«ՆԵՐԿԱՅՈՒՄՍ 12 ՏՆԻՑ Է ԾՈՒԽ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ, ԸՆԴԱՄԵՆԸ 40 ՇՈՒՆՉ Է ԱՊՐՈՒՄ ԳՅՈՒՂՈՒՄ»
Սյունիքի մարզի Տավրուս (նախկին` Դովրուս) գյուղը 1989-90 թթ. վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով ու Կապանի տարածաշրջանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով: Տավրուսի վարչական ղեկավար ՍՎԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով՝ «ներկայումս գյուղում 12 տնից է ծուխ դուրս գալիս, ընդամենը 40 շունչ է ապրում գյուղում»: Ի դեպ, Սվարիկ Կարապետյանը հանդիպածս միակ համայնքապետն էր, որն ինձ հետ շրջեց ողջ գյուղով, ներկայացրեց գյուղի ու առանձին բնակիչների սոցիալական խնդիրները, նա քաջատեղյակ էր յուրաքանչյուր տան ու նրա բնակչի պատմությանը: ՈՒ զարմանալի չէր, երբ համագյուղացիներից մեկը՝ հողամասում աշխատող տիկին ԱՆՈՒՇԸ, նրան կատակով հորդորեց իրեն գործից չկտրել ու թող ինքն էլ պատասխանի լրագրողի բոլոր հարցերին, բայց նաև չհրաժարվեց զրուցելուց ինձ հետ:
Տիկին Անուշը լուսաբացը դիմավորում է հողամասում: «1989-ին Կապանից եկանք Տավրուս մի երկու տարի հողագործությամբ զբաղվելու պայմանով, եկանք ու մնացինք: 2000 մետր հողամաս ունեմ, ինչ ասես մշակում եմ, բանջարեղեն, մրգատու ծառեր, ընկույզ, ամեն ինչ էլ ունենք, բայց չեմ վաճառում, հավաքվում ենք երեխեքով, թոռով, քեֆ ենք անում: Բա ոնց, աշխատող մարդու քեֆին քեֆ չի հասնի: Փոքր տղայիս նոր եմ ամուսնացրել, թող նորահարսն իմանա, որ քեֆչի տուն է հարս եկել: Ջուր ունենք, մեր սեփական աղբյուրն է, խողովակներով բերել հասցրել ենք տուն, բայց ողջ ձմռանը բաց ենք թողնում, որ չսառչի: Տարին գլորում ենք էլի, ամուսինս դպրոցի պահակն է, քիչ ու միչ վաստակում է, ապրում ենք էլի, էսպես էլ մնա, լավ է, մեկ էլ առողջություն լինի»:
Տիկին Անուշի համոզմամբ՝ չքավորությունը մարդկանց հեռացնում է միմյանցից, մարդիկ փոխվում են, շփումը, գնալ-գալը պակասում են: Գյուղում հարսանիք չի լինում, եղածն էլ առանց դհոլ-զուռնայի, մագնիտոֆոնով, «բա որ օճորքը չթնդա զուռնի ձենից, էլ ի՞նչ հարսանիք»: Տիկին Անուշի փոխանցմամբ՝ գյուղում քչերն են զբաղվում անասնապահությամբ, հնարավորություն չունեն, վարկերից էլ վախենում են, իսկ իրենք «Կամուրջ» վարկային կազմակերպությունից բարձր տոկոսադրույքով վերցրած վարկը նոր են փակել: Ունեցածը մի քանի գլուխ խոզ է, բայց մտավախություն ունեն, որ շրջակա գյուղերում տարածված ժանտախտ հիվանդությունը իրենց գյուղ էլ կհասնի: Մեկ անասնաբույժը սպասարկում է մի քանի գյուղերի, մասնագետներ կան, սակայն ցածր աշխատավարձի պատճառով հրաժարվում են աշխատելուց:
ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՄԵԿՈՒՍԱՑՐԵՑ ԳՅՈՒՂԸ
Արտագաղթը գրեթե դատարկեց Տավրուսը, տասնամյակներ շարունակ փակ տների տխուր, անմխիթար տեսքն ու գյուղը շրջապատող շռայլ բնությունը որքան էլ անհամատեղելի են, այնուհանդերձ հատուկենտ մարդիկ ցանկություն են հայտնում այստեղ հողամաս կամ տուն գնելու: Վերջերս մի երիտասարդ ընտանիք 600 հազար դրամով տուն է գնել, գյուղում տներն արժեն 500-800 հազար դրամ:
Սվարիկ Կարապետյանը պատմում է, որ երբ 1992 թվականին նշանակվեց Տավրուսի գյուղապետ, առաջին գործը դպրոցի կառուցումն էր, ուր մեկ տարի անց հաճախում էր 53 երեխա: Աստիճանաբար փախստականները, չհարմարվելով գյուղի պայմաններին, լքեցին այն: Որոշ ժամանակ անց Սվարիկ Կարապետյանը դարձյալ ընտրվում է գյուղապետ: Դպրոցը, ուր հաճախում է 8 երեխա, որոնցից մեկն է 1-ին դասարանցի, վերանորոգման կարիք ունի: Այս օրերին արդեն դասասենյակը, որտեղ հավաքվում են երեխաները, ջեռուցվում է փայտով:
«Փայտը քիչ է, դրա համար երեխեքը մի տեղում են հավաքվում: Էն օրը մի մեծ ու հին ծառ կար, կտրեցի, դպրոցի տնօրենին ասացի՝ վառեք, թող երեխեքը տաքանան, անձրևների շրջան է, ոտքերը թրջվում են, ցուրտ է»,- ասում է գյուղապետը:
Այսօր դժվար է վերականգնել գյուղի երբեմնի կենսուրախ կյանքը: Համայնքների խոշորացման գործընթացն ավելի մեկուսացրեց գյուղը:
-Մի անգամ ներկայիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մի քանի պաշտոնյայի հետ մեր տարածքում էր, զրույցի ժամանակ ասացի, որ խոշորացումը մեր սրտով չէ, բայց դե, ծրագիր է իրականացվում է, ասացի, որ Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման: Ժպտացին, գնացին: Ցանկացած գյուղ անմխիթար վիճակում է, կոյուղի չկա, բաղնիք չկա, ջրառատ, բնական աղբյուրներով հարուստ գյուղ է, բայց գյուղ հասցնելը թանկ հաճույք է, ոռոգման ջուր կա, ջրի բացակայության դեպքում օգտագործելու համար բաքերի մեջ ջուր են հավաքում,- պատմեց վարչական ղեկավարը:
Ծերացող Տավրուսում մանկապարտեզ չկա, ինչների՞ն է պետք, տարին մեկ երեխա ծնվի, թե չէ, իսկ ծնվելուն պես երիտասարդ ընտանիքը հեռանում է Կապան կամ Մեղրի: Նախքան խոշորացումը Տավրուսի բյուջեն կազմում էր 3,5 մլն դրամ: Խոշորացումից անցել է մեկ տարի, սակայն գյուղի համար արված միակ գործը ճանապարհի մի հատվածի խճապատումն է: Գյուղապետարանի շենքը, որը նախկինում եղել է ադրբեջանցու տուն, իր խարխուլ տանիքով ու քայքայված առաստաղով ավելի շատ գոմ է հիշեցնում: «Մեր համայնքի ղեկավարը ռազմավարություն է մշակել, իր տեղակալը բոլոր գյուղերով շրջում է, խնդիրները գրառում, բայց երբ կսկսեն իրագործել, հայտնի չէ»,- ասում է Ս. Կարապետյանը:
Տավրուսի ամենաբարդ խնդիրը վառելափայտն է: Չգազիֆիկացված գյուղում տարվա 7 ամիսը ձմեռ է, Սվարիկ Կարապետյանը վերադասի մոտ հարց է բարձրացրել, որ «գյուղում յուրաքանչյուր նորածին իր փայտն անտառում պետք է ունենա»: Այսօր անտառից թափուկ բերելու համար ձի կամ մեքենա է հարկավոր, սակայն ոչ բոլորն ունեն փոխադրամիջոց կամ տեղափոխման գումար, բացի դա թափուկը բերելու համար պահանջվում է 2-3 օր, ուստի ոչ բոլորն են ի վիճակի անտառ գնալու, իսկ ապօրինի հատման համար սահմանված է տուգանք:
82-ամյա Վարազդատ պապն ամեն օր գնում է անտառ՝ թափուկի համար: Թե օգնական ավանակը չլիներ, միայնակ դժվար թե բերեր, «8 խմ-ն քչություն է անում, տարեց մարդիկ ենք, մրսկան, ինչ շոր ունենք հագնում ենք, բայց էլի ցուրտ է, տան պատերից քամին ողջ ձմեռ ներսուդուրս է անում»:
Այնուհանդերձ, տարեցները չեն լքում գյուղը, չեն ցանկանում, որ գյուղի անունը քարտեզի վրայից ջնջվի: Ասում են՝ «գյուղի պահակը մենք ենք, գյուղապետն էլ ճիշտ է ասում՝ հո դասալիք չե՞նք»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ