Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Երջանիկ է նա, ով երջանիկ է իր տանը»

«Երջանիկ է նա, ով երջանիկ է իր տանը»
07.04.2009 | 00:00

ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ
Ես չեմ կարող աչքս փակել
Եվ գլուխս դնել բարձին,
Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ,
Ինչ-որ մի մութ
Սպառնում է լուսաբացին,
...Ես չեմ կարող չլինել Ես...

Համո Սահյան

«...ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆ»
Մայրության տոնի նախօրեին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYS:MBT) դուստր ձեռնարկության գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառման մասին շատերը գիտեն այսքանը միայն. Հայաստանի 10 մարզերից և Երևանից ամենամեծ թվով երեխաներ ունեցած 11 մայրերից յուրաքանչյուրին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվիրեց 1 մլն դրամ։ Իրազեկված լինելով Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարի անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ կյանքի կոչված սոցիալական, կրթամշակութային, գիտական, բնապահպանական, մարզական ու առողջապահական հարյուրավոր ծրագրերից շատերին` մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները յուրովի ընկալեցին նրա որդեգրած բացառիկ բիզնես-մշակույթի` արտասովոր բարեկիրթ գործարարության այս հերթական արտահայտությունը։ Սոցիալականի մամլիչով ճզմվող հասարակ ժողովուրդը նախանձախառն հիացմունքով համակվեց. ոմանք գուցե զղջացին բազմազավակությունից խուսափելու համար։ Պատեհ առիթները սեփական գովազդին ծառայեցնելու զանգվածային հիպնոսի ողորկ մեխանիզմներում հմտացած գործարար աշխարհը դիվանագիտական ժպիտով դիմակավորվեց` հապա համաշխարհային տնտեսական ճգնաժա՞մը... «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կամավոր ստանձնած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) բազմաբնույթ գործունեության փոխշահավետության թյուրըմբռնումը, առանց էության խորխորատները ներթափանցելու դույզն-ինչ ջանադրության, պարզապես խոչընդոտում է «շուկայական» կոչված հարաբերություններում բարգավաճելու արդեն փորձարկված կարծրատիպերից հրաժարումը։ Բազմիցս համոզվելով իր ԿՍՊ գործունեության հանրօգուտ արդյունավետության մեջ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետևողականորեն զարգացնում ու կատարելագործում է ուրույն աշխատաոճը` պայմանավորված քաղաքացիական և սոցիալական անսեթևեթ պատասխանատվությամբ այն բոլոր համայնքների հանդեպ, որոնցում գործում է ընկերությունը։ Գլխավոր նախադրյալը կայուն հաջողության թե՛ ներսում, թե՛ հասարակության մեջ ազնիվ նվիրվածությունն է ընտանեկան համերաշխ համախոհության սկզբունքներով առաջնորդվող այս կորպորատիվ կառույցում` «Երջանիկ է նա, ով երջանիկ է իր տանը» տոլստոյական կարգախոսով։ «Առանց բարի գործերի մարդը չի կարող լինել իրապես բարեկեցիկ,- համբերատար պարզաբանում է իր գլխավորած հիմնարկության ակնառու առաջխաղացման ակունքները Ռալֆ Յիրիկյանը։- Գործարար ոլորտում առաջատարության հասնելն անհնար է առանց պատասխանատվության հստակ գիտակցության այն հասարակության հանդեպ, որում գործում ենք։ Եթե ներդրումներ չանենք ի նպաստ մեր հայրենակիցների բարեկեցության, չենք կարող զարգացնել մեր տնտեսական գործունեությունը։ Մեր բիզնես-մշակույթով հասել ենք մեծ ձեռքբերումների, որովհետև մենք հավատում ենք Հայաստանի ապագային։ Վստահեցնում եմ, ձեռք ձեռքի տված մենք կկառուցենք ավելի լավ ապագա Հայաստանի համար»։ Եսակենտրոն մանրախնդրությունից զերծ մարդիկ, ճշմարիտ մտավորականների նոսրացող բանակը բազմիցս են հավաստիացել Ռալֆ Յիրիկյանի ու նրա աշխատակազմի առողջ կորիզի արտաբերած գեղեցիկ խոսքերի համարժեքությանը գեղեցիկ գործերին։ Բնակարաններով ապահովված տասնյակ անօթևան ընտանիքներ. բարենորոգված ու կահավորված մանկապարտեզներում, հանրակրթական ու ներառական դպրոցներում, արվեստի ու արհեստագործության, մարզաառողջարարական կենտրոններում և մանկատներում լիարժեք դաստիարակության հնարավորություն ստացած հարյուրավոր մանուկներ ու պատանիներ, հաշմանդամներ. առաջխաղացման լծակների կարոտ մի շարք տաղանդավոր երիտասարդներ. մշակույթի տարոլորտ գործիչներ... Նրա աշխատանքային թափանցիկ գործունեությանը մանրակրկիտ կարելի է տեղեկանալ հրատարակված ընթացիկ հաշվետվություններից, պարբերական լրատվությունից` առանց որևէ խտրականության բոլորին տրամադրվող։
ՀԵՐՈՍՆԵ՞Ր, ԽԵՆԹԵ՞Ր, ԽԱՉՅԱԼՆԵ՞Ր...
Երկամյա հաճախակի փոխառնչություններս միանգամայն հավատընծա են դարձրել ինձ համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի (քիչ է ասել` ընդօրինակման արժանի) ԿՍՊ համակողմանի գործունեության հայրենանվեր փոխշահավետ բովանդակությունը։ Պարոնայք գործարարներ, մի թերացեք խորամուխ լինել խոսքերիս իրատեսական հենքում և գուցե, ի վերջո, հաղթահարեք նրա օրինակին հետևելու վեհերոտ դժկամությունը։ Կասկածից վեր է այս ընկերության վարկանիշի սրընթաց բարձրացումը մեր հասարակական կյանքում. ձեռք բերած ու պահպանած նոր հաճախորդների թվաքանակի կտրուկ աճը, ազդեցության ոլորտի աննախադեպ ընդլայնումը` տեխնիկական հագեցվածության մշտանորոգմամբ ու կադրերի որակավորման բարձրացմամբ ընկերության բարգավաճման տեմպերի փայլուն հավաստագրերն են։ Ի հեճուկս ժամանակի լուրջ մարտահրավերների։ Լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն, ըստ իս, պարզապես չկա։ Խորհուրդ եմ տալիս վերստին թերթել «Իրավունքը de facto»-ի անցյալ տարեվերջյան համարները և թվերի ու փաստերի պերճախոս խտացմամբ Ռալֆ Յիրիկյան բարեկիրթ հայ գործարարի ամբողջական նկարագրի պրիզմայով լուսաբանված նրա գլխավորած ընկերության գործունեությունը ներկայացնող երկու ծավալուն անդրադարձներում գտնել սպառիչ պատասխանը հնարավոր կասկածների հերքման։ Ինքս կենտրոնանում եմ նրա բարեգութ առատաձեռնության վերջին շատրվանող դրսևորման հանգամանքների վրա` ականատեսն ու անմիջական մասնակիցը լինելով մայրության օրհնությանը շռայլորեն արժանացած հայուհիների մեծարման սրտառուչ արարողության։
«Գիտե՞ք, որ իսկական հերոսներ եք դուք,- որդիաբար դիմում է հեռու և մոտ մարզերից եկած բազմազավակ մայրերին Ռալֆ Յիրիկյանը։- Մեր ազգին 132 քաղաքացի եք պարգևել բոլորդ միասին, այս դժվար օրերին խնամել ու դաստիարակել։ Մենք իրավամբ հպարտանում ենք ձեզանով, հուսով, որ ձեր երեխաներն էլ կգիտակցեն ու է՛լ ավելի կհպարտանան բնության օրհնություններից ամենակարևորի` մայրության ազգապահպան սխրանքով։ Որպես հոգատար ընկերություն` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է մեկնում` աջակցելով որոշ խնդիրների լուծմանը, գարնանային մեկ ժպիտ ևս սփռելով ձեր դեմքերին»։
Առաջինը դրամական պարգևը հանձնելով տարիքով ամենամեծ մայրիկին` Մարգուշա Գևորգյանին, ով 13 երեխաներից 4-ին կորցրել է, պարոն Յիրիկյանը կատակախառն ջերմությամբ մեծարում է յուրաքանչյուրին` սրտապնդված նրանց հուզառատ ու երջանիկ շփոթությունից։ Լարիսա Մարկոսյանին ու Լիդա Հակոբյանին, Անաիդա Սարգսյանին ու Աստղիկ Թորոսյանին, Ռեբեկա Վարդանյանին ու Արմինե Ծառիկյանին։ «Ամենահարուստը ես եմ,- իր երախտագիտության խոսքում հպարտությամբ ընդգծում է 17 երեխաների ու 19 թոռների տեր Անթառամ Ղազարյանը Երևանից, ով «Հերոսուհի մայր» մեդալին արժանացել է դեռևս 1985-ին։- Եթե հավատաս, որ որովայնիդ պտուղը Աստծուց տրված պարգև է, ապա քեզանում ուժ կգտնես չզրկվելու այդ պարգևներից։ Աստված ինքը կօգնի հոգալ հանապազոր կարիքներդ, հնարամտությամբ կօժտի, մարդասիրության շնորհներ կառաքի, ինչպես այսօր»։
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակցուհի Նառան որդիական քնքշանքով սրտակից զրույց է ծավալում անակնկալ ընծաներից ժպտացող մայրիկներին` չմոռանալով շնորհավորել ամենաերիտասարդի` Վայքում հարսնացած 35-ամյա Նունիկ Ստեփանյանի երկվորյակ առաջնեկների` Անդրանիկի և Վանիկի 18-րդ տարեդարձը։ Բազմազբաղ աշխատանքային առօրյայով ապրող Ռալֆ Յիրիկյանը հույսեր ցանելով` նոր հոգսեր է քաղում և աննկատ հեռանում գրասենյակից` թույլ տալով, որ ծաղկազամբյուղներով առանձնակի գարնանային փայլ ստացած հերոսուհի-մայրիկներն անկաշկանդ օգտվեն գեղազարդ հյուրասիրությունից։ Զրնգում են շամպայնի գավաթները, ընդհանուր մտերմիկ մթնոլորտում անկեղծանում են կանայք, պատմում առօրյա հոգսերից ու կրած դժվարություններից։ Շատերը բժշկական կանխարգելող միջոցներից զրկված լինելու պատճառով են լույս աշխարհ բերել կարիքից կքած ընտանեկան հարկի տակ անուրախ կեցության ի ծնե դատապարտված երեխաների մի մասին, բայց մայրության իրենց խաչը պատվով են կրել` ինքնամոռաց հալչելով նրանց քիչ թե շատ բարեկեցիկ ու առողջ խնամքի կախարդական ոլորապտույտում։ 7-ից 25 տարեկան չորս աղջիկ և յոթ տղա ունեցող Լյուդմիլա Բաբայանը, օրինակ, ստիպված է եղել վաճառել տունը և 15 տարի է, ինչ իր բազմանդամ ընտանիքով ծվարել է փոքրիկ տնակում։ Դեռ լավ է, որ երեք աղջիկներն արդեն ամուսնացել են։ 12 երեխաների մայր 40-ամյա Գոհար Սմբատյանը չէր զլանա էլի մայրանալ, եթե ամուսինը կարողանար լավ վաստակել ու ապահովել ընտանիքի մարդավայել կեցությունը։ Անթառամ մայրիկն այսօր գոհ է, որ հավատարիմ է մնացել իր ուխտին. առաջնեկին` Աննային, քիչ երկար է սպասել ու նրա ծնվելուց հետո երդվել է լույս աշխարհ բերել այնքան երեխա, որքան վիճակված է իրեն։ Հարազատների բնամթերային օգնությամբ, ոչնչից ինչ-որ բան ստեղծելու սեփական հնարամտությամբ կարողացել է բազմապատկել «Հայէլեկտրամեքենա»-ում 25 տարի զոդող աշխատած, ապա գործազուրկ դարձած ամուսնու վաստակը։ Իր հարստությամբ դեռ զիջում է 78-ամյա մորը, ով 7 երեխա, 105 թոռ ու ծոռ ունի, բայց առօրյա հոգսերը նկատելիորեն թեթևացրել են աշխատանքի անցած զավակները։
Երկարաձգվող զրույցներում մերօրյա աղերսներով առլեցուն մի կենսապատում է ձևավորվում` վերջին տասնամյակների ընդհանուր պատկերն ուրվագծող. արդի ժամանակաշրջանի գեղարվեստական վերարտադրության լիարժեք նախահիմք։ Ասենք, մեր ապրած կյանքի ճշմարտացի արտացոլման ու իմաստավորման հանդեպ, երազված անսահմանափակ ստեղծագործական ազատությանը հակառակ, չգիտես ինչու մարել է ներկայիս արվեստագետների, հատկապես գրողների բուռն հետաքրքրությունը։ ՈՒրեմն, չարժե ափսոսալ, որ նրանք անմասն մնացին ուշագրավ ճյուղավորումներով ծավալված այդ պատմություններին, որոնք ինձ համար նոր ռեալիստական նրբերանգներով հարստացան, երբ ամենաերիտասարդ մայրիկի ու նրա երկվորյակ զինակոչիկների հետ զրուցելով հեռանում էի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակից։ Վայոց ձորի բազմատեսակ խոտաբույսերի ժողովմամբ աննշան սեզոնային վաստակի հնարավորություն ունեցող այս ընտանիքը խճճված է պարտքերի սարդոստայնում։ Մոտ 35 տնտեսություն ունեցող Զեյթայի բոլոր տների նման նրանցն էլ չորրորդ կարգի վթարային է։ Փառք Աստծո, «Առաջ, Հայաստան»-ը տներ է կառուցում հիմա։ Գուցե առաջիկայում լուծում գտնեն նաև ջրի և ճանապարհի հիմնախնդիրները։ Կարելի լիներ գյուղում հուշանվերների փոքրիկ արտադրություն զարգացնել, Անդրանիկը զինծառայությունից հետո կկարողանար վարպետանալ հորից սովորած արհեստում` սիրած աշխատանքով ծնողներին օգնելով երկու եղբայրների և չորս քույրերի խնամքը քիչ թե շատ պատշաճ հոգալու։ Այնպես որ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շռայլ ընծան Նունիկի համար երկնային պարգևի փրկարար արժեք ունեցավ, ինչպես և մյուս հերոսուհի մայրիկների։ Օգնության դիմումները գնալով ավելի փութեռանդորեն են հեղեղում գրասենյակի ընդունարանը. հազարավոր բազմազավակ մայրեր են կարոտ գործուն աջակցության։
Ընկերության աշխատակիցները, հավատարիմ որդեգրած ԿՍՊ աշխատաոճին, շարունակում են նորանոր հետազոտությունները մեր կյանքի առաջընթացն արգելակող գորդյան հանգույցների քակման ուղղությամբ։ Խանդավառված իրականացրած ծրագրերի հայրենաշեն կենսունակությամբ` միջոցներ են որոնում նորերի համար։ Ներգրավվեին դրանցում մյուս գործարարները` միանգամայն հավատընծա կդառնար մեր մոտալուտ արժանապատիվ ապագան։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5307

Մեկնաբանություններ