Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
17.01.2020 | 00:22
Հայաստան աշխարհը հրաշալի պատմամշակութային ժառանգություն ունի, և կարիք կա, որ ընտրվեն այդ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու ճիշտ ուղիներ, ինչը ենթադրում է պատմական հուշարձանների պահպանում, բարեկարգ հյուրանոցների, տուրիստական հանգրվանների, ճանապարհների, լիարժեք սպասարկման առկայություն և այլն: Սակայն ամենակարևորը հայրենասիրությունն է. տուրիզմով զբաղվելու համար պետք է նախ սիրել հայրենիքը: Աշխարհի բազմաթիվ երկրներ ու քաղաքներ իրենց անգամ փոքրիկ հնարավորությունները կարողանում են թե՛ ներկայացնել, թե՛ օգտագործել որպես տուրիստական արտադրանք ու շահել դրանից: Նպատակից մինչև դրա իրականացումը բավական ճանապարհ պետք է անցնել, որպեսզի երկրի տնտեսության և սոցիալական կյանքի զարգացման հարցում զբոսաշրջության համար կատարվող ներդրումներն արդյունք տան:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2019 թվականին հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 12,1%-ով, ընդհանուր առմամբ այցելել են 1 մլն 679 հազար անձ, և նրանցից 770 հազարը եղել է զբոսաշրջիկ: Փաստորեն, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 12,3 տոկոսով, այդ ընթացքում Հայաստան է ժամանել 3,7 մլն անձ, որոնցից 1,5 մլն-ը զբոսաշրջիկներ են եղել: Հիմնականում մեր երկիր այցելում են հարևան Վրաստանից և հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից և այլ երկրներից:
Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման համար զբոսաշրջության կոմիտեի գործառույթներն իրականացվում են հետևյալ 7 ուղղություններով. ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, թիրախավորված մարքեթինգային քաղաքականությունը, զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, միջազգային արդյունավետ համագործակցությունը և զբոսաշրջության ոլորտի բոլոր շահառուների, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համակարգումը։
Հայաստանի համար առավել կարևոր է զուտ ճանաչողական զբոսաշրջությունը, որը կոչված է ներկայացնելու երկիրն իր ողջ բազմազանությամբ:
-Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ և այլ տարատեսակ զբոսաշրջային իզմերի՝ Հայաստանը, նախ և առաջ, ճանաչողական, պատմամշակութային զբոսաշրջության դասական երկիր է։ Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան-էքսկուրսանտ, Հայաստան-արտասահման շփման առաջնագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային և ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտների համար,- «Իրատես»-ի հետ զրույցում ասում է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ ԳԱՍՊԱՐ ԵՐԻՑՅԱՆԸ:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների խիստ պակասը։ «Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի քմահաճույքով, ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով։ Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ գործատուն։
Հայտնի են դեպքեր, երբ էքսկուրսավարները Երևանի ակնարկային էքսկուրսիայի ժամանակ կրճատել են երթուղին, հարկ չեն համարել զբոսաշրջիկներին բարձրացնել «Հաղթանակ» զբոսայգու «Հաղթակոթող և Մայր Հայաստան» հուշարձանի դիմացի դիտահարթակ՝ Երևանի համայնապատկերը դիտելու և նրանով հիանալու համար։ Անշուշտ, կան իրենց գործի վարպետներ, էքսկուրսիոն գործի ավանդություններ պահպանող և շարունակող կազմակերպություններ, սակայն նրանք եղանակ չեն ստեղծում։ Ցանկանում եմ ընդգծել, որ մեզ համար առավել կարևոր է զուտ ճանաչողական զբոսաշրջությունը, որն իր էությամբ կոչված է ներկայացնելու երկիրն իր ողջ բազմազանությամբ»։
Ի դեպ, 2001 թվականից գործող «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը» ստեղծվել է խորհրդային տարիներին (1969 թ.) Հայաստանի արհմիություններին կից ակտիվորեն գործող Հայաստանի տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի հենքի վրա, որը արհմիությունների հետ մեկտեղ կազմակերպել և իրականացրել է ոչ միայն արհմիության անդամների ու նրանց ընտանիքների, այլև հիմնադրամին դիմող բոլոր քաղաքացիների հանգիստը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ներկայացրեց ներկայիս զբոսաշրջության վերաբերյալ իր մտահոգությունը:
-Ասում ենք Հայաստանում պետք է տուրիզմը զարգանա, սակայն օդային հաղորդակցությունը թանկ արժե, շատերը Վրաստանից են ուղևորվում, մենք այսօր ուզում ենք տուրիստների հրավիրել, սակայն նրանք գերադասում են նույն գումարով այցելել մի քանի երկիր, քան գալ Հայաստան: Տեսեք, մենք համագործակցում ենք Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հետ, սակայն Սանկտ Պետերբուրգից մեզ հայտնեցին, որ ուղևորությունը Հայաստան թանկ է, ուստի համագործակցությունը ձեռնտու չէ: Հարուստները իրենց տեղը գտնում են, իսկ միջին կարողության տեր մարդկանց համար զբոսաշրջությունը թանկ հաճույք է դառնում: Մտահոգիչ են նաև Իրանից ու Վրաստանից ժամանած տուրիստական երթուղիները, որոնց կազմակերպիչները առանց մեզ դիմելու ինքնուրույն շրջագայություն են անցկացնում, մինչդեռ մենք կարող ենք նրանց կողմնորոշել, թե ինչից սկսել, պատմական ու տեսարժան ինչպիսի վայրեր այցելեն, որպեսզի Հայաստանի մասին լիարժեք պատկերացում կազմեն:
Խաչիկ Հովհաննիսյանի խոսքով հիմնադրամի նախաձեռնությամբ երիտասարդ կադրերի հետ անցկացվում են զբոսաշրջության վերաբերյալ դասընթացներ, ընթացիկ տարում հիմնադրամը պատրաստվում է հրատարակելու Հայաստանի պատմական հուշարձանների վերաբերյալ զբոսաշրջային գրականություն և ուղեցույցներ: ՀՀ կառավարությանը ներկայացվող մի շարք առաջարկությունների թվում պարոն Հովհաննիսյանը կարևորում է էքսկուրսավարների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ժամանակ առ ժամանակ նրանց որակավորման համար անցկացվող դասընթացների, էքսկուրսիոն տեքստերի ու փաթեթների, զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների առկայությունը, պատմական հուշարձանների տարածքներում մաքրության պահպանման անհրաժեշտությունը և այլն:
-Տուրիստական որոշ կազմակերպություններ զլանում են կազմակերպել այցելություններ Սարդարապատ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Շուտափույթ պետք է փրկել գերեզմանների «գրոհի» տակ հայտնված Արտաշատ-Խոր վիրապ պատմամշակութային տարածքը: Իսպառ վերացել է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը, թանգարանի այցելուների թիվը նվազել է, շարունակվում է Դալմայի այգիների հողերի մանրածախ վաճառքը սեփական տներ, առևտրային կենտրոններ կառուցելու համար: Նույնը կարելի է ասել Սևանա լճի թերակղզում կառուցապատվող տարածքների մասին: Աղբահանության, զուգարանների կառուցման հարցը տեղից չի շարժվում, վատ է վիճակը Գեղարդի վանքի` ավտոկանգառին հարող տարածքում,- ասում է Խ. Հովհաննիսյանն ու հավելում, որ առայժմ գովասանքի արժանի աշխատանքը ճանապարհների և մայրուղիների որակյալ վիճակն է, որից գոհ են նաև զբոսաշրջիկները:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար կառավարությունից բացի մտահոգված են նաև կազմակերպություններ, բազմաթիվ կամավորներ, որոնց գործունեությանը կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ