38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
12.12.2017 | 09:28

(Նախորդ մասը)

1957 թ. Միկոյանների ընտանիքին մեծ դժբախտություն պատահեց՝ սպիտակարյունությունից մահացավ Սերգոյի կինը՝ Կուզնեցովի դուստր Ալլան, որը շատ սիրված էր շրջապատում: Ալլան ու Սերգոն միասին ապրեցին ինը տարի, ունեին երեք երեխա: Ալլան մահացավ 29 տարեկանում, երբ կրտսեր աղջիկը՝ Կարինեն, չորս տարեկան էլ չկար:


Ես հատուկ ուզում եմ առանձնացնել Անաստաս և Աշխեն Միկոյանների ավագ որդուն` այս տարի մարտի 24-ին վախճանված Ստեփանին, որի 95-ամյակը լրանալուն (2017 թ. հուլիսի 12) մնացել էր ընդամենը երեքուկես ամիս: Նա ավիացիոն շրջաններում անառարկելի հեղինակություն էր որպես ռազմական փորձարկու օդաչու, ուներ շատ բարձր ինժեներա-տեխնիկական պատրաստվածություն և էրուդիցիա (տեխնիկական գիտությունների թեկնածու էր), զուտ օդաչուական-թռիչքային հիանալի տաղանդ, իրադրության բնատուր զգացողություն և խիզախ, տղամարդկային ոգի: Իհարկե, քիչ չեն նաև քաղքենիական մտածողության տեր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ նրա կարիերան, հերոսի կոչումը կապված են ազգանվան կամ հոր զբաղեցրած դիրքի հետ: Մինչդեռ եղել է ճիշտ հակառակը: Երբ դիտարկում ենք նրա անցած ուղին, ծառայությունները, ապա աներկբայորեն կարելի է պնդել հակառակը. դա նրան միշտ խանգարել է: ՈՒղղակի ապշել կարելի է նրա «վիճակագրությունից». փորձարկել է 102 թռիչքային ապարատ, այդ թվում` ԾՌթ և հձ ընտանիքների բոլոր կործանիչները, իսկ փորձարկումների ժամանակածախսը կազմել է 3,5 հազար ժամ:


Այնպես որ, Ստեփան Անաստասովիչ Միկոյանը հերոսի կոչման պետք է արժանանար 10-15 տարի ավելի շուտ: Նրա «Ռազմական փորձարկու օդաչուի հիշողությունները» գիրքը բացառիկ է իր անկեղծությամբ, ճշմարտացիությամբ, դեպքերի, իրադարձությունների, իր համարյա մեկ դար ձգվող երկարատև հարուստ և բովանդակալից կյանքում իրեն հանդիպած բազմաթիվ հանրաճանաչ դեմքերի մասին պատմություններով և հուշերով, որտեղ չես գտնի ոչ մի կեղծ տող, հնարովի սուտ, մեղանչում իրականության դեմ: Հենց այս դրսևորումների շնորհիվ նրան շատ հաճախ են հրավիրում իրենց թիմերում որպես վկա կամ ականատես հանդես գալու լիբերալ-դեմոկրատական հայացքների տեր և ճշմարիտ մտավորականներ Լեոնիդ Մլեչինի, Նիկոլայ Սվանիձեի, Լեոնիդ Ռոյզմանի, Յուրի Պիվովարովի մասնակցությամբ հաղորդումներում, որոնց ընդդիմախոսներն են լինում կրեմլյան գեբելսները՝ Կիսելյով, Կուրղինյան, Պրոխանով, Մեդինսկի ու էլի մի քանի ուրիշ թյուրիմացություններ, ովքեր ոչ մի ստոր միջոցի առաջ կանգ չեն առնում ժողովրդին դեբիլացնելու ու զոմբիացնելու իրենց «վսեմ» առաքելությունն իրականացնելիս: Եվ սրանց մեջ իր «վարպետությամբ» աչքի է ընկնում Սերգեյ Երվանդովիչ Կուրղինյան կոչվող քստմնելի արարածը, որը Ստեփան Միկոյանի նկատմամբ իր նողկալի, խուլիգանական պահվածքով (այն էլ ոչ մեկ անգամ) բառիս բուն իմաստով ապշեցրել է հաղորդումների մասնակիցներին և հեռուստադիտողներին: Ես համակարգչով բավականին շատ եմ դիտել զանազան բանավիճային հաղորդումներ այդ Կուրղինյանի մասնակցությամբ և վստահորեն կարող եմ պնդել, որ, ի դեմս նրա, մենք ունենք եզակի մի դեմագոգ և կատարյալ մի ստահակ, իհարկե, ֆանտաստիկ էրուդիցիայի և հիշողության տեր, բացառիկ կարդացածությամբ, դերասանական ձիրքով և ամենատարօրինակը, թերևս այն է, որ այդ Կուրղինյան կոչվող ծախու մարդուկը ԽՍՀՄ անվանումով շիզոֆրենիկ կազմավորումը պաշտպանում է մի մարդուց, որը տասնյակ տարիներ իր կյանքը վտանգի ենթարկելով, արել է ամեն ինչ այդ երկրի հզորության ամրապնդման համար, էլ չենք խոսում հոր, հորեղբոր, քեռու, հարազատ եղբայրների մասին:
Ստեփանը շատ սիրված էր իր շրջապատում: Նրա մոտիկ ընկերներից էին Թիմուր Ֆրունզեն, Վասիլի Ստալինն ու Սվետլանան, Լեոնիդ Խրուշչովը, Պյոտր Վորոշիլովը և այդ տարիների այս աշխարհի ուժեղների շատ ուրիշ ժառանգներ: Հետագայում նա երկար տարիներ նորմալ մարդկային հարաբերություններ էր պահպանում նրանց ժառանգների հետ, ինչպես, օրինակ, Վասիլի Ստալինի որդու, թատերական բեմադրիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկու հետ: Նա ջերմ և մտերիմ հարաբերություններ ուներ հայտնի գրողների, դերասանների, արվեստագետների հետ, շատ հարգված ու սիրված էր իր գործընկերների և ավիացիոն շրջանակներում:


Ես կուզեի մի մեջբերում անել Ստեփան Միկոյանի գրքից: Նա գրում է, որ որդիները հաճախ էին վիճաբանում հոր հետ: «Նրանք հայրիկին ներկայացնում էին շատ բաներ, որոնց մասին իմանում էին տնից դուրս, և որոնք իրենց դուր չէին գալիս: Վեճեր էին առաջանում, մենք ավելի էինք բռնկվում և փորձում ինչ-որ բան ապացուցել: Ինչպես ասում էին իմ եղբայրները, հատկապես անհաշտ էի ես: Մի անգամ այդպիսի մի թեժ խոսակցությունից հետո Սերգոն ինձ փոխանցեց հայրիկի խնդրանքը՝ չվիճաբանել իր հետ երեկոները: «Ես հետո չեմ կարողանում քնել»: Սերգոն ասաց ինձ, որ պետք է հասկանալ նրա ֆիզիկական և բարոյական վիճակը, նրա անօգնական լինելը «իր սիստեմի» թերություններն ուղղելու գործում, որոնց մասին մենք նրան ասում էինք: Շատ չանցած ես նրան հասկացա և ամաչում էի ու ցավում հորս համար: Ես մինչև հիմա այդ մասին հիշում եմ ցավով»:
Ասում էին` տեսնելով Թիմուր Ֆրունզեի, Վլադիմիր Միկոյանի, Լեոնիդ Խրուշչովի, իր որդի Յակով Ջուղաշվիլու զոհվելը, Ստեփան Միկոյանի հրաշքով փրկվելը, Ստալինը հեռախոսազանգով հասկացրել էր, որ մնացածներին այսուհետ հեռու պահեն պատերազմի ամենաթեժ կետերից: Ըստ երևույթին նման բան եղել է:
Անաստաս Միկոյանը իր «ՁՈՍ ոօսՏ. ՀՈջՎօՔսպվՌÿ Տ ՎՌվցՉՔպՎ» հիշողությունների գրքում շատ իրադարձությունների մասին հետաքրքիր մեկնաբանություններ է ներկայացնում, զավեշտալի դեպքեր նկարագրում: Կուզեմ իմ հարգելի ընթերցողներին ծանոթացնել դրանցից մեկի հետ:


«Ստալինն ինքը քաջերից չէր: Ախր դա անհնար բան է. Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ մի անգամ չի մեկնել ռազմաճակատ: Ի միջի այլոց, մի անգամ գնաց: Հանուն այդ դրվագի, կշեղվեմ հիմնական տեքստից: Գիտենալով, որ դա դիտվում է որպես անպարկեշտություն, մի անգամ, երբ գերմանացիները նահանջել էին Մոսկվայից, մեքենայով, զրահապատ «Պակարդ»-ով, գնաց Մինսկի խճուղով, քանի որ այն օգտագործում էին մեր զորքերը, և այնտեղ ականներ չկային: ՈՒզում էր, երևի, որ բանակում լուր տարածվի, թե Ստալինը մեկնել է ռազմաճակատ: Սակայն ճակատի գիծ չհասավ, մոտ հիսուն կամ յոթանասուն կիլոմետր դեռ կար: Պայմանավորված տեղում նրան դիմավորեցին գեներալները (չեմ հիշում ով, կարծեմ, Երյոմենկոն): Իհարկե, խորհուրդ չտվեցին շարունակել ճանապարհը, նրա տված հարցից հասկացան, թե ինչպիսի խորհուրդ նա կուզի լսել: Եվ, իհարկե, ոչ ոք չէր ուզում պատասխանատվություն վերցնել իր վրա: Կամ էլ նրա դժգոհությունը հարուցել: Այնպիսի վախկոտի մեկը դուրս եկավ, որ խայտառակ եղավ գեներալների, սպաների, պահակախմբի զինվորների աչքերում: ՈՒզեց բնական «մեծ պահանջը» բավարարել (կարո՞ղ է նույն վախից, չգիտեմ) և հարցրեց, կարո՞ղ է ականապատված լինել ճանապարհի կողքի թփերով պատված տեղանքը: Իհարկե, ոչ ոք չուզեց որևէ երաշխիք տալ: Այդ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը բոլորի աչքի առաջ իջեցրեց տաբատը և իր «գործը» արեց ուղիղ ասֆալտի վրա: Դրանով «ծանոթությունը ռազմաճակատի հետ» ավարտվեց, և նա վերադարձավ Մոսկվա»։


Վերադառնանք 1952 թ. աշնանը ԿԿ պլենումում Մոլոտովի ու Միկոյանի դեմ Պախանի ունեցած ելույթին: Եվ այստեղ է, որ պիտի ասենք, փառքդ շատ լինի, Տեր Աստված, քանզի «ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը», և դժոխքի ծնունդ Պախանը իր աներևակայելի դաժան, նենգ, ստոր ու պիղծ հոգին ավանդեց՝ չհասցնելով իրականացնել արդեն օրակարգում դրված այս և դրան հաջորդող բոլոր ոճրագործությունները:
Պախանի մահվան շուրջ մինչև հիմա պտտվում են հազար ու մի պատմություններ ու առասպելներ՝ թունավորում, դավադրություն, որոնց ոչ առաջ եմ առանձնակի ուշադրություն դարձրել և ոչ էլ հիմա, համոզված լինելով, որ նա սատկեց բնական մահով, և լավ էր, որ կողքին ոչ ոք չկար, որ այդ հրեշին օգներ փրկվելու:
Իսկ երբ դրանից ընդամենը չորս ամիս հետո Խրուշչովի նախաձեռնությամբ իրականացվեցին Լավրենտի Բերիայի ձերբակալումը և ոչնչացումը, քաղբյուրոյի անդամներն ազատվեցին ֆիզիկական ոչնչացման սպառնալիքից և կարողացան ազատ շունչ քաշել:
Անաստաս Միկոյանը շատ կարևոր դերակատարում ունեցավ անհատի (Ստալինի) պաշտամունքի դատապարտման գործում: Եվ դա դրսևորվեց ոչ միայն ԽՄԿԿ XX համագումարի փակ նիստում զեկուցումով հանդես գալու Խրուշչովի մտադրության վճռական պաշտպանությամբ, այլև դրանից առաջ, երբ համագումարի նիստերից մեկում քննադատական լուրջ մեղադրանքներ հնչեցրեց Ստալինի հասցեին, ինչն առաջին նման դեպքն էր առհասարակ և որը ցնցեց համագումարի պատվիրակներին, ինչ-որ իմաստով հոգեբանորեն նրանց նախապատրաստելով մի քանի օր հետո կայանալիք փակ նիստում լսելու Նիկիտա Խրուշչովի պատմական զեկուցումը:


Անաստաս Միկոյանը շատ կարևոր դեր խաղաց նաև 1957 թ. ամռանը, երբ Մալենկովի, Մոլոտովի, Կագանովիչի և նրանց հարած Շեպիլովի հակակուսակցական խումբը համարյա հաջողեցրել էր լուծել Խրուշչովի պաշտոնազրկման հարցը (դրա օգտին էին քվեարկել քաղբյուրոյի 11 անդամներից 7-ը): Եվ երբ պաշտպանության նախարար մարշալ Գեորգի Ժուկովը ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շատ արագ կազմակերպեց մարզերից ԽՄԿԿ ԿԿ անդամների ժամանումը Մոսկվա, նրանք ոչ մի պատկերացում չունեին ուժերի հարաբերակցության մասին և բոլորովին էլ պարզ չէր, թե ում օգտին կարող են քվեարկել: Միկոյանը կարևորեց ժամանողների հետ համապատասխան աշխատանք տանելը և համոզեց նրանց, որ կհաղթի Խրուշչովը, և նրանք, բնականաբար, անցան ուժեղի կողմը: Իսկ դրանից առաջ նրան հաջողվել էր նույն բանն անել նաև դեռ չկողմնորոշված հետադիմական Սուսլովի հետ, որը ևս եռանդուն լծվեց այդ կարևոր գործին: Երդվյալ ստալինականների այդ հակակուսակցական խումբը խայտառակ պարտություն կրեց և հեռացվեց ԿԿ կազմից։
Արժե անպայման նշել և գրել Միկոյանի պահվածքի մասին Ստալինի մահից հետո: Նա ընդգծված հակաստալինական էր, առաջիններից մեկն էր, որ անհրաժեշտ համարեց անհապաղ ձեռնամուխ լինել ԳՈՒԼԱԳ-ում գտնվող հանիրավի դատապարտված անմեղ մարդկանց ազատման գործին, փրկել մահվան եզրին հասցված մարդկանց, և անում էր իրենից կախված ամեն ինչ այդ գործի հաջողության համար: Միկոյանը մի անգամ չէ, որ խոստովանել է` ստալինյան բռնությունների ժամանակ «մենք բոլորս սրիկաներ էինք և վախկոտներ»: Նման բան իրեն երբեք թույլ չտվեց այդ տարիների քաղբյուրոյի անդամների մեծ մասը՝ Մալենկով, Մոլոտով, Կագանովիչ, Բուլգանին, Վորոշիլով, Սուսլով և էլի ուրիշներ: Նրանք բոլորն էլ ինչպես հարկն է չդատապարտեցին ստալինյան վայրագությունները, հարյուրհազարավոր անմեղ մարդկանց զանգվածային խոշտանգումները և միլիոնավոր մարդկանց ճամբարային փոշու վերածելը արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի անթիվ-անհամար կղզիներում: Ի տարբերություն նրանց, Անաստաս Միկոյանը XX համագումարից հետո ԽՄԿԿ ԿԿ-ում մոսկովյան մտավորականության հետ հանդիպում-խորհրդակցության ժամանակ հանդես եկավ չորսժամյա զեկուցումով Ստալինի անձի պաշտամունքի ժամանակաշրջանի ոճրագործությունների մասին, որը ցնցեց ներկաներին մարդկային ճակատագրերի ողբերգություններով: Վստահորեն կարելի է ասել, որ նա արեց գրեթե ամեն ինչ այդ դաժան տարիներին կամա թե ակամա գործած սեփական մեղքերը քավելու և ապաշխարելու համար:

Եվ, ինչպես գրում է Եվգենի Եվտուշենկոն, «Заблуждения, искупаемые исповедальностью, - это одно, заблуждения, защищаемые трусостью,- это другое»։ Արդարությունը և պատմական ճշմարտության շահերը պահանջում են, որ չմոռացվեն այս անժխտելի փաստերն ու իրողությունները: Մյուս կողմից` հենց նույն արդարության և պատմական ճշմարտության շահերը պահանջում են, որ անվերապահորեն ընդունենք հետևյալը. նույն Անաստաս Միկոյանը երբևիցե չի խոսել, զղջման որևէ խոսք չի ասել 1918- 1923 թթ. իր խայտառակ, ազգադավ պահվածքի մասին, երբ հոգեխախտ ու մոլագար իր այդ Մունդռիկին գրած նամակում աղանդավորական մոլեռանդությամբ ու բթամտությամբ հայտարարում էր, թե Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է համարել Ադրբեջանի անբաժանելի մաս, որ ցանկացած խոսակցություն Արևմտյան Հայաստանի մասին անթույլատրելի է, քանի որ այնտեղ հայեր այլևս չեն ապրում, որ հայերի հավակնությունները այդ տարածքների նկատմամբ ոչ միայն իմպերիալիստական են, այլև շովինիստական: Ահա այսպես, սիրելի ընթերցող, ոչ ավելի, ոչ պակաս: Երկար տարիներ նույնիսկ գիտական հանրությունը ըստ էության տեղյակ չէր Անաստաս Իվանովիչի կենսագրության այս «մութ» էջերին: Բայց, որքան էլ տարօրինակ է, նա երբևիցե (համենայն դեպս ինձ հայտնի չէ) չի անդրադարձել դրանց, զղջման, ափսոսանքի ոչ մի խոսք չի ասել 1918-1923 թվականների իր պահվածքի, արտահայտած հակահայկական տեսակետների, ամենախայտառակ առաջարկությունների մասին: Մանավանդ որ ինչքան ասես ժամանակ ուներ իր տրամադրության տակ, և ոչ պատճառների, ոչ էլ առիթների պակաս չի եղել, քանզի Ղարաբաղի հայությունը ոչ մի օր չի դադարեցրել պայքարը հանուն իր ազատության, և Միկոյանի աչքի առաջ էր Նախիջևանի ողբերգական օրինակը: Շատերը հակված են միկոյանական մտքի այդ մարքսիստական- լենինյան գոհարները վերագրելու նրա դեռ չհասունացած «ցոգոլ» մտքին, երիտասարդ տարիքին..., բայց ավա՜ղ...
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ