Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ի՞նչ է «կամացը»

Ի՞նչ է «կամացը»
18.05.2012 | 05:57

Խոսքը հայերենում լայնորեն գործածվող «կամաց» բառի մասին է: Ի՞նչ հետաքրքրություն կարող է ներկայացնել այս ամենասովորական բառը, որն այսօր նշանակում է «ոչ արագ, դանդաղ», «հանգիստ, մեղմ, հուշիկ», «ցածրաձայն, ցածր, զգույշ», «աստիճանաբար»:

Եթե այս բառը փնտրենք, ապա չենք գտնի հին բառարաններում` ո՛չ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» գրքում, ո՛չ «Գրաբարի բառարանում», ո՛չ «Արմատականում»: Մի՞թե շատ դարեր առաջ մենք չենք ունեցել այս բառը: Պարզվում է, որ «կամացը» առաջ եղել է ոչ թե բառ, այլ բառաձև: Այժմ, իհարկե, բառ է և մակբայ:

«Կամաց» մակբայը «կամք» բառի հոգնակի տրական հոլովն է, գրաբարում՝ ըստ կամաց, այսինքն՝ «իր կամքով, իր ուզածի պես»: Հնում ունեցել է հետևյալ նշանակությունները.

1. ըստ իր կամքի, իր կամքին թողած, առանց ստիպմունքի: Եզները մի՛ քշիր, թող կամաց գնան (այսինքն՝ ոչ թե դանդաղ գնան, այլ իրենց կամքով, իրենց ուզածի պես):

2. Ծանր, դանդաղ, առանց շտապելու (այսինքն՝ եթե քո կամքով ես որևէ բան անում, ըստ կամաց ես անում, կամովին ես անում, ապա անում ես ծանր, դանդաղ, առանց շտապելու, առանց ուժերը լարելու, մեղմ, թեթև):

3. Առանց աղմուկի, ցածր ձայնով:

4. Հետզհետե, տակավ առ տակավ, քիչ-քիչ, մաս առ մաս: (Կամաց-կամաց ապրում ենք, սովորական կերպով ապրում ենք, առանց անակնկալների:)

Ինչպես տեսնում եք, «կամք» բառի հոգնակի տրականը՝ «կամաց» բառը, զանազան իմաստներ է ձեռք բերել, որոնք, թվում է, ոչ մի կապ չունեն «կամք» բառի հետ: Բայց միայն թվում է: Երբ խորանում ենք, տեսնում ենք, որ «կամացն» ու «դանդաղը», «ցածրն» ու «բարձրը»՝ բոլորն էլ, ի վերջո, մեր կամքի ծնունդ են:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5115

Մեկնաբանություններ