Ռուսաստանն ավելացրել էր նավթի մատակարարումները Չինաստանին։ Պետք է ասել, որ ավելացման արդյունավետությունը բավական սահմանափակ դուրս եկավ, առաջին հերթին նավթի գների անկման պատճառով։ Այսինքն, դեր խաղաց մի կարևոր հանգամանք, որին առանձնակի ուշադրություն են նվիրում մասնագետները. Չինաստան կատարվող ռուսական արտահանության մեջ նավթի բաժինը 60 % է, իսկ նավթամթերքների և մյուս էներգետիկ ապրանքների հետ այն կազմում է 71,6 %։ Աշխարհում և Չինաստանում «էներգետիկ հեղափոխության» պայմաններում այս իրադրությունը, իհարկե, չին-ռուսական առևտրական հարաբերությունների հեռանկարը մռայլ երանգներով է ներկայացնում։ Վերջին տարիներին ռուսներին այդպես էլ չհաջողվեց հասնել Չինաստան արտահանվող ապրանքների ցանկի ընդլայնման, ընդ որում՝ ոչ միայն բարձր տեխնոլոգիական արտադրանքի առումով։ Ընդհակառակը, ինչպես ընդգծում են փորձագետները, այդ թվում՝ ռուսաստանցի, հիմա Չինաստան կատարվող արտահանության ապրանքների ցանկն էլ ավելի է սեղմվել, իսկ աճի նոր հեռանկարներ առայժմ այդպես էլ չեն գտնվել։ Իսկ ինչ վերաբերում է չինական ապրանքների Ռուսաստան կատարվող արտահանությանը, ապա կարելի է կանխատեսել, որ դրա վերականգնման տեմպերը կախված կլինեն ռուսական շուկայում վճարունակ, ներդրումային և սպառողական պահանջարկի, արտարժույթի, այդ թվում՝ չինական յուանի հանդեպ ռուբլու փոխարժեքի վիճակից։
Նավթի գների անկման և ռուբլու շարունակվող արժեզրկման պայմաններում «Սինհուա» գործակալության վերլուծաբանները երկրի ղեկավարությանը խորհուրդ են տալիս «զգոն լինել և պահպանել իրատեսությունը»։ Հիմա, չին ֆինանսիստների կարծիքով, Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով իրենց երկիրը «կարող է բախվել կապիտալի որոշ արտահոսքի և յուանի արժեզրկման։ ՌԴ-ում իրադրության հետագա վատացումը կարող է մեծացնել վտանգը Չինաստանի համար»,- գրում է գործակալությունը։ Բացի այդ, չինացիները կարծում են, որ արժեզրկվող ռուսական ռուբլին իրենց «դժվարին կացության» մեջ է դնում։ Բանն այն է, որ էժան ռուբլու պատճառով չինական արտահանությունը Ռուսաստան սկսում է անկում ապրել, և իր հերթին Չինաստանում աճում է ռուսական ներմուծումը։ Միաժամանակ, ինչպես պարզել են լրագրողները, հիմա Ռուսաստանում չինացի գործարարները մեկը մյուսի հետևից դադարեցնում են առևտուրը։ Վլադիվոստոկում «Սինհուայի» թղթակիցն այցելել է չինական մի քանի ռեստորան և մեկ հայտնի շուկա, որտեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ չինական սրճարաններ, վարսավիրանոցներ, առևտրի կրպակներ, ու պարզ է, որ գնալով ավելի դժվարանում է աշխատելը ինչպես մթերքների գների բարձրացման, այնպես էլ բնակչության գնողունակության կտրուկ անկման պատճառով։ Իսկ հեռավորարևելյան «Դեյտա» գործակալությունը պատմում է, որ չին ձեռնարկատերերը, թեև աշխատանքի բազմամյա փորձ ունեն, փակում են բիզնեսն ու հեռանում։ «Մի չինացի մոտ տասը տարի շուկայում կոշիկ էր վաճառում։ Մի օր նա եղած-չեղածը դուրս թափեց ու սկսեց ձրի բաժանել։ Մարդիկ վրա ընկան ու հավաքեցին-տարան ամեն ինչ։ Եթե մարդը բռներ ու իր ապրանքը Չինաստան տաներ, ապա իր վրա շատ ավելի թանկ կնստեր։ Դրա համար էլ նա թքեց հեռացավ», պատմում է «Կրիստալ» շուկայում առևտուր անող մի կին։ Գործակալությունն ավելացնում է, որ չինացիներն ուշադրությամբ հետևում են, թե Ռուսաստանում ինչպես են զարգանում իրադարձությունները՝ կապված արժույթի փոխարժեքի հետ, ու լավ հեռանկար չտեսնելով, պատրաստ են փակելու բիզնեսը, որը տարիներ շարունակ կայուն եկամուտ է բերել իրենց։ Նշենք, որ ՌԴ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով մարտի 7-ի դրությամբ մեկ յուանն արժեր 10 ռուբլի։ Եվ էլի մեկ հանգամանք. «Bloomberg»-ի հաղորդման համաձայն, Չինաստանը ոչ միայն որևէ հետաքրքրություն չցուցաբերեց Ռուսաստանի հետ 24 մլրդ դոլար գումարի արժութային սվոպներ առկա ծրագրի ընդլայնման նկատմամբ (այդ արժութային գործարքը ենթադրում է որոշակի քանակությամբ արժույթի միաժամանակյա առք և վաճառք՝ գործարքի պայմանների կատարման երկու տարբեր ամսաթվերով)։ Միաժամանակ նա բազմամիլիարդ օգնություն ցուցաբերեց Վենեսուելային և Արգենտինային, որոնք տարբեր պատճառներով կտրված էին համաշխարհային կապիտալի շուկաներից։
Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ ՉԺՀ-ի և ՌԴ-ի տնտեսական հարաբերություններն այսուհետ ևս կախված կլինեն նավթի գներից, արևմտյան պատժամիջոցներից, մեծ հաշվով նաև՝ աշխարհաքաղաքական ռիսկերի սրությունից, և հազիվ թե բարեկամության և գործընկերության հավաստիացումները պետք է ընկալել հենց բառացի։ Երբ խոսքը վերաբերում է առևտրական բանակցություններին ու ազգային շահերին, ապա չինական կառավարությանն ամենևին բնորոշ չէ սենտիմենտալությունը։ Չինաստանին քիչ են հուզում այլ երկրների ճակատագիրը կամ «հակաարևմտյան եղբայրության» շահերը։ Նրան շատ ավելի հուզում է իր տնտեսական անվտանգությունը։ ՈՒստի հարցն այն չէ, թե «Չինաստանը փող կտա՞ Ռուսաստանին, թե՞ ոչ», այլ այն, թե «ինչ պայմաններով նա օգնության ձեռք կմեկնի»։ Եվ այս առումով Ռուսաստանի փոխվարչապետ Դվորկովիչի վերջերս արած առաջարկությունը, թե չին ներդրողներին կարող են թույլ տալ 50 %-ից ավելի մասնաբաժին ունենալ ՌԴ-ի ռազմավարական նավթագազահանքերում, հարկադրական քայլ է հիշեցնում, որին դիմում են բնավ էլ ոչ լավ օրից։ Ավելին, խիստ հետաքրքրական է ռուս պաշտոնյայի մեկ այլ դիտողություն։ Փոխվարչապետն ասել է, որ չինական շատ ներդրողներ Ռուսաստանում հետաքրքրվում են գյուղատնտեսական թեմաներով, բնական պաշարների վերամշակմամբ, ինչպես նաև բեռնափոխադրումների հարցերով։ «Կարծում եմ, որ մենք գտնվում ենք ոչ թե առևտրական համագործակցության, այլ ներդրումային լուրջ ճեղքման շեմին»,- հայտարարել է Դվորկովիչը։ Ինչևէ, առայժմ որևէ դրական արձագանք կարծես շահեկան այդ առաջարկության առնչությամբ Պեկինից դեռ չկա։ Եվ որ այժմ չինական լրատվամիջոցներն առանձնապես հաճախ են ընդգծում, թե «Ռուսաստանում տաք է քաղաքականության մեջ և սառն է տնտեսության մեջ», ընդհանուր առմամբ չին-ռուսական տնտեսական կապերում լավատեսություն չի ավելացնում։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ